Հեռացող սեպտեմբերին հետահայացը, որքան էլ տարօրինակ է, առանձնապես շատ կանգառներ չունի: Գործնականում անսպասելի ոչինչ տեղի չունեցավ այս սեպտեմբերին, իսկ մանր-մունր անակնկալները լիովին տեղավորվում են և՛ իշխանության, և՛ ոչիշխանության գործունեության տրամաբանության մեջ:
Ոչիշխանական եռյակը սկսեց հանրահավաքային շրջանը ԲՀԿ-ի մայրաքաղաք Աբովյանից: Իշխանության աջակցությունը ոչիշխանությանը ցնցող էր՝ նույն օրը Սյունիքի մարզպետ նշանակվեց Սուրեն Խաչատրյանը: Հրաշալի ապացույց, որ Հայաստանին պետք են համակարգային փոփոխություններ: Բնական էր, որ հանրահավաքը ստացավ այլ ուղղություն՝ այլևս ի՞նչ Սահմանադրություն: Հայտարարվեց թավշե հեղափոխություն: Նպատակն ու ձևերը դեռ անհայտ են: Աբովյանում ու Հրազդանում իշխանափոխության կոչերը մնում են ՀԱԿ-ի ու Արմեն Մարտիրոսյանի մենաշնորհը: Կապանում ու Սիսիանում հանրահավաքների դեմ արդեն հակահանրահավաքներ եղան: Փոքր, բայց եղան: Օրը կիրակի էր, բայց աշխատանքային, որովհետև մարզպետ է արդեն Լիսկան: Եթե նույնիսկ ոչիշխանությունը փորձում է դառնալ ընդդիմություն, իսկ ԲՀԿ-ն պատրաստ է ցանկացած ֆորսմաժորի, իշխանափոխության խնդիր դեռ չի դնում: ՈՒրեմն ի՞նչ է թավշե հեղափոխությունը նշանակում, որ Բաղրամյան փողոցից մինչև օպերա թավի՞շ է փռվելու ոչիշխանության հեզասահ ոտքերի տակ, որ գնան ու դառնա՞ն իշխանություն, թե՞ թավիշը փռվելու է, բայց գործող նախագահի համար, որ հեռանալիս ոտքերը չփոշոտի: Բայց նա, կարծես, նման մտադրություն բոլորովին չունի:
Նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում հայտարարեց, որ 2015-ը հատուկ նշանակություն ունի ողջ աշխարհի հայության համար՝ «Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայ ժողովուրդը խնկարկելու է իր պատմության ամենաողբերգական էջի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը»: Հետո շատ սահուն անցավ արտաքին քաղաքական օրակարգի թիվ 2 խնդրին՝ հայ-թուրքական հարաբերություններին՝ անցյալում ու ներկայում: Ասվեց, որ Հայաստանը երբևէ Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չի դարձրել Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների կարգավորման համար: Որ՝ պաշտոնական Երևանի նախաձեռնած` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը հասավ մինչև Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրում, որոնք մնացին դարակներում: Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Այս անցումը առավել քան սահուն էր՝ Լեռնային Ղարաբաղի հարցին: Միանգամից ասվեց՝ «Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք» (հետաքրքիր է՝ ինչպե՞ս թարգմանվեց): Ժողովրդական լեզվով արտահայտված այս երկու բառի մեջ մի ողջ ազգի դարավոր պայքարն է խտացած, որ ուրիշի հայրենիքի վրա առուծախ անողներին անառարկելիորեն բացատրում է` Հայրենիքը սուրբ է, ու ձեր առուծախը հեռու տարեք մեզնից: Ահա նման պայմաններում է, որ այսօր պաշտոնական Երևանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը»: Այսքանը: Շատ ընդգրկուն՝ Ղարաբաղի հարցով: Գնացեք գրողի ծոցը: Եթե անկեղծ՝ թե Ադրբեջանին, թե Թուրքիային արժի գրողի ծոցն ուղարկել՝ իրենց վարած քաղաքականությամբ առաջին օրից մինչև այսօր: Բայց ո՞ւր գնանք մենք՝ նրանց հարևան ունենալով: Սերժ Սարգսյանը չասաց: Ավելին՝ նրա հայտարարությունը, որ լրջորեն քննարկվում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը, ոչ թե մի քանի տարի հնչող «խելամիտ ժամկետի» ավարտն է ազդարարում, այլ որ Հայաստանը շարունակում է իր ֆուտբոլային դիվանագիտության դաշտում խաղալ մրցակցի սահմանած խաղը՝ սեփականը չունենալով:
Այո, գնդակը Անկարայի դաշտում է, իսկ մենք՝ մեր դաշտում, ու գոլ խփելու ոչ մի ցանկություն չունենք: Իսկ կարող ենք՝ վավերացնելով հայ-թուրքական արձանագրությունները: Այո, ցեղասպանությունից 99 տարի հետո: Այո, մնալով հանձնառու ցեղասպանության ճանաչման ու դատապարտման: Այո, գոնե մեկ անգամ դուրս գալով հակաքայլ անելու ավանդույթից և առաջին քայլն անելով՝ դիմացինին պատասխան քայլի պարտադրելով: Գոնե մեկ անգամ մեր քաղաքականությունը չբխեցնելով երրորդ երկրի շահերից: Թող Թուրքիան նորից ասի, որ Ադրբեջանն իր եղբայրն է: Որ տարածաշրջանում վճռորոշ դերակատարության է հավակնում: Որ հայերը պետք է «օկուպացված տարածքները» վերադարձնեն: Թող ասեն: Բայց այդ պարագայում Հայաստանն իսկապես գնդակը Թուրքիայի դաշտում կթողնի՝ գոլը խփելուց հետո: Արձանագրությունները խորհրդարանի օրակարգից հանելը նշանակում է խաղը չավարտած՝ դաշտից հեռանալ, ֆուտբոլում դա պարտություն է, քաղաքականության մեջ՝ նույնպես: ՈՒ պետք չէ տուրք տալ այն կուսակցություններին, որ պահանջում են հայ-թուրքական արձանագրությունները հանել խորհրդարանի մեծ օրակարգից կամ հետ կանչել Հայաստանի ստորագրությունը. դա պահանջ է՝ թելադրված դրսից:
Միջազգային բոլոր ատյաններում արդեն ընտելացել են, որ Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին, Ադրբեջանը՝ Հայաստանին: Մեղադրանքները, հակամեղադրանքները, փաստարկները, հակափաստարկները բոլորին վաղուց հայտնի են: Միակ տարբերությունը՝ ինչ էլ ասվի, Ադրբեջանը ներկայացնող պաշտոնյաները վերադառնում են Բաքու ու ստում սեփական ժողովրդին, որ հերթական ջախջախիչ հաղթանակն են տարել Հայաստանի նկատմամբ: Բաքուն ստում ու զրպարտում է՝ վստահ, որ երկրում մի մարդ չի գտնվի, որ համարձակվի հարցնել՝ իսկ ո՞րն է անվերջ «հաղթանակների» արդյունքը: Որպեսզի այդ մարդը ընդհանրապես չգտնվի, Բաքուն ամեն օր հայտարարում է պատերազմ ու հաղթում է «քայքայված տնտեսությամբ» Հայաստանին: Միաժամանակ հայտարարում է, որ բանակցությունները փակուղի են մտել հայերի պատճառով, որ Հայաստանը տարածաշրջանի անկայունության աղբյուր է: Իսկ հետո գնում է բանակցելու: Որովհետև ռեալ հաղթանակի շանս չունի: ՈՒ դա գիտեն ոչ միայն Բաքվում, այլև ամբողջ աշխարհում: Այստեղ շրջանակը փակվում է, իսկ ելույթները տարբեր ամբիոններից շարունակվում են: Արդեն երրորդ տասնամյակը: Ստատուս քվոյի տարիքով սերունդ է մեծանում, որ իր հայրենիքի այլ կարգավիճակ չի տեսել ու չի ընկալում: Ադրբեջանը այդ փաստը հաշվի չի առնում: Հայերի «էթնիկ զտումների» պատճառով նրանց փախստականների թիվը տասնամյակների մեջ մնում է անփոփոխ՝ նրանք կանգնեցրել են ժամանակը՝ ոչ ծնվում են, ոչ մեռնում, ոչ երկրից հեռանում, ոչ վերադառնում: ՈՒ հավատարիմ են մնում իրենց հաստատուն «տեսակետներին», որովհետև պարտվել են, բայց ուզում են հաղթել: Թուրքիայի հետ միասին: Իսկ Անկարան պատրա՞ստ է վերադարձնելու պատմական Հայաստանի հողերը, պատրա՞ստ է ճանաչելու Ցեղասպանությունը: Պատրա՞ստ է հեռանալու Եվրամիության անդամ Կիպրոսից, որի տարածքի կեսն օկուպացրել է կես դար ու միակ պետությունն է, որ ճանաչել է Հյուսիսային Կիպրոսը իբրև պետություն: Ի վերջո, արդեն բոլորին է ակնհայտ, որ Ադրբեջանն ու Բաքվի հետ «եղբայրությունը» Անկարան օգտագործում է իբրև պատրվակ՝ իրականում պատրաստ չլինելով հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններին, սահմանի բացմանը, ու ընդհանրապես հայկական հարցին անդրադառնալուն: Շահավետ գործարք է, որ Անկարային թույլ է տալիս Բաքվի բանալին գրպանում ունենալ՝ սահմանափակելով «կրտսեր եղբորը» քայլ այս կողմ, քայլ այն կողմը, ընդամենը հանդես գալով իբրև հովանավոր, իսկ Բաքվին հնարավորություն է տալիս՝ տարածաշրջանում մենակ չմնալ ու ազդեցիկ դիրքեր ստանալ՝ ի հաշիվ Անկարայի: Թուրք-ադրբեջանական տանդեմը ի հաշիվ Հայաստանի՝ Հայաստանին հնարավորություն է տալիս հայ-իրանական տանդեմի ստեղծման, որից այնքան վախենում են թե Անկարան, թե Բաքուն ու հրապարակավ խոստովանում են իրենց վախը՝ ամեն երրորդ հրապարակումը նվիրելով այդ թեմային: Եվ իրենց վախի շրջանակներում բնական դաշնակից են գտնում Ռուսաստանին՝ ապավինելով ոչ միայն ռուս-իրանական մրցակցությանը էներգակիրների դաշտում, այլև Ռուսաստանի միջամտությանը Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականությանը: Այս դեպքում՝ ոչ առանց հիմքերի: Անկարան ու Բաքուն նաև անթաքույց հույսեր ունեն, որ Իրանի միջուկային ծրագրի բանակցությունները կձախողվեն ու Արևմուտքը պատժամիջոցները չի հանի Թեհրանից ու, բնականաբար, կփակվի իրանական գազը Եվրոպա հասցնելու հարցը: Ճիշտ է՝ նույնքան անթաքույց հույսեր ունեն, որ ծրագիրը կիրականացվի կամ Թուրքիայի, կամ Ադրբեջանի տարածքով, որովհետև Հայաստանը անհրաժեշտ ինֆրակառույցներ չունի, որովհետև Սև ծովի հատակով գազամուղը թանկ է, որովհետև իրենք արդեն ունեն պատրաստի գազամուղ, որից Թեհրանը, չգիտես ինչու, չի ուզում օգտվել: Բայց գուցե ժամանակի մեջ համոզվի: ՈՒ այդ դեպքում Հայաստանը կմնա տարածաշրջանային ու միջազգային տնտեսական ծրագրերից մեկուսացած, ավելին, հայտնի չէ` ինչպես կդասավորվեն ԵՄ անդամ Վրաստանի ու ԵԱՏՄ անդամ Հայաստանի հարաբերությունները:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը անցած շաբաթ հրապարակեց ԵԱՏՄ համաձայնագիրը՝ հավելվածներով: Երկրորդ հոդվածի առաջին կետը սահմանում է. «Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքները, նաև՝ այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիները, սարքավորումները, կառույցները և այլ օբյեկտները, որոնց նկատմամբ Մաքսային միության անդամ պետություններն ունեն կառավարման բացառիկ իրավունք»: Ի՞նչ է սա նշանակում: Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը՝ առանց Լեռնային Ղարաբաղի: Մաքսային միության, որ վերածվեց ԵԱՏՄ-ի, երկրները պարզ արտահայտել են իրենց վերաբերմունքը այս հարցի նկատմամբ՝ Հայաստանը միությանը կարող է անդամակցել ՄԱԿ-ում ճանաչված սահմաններով: Ճիշտ է՝ անհայտ է՝ ինչ կարգավիճակ է այդ դեպքում ունենալու Ղրիմը, որը, մեծագույն ցանկության դեպքում էլ չի կարող «արհեստական կղզի» համարվել և ՌԴ-ի տարածք չէ ՄԱԿ-ում ճանաչված սահմաններով: Բայց Նուրսուլթան Նազարբաևին ու Ալեքսանդր Լուկաշենկոյին այդ «թյուրիմացությունը» չի հուզում, իսկ Վլադիմիր Պուտինին՝ առավել ևս: Եթե հոկտեմբերի 10-ին Հայաստանը առանց առարկությունների հանդիպելու ստորագրում է ԵԱՏՄ անդամակցության համաձայնագիրը և հունվարի 1-ից անդամակցում է, ՀՀ-ի ու ԼՂՀ-ի սահմանին հայտնվո՞ւմ է մաքսակետ: ՀՀ ֆինանսների նախարարությանն առայժմ նման խնդիր չի առաջադրվել: Համաձայնագրի ստորագրումը չի՞ նշանակելու իրավական հրաժարում Ղարաբաղից՝ սա մեկ: Երկրորդ՝ Հայաստանի ու Ղարաբաղի միջև, ինչպես հայտարարել են Հայաստանի տարբեր տրամաչափի պաշտոնյաները, ի՞նչ հիմունքներով չի դրվելու մաքսակետ, եթե Հայաստանի սահմանը արդեն դառնալու է ԵԱՏՄ տարածքի սահման: Մարդկանց երթուդարձը, ապրանքների տեղաշարժը ի՞նչ իրավական հիմքերով է կատարվելու, անձնագրերում ի՞նչ նշումներ են արվելու, ապրանքները հարկվելո՞ւ են: Ի՞նչ երաշխիք, որ Հայաստանի ու Արցախի միջև մաքսակետը ձևական է լինելու կամ չի լինելու: ԵԱՏՄ ներկա անդամները սերտ ռազմավարական համագործակցություն ունեն Բաքվի հետ, ավելին՝ Ադրբեջանը ևս եվրասիական տնտեսական տարածքում տեսնելու ցանկություն: Հատկապես՝ Մոսկվան: Բաքուն չի թաքցնում, որ գինը Ղարաբաղն է: Ավելին՝ ադրբեջանական պետական լրատվամիջոցները արդեն գրում են, որ «Համաձայնագիրը, որ Հայաստանը առաջիկայում կստորագրի, շատ կարևոր քայլ է ադրբեջանական օկուպացված տարածքները խաղաղ ճանապարհով վերադարձնելու ճանապարհին, որ չի կարող չուրախացնել»: Այնպես որ սեպտեմբերն անցավ, ու ոչ մի անակնկալ: Ամեն ինչ մնաց նույնը՝ ընդամենը հերթական անգամ արձանագրվեց:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Ինչո՞ւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր ամբիոնից ՀՀ նախագահը չխոսեց Հայաստանի քաղաքական ու տնտեսական փայլուն ապագայից, որ հոկտեմբերի 10-ից սկսվելու է ԵԱՏՄ-ին անդամակցությամբ: Վստա՞հ չէր, որ կանդամակցի, թե՞ ապագան փայլուն չէ: Թե՞ դա այլ պատմություն է, որ Հայաստանի ապագայի հետ կապ չունի: