Անցած ամիսների փորձը ցույց է տալիս՝ ինչ ուզում եք՝ հարցրեք վարչապետին, պատասխանելու է. «Մենք կախարդական փայտիկ չունենք, որ մեկ ակնթարթում տարիներով ձևավորված արատավոր պրակտիկան վերացնենք»: Տարօրինակ հայտարարություն չէ՞: Ովքե՞ր էին նախորդները: Տիգրան Սարգսյա՞նը, Սերժ Սարգսյա՞նը, Անդրանիկ Մարգարյա՞նը, Արամ Սարգսյա՞նը, Վազգեն Սարգսյա՞նը, Արմեն Դարբինյա՞նը, Ռոբերտ Քոչարյա՞նը: Ո՞Ւմ նկատի ունի իբրև նախորդ: Վազգեն Մանուկյանի՞ց սկսած, թե՞ կոնկրետ Տիգրան Սարգսյանին: «Տարիներով ձևավորված արատավոր պրակտիկան» անկախության ամբողջ պատմությա՞նն է վերաբերում, թե՞ ՀՀԿ-ի վարչապետներին: ՀՀ վարչապետը, ՀՀԿ փոխնախագահը քննադատում է իշխող կուսակցությա՞նը, որի բոլոր որոշումներին կողմ է եղել, որի քաղաքականությունն իրականացրել է իբրև մարզպետ, փոխվարչապետ, ԱԺ նախագահ, հիմա էլ՝ իբրև վարչապետ է կյանքի կոչում: Ինչի՞ց է դժգոհ: Ինչո՞ւ է հույսը դրել «կախարդական փայտիկի» վրա, որի գոյությանը մանուկներն էլ չեն հավատում: Ինչո՞ւ է հիմա դժգոհ, առաջ ինչո՞ւ չէր տրտնջում: Նախորդ պաշտոններում առաջին դեմք չէ՞ր, միշտ կա՞ր մեկը, որ թիվ մեկ մեղավորն էր: Երբ ինքն է իր գործում թիվ մեկը, պարզվում է՝ ծա՞նր է Մոնոմախի գլխարկը: Անկեղծ ու եռանդուն ձեռնամուխ լինելով «արատավոր պրակտիկայի» արատազերծմանը՝ ինչո՞ւ հաջողության չի հասնում: Որերո՞րդ սկանդալային բարեփոխումն է փորձում ձեռնարկել ու հարկադրված է կամ նահանջել, կամ հետաձգել, կամ չքմեղանալ: Ինչո՞ւ: Խելք պետք չէ՞: Փո՞րձն է պակասում, թե՞ կա պատճառ, որ իր համար էլ անակնկալ է: Պարտադիր կուտակայինի հարցում գտավ տարբերակ, որ և գայլերը կուշտ լինեն, և ոչխարները՝ ողջ: Բայց դժգոհությունը մնաց: Փոքր ու միջին ձեռներեցների հարցը հետաձգեց փետրվար: Հիմա էլ հասավ Ժամանակավոր անաշխատունակության նպաստների օրինագծին ու փորձում է հավասարություն ստեղծել՝ ի հաշիվ անհավասարության: Ընդունեք, որ հանճարեղ լուծում է՝ աշխատող կանանց նպաստից մասհանում անել չաշխատող կանանց: Չէ՞ որ աշխատող-չաշխատող՝ մայրեր են: Բայց նրան նորից չհասկացան ու փողոց դուրս եկան, ստիպված էր սոցապ նախարարին նախաձեռնության հեղինակի դափնիները տալ ու հայտարարել՝ «Ոչ մի հղի կին չպետք է տուժի, և պետք է հաշվի առնել բողոքները»: Եվս մեկ հանճարեղ լուծում, եթե ոչ ոք չբողոքեր, կպարզվեր, որ վարչապետը հերթական հրաշալի բարենորոգո՞ւմն է անում՝ ի հեճուկս արատավոր նախորդների: Չստացվեց: Փող չկա: Կախարդական փայտիկ չկա: Միայն խնդիրներ են, որ իրար հետևից ծագում են, իսկ լուծելու փող չկա: Եվ ոչ ոք չի գնահատում նրա տիտանական ջանքերը: Յուրայինները՝ հատկապես: Դժգոհ են, որ վարչապետի ֆինանսական հանճարը հանրային մակարդակով հրաշքներ չի գործում: Բայց ո՞վ է Հովիկ Աբրահամյանին հարցնում՝ իսկ ինքը համաձա՞յն էր, որ ՈՒկրաինայի պատճառով Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները վերածվեն պատժամիջոցների փոխհարաբերությունների, ինքը ուզո՞ւմ էր՝ իր օրոք Հայաստան մտնող տրանսֆերտները