Հայ ազգային ընդհանրական հիշողությունը մոռացումն է: Պարադոքս չէ: Իրականություն է, որ չենք գիտակցում: Հիշեցրեց Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովը: Հայաստանի ազգային հերոսը: Իր մեկ համեմատությամբ, ավելի ճիշտ՝ համեմատության ժխտմամբ՝ «Դուք համեմատում եք Ղրիմն ու Ղարաբաղը: Ես հասկանում եմ, որ Ղարաբաղը Հայաստանի ցավոտ թեման է, մեզ համար ևս, բայց Ղրիմի հարցում թույլ տվեք չհամաձայնել: Ղրիմը պատմականորեն ռուսական հող է, դարեր շարունակ եղել ենք մեկ տարածք, մենք մեղավո՞ր ենք, որ Խրուշչովը ոչ սթափ վիճակում Ղրիմը տվել է ՈՒկրաինային, մինչդեռ Ղարաբաղի կարգավիճակը պետք է հստակեցվի, և եթե հայկական կլինի, ԼՂ-ն ևս կարող է դառնալ ԵԱՏՄ անդամ»: Հարցի մի կողմն է՝ ինչո՞ւ սթափ Լենինը Կարսը, Արդահանն ու Սարիղամիշը տվեց Թուրքիային, հետո՝ Նախիջևանը տվեցին Ադրբեջանին, ինչո՞ւ նույնքան սթափ Ստալինը Ղարաբաղը տվեց Ադրբեջանին՝ ԼՂԻՄ-ի կարգավիճակով: ՈՒկրաինացի Խրուշչովը սխալ էր, ռուս Լենինն ու վրացի Ստալինը՝ ճի՞շտ: Այո, այդպես էր պահանջում կայսերական ռուսական շահը: Երբ տարիներ առաջ ՌԴ Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովը Ազգային ժողովում ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է Հարավային Կովկասում, նույն աղմուկը բարձրացավ՝ ո՞նց, մենք՝ անկախ պետություն, ու՝ ֆորպո՞ստ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ երկար ու հաճույքով մեջբերումներ էր անում Բորիս Գրիզլովից: ՈՒ ի՞նչ: Փոփոխություն մեր մտածողության մեջ եղա՞վ: Բացի հռետորական հողմ ու փոթորկից, որևէ եզրակացություն արեցի՞նք, թե ինչո՞ւ ռուս բարձրաստիճան (գործող կամ նախկին) պաշտոնյաները գալիս են Հայաստան ու նման հայտարարություններ անում: Կամ չեն էլ գալիս՝ Մոսկվայից են բացատրում՝ ո՞վ ո՞վ է ու ո՞վ ի՞նչ գին ունի իրենց համար: Հայաստանը, Ղարաբաղը, Հարավային Կովկասը, ամբողջ աշխարհը Կրեմլի պատուհանից երևում են մեկ տեսանկյունից՝ ռուսական քաղաքական ու տնտեսական շահերի: Վերջ: Մնացածը՝ ամեն անգամ նոր փաթեթավորմամբ ու նոր կատարմամբ, բարձրաձայնվող պատմություն է, գործող անձերն ու խնդրո առարկան կարևոր չեն: Կարևորը փաստն է: Երեկ Գրիզլովը, հետո՝ Կիսելյովը, այսօր՝ Ռիժկովը, վաղը՝ մեկ ուրիշը, սա գործընթաց է, որ լիովին տեղավորվում ու հիմնավորվում է ռուսական արտաքին քաղաքականության սկզբունքների ու տրամաբանության, ռազմավարության ու մարտավարության շրջանակներում: Մեղավորը նրանք չեն, մեղավորը մենք ենք, որ չենք հակադարձում՝ ակն ընդ ակն, ատամն ընդ ատաման, ոչ սիմետրիկ, ոչ ասիմետրիկ պատասխան չենք տալիս: Մեր արածը զարմանալն ու զայրանալն է: Վերջ, ուրիշ հարթության մեջ մենք չկանք: Որովհետև մեր ազգային ընդհանրական հիշողությունը իրականում մոռացումն է: Մենք չենք հիշում՝ ինչ է եղել ու չենք հաշվարկում՝ ինչ կարող է լինել: Մենք նվիրվում ենք ու նվիրում ենք ակնկալում իբրև բարեկամություն ու համագործակցություն: Դիվանագիտության մեջ բարեկամությունը գործոն չէ: Դիվանագիտությունը շահերի համադրման արվեստն է: Նվազագույնը՝ շահերի հակադրումից խուսափելու արվեստ: Առավելագույնը՝ նպատակին հասնելը բոլոր միջոցներով: Դարավոր բարեկամությունը կաղապար է, որ պետք է բովանդակություն ունենա: Կոնկրետ բովանդակություն՝ քաղաքականությամբ արտահայտված: Մենք ստեղծում ենք կուռքեր ու չենք ներում նրանց հավատարմությունը իրենց պետության քաղաքականությանն ու իրենց ազգային ընտրովի հիշողությանը, որը հիշելն ու մոռանալը պայմանավորում է քաղաքական նպատակահարմարությամբ: Հակառակ մեզ, որ ցանկալին ընդունում ենք իրական ու երբեք եզրակացություն չենք անում ոչ մի իրադարձությունից ու իրավիճակից: Real politic-ը մեզ հակացուցված է՝ մենք պատմական ազգ ենք, ոչ կենսական շահեր ունեցող, ոչ էլ մեր շահերը պաշտպանող:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Եթե Նիկոլայ Ռիժկովին Արցախի Հանրապետության ազգային հերոսի կոչում տան, շարունակելու է նույնն ասել՝ նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է ու պաշտոնյա, իսկ հայերս առանց կոչումների էլ պաշտպանում ենք ում ասես, բայց ոչ մեր ազգային շահը: