Նույն գետը երկրորդ անգամ մտնել չի լինի, բայց նույն սխալը կրկնել կլինի՝ այն էլ դարեր շարունակ: Այդպես Հայաստանի հանդեպ իր մշտական երկդիմի քաղաքականությունից, Բագրատունիների թագավորությունը կործանելուց տուժեց երկրորդ Հռոմը՝ Բյուզանդիան: Բոլշևիկների հակահայկական քաղաքականությունը ջնջեց դաշնակիցների հաղթանակով իրականանալի ՄՈՍԿՎԱՆ՝ ԵՐՐՈՐԴ ՀՌՈՄԸ, նախագուշակությունը, որը ողջ առաջադեմ աշխարհը փրկելու էր հետագայում սպասվելիք ապոկալիպսիսից: Երրորդ Հռոմը սպասվո՞ւմ է, թե՞ ոչ, Բալկաններից Չինական մեծ պարիսպ ու Հեռավոր Արևելք նախապատրաստվող համաթյուրքական կայսրության դեմ միակ պատվարը Ռուսաստան-Միասնական Հայաստանն են իրենց բնական դաշնակիցներով:
Ռուսաստանի Միջազգային տեղեկատվական գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովի Երևան այցելությունից հետո Յուրի Գորոդնենկոն տպագրեց «Ո՞Ւր է լողում հայկական տապանը» հոդվածը: Այն տեղադրվեց «Ազգային գաղափար» էլեկտրոնային թերթի 2014-ի հունիսի 27-ի համարում, իսկ հուլիսի 4-ին՝ Գայ Բորիսովի «Դմիտրի Կիսելյովի Հայաստան այցելությունից հետո «աֆտերշոկը» բավականին ուժեղ էր» հոդվածը: Մինչդեռ տապանը ոչ թե լողում, այլ հետզհետե սուզվում է ճահճում, ինչի պատճառով Հայաստանի անկախության սկզբից ևեթ բնակչության կեսն արդեն հեռացել ու սփռվել է աշխարհով մեկ:
Գայ Բորիսովը շեշտեց Հայաստանի ԱԺ-ում Կիսելյովի՝ ռուսերենն ընդունել որպես երկրորդ պետական լեզու, պահանջի կարևորությունը: Սա էր առաջացրել պատգամավորների բուռն դժգոհությունը: Անտեսվել էր նրա երկրորդ՝ Լենին-Աթաթուրք ոգով պահանջը, որը բարդ ու ծանր ներկա պայմաններում չափազանց վտանգավոր է Հայաստանի, աներկբայորեն նաև Ռուսաստանի համար. պետական քաղաքականության գլխավորող սկզբունք դարձնել տվյալ տարածքում ապրող բոլոր ժողովուրդների միասնության գաղափարը և չշրջանցել նոր, միավորող, ոչ թե նացիոնալիզմի վրա հիմնված գաղափարախոսության հարցը:
Առաջին պահանջը քննարկման կարիք իսկ չուներ: Կարելի էր բացատրել, որ շտապելու հարկ չկա, Հայաստանում ռուսերենը և ռուս մշակույթը խորապես արմատացած են, անկախ պետական լինել-չլինելուց, և դա չդարձնել բախման առիթ: Այն էլ ինչպիսի՜ բախման: Նախկին ՀՀՇ-ական որոշ պատգամավորներ ԱԺ-ի ամբիոնից Կիսելյովի հասցեին վիրավորական արտահայտություններից անցան նրան persona non grata հայտարարելուն: Բողոքեցին անգամ, թե ինչու է նրա ավտոմեքենան կանգնել ԱԺ-ի բակում: Ահա այսպիսի «հայկական հյուրընկալություն»:
Ազգային ժողով կոչվող խայտառակությունում կան, իհարկե, առանձին արժանավոր մարդիկ, ովքեր, սակայն, ի զորու չեն էական դեր կատարելու: ԱԺ-ի մի շարք կոլորիտային տիպեր, հատկապես լրագրողների հանդեպ բռի ու ագրեսիվ վարվելակերպի համար, որևէ պատասխանատվություն չեն կրել: Եվ այժմ, արդեն քաջնազարավարի նույնը պատվավոր հյուրի՝ ՌԴ Չորրորդ իշխանության պաշտոնական ղեկավարի հանդեպ:
Քննարկել, վիճարկել կարելի է ցանկացած մեկի տեսակետը, բայց, առավել ևս տվյալ մակարդակում՝ դիվանագիտական պատշաճ ձևով: Նման կարողություն ունի՞ ԱԺ-ի պատգամավորների մի զանգված, որի աղքատիկ լեզվամթերքի մի հարուստ մասը հայհոյանք է: Սրանք գոնե պաշտպանված են մտավոր անմեղսունակության վարկածով, չեն հասկանում` ինչ են անում: Ավելի վատ՝ մյուսները, որ և՛ գրագետ, և՛ հասկացող են, բայց իրենց կարծիքները հանդարտ, բավարար համոզչությամբ հիմնավորելու փոխարեն անցան իրենց բնորոշ հհշհակ-ական, հանրապետությանը, վնասից բացի, ուրիշ ոչինչ չխոստացող գրոհի: Այսպիսի մի պառլամենտի ինչպե՞ս կարելի է հասկացնել, որ միջպետական հարաբերություններն ու փողոցային լեզվակռիվը միանգամայն տարբեր բաներ են: Քրեաօլիգարխիկ իշխող վերնախավի համար ո՛չ ժողովուրդ կա, ո՛չ երկիր, ո՛չ ազգային գաղափար ու նպատակ: Նրանց սուրբ երրորդությունը փողն է, փողն ու փողը: Փող կուտակել՝ երկիրն անմարդաբնակ, թունավոր տարածքի վերածելու հեռանկարով, կյանքի բազմազանությունից տեղ թողնելով միայն ճարպակալած առնետների համար:
Գայ Բորիսովը ստիպված հիշեցրել է, թե ով է Դմիտրի Կիսելյովը. «...ի սկզբանե կարելի էր կռահել, առաջատար պետտեղեկատվական գործակալության ղեկավարը ոչ մի կերպ չի կարող ասել բացառապես այն, ինչ անձամբ հարմար է իրեն, քանզի հանդես է գալիս ոչ միայն որպես լրագրող, այլև պաշտոնական տեղեկատվական գաղափարախոսական ոլորտի նշանավոր գործիչ»:
Ռուսերենի պետականացման պահանջի առիթով Կիսելյովը նշել էր, թե հայ տաքսիստը ռուսերեն չգիտեր: Զարմանալի չէ նրա բերած օրինակը, զարմանալի է, որ նրան չեն ընդունել պատշաճ մակարդակով, և նա ստիպված տեղաշարժվել է տրանսպորտային պատահական միջոցներով: Ինչո՞վ են զբաղված ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը և ՀՀ արտգործնախարարությունը, որոնք պարտավոր էին ըստ արժանվույն նախապատրաստել նրա այցելությունը, առավել ևս, որ նա եկել էր ՀՀ իշխանություններին ներկայացնելու ՌԴ արտաքին քաղաքական վերջին դիրքորոշման անշրջանցելի հարցեր:
Թե ինչ էր նշանակում Դմիտրի Կիսելյովի երկրորդ պահանջը, բացահայտեց Գայ Բորիսովը. Մոսկվայի դիրքորոշումը անդրկովկասյան պետությունների «նոր, քաղաքական ուժերի միասնացման ուղղվածությունն է, նացիոնալիզմը անկյունաքար չդարձնելը: Անդրկովկասը պետք է լինի միասնական աշխարհաքաղաքական և տնտեսական օրգանիզմ ռուսաստանյան ազդեցության գոտում... հնարավոր է, որ 2018-ից հետո, երբ կլրանան Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները, Մոսկվան կուզենար Հայաստանից ստանալ էլիտաների ոչ ձևական, այլ իրական փոփոխություն, իշխող գաղափարախոսության իրական փոփոխություն, և տնտեսական ու աշխարհաքաղաքական կենսական խնդիրների լուծման որակապես նոր մոտեցումներ»: Պարզ է, որ Ռուսաստանը առաջին իսկ պատեհ առիթով կձեռնարկի փոփոխությունը, հաստատելու իր աշխարհաքաղաքական նոր մոտեցումը: ՈՒժեղի դեմ միշտ էլ թույլն է մեղավոր մոտեցում, որը ենթադրո՞ւմ է հանուն միասնական Անդրկովկասի, լենինաթաթուրքյան բնույթի ևս մի գործարք:
Ինչպես գրում է Յուրի Գորոդնենկոն, ԱՄՆ-ի և Լեհաստանի դեսպանների ակտիվությունը ցույց է տալիս, որ ՈՒկրաինայից հետո Հայաստանը կարող է դառնալ Վաշինգտոնի հաջորդ նպատակը. «Դեսպանները խորհրդակցություններ են անցկացնում ընդդիմության լիդերներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, եռանդուն մասնակցում են հակառուսական միջոցառումներին»: Վերլուծաբանը կարող էր չանդրադառնալ նրանց՝ ինքնին կարևոր տարբերությանը: Տեր-Պետրոսյանը համոզված էր, որ «ինքնավարության կարգավիճակը Ադրբեջանի կազմում լիովին կարող է բավարարել հակամարտության կողմերին, որովհետև Ղարաբաղին ինքնավարություն տալու դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում: Այսինքն` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիներն էլ իրենց հերթին ունենում են երաշխավորված կենսագործունեություն: Ահա սա է մեր դիրքորոշումը ԼՂ-ի հարցում, և մենք պատրաստ ենք սա քննարկելու ցանկացած մակարդակում» («Կոմսոմոլսկայա պրավդա», մարտ 5, 1992): Հակառակ դրան՝ Հովհաննիսյանը ԱԺ-ում պահանջեց ընդունել ԼՂ անկախությունը և միավորել Հայաստանի հետ:
Գորոդնենկոյի հաստատումով ընդդիմադիրները հակառուսական հռետորաբանությունը հիմնավորում են Թուրքիայում հայերի ցեղասպանությունում Ռուսաստանի արտգործնախարար Ալեքսեյ Լոբանով-Ռոստովսկու և Կովկասի կառավարչապետ Գրիգորի Գոլիցինի անմիջական մասնակցությամբ: Նրա կարծիքով` Լոբանով-Ռոստովսկին չէ «Հայաստանն առանց հայերի» արտահայտության հեղինակը: Իրապես, այն անհամեմատ հին է և առնչվում է հավանորեն հայկական ծագումով բյուզանդական Մավրիկիոս (Մորիկ, 539-602) կայսրին: Այն իրագործվել է դարեր շարունակ, իսկ Հայաստանի անկախության սկզբից առայսօր անտեղիտալի համառությամբ այդ ծրագրին մեծ թափ հաղորդեցին սեփական իշխանությունները: Միայն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին երկրից հեռացավ ավելի քան մեկ միլիոն մարդ: Հաջորդ երկու նախագահներն էլ ասես ուրիշ անելիք չունեին, եթե ոչ ևս մոտ 700000 մարդու դուրս մղելը:
Լոբանով-Ռոստովսկու և Գոլիցինի ժամանակաշրջանի իրադրության քննարկումը չէ մեր խնդիրը, այլ այսօրվա կացության: Այդուհանդերձ, արժե փաստել հետևյալը: 1878-79-ին Թուրքիայում Ռուսաստանի դեսպան, 1895-96-ին՝ արտգործնախարար Լոբանով-Ռոստովսկին իր թուրքամետ քաղաքականությամբ նպաստեց 1894-1896 թթ. շուրջ 300000 հայերի կոտորածներին, 100000-ի բռնի մահմեդականացմանը, 100000-ի տարագրմանը: Յուրի Գորոդնենկոն գրում է, թե կառավարչապետ Գոլիցինը «ցանկանում էր հավասարակշռել Թիֆլիսի պետապարատում աշխատող հայերի և ադրբեջանցիների թվաքանակը ու նաև, մասամբ, սահմանափակել հայ եկեղեցու ունեցվածքային իրավունքները»: Այդ «մասամբը» 1903-ին հայ եկեղեցու և հոգևոր հաստատությունների ամբողջ անշարժ գույքի և կապիտալի բռնագրավում էր: 1885-ին ցարիզմն արդեն փակել էր մոտ 300 հայկական դպրոց, 1896-ին ևս 230, 1900-ին՝ Թիֆլիսի Հայոց հրատարակչական ընկերությունը, հայ մամուլի որոշ օրգաններ: Նույնիսկ հայ բարեգործական ընկերություններին պարտադրվեց չզբաղվել լուսավորական գործերով:
Նշենք, որ այն ժամանակ «ադրբեջանցի» ժողովուրդ գոյություն չուներ, դրանք կոչվում էին Կովկասի թաթարներ, որոնք առավել ևս հայաշատ Թիֆլիսում ոչ մի տեսակետից չէին կարող համեմատվել հայերի դերակատարության հետ և չինովնիկների թվային հավասարակշռումն այլ բան չէր, եթե ոչ թուրքամետ քաղաքականություն: Մոլլաների «ունեցվածքային իրավունքներին» ուղղափառ քրիստոնյա կառավարչապետը մատով էլ չէր դիպչում, բռնանում էր լուսավորչական քրիստոնյա հայ եկեղեցու վրա: Ընդգծենք, որ հայերի հանդեպ «հավասարակշիռ» քաղաքականություն ներկայացվող ամոթալի խտրականությունը չափազանց ծանր հետևանքներ ունեցավ թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար:
Հազիվ թե այժմ հայության շրջանում երբեմն դրսևորվող հակառուսական տրամադրությունները արդյունք են անցյալի այս երկու բարձրաստիճան պաշտոնյաների հակահայ գործունեության: Շատերը չեն էլ լսել նրանց անունները և ընկել են մոլորության գիրկը անկախության հաստատումից հետո, առավելապես Արևմուտքից ներթափանցած ազդեցություններով, որոշ ԶԼՄ-ների և, որ ամենակարևորն է, տեղի իշխանությունների որոշ ներկայացուցիչների ինչպես հակահայ, այնպես և հակառուս գործունեությամբ և այլն: Բայց հայության ճնշող մեծամասնությունը ինչպես անցյալում, այնպես և ներկայում ռուսական կողմնորոշում ունի, որը չի կարելի չարաշահել Ռուսաստանից եկող անընդունելի մոտեցումներով ու գործողություններով, ինչպես հենց այս երկու հոդվածների որոշ հարցադրումներն ու պահանջներն են, պատմական փաստերի մակերեսային մատուցմամբ կամ աղավաղումով հանդերձ: Օրինակ՝ Լոբանով-Ռոստովսկու հակահայ քաղաքականության արդարացման փորձը, ռուսական զենքով թուրքական լծից ազատագրված բուլղարների դատապարտումով, որոնք «գերմանացիների հետ զբաղվեցին հակառուսական քաղաքականությամբ»: Հայ ժողովուրդը երբեք որևէ այլ ուժի հետ դաշնակցած դուրս չի եկել Ռուսաստանի դեմ: Միակ դեպքը, որ բերում են Գորոդնենկոն և Բորիսովը, Գարեգին Նժդեհի պայքարն էր ընդդեմ թուրք-բոլշևիկյան դաշինքի՝ ի պաշտպանություն Զանգեզուրի, հետագայում գործակցությունը գերմանական ֆաշիստների հետ: Նախապես նշենք, որ նրան ռասիստ և ֆաշիստ հայտարարեցին Տեր-Պետրոսյանն ու որոշ հհշհակ-ականներ:
Իրավացիորեն քննադատելով Հայաստանի իշխանություններին գաղափարախոսական թույլ (իսկ ավելի ճիշտ՝ գաղափարազուրկ, վնասաբեր) աշխատանքի, կոռուպցիայի, իշխող կուսակցությունը բիզնես-ակումբի վերածելու համար, ռուս վերլուծաբանները համոզված են, որ իշխող կուսակցության «պաշտոնական գաղափարախոսությունը Գարեգին Նժդեհի հայկական նացիոնալիզմն է: Առաջին հանրապետության (1918-1920) ռազմական գործչի «Ցեղակրոն» կոնցեպցիան»: Իրականում իշխող կուսակցությունը բարոյական իրավունք չունի կրելու նրա անունը: Մինչ այն գործում է ոչ թե հանուն ժողովրդի, այլ իր բիզնես շահի, Գարեգին Նժդեհը ամեն տեսակի զրկանքներով, անձնազոհ պայքարով ծառայեց հայ ժողովրդին, փրկեց Հայաստանը վերջնական կործանումից:
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զորավարներ Գարեգին Նժդեհը և Դրաստամատ Կանայանը Եվրոպայում էին: Թե այնտեղ բնակվող, և թե ռազմագերի հայերին մեծ վտանգ էր սպառնում հրեաների ճակատագրի նման: Եվրոպայի որոշ հայ գիտնականների հաջողվեց գերմանական իշխանություններին ապացուցել, որ հայերը արիացիներ են, որից հետո նրանց անձը հաստատող անդամատոմսեր տրվեցին՝ հայ արիացի նշումով: Անտեղյակ ընթերցողներին ասենք - ով ինչպես է հասկացել, կամ շահարկել արիականությունը, առանձին խնդիր է, իրապես այն որոշակի պատմամշակութային երևույթ է, և հայերը այլ ժողովուրդների հետ արիական անցյալ են ունեցել, որը ոչ առավելություն է, ոչ թերություն:
Հայկական լեգեոնը, ի տարբերություն գեներալ Վլասովի, չպատերազմեց սովետական բանակի դեմ: Բուն նպատակը գերմանական բանակի հետ Հայաստան մտնելն էր, հարավից նախապատրաստված թուրքական ներխուժման դեմը հնարավորինս առնելը: Իսկ թե ինչ էր սպասվում, մայիսի 9-ին Երևանում ասաց Հայաստանում ՌԴ դեսպանի խորհրդական Օլեգ Շապովալովը. «Եթե մենք չկարողանայինք հաղթել, ապա այստեղ մեծ դժբախտություն կլիներ, կկրկնվեր 1915-ի ցեղասպանությունը, ավելի դաժան, ֆաշիստական ձևով»: Ավելացնենք, որ Հայաստանի սահմանի մոտ կենտրոնացած թուրքական դիվիզիաները սպասում էին սովետական զորքերի պարտությանը Ստալինգրադում: Հիմա թող Գարեգին Նժդեհին «ֆաշիզմի» համար մեղադրողները որոշեն՝ նրան «հերոսացնելը վիրավորակա՞ն է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած երկրներից մեկի ժառանգների համար», թե՞ ոչ:
Ինչո՞վ է հիմնավորվում Գարեգին Նժդեհի նացիոնալիզմը: Յուրի Գորոդնենկոն գրում է. «Էթնոհավատի կոնցեպցիան ձևակերպված է 100 տարի առաջ: Տեղեկատվական տեխնոլոգիաների և գլոբալիզմի դարում աշխարհն այնքան է փոխվել, որ հարյուրամյա հնության դրույթները արդեն բացարձակապես արխաիկ են: Բացի այդ, Գարեգին Նժդեհի գաղափարախոսությունը, ինչպես և ամեն մի նացիոնալիզմ աշխատում է ոչ թե միասնանալու, այլ հակադրվելու՝ մասնավորապես թյուրքերին»: Հենց այդպես՝ ԹՅՈՒՐՔԵՐԻՆ...
Գլոբալիզմ, SS ներկա դար, և ամեն օր մեր աչքերի առաջ աշխարհի տարբեր անկյուններում ծավալվող բարբարոսություններ: Քաղաքակրթական բոլոր նվաճումները որքան ծառայել են մարդկության զարգացմանն ու առաջադիմությանը, ոչ պակաս, և անհամեմատ ավերիչ ծառայել ու ծառայում են նորանոր ոճրագործությունների: Գլոբալիզմն ու SS-ն խանգարեցի՞ն Սումգայիթում սկսված ու ողջ Ադրբեջանում տարածված հայերի ցեղասպանությանը, Ադրբեջանում, մասնավորաբար Նախիջևանում հայկական ողջ մշակույթի, այդ թվում՝ հազարավոր սքանչելի խաչքարերի ոչնչացմանը: Ո՛չ մի գլոբալիզացիա, ո՛չ մի բարձր տեխնոլոգիա, ո՛չ մի կատարյալ քաղաքակրթություն ի զորու չեն փոխելու մարդու, ներկա դեպքում՝ ոճրագործ թուրքադրբեջանցիների գերգազանային էությունը: Գլոբալիզմի պատրանքներով տարված չե՞ն տեսնում` ինչ է կատարվում արաբական աշխարհում: Հիշենք արաբական «գարնան» մի տեսարան՝ արյունարբու ամբոխի ձեռքն ընկած Մուամմար Քադաֆիի (կամ հավանորեն նրա կրկնակի) մահը երեքժամյա աներևակայելի կտտանքներից: Թուրքադրբեջանցիների երևակայությունը ևս հիանալիորեն տիրապետում է մարդկանց երկարատև այլևայլ տանջանքներով սպանելու «տեխնոլոգիաներին»:
ՈՒսումնասիրելով Գարեգին Նժդեհի գրական ժառանգությունը, կհամոզվեք, որ ցեղակրոն կոնցեպցիան կապ չունի նացիոնալիզմի հետ: Ի հաստատումն բավարարվենք նրա երկու բնորոշ ձևակերպումով. «Ինքնապաշտպանություն - ահա մեր նոր կրոնը», և «Հայրենիքի շենքը չպետք է բարձրանա օտարատյացության ժայռի վրա»: Բայց քանի որ Նժդեհին քննադատում են լենինաթաթուրքյան դիրքերից, ապա ընդունենք անգամ նրա «նացիոնալիզմը», չպետք է մոռանանք, որ լենինյան սկզբունքով՝ ճնշված ազգի նացիոնալիզմն ունի ազգային-ազատագրական, քաղաքական ու տնտեսական անկախության ձգտում, հակադեմոկրատական և հակաիմպերիալիստական բովանդակություն:
«Չենք խոսի ազգային ռոմանտիկ Նժդեհի հայացքների և հակասական գործունեության բավականաչափ նաիվ համակարգի մասին», գրում է Գայ Բորիսովը: Բայց չխոսել նշանակում է շարունակել մնալ չափազանց վտանգավոր մոլորության մեջ, քանզի խնդիրը չի վերաբերում միայն Նժդեհի անձին ու «հակասություններին», այլ, անցյալի սխալներից ու կորուստներից դաս առնելով, դրանք նորից չկրկնելուն: 1920-ի նոյեմբերի 30-ին կարմիր զորամասի պետին և զինկոմիսարին Նժդեհը գրում է. «Ձեր սանձարձակ արարքներով, կին ու երեխաների կոտորածով ու բռնաբարություններով մեզ հիշեցնել եք տալիս տխրահռչակ ենիչերիների ձեռքով կատարված բարբարոսությունները... Քարը քարի վրա չեք թողնում: Տեղի են ունենում սովորական սպանություններ, կին ու աղջիկների բռնաբարում, ալան-թալան... ձեր դրոշակի տակ գործում են Արևելքի անեծքն ու ամոթը կազմող օսմանյան ջարդարար ու հայակեր փաշաներ» (Նժդեհ, Կյանքն ու գործունեությունը, նշխարներ, վկայություններ, Լոս Անճելես, 1989, էջ 134-140):
Նկատի ունենալով «թյուրքերի հետ միավորման» պահանջը, հիշենք Նժդեհի պատասխանը բոլշևիկներին. «Դուք անվերջ խոսում եք, գրում հայ և թուրք աշխատավորության համերաշխության ու եղբայրության մասին և միաժամանակ շատ տեղերում թուրք աշխատավորությանը հանում հայերի դեմ, նրանց ձեռքով թափում հայի արյունը, ավերում հայ գյուղերը և այսպիսով ավելի խորացնում ազգային անտագոնիզմը: Մոսկվան և դուք խաբված եք քեմալականներից... Հեղափոխական լոզունգներով Քեմալը և ընկերությունը քողարկել են իրենց պանիսլամական ամենառեակցիոն նպատակները: Պանիսլամիստների, որոնք շատ են ձեր դրոշակի տակ, նպատակն է միանալ Ադրբեջանի հետ, տիրել Բաքվին, կապվել Տաճկաստանի հետ և քշել ռուսներին Հյուսիսային Կովկասից» (նույն տեղում, էջ 142-143):
Վերլուծաբանները հրավիրում են հայությանը պահպանել «ավանդական առավելությունը»՝ հյուրընկալության և տոլերանտության (ի միջի այլոց, անգլաբանություններով ռուսերե՞նն են առաջարկում նույնպիսի կապկային վիճակում գտնվող հայերենի հետ պետական լեզու ընդունելուն). «Երկու կողմից թյուրքական ժողովուրդներով շրջապատված երկիրը չի կարող ապրել «արիական գերազանցության» գաղափարներով սնվող հավերժական կոնֆլիկտի մեջ»: Իհարկե, արիական, այն էլ հորինված «գերազանցությամբ» չի կարող: Բայց երկու կողմի թուրքերը հանդուրժո՞ւմ են հայերի գոյությունը: Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականության հիմնաքարն է: Չեն հանդուրժում ոչինչ հայկական, մինչև իսկ Արամ Խաչատրյանի երաժշտությունը (Բելառուսի գեղարվեստական մարմնամարզության հավաքականին Բաքվում Եվրոպայի չեմպիոնատի կազմակերպիչները «տոլերանտորեն» խնդրել են հրաժարվել «Սուսերով պարից»): Չի եղել որևէ առիթ, որ Իլհամ Ալիևը չկրկնի նույն անհեթեթությունը, հերթականը՝ օգոստոսի 6-ին՝ Աղդամի սահմանային զորքերի առաջ ճառելիս. «Մենք հիանալի գիտենք, որ հայկական պետությունը ստեղծվել է ադրբեջանական պատմական հողերի վրա - Իրևանի խանություն, Զանգեզուր, Գեյչիի մահալ - դրանք մեր պատմական հողերն են: Մենք` ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք, և կվերադառնանք այդ հողերի վրա: Մենք պետք է վերականգնենք մեր տարածքային ամբողջությունը: Լեռնային Ղարաբաղը վաղնջական ադրբեջանական հող է»:
Դժվա՞ր է պատկերացնել, որ մինչև XX դարի առաջին քառորդը գոյություն չունեցած «Ադրբեջան» պետության «ադրբեջանցիներն» իրենց «պատմական» հողեր վերադառնալուց, երկու կողմի թուրքերի միավորումից, ՈՒրալից արևելք հսկայական տարածքի վրա թյուրքական կայսրություն հաստատելուց հետո, սեփական «պատմական հողեր» են հայտարարելու նաև Ռուսաստանի եվրոպական մասը: Եթե պարսկական լծի տակ ընկած Արևելյան Հայաստանը «ադրբեջանցիներն» իրենց հողն են համարում, ինչո՞ւ թաթար-մոնղոլական լծի տակ Ռուսաստանն էլ իրենցը չեն համարելու: Հզոր Բյուզանդիան կպատկերացնե՞ր, որ երբևէ իր կայսրության ավերակների վրա կստեղծվի Թուրքիա պետություն, և Կոստանդնուպոլիսը կդառնա Իստամբուլ:
Տոլերանտության մարմնացում Ռ. Թ. Էրդողանը հեռուստահաղորդավարի հարցին պատասխանեց. «Իմ արմատները Ռիզեից են: Ինձ ասում էին, թե վրացի եմ, մեկը ավելի կեղտոտ բան ասաց, պնդելով, թե հայ եմ» (News.am, 6 օգոստոս): Նա վրացիներին մեծահոգաբար ընդամենը կեղտոտ է համարել` նկատի առնելով Թուրքադրբեջան-Վրաստան բարեկամական հարաբերություններն ու առայժմ՝ Աջարիայի տոլերանտ թուրքացումը: «Կեղտը» լիովին կմաքրվի ամբողջ Վրաստանի թուրքացումով: Ղարաբաղն ու Զանգեզուրը և մյուս մահալ-մուհուլները Հայաստանը չի նվիրում, ուստի ավելի «կեղտոտ է»:
Շարունակական ցեղասպանությունների պատճառներից մեկն էլ հենց հայերի անբուժելի տոլերանտությունն է: Երբեք չհասկացան, որ տեղ չունեն Թուրքադրբեջանում: Իրավիճակի սրումով մյուս «անհավատների» և տեղաբնակ հայերի հետ Հայաստանից Թուրքիա գնացած տասնյակ հազարավոր հայերն էլ սրի կքաշվեն: Նախանշանը կա - կարճ ժամանակում ահռելի ոճիրներ կատարած իսլամական խալիֆաթը Ահմեդ Դավութօղլուն ահաբեկչական չի համարում: Թուրքական յաթաղանը նորից սրվում է, իսկ ճգնելով հաստատվել Թուրքիայում` որոշ հայ կանայք իսլամ ընդունեցին, ամուսնացան թուրքերի հետ: Այժմ Ադրբեջանում մի քանի հազար հայ կին կա՝ ամուսնացած ադրբեջանցիների հետ: Մինչդեռ թուրք-ադրբեջանուհիների հետ ամուսնացած մի քանի տասնյակ հայ տղամարդ հազիվ էլ լինի: Քանզի թուրքադրբեջանուհիները բնավ տոլերանտ չեն: Ո՞Ւմ է անհրաժեշտ տոլերանտություն քարոզել:
Համաթյուրքական կայսրության հիմքը կդրվեր Հայաստանի սովետականացման ժամանակ, թուրքբոլշևիկյան համատեղ ուժերով Զանգեզուրը գրավելուց և Ադրբեջանին հանձնելուց հետո: Նժդեհը խանգարեց: ՈՒստի նացիոնալիստ, ռասիստ, ֆաշիստ է: Իսկ թուրքադրբեջանցի ջարդարարները` ինտերնացիոնալիստ-հումանիստներ: Այդ «ինտերնացիոնալիզմն» ու «նացիոնալիզմը» սահմանազատվում են Նժդեհի 1919-ի նոյեմբերի 30-ի հրամանում. «Վաղը, երբ քաջերդ Աչիբաշ հասաք, հիշեցե՛ք... այս գյուղի մոտ թշնամին բարբարոսաբար մորթեց երկու հազարի չափ օսմանյան սրից ճողոպրած հայ կին ու երեխաներ... այնտեղ ամբողջ մի ձոր լիքն է կմախքներով, գանգերով, ուր հաճախ հյուր են գալիս Գեղվաձորի շներն ու գիշատիչները: Հիշեցե՜ք այդ, և եղեք անխնա ձեր դիմադրողների նկատմամբ, ասպետ և մարդ եղեք կանանց, երեխաների և ծերերի նկատմամբ» (նույն տեղում, էջ 86): Հանուն Արևելքում հեղափոխության հաղթանակի, հայերի ինտերնացիոնալիստական վերացման խանձահոտ չի՞ գալիս այժմ պահանջվող տոլերանտությունից:
Բոլշևիկյան պատմագրությանը հատուկ աղավաղումով՝ Հայաստանի առաջին Հանրապետության մասին Յուրի Գորոդնենկոն գրում է. «...հեղափոխական-նացիոնալիստների (դաշնակների) կազմավորած այդ արևմտամետ պետական կազմավորումը իր ճակատագիրն ավարտեց չափազանց ողբալի: Խրվելով երկու ճակատով պատերազմում՝ Թուրքիայի և Ադրբեջանի (հետագայում Սովետական Ռուսաստանի) հետ, պարտություն կրեց: Արդյունքում Թուրքիան խլեց ոչ միայն Կարսի մարզը, բայց և (դաշնակների ստորագրած Ալեքսանդրապոլի պայմանագրով) ներկա Հայաստանի մասը՝ Գյումրին և այլն... Արևմուտքի վրա (ԱՄՆ և Մեծ Բրիտանիա) հույսերն ապարդյուն դարձան՝ նա հայերին թողեց բախտի քմահաճույքին: 1918-1920 թթ. «դեմոկրատական ավանդույթները» լիակատար անձնատվության և սեփական շահերի հանձնման ավանդույթներ են»: Գորոդնենկոն մոռանում է նշել, որ այդ «ավանդույթները» իրագործվեցին բոլշևիկյան Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ:
Ճանաչելով 1920-ի ապրիլին ստեղծված Մուստաֆա Քեմալի ինքնահռչակ կառավարությունը, քաղաքացիական պատերազմի, պետական ահաբեկչության, աղքատության, թշվառության ճիրաններում հայտնված Ռուսաստանը Թուրքիային տրամադրեց 10 միլիոն ռուբլի ոսկով, սպառազինություն, հանդերձանք, ռազմական օգնություն, խորհրդականներ ուղարկեց թուրքական բանակի կազմակերպման համար: Քեմալականները հնարավորություն ստացան հանուն «համաշխարհային հեղափոխության» հարձակվել «իմպերիալիստական» Հայաստանի վրա: 1920-ի Ալեքսանդրապոլի պայմանագիրը կնքեց նոյեմբերի 29-ին լիազորությունը վար դրած հայկական կառավարության պատվիրակությունը՝ դեկտեմբերի 2-ին: Պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Խատիսյանը ստացել էր Հայաստանի օրինական իշխանության՝ հեղկոմի համաձայնությունը ստորագրել՝ կանխելու Երևանի վրա Քյազիմ Կարաբեքիրի անհապաղ հարձակումը: Անօրինական այդ պայմանագիրը հեղկոմը չճանաչեց, առաջարկելով նոր բանակցություններ սկսել: Թուրքերը մերժեցին, բռնազավթեցին Հայաստանի տարածքները: Այդ պատերազմում սովետականացած Հայաստանը կորցրեց ավելի քան 198000 մարդու, մոտ 26000 քառակուսի կմ տարածք: Թուրքերը ոչնչացրին և թալանեցին մոտ 20 միլիոն ռուբլի ոսկով գույք:
Ոչ թե Ալեքսանդրապոլի, այլ հետևյալ պայմանագրերով է Հայաստանը կորցրել իր տարածքները. 1918-ի մարտի 3-ին Սովետական Ռուսաստանի ստորագրած ստորացուցիչ Բրեստ-Լիտովսկի, ի թիվս այլ զիջումների, Թուրքիային հանձնվեցին Կարսը, Արդահանը: 1921-ի մարտի 6-ին Մոսկվայում ՌՍՖՍՀ և Թուրքիայի կնքած բարեկամության և եղբայրության մասին պայմանագրով Թուրքիային հանձնվեց Կարսի մարզը, Ադրբեջանի խնամակալությանը՝ Նախիջևանը: 1921-ի հոկտեմբերի 13-ի Կարսի բարեկամության մասին պայմանագրով չեղյալ հայտարարվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, Թուրքիային անցավ նաև նրան երբեք չպատկանած Սուրմալուի գավառը՝ բիբլիական Արարատով:
Լենին-Աթաթուրք եղբայրության պատճառով Հայաստանը, ուստի և Ռուսաստանը կորցրին նշված տարածքները: Զանգեզուրն էլ զավթած լինեին, ներկա Եվրասիական տնտեսական միության փոխարեն կկազմակերպվեր Թյուրքական տնտեսական միություն, Թյուրքական խորհրդի (առայժմ` Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան, Թուրքիա՝ 103287000 բնակչությամբ) դրոշի տակ՝ Նուրսուլթան Նազարբաևի գլխավորությամբ: Ի նշանավորումն, Ռուսաստանում նորից կդրվեր Հեյդար Ալիևի և ոչ թե Գարեգին Նժդեհի արձանը:
«Նացիոնալիստական» Հայաստանի առաջին Հանրապետությունը «արևմտամետ» դարձավ բոլշևիկների հակառուսական քաղաքականության պատճառով: Նրանք Լենինի գլխավորությամբ Ռուսաստանի հաղթանակը Անտանտի երկրների հետ, Գերմանիայի, նրա դաշնակիցների, մասնավորաբար Թուրքիայի դեմ, վերածեցին պարտության: Լենինի պնդումով Հայաստանից դուրս բերվեցին ռուսական զորքերը: Դրան դեմ էր Լև Տրոցկին, իսկ Ալեքսանդր Կերենսկին հայտարարել էր. «Մենք չենք կարող հեռանալ Հայաստանից, որովհետև այդ ժամանակ Հայաստանից ոչինչ չի մնա, նա կկորչի քրդերի ու թուրքերի սրի տակ»: Ժամանակավոր կառավարությունը որոշել էր շարունակել Առաջին համաշխարհային պատերազմը մինչև հաղթական ավարտը: Դեմ միակ կուսակցությունը բոլշևիկյանն էր: Ռուսաստանի պարտությանը ձգտող Լենինն իր կուսակցությունով դարձավ կայզերական Գերմանիայի և ոճրագործ Թուրքիայի դաշնակից: Իսկ նրա զինակից Ստալինը քաջալերեց հայերի կոտորածները, 1921-ի փետրվարի 22-ին թուրք պատվիրակության հետ հանդիպմանը ասելով. «Դուք հայերի հարցը ինքներդ լուծեցիք: Թե դեռ ինչ-որ բան մնացել է, դա նույնպես ինքներդ վճռեք, բայց վերջնական ժամկետի մասին մեզ տեղյակ պահեք»:
1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սկսվեց կովկասյան ռազմաճակատի քայքայումը: Ռուս զինվորները բռնեցին տունդարձի ճամփան: Թաթարները («ադրբեջանցի») սկսեցին նրանց որսը: Կանգնեցնում էին գնացքները, հափշտակում զենքերը, հանդերձանքը, սպանում զինվորներին: Նրանց ոհմակները ղեկավարում էին թուրքական փորձված սպաներ: 1918-ի հունվարի 9-18-ին Շամխոր կայարանի մոտ թաթարները հարձակվեցին 14 էշելոնի վրա, կոտորեցին մոտ 2000 ռուս զինվորի, կողոպտեցին ամբողջ զինամթերքը, այրեցին վագոնները: Նրանք ծրագրված ոչնչացնում էին նաև ռուսական բնակավայրերը:
Հայերի ահռելի ցեղասպանություններ իրագործած թուրքական հորդաների դեմ հայտնվածմիայնակ Հայաստանը ինչպե՞ս էր մնալու իրեն լքած, իր վրա հարձակված բոլշևիկյան Ռուսաստանի հետ և հեռանալու՝ Անտանտի պետություններից:
Թուրքիայի և Ադրբեջանի պարտադրած, Գորոդնենկոյի նշած՝ «երկու ճակատով պատերազմի մեջ խրված», և չնշած՝ 1918-ի Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի շնորհիվ, մայիսի 28-ին հռչակվեց Հայոց պետության անկախությունը, շուրջ 10000 քառակուսի կմ տարածությամբ: Դաշնակիցների հաղթանակից հետո Հայաստանը վերականգնեց կորցրած Շիրակը, Կարսը, Նախիջևանը, Սուրմալուն և այլ տարածքներ: Ի՞նչն է դրդում վերլուծաբանին, ժողովրդի և դաշնակցական կառավարության միասնական, անհնարին, անհավատալի պայքարով նվաճված անկախ հանրապետությունը ներկայացնելու իբրև «հեղափոխական-նացիոնալիստների» լիակատար կապիտուլյացիա և սեփական շահերի զիջում: Նորից ցեղասպանության, երկրի վերջնական կորստի առաջ կանգնած ժողովուրդը պաշտպանվելու իրավունք չունե՞ր:
Գորոդնենկոյի և Բորիսովի հոդվածները կառուցված են մի սևեռուն գաղափարի վրա. Անդրկովկասը պետք է լինի միասնական աշխարհաքաղաքական և տնտեսական օրգանիզմ ռուսական ազդեցության գոտում: Այդ միասնականությունը պետք է հաստատվի թուրքերի հանդեպ հայերի տոլերանտությամբ, որը ենթադրում է Հայաստան-Արցախի տարածքային նվիրաբերում Ադրբեջանին: Այսինքն.
-Հրաշալի եղանակ է,- ասաց ձկնորսը որդուն,- ձուկ չբռնե՞նք:
Հայաստանի տարածքները որպես խայծ օգտագործելու լենինստալինյան հիվանդությունը շարունակվո՞ւմ է: Հազիվ թե հնարավոր լինի այլ եզրակացության հանգել նշված հոդվածներից:
Ո՞Ւր կտանի «միասնական աշխարհաքաղաքական» ծրագիրը: Ռուսաստանում ծնելության միջին ցուցանիշը՝ մի մայր՝ 1,6 երեխա է, Հայաստանում՝ փոքր-ինչ դրանից պակաս: 145 միլիոն բնակչությունից XXI դարավերջին, իսկ պեսիմիստական հաշվարկով՝ 2060-ին, Ռուսաստանում կմնա 80 միլիոն մարդ («Արգումենտի ի ֆակտի», թիվ 30, 2014): Այժմ միայն Թուրքադրբեջանի բնակչությունը շուրջ 85 միլիոն է: Ինչպես բոլոր իսլամ ժողովուրդների անընդհատ աճի պայմաններում, նշված թվականներին թյուրքական ժողովուրդները քանի՞ անգամ կգերազանցեն ռուս ժողովրդին: Մի պարզ օրինակ. 1980-ին Ղազախստանի 14858000 բնակչության 40,8 տոկոսը ռուս էր, 36 տոկոսը՝ ղազախ: 1989-ին ղազախները 6536000 էին, ռուսները՝ 6.228000, 2014-ին՝ ղազախները 11244000, ռուսները՝ 3685000 են: Քրիստոնյա աշխարհի բնակչությունն անընդհատ կրճատվում է, իսլամական աշխարհինը՝ աճում մեծ արագությամբ: Երևույթը ճշգրտորեն ախտորոշեց Պատրիկ Բյուքանանը իր գրքի` «Արևմուտքի մահը» խորագրով իսկ: Բայց Արևմուտքի «իմաստուն» քաղաքական գործիչները, արհամարհելով դաժան իրողությունը, ամեն ինչ անում են մահն արագացնելու համար: Իսկ Ռուսաստա՞նը: Ո՞ր երջանիկ ապագան է կառուցում օրեցօր հզորացող թյուրքական աշխարհի հետ պահմտոցի խաղալով:
Թեև պաշտոնական տվյալներով Հայաստանի բնակչությունը այժմ 3 միլիոնից ավելի է, բայց իրականում հազիվ թե գերազանցի 2 միլիոնը, եթե մոտավորապես նույն տեմպերով շարունակվի արտագաղթը, չաճի ծնելությունը, տասնամյակներ անց բնակչություն չի մնա: Թուրքադրբեջանցիներն առանց մի կրակոցի կստանան Հայաստան-Արցախը:
Փոքրը անտեսենք, մեծ քաղաքականությունը նման է հավի, որն իր առջև լցված կուտն ուտելով տարված, չգիտի ինչ արգանակի բաղադրիչ է դառնալու: Արևմուտքը դիմում է ամեն միջոցի Ռուսաստանը թուլացնելու, տրոհելու համար, չմտածելով, որ փոխարենը այդ հսկայական տարածքում ստանալու է թյուրքական հզոր կայսրություն, որի հարվածների տակ, առանց այդ էլ իսլամացման, ինչպես ասում են՝ Եվրաբիա դառնալու վտանգի տակ հայտնված Եվրոպան կբնաջնջվի: Եվրոպայի պահպանման երաշխիքը Ռուսաստանն է, Ռուսաստանի պահպանման երաշխիքը՝ Հայաստանի հզորացումը, բնական դաշնակիցներ Իրանի և տարածաշրջանային այլ երկրների հետ աշխարհաքաղաքական միասնացումը:
Պատմական Արցախի մի մասի ազատագրման առավելություններից է Իրանի հետ ընդհանուր սահմանի լայնացումը: Այդ սահմանի ամեն հատվածի կորստով կուժեղանա Թուրքադրբեջանը, որն առանց այդ էլ մեծ առավելություն ունի: Հայաստանի և Իրանի միջև սեպի պես խրված, բացառիկ ստրատեգիական նշանակությամբ Նախիջևանով: Այն փաստորեն միացած է Թուրքիային, ունի թուրքադրբեջանական հատուկ բանակ, պատրաստ է ներխուժելու Հայաստան և ճանապարհ բացելու դեպի Հյուսիս: Հենց Նախիջևանում Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի ռազմական համագործակցության ամրապնդմանն ուղղված, պաշտպանության նախարարների հանդիպումում Իրակլի Ալասանիան ոգևորությանբ ասաց. «Վրաստանի բախտը բերել է, որ այնպիսի լավ հարևաններ և ստրատեգիական գործընկերներ ունի, ինչպես Թուրքիան և Ադրբեջանը: Տարածաշրջանի անվտանգության մարտահրավերների և ռիսկերի ֆոնին մենք պետք է առավել սերտ համագործակցենք» (newsgeorgia.ru 20.08.2014): Ճիշտ այդպես - ասոցացվել Եվրոպայի հետ նշանակում է ընկնել Թուրքադրբեջանի գիրկը: Հակառակի պես այս հրաշալի եռյակի բախտը չի բերել երկրագնդի բոլորովին այլ մասում: Նրանք էլ, մենք էլ ազատ կլինեինք «ռիսկերի ֆոնից»:
Հետևաբար, Ադրբեջանի լծից թալիշների, թաթարների, լեզգիների և այլ բնիկ ժողովուրդների ազատագրմանը նպաստելը առաջնահերթ, արդարացի միջոցներից է: Թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության ստրատեգիան անհարաժեշտ է մշակել առնվազն կեսդարյա հեռանկարում: Զիջումների գնով Թուրքադրբեջանի բարեհաճությունը շահելն ու Ադրբեջանը Ռուսաստանի «միասնական ազդեցության գոտի» բերելու պատրանքը Լենին-Աթաթուրք եղբայրությունից ավելի վատ հետևանք կունենա, երբ կորցրինք ոչ միայն վերը նշված հայկական տարածքները: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ռազմաճակատում ռուսական բանակը ազատագրել էր Արևմտահայաստանի մեծ մասը: Ռուսական բանակի հաղթական ընթացքը, որի շարքերում 1914-1916 թթ. կռվում էր 180 հազար հայ, շարունակվելու էր մինչև Հայկական Կիլիկիա՝ Միջերկրական ծով ելքով:
Հայաստանի անկախության բանաձևի տակ առաջինը ստորագրած, հայ ժողովրդի մեծագույն զավակներից Ավետիս Ահարոնյանը երբեք չհրաժարվեց Ռուսաստանից, իր դիրքորոշումը հիմնավորելով համատեղ պարտավորությամբ. «Մեր օրերի Բյուզանդիոնը՝ Ռուսիան, որ անմիջական պարտք ուներ քաղաքական, բարոյական և մարդկային թև ու թիկունք դառնալ մեզ, մի ապշեցուցիչ կուրությամբ ժխտում էր իր սեփական պատմությունը, իր խոսքն ու իր երդումը, իր ռազմական վարկն ու ավանդույթները, երես էր դարձնում մեզնից և հանդուրժում էր, որ տիեզերական խղճմտանքի և արդարության երեսին նետված ձեռնոցը հայ ժողովուրդը մեն մենակ վերցնի»: Ահարոնյանի դարակազմիկ պահանջը ճիշտ հասցեատիրոջը չէր ուղղված: Բոլշևիկները չեն ներկայացրել իսկական Ռուսաստանը, ավելին, այն զոհաբերեցին «համաշխարհային հեղափոխության» խելացնոր գաղափարին: Իսկական Ռուսաստանի որոշ գործիչների տեսակետները հստակ դրսևորվում են Ահարոնյանի քաղաքական-դիվանագիտական օրագրի էջերում: Հիշենք նրա զրույցը Կ. Պոլսի նախկին դեսպան Գիրսի հետ: Հուսալով, որ պետությունները կճանաչեն Կոլչակի կառավարությունը, դեսպանը նշում է. «...մենք բնավ հակառակ չենք Միացյալ, Անկախ Հայաստանի... դա նաև մեր շահն է... այլ կլիներ մեր վերաբերմունքը, եթե Կիլիկիան չստանայիք և այլ կլիներ, եթե ստանաք Կիլիկիան... Կիլիկիա նշանակում է Միջերկրական ծով, որին ձգտել ենք՝ առանց հասնելու: Մենք չենք ստացել այն և չենք էլ կամենա, որ որևէ մեծ պետության ձեռքն անցնի: Մինչդեռ Հայաստանը որպես փոքր պետություն և մանավանդ մեր ապագա դաշնակիցը, մեզ համար ոչ միայն անվտանգ է, այլև նույնիսկ շահավետ... Ձեր շահն էլ անկասկած պահանջում է ունենալ մեր բարեկամությունը, մեր դաշնակցությունը, որովհետև Ամերիկայի հեռանալով դուք դարձյալ ճակատ առ ճակատ պիտի մնաք մուսուլման աշխարհի հետ: Ահա այս դեպքում մենք միշտ այնտեղ ենք: Ինչպես անցյալում... Մենք Հայաստանի միությունից ու անկախությունից դուրս ուրիշներին ոչինչ չենք զիջի, այո՛, զանազան ադրբեջաններին»: Ռուսաց նախկին երկու ուրիշ դեսպաններ գրեթե բառ առ բառ կրկնել են նույնը, ինչ ասել էր Գիրսը 1919-ի մայիսի 19-ին: Կոլչակի կառավարությունը այնպես էլ չէր ճանաչվել, երբ 1920-ի օգոստոսի 10-ին ՀՀ խորհրդարանի նախագահ Ավետիս Ահարոնյանը ստորագրում էր Սևրի պայմանագիրը: Եվ համաշխարհային պատմությունն ընթացավ այլ ուղղությամբ:
Նույն գետը երկրորդ անգամ մտնել չի լինի, բայց նույն սխալը կրկնել կլինի՝ այն էլ դարեր շարունակ: Այդպես, Հայաստանի հանդեպ իր մշտական երկդիմի քաղաքականությունից, Բագրատունիների թագավորությունը կործանելուց տուժեց երկրորդ Հռոմը՝ Բյուզանդիան: Բոլշևիկների հակահայկական քաղաքականությունը ջնջեց դաշնակիցների հաղթանակով իրականանալի ՄՈՍԿՎԱՆ՝ ԵՐՐՈՐԴ ՀՌՈՄ, նախագուշակությունը, որը ողջ առաջադեմ աշխարհը փրկելու էր հետագայում սպասվելիք ապոկալիպսիսից:
Ծերուկ Ֆիլոֆեյն ավանդեց. «Երկու Հռոմն ընկան, իսկ երրորդը սպասվում է, իսկ չորրորդը չի լինելու»: Երրորդ Հռոմը սպասվում է, թե ոչ, Բալկաններից Չինական մեծ պարիսպ ու Հեռավոր Արևելք նախապատրաստվող համաթյուրքական կայսրության դեմ միակ պատվարը Ռուսաստան-Միասնական Հայաստանն են իրենց բնական դաշնակիցներով:
Ստեփան ԹՈՓՉՅԱՆ