կրճատվեն ու Ռուսաստանում էլ տնտեսության անկում սկսվի, հետևաբար՝ գործազրկություն ու, ՌԴ-ում բնակության արտոնություններ ստանալով հանդերձ՝ արտագնա աշխատանքի մեկնածները հարկադրված ձեռնունայն վերադառնան: Հովիկ Աբրահամյանին հարցրի՞ն, երբ ԵՄ-ի հետ ասոցացումից հրաժարվեցին ու ԵԱՏՄ-ին անդամագրվեցին՝ Եվրոպայից փակելով փողերի ճանապարհը, Եվրասիայից էլ ոչինչ չստանալով, որովհետև, այո, փող չկա, հետդարձի ճանապարհ էլ Հովիկ Աբրահամյանը չունի: Խոշոր բիզնեսն էլ չի մտնելու հարկային դաշտ, ուզում է՝ ժամանակ տա մինչև հուլիսի, օգոստոսի, սեպտեմբերի, հոկտեմբերի, նոյեմբերի, դեկտեմբերի մեկը, այս տարվա, եկող տարվա, մյուս տարվա, հաջորդ տարիների: Չի մտնելու: Եթե մտավ, նշանակելու է այլ համակարգ:
Կառավարման այլ մոդել ու այլ տրամաբանություն: Տնտեսության այլ կառուցվածք: Բոլորովին այլ բյուջե: Հովիկ Աբրահամյանը դա հրաշալի գիտի ու կախարդական փայտիկ է ուզում, որ մեկնարկային այլ պայմաններ ունենա: Բայց՝ փայտիկ չկա: Ինչպես՝ փող: Կա երկրի կառավարման դաժան անհրաժեշտություն, բյուջե մուտքերի ու ելքերի դաժան տարբերություն: Կա սեփական քաղաքական կենսագրությունը շարունակելու դաժան անհրաժեշտություն՝ քայլ առաջ անելու հեռանկարով: Որովհետև ո՞վ, եթե ոչ ինքը: ՈՒ հիմա էլ՝ ո՞վ կարող է վարչապետ լինել այս պայմաններում, եթե ինքը չի կարողանում: Ո՞վ է այդ կամիկաձեն, որ հանձն է առնելու «Դու՝ ինձ, ես՝ քեզ» անկյունաքարային սկզբունքը պահպանելով՝ խոշոր բիզնեսի համար խնդիրներ չհարուցելով, փոքր ու միջինին չհարկելով, մեծ արդյունաբերություն չունենալով, առանց ներդրումների ու կիսատ-պռատ վարկերով, տնտեսական աճի աղոտ հեռանկարով, այս շրջապատում ու այս արատավոր ժառանգությամբ՝ պայծառ նայել ապագային: Չկա կամիկաձե: Հովիկ Աբրահամյանից բացի: Որովհետև Ռոբերտ Քոչարյանը դեռ որսից չի եկել: Իշխանության դաշտում նա հավասարը չունի, դա հասկանում է ոչիշխանությունը և չի քննադատում վարչապետին: Որովհետև գիտի՝ պատասխան չունի «Ո՞վ, եթե ոչ նա» սակրալ հարցը: Բացի այդ՝ յուրայիններին չեն խփում: Հետո ինչ, թե իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է, իմ բարեկամն է նաև իմ բարեկամի բարեկամը: Թեկուզ՝ անփող ու անփայտ: Հանրային մակարդակով՝ իհարկե: Եթե Հայաստանի օլիգարխների անձնական նյութական միջոցները համատեղվեն, ինչ Հայաստան, մի քանի Հայաստան կբարգավաճի, բայց տնտեսության գործող կառուցվածքն օբյեկտիվորեն հնարավորություն չի տալիս փողով փող աշխատել Հայաստանում: Տնտեսության կառուցվածքի փոփոխությունը խնդիր է, որ Հայաստանն ինքնուրույն լուծել չի կարող: Պատճառը միայն ԵԱՏՄ-ն չէ, տասնյակ պատճառներ կան:
Բայց ամեն ինչ կորած չէ: Հայաստանում կա մեկը, որ և փող ունի, և կախարդական փայտիկ, և ժամանակի զգացողություն: Հոկտեմբերի 24-ի հանրահավաքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը անհրաժեշտ համարեց ամփոփել հարցազրույցով: Լիրիկական զեղումներից դուրս՝ նրա այս հարցազրույցը ավելի շատ հարցեր առաջադրեց, քան պատասխաններ բերեց: Քանի որ նույնիսկ հանրահավաքները հստակություն չեն բերում քաղաքական իրավիճակում, հարցազրույցները դառնում են միջոց՝ հասկանալու՝ ինչ է կատարվում կամ կատարվելու, եթե ընդհանրապես կատարվելու է կամ կատարվում է: Ոչիշխանության ղեկավարը արձանագրում է, որ երկրում կան լրջագույն դժգոհություններ, բոլոր սոցիալական խավերում: Ձևավորվել է համաժողովրդական շարժում, և խնդիր է դրված՝ շարժմանը տալ կառուցվածքային և կազմակերպական լուծումներ: Լավ, հետո՞: «Մենք երկար ժամանակ չունենք սպասելու»: Ավելի լավ: Հետո՞: «Հայաստանի տնտեսական իրավիճակը շատ ծանր է. օրեցօր վատանում է ժողովրդի սոցիալական վիճակը: Պաշտոնական թվերով 32 տոկոս աղքատությունն իրականում ողբերգություն է: Մեզ անհրաժեշտ են արագ և խորքային լուծումներ: Ոչ ոք այլևս չի հավատում դատարկ խոստումներին և հավաստիացումներին: Եթե այս անորոշության և հետընթացի պրոցեսը շարունակվի, մեր երկիրը կդադարի տարածաշրջանում մրցունակ լինել»: Հետո՞: Հետո Գագիկ Ծառուկյանը ներկայացնում է նախագահական ընտրությունների թեկնածուի ծրագիր, որ տարբեր է ԲՀԿ-ի խորհրդարանական ընտրությունների ծրագրից: Շահեկանորեն տարբեր: Իրատեսորեն: Քաղաքական մենաշնորհը «քաղաքական առումով» կոտրելով, սակայն, չեն լուծվի խնդիրները՝ «Հայաստանում փոքր բիզնեսը պետք է մի քանի տարով ազատվի բոլոր հարկերից: Իշխանության որևէ ներկայացուցիչ չպետք է իրավունք ունենա մտնել սեփական քրտինքով տուն պահող մարդու հիմնարկ` նրանից որևէ բան պահանջելու: Միջին բիզնեսի համար պետք է ստեղծվեն բացառիկ հնարավորություններ, որպեսզի այդ խավը կարճ ժամանակում կարողանա շտկել իր դրությունը, դուրս գա ճգնաժամից և գնա զարգացման ճանապարհով: Սա կնշանակի նոր աշխատատեղեր և տնտեսության աշխուժացում: Հայաստանում մեկընդմիշտ պետք է վերանա բռնի ուժով «փայ» մտնելու ավանդույթը: Ոչ ոք Հայաստանում այլևս չպետք է կարողանա օգտագործելով իր դիրքը՝ «փայ» մտնել այս կամ այն գործարարի բիզնեսում: Հայաստանում մենաշնորհներ չպետք է լինեն: Եվ եթե նույնիսկ մեր երկիրը փոքր է, միևնույն է, բոլոր ապրանքատեսակները պետք է կարողանան ներկրել թե 10, թե 20 հոգի. այնքան, որքան շուկան թույլ կտա: Հայաստանի Հանրապետությունը նորից պետք է դառնա արդյունաբերական երկիր: Յուրաքանչյուր մարզում պետք է ձևավորել առնվազն մեկ արդյունաբերական գոտի` համապատասխան հարկային և այլ արտոնություններով: Հայաստանը պետք է դառնա նաև ժամանակակից տեխնոլոգիաների երկիր: Ի վերջո, Հայաստանը պետք է դառնա վերջնական արտադրանքի թողարկման երկիր, այլ ոչ` ընդամենը հումք կամ կիսաֆաբրիկատ արտահանող: Հայաստանի տնտեսությանն այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ են խոշոր օտարերկրյա ներդրումներ: Ինչո՞ւ չկան այդ ներդրումները: Որովհետև չկա վստահություն, չկան երաշխիքներ, չկան ծրագրեր»: Ո՞վ կարող է առարկել լավագույն մտադրությունների այս շարքին: Առարկող չեղավ: Գագիկ Ծառուկյանը Սոկրատես չի կարդացել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ չի հուշել՝ հանճարեղ հույնն ասում էր՝ «Մեղավորի որոնումները սկսիր քեզնից»: Չսկսեց: Հետո էլ՝ Հայաստանի քաղաքական ավանդույթով՝ բովանդակային քննարկման փոխարեն առանցքային թեմա դարձավ «փայ մտնելը»: Միայն դա՞ հասկացան: Ոչ, հարկ կար հավատարմություն դրսևորել: Գագիկ Ծառուկյանը, իհարկե, տակտիկական նկատառումներով «ինչը» ասելուց հետո չի ասում՝ «ինչպեսը», թերևս դա մանրուք է իր մասշտաբի քաղաքական գործչի համար: Հարցազրույցի «ամենաքաղաքական» մասն ուղղված է պետական համակարգին: «ԲՀԿ-ն երկրի ներսում չունի թշնամիներ: Մեզ թշնամանք պետք չէ: Անկախ բոլոր քաղաքական փոփոխություններից, պետական համակարգը պետք է աշխատի նորմալ մթնոլորտում, պետք է միշտ իրեն պաշտպանված զգա: Պետական կառավարման համակարգում ճնշող մեծամասնություն են կազմում պարկեշտ և գրագետ մարդիկ, ովքեր համապատասխան պայմանների և իրենց առաջ դրվող ճիշտ խնդիրների դեպքում կարող են աշխատել մեծ արդյունավետությամբ: Քաղաքական հայացքները չպետք է անդրադառնան մարդու աշխատանքային, սոցիալական պաշտպանվածության վրա»: Այս հայտարարությամբ Գագիկ Ծառուկյանը հստակ սահմանագիծ անցկացրեց իր ու Լևոն Տեր-Պետրոսյանի միջև, որ քաղաքագիտական վերլուծություններով թշնամիների ու բարեկամների այլ պատկեր է գծում: Ի տարբերություն նրա՝ Գագիկ Ծառուկյանը բոլորի համար է պատասխանատու: Բայց հայտարարությունը՝ հայտարարություն, կյանքը՝ կյանք, իր իսկ կուսակցության ներսում այդ տեսակետը նախկինում չի գործել, ապագայում կգործի՞ երկրի մասշտաբով: Ակնհայտորեն Գագիկ Ծառուկյանը գտել է կախարդական փայտիկը, որ չի գտնում Հովիկ Աբրահամյանը, այլապես ինչպե՞ս է այս խնդիրները լուծելու: Անանուն, տոտալ, անհասցե քննադատությա՞մբ՝ ոչ ոք մեղավոր չէ, մեղավոր են բոլո՞րը: ՈՒրեմն՝ ինչո՞ւ ինքը, որ լավ գիտակցում է՝ ժամանակ չկա, դեռ 2009-ից էր ասում ինչն ինչոց է, բայց 2013-ին նախագահի թեկնածու չառաջադրվեց, փոխարենը քնից արթնացավ 2014-ին՝ որ տեսնի՝ «մարդիկ ուզում են նոր քաղաքական դեմքերով և նոր քաղաքական ուժերով իշխանություն»: Իսկ որտե՞ղ են նորերը: ԲՀԿ-ն, համենայն դեպս, բոլորովին նոր չէ՝ իր կոալիցիոն ու արտակոալիցիոն հնությամբ: ՈՒ դա ևս բնության օրենք է, բայց հակառակ բոլոր օրենքների՝ հրաժարականներ չկան ու չկան: Կա ոչինչ չասող եզրակացություն՝ «Մենք իրոք կողմ ենք խաղաղ, անցնցում իշխանափոխության»: Հեքիաթները իսկապես «վաղուց արդեն սպառել են» իրենց, գուցե Գագիկ Ծառուկյանը «հետդարձի ճանապարհ» չունի, բայց նա ոչ մի տեղ չի էլ պատրաստվում գնալ: Որովհետև լավ հիշում է իշխանության հետ երկխոսությունը, երբ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն տարբեր խրամատներում էին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Հայաստանում կախարդական փայտիկի տոտալ որոնում է հայտարարված: Ով առաջինը գտավ՝ գտնում է հավերժ իշխանության դռան բանալին: Առանց փորձելու՝ լաքապատ փայտի կտորներ չառաջարկել: Փայտը երկու ծայր ունի: