Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Գնա քո ճանապարհը

Գնա քո ճանապարհը
30.09.2014 | 00:34

Որպես կանոն, երբ օտարերկրացիները խոսում են երկրորդ երկրի մասին, նկատի ունեն իրենց երկրի շահը: Եվ պատճառահետևանքային հանգույցում հենց իրենց պաշտպանվածությունն են դնում: Մենք այս կանոնը հաճախ ենք անտեսում: Ինչ-որ մեկը ինչ-որ տեսակետ է հայտնում, սկսում ենք վտանգներ հաշվարկել կամ լուտանքներ տեղալ: Բայց կա երրորդ կողմը՝ ուրեմն մենք ճիշտ ենք, ուրեմն մենք մեր շահը գիտենք, պաշտպանել ենք, որ դիմադրության ենք հանդիպել: ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն նորից սկսել է Հայաստանի հոգսերով ապրել: Անկեղծորեն: Ինչպես միշտ: Երևան-Մոսկվա տեսակամուրջ-ասուլիսի ընթացքում: «Բոլոր դեպքերում Հայաստանը պետք է կատարի իր ընտրությունը: Որպեսզի զարգանա Հայաստանի նման փոքր պետության տնտեսությունը, կյանքը, պետք է ինտեգրվի, պետք է անդամակցի ինտեգրացիոն ինչ-որ կազմավորումների: Հարցը սուր է դրված: Կարծում եմ, իրավիճակն այնպես է զարգանալու, որ Հայաստանից կպահանջեն կատարել այդ ընտրությունը: Հայաստանը չի կարող անվերջ խուսանավել բարդ միջազգային պայմաններում: Այդ պատմական ընտրությունից կախված է պետության ապագան, հայ ժողովրդի ապագան, ընդհանրապես՝ հայերի ապագան», - ասել է նա: Իսկ ի՞նչ: Ճիշտ է ասել: ՈՒ սկսել է պաշտպանել Ռուսաստանի շահը. «Կմնա՞ Հայաստանը որպես ինքնուրույն պետական կազմավորում՝ իր ազգային քաղաքականությամբ, ազգային շահով, իր ինքնությամբ, իր յուրահատկությամբ, որը հարգանքի է արժանանում աշխարհում, թե՞ կմիանա այն արևմտյան արժեքներին, որոնց մասին այսօր սկսել են ավելի քիչ խոսել, որոնք այսօր նահանջել են հետին պլան, բայց դրանք գոյություն ունեն և միշտ էլ գոյություն են ունենալու, քանի դեռ գոյություն կունենա արևմտյան երկրների ագրեսիվ քաղաքականությունը»: Հայասիրության ազնիվ մղումների մեջ նախկին դեսպանը կարող էր չնկատել, որ իբրև ինքնուրույն պետական կազմավորում՝ իր ազգային քաղաքականությամբ, ազգային շահով, իր ինքնությամբ, իր յուրահատկությամբ Հայաստանը աշխարհի ոչ մի պետության պետք չէ, բացի ինքն իրենից: Իսկ «արևմտյան ագրեսիվ քաղաքականությունը» գնահատական է, որ տրվում է օրվա իրադարձություններին, բայց ոչ պետական երկարաժամկետ քաղաքականությանը: Ի՞նչ ասեր ռուս դիվանագետը, որ ՈՒկրաինայից հետո պարտավորված է արդարացնել Ռուսաստանի գործողությունները: Պիտի, չէ՞, վախեցներ, ՈՒկրաինայի նման չլինեք, թե չէ «նրանք կգան Հայաստան նման տրամադրությամբ և նման որոշումներով»: Իսկ վախեցնում է, որովհետև վախեցած է: ՈՒ վախեցած է իզուր՝ Հայաստանը լույսի արագությամբ գնում է դեպի Եվրասիական միություն, ո՞ւմ է համոզում Կովալենկոն: Ռուսների՞ն, ղազախների՞ն, բելառուսների՞ն, սարսափազդու Արևմուտքի՞ն, որ իր արժեքները չտարածի ռուսական ազդեցության տարածքում: Ո՞Ւմ:
Ընդհանրապես ռուսական գաղափարական-գաղափարախոսական-տեղեկատվական դաշտը խայտաբղետ է ու բազմազան: Նրանք հաճախ միմյանց հետ խոսելու համար խոսում են այլ պետությունների մասին: Ավելի հաճախ նրանք ապավինում են պարզ ճշմարտությանը` որևէ պետության պաշտոնական տեսակետը ներկայացնում են այդ պետության բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախագահը, վարչապետը, արտաքին գործերի նախարարը, իսկ բոլոր մյուս հայտարարություններն ընդամենը դիտարկումներ են, տեսակետներ ու ոչինչ ավելին: Բայց «այդ ոչինչ ավելին» ասպարեզ է նետվում՝ նախ պարզելու ինչ ազդեցություն ու հակազդեցություն կունենա, երկրորդ՝ ներգործելու զարգացումների ընթացքի վրա, և երրորդ՝ առաջին երկուսի տվյալների ուսումնասիրությամբ դառնում է պետական քաղաքականություն, կամ հանվում է պետության քաղաքական օրակարգից: Այնպես որ՝ այնքան էլ անվտանգ չեն այդ «քաղաքային խելագարները», ինչպես ռուսները բնորոշում են իրենց որոշ խոսափողների: Այս պարագայում ՌԴ նախկին դեսպանն ընդամենը կատարել է ինքնապաշտպանական ֆունկցիա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- 2007-ին, երբ Վյաչեսլավ Կովալենկոն Ռուսաստանի դեսպանն էր Վրաստանում, մշակութային գործիչների հետ հանդիպմանը ասել էր. «Վրացիները մահացող ժողովուրդ են, դուք կանհետանաք»: ՈՒ ի՞նչ: Վրաստանը վախճանվե՞ց, վրացիներն անհետացա՞ն: Գիտե՞ս՝ գնա քո ճանապարհը:

Դիտվել է՝ 1211

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