Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ելցինի շրջապատը Կրեմլում սիրում էր խաղալ «Ղրիմի խաղաթղթով»

Ելցինի շրջապատը Կրեմլում սիրում էր  խաղալ «Ղրիմի խաղաթղթով»
24.03.2014 | 23:30

Ղրիմի հարցը սրընթաց է զարգանում։ Կարելի է ասել, որ Ղրիմի Հանրապետությունն ու հերոս քաղաք Սևաստոպոլն արդեն Ռուսաստանի բաղկացուցիչ մասն են։ Ամբողջ թերակղզին ցնծում է, Ղրիմի ժողովրդի (այդ թվում՝ ղրիմցի թաթարների) ուրախությունն իրական է ու անկեղծ։ Ասենք, սա երբեք կասկած չի հարուցել. չէ՞ որ դեռ 1990 թվականին Ղրիմի բնակիչները, զգալով, թե ուր են տանում գորբաչովյան «վերակառուցումն» ու «արագացումը» ՈՒկրաինական ԽՍՀ-ի շրջանակներում, հանգեցին այն հետևությանը, որ հարկավոր է «վերադառնալ» Ռուսաստան։ Հիշեցնեմ. դա կապված էր այն բանի հետ, որ ԽՍՀՄ իշխանությունները մի շարք օրենքներ ընդունեցին բռնադատված ժողովուրդների արդարացման մասին, և, փաստորեն, տարերայնորեն (թեև իրականում նույնիսկ շատ էլ կազմակերպված), Միջին Ասիայից ու Ղազախստանից Ղրիմ լցվեցին ղրիմցի թաթարների ժառանգները։ Նորեկներն անմիջապես, երբեմն անգամ ոչ այնքան խաղաղ, պայքար ծավալեցին իրենց հողերն ու ունեցվածքը վերադարձնելու համար։
Իրավիճակն առավելագույնս սրվեց 1991-ի հունվարին։ ԽՄԿԿ կենտկոմն ու ՈՒկրաինայի կոմկուսի կենտկոմը դժվարությամբ զսպեցին Ղրիմի ոչ թաթար բնակչության հուզումները։ Եվ արդյունքում այն ժամանակ ղրիմցիներին նետեցին «փոխարինող» գաղափար. իբր, ձեր ինչի՞ն է պետք Ռուսաստանը, չէ՞ որ ԽՍՀՄ կա, որը հանդես է գալիս որպես ձեր անվտանգության ու անձեռնմխելիության երաշխավոր։ Բայց եթե Ղրիմն ինքնուրույնություն է ուզում, ահա, խնդրեմ, ձեզ մի գաղափար. չէ՞ որ մինչև 1941-45 թթ. Ղրիմում եղել է Ինքնավար Հանրապետություն, «կարող ենք նվիրել ինքնավարություն»։ Ղրիմի բնակիչները հարկադրաբար համաձայնեցին այդ փոխզիջումային տարբերակին։ Եվ ահա 1991-ի հունվարի 20-ին Ղրիմի մարզի տարածքում և Սևաստոպոլում, առաջին անգամ ԽՍՀՄ-ում, տեղի ունեցավ հանրաքվե, ուր ղրիմցիների ճնշող մեծամասնությունն արտահայտվեց ինքնավար հանրապետության վերականգնման օգտին։ Նույն տարվա փետրվարի 12-ին Ղրիմի ինքնավարության վերականգնումը ձևակերպվեց ՈՒկրաինայի համապատասխան օրենքով։ Սակայն ղրիմցիների սահմանադրությանն արդեն «անկախ» ՈՒկրաինայի իշխանությունները վերջնականորեն համաձայնեցին միայն 1999 թ. հունվարի 12-ին։
Դրան նախորդել էր ղրիմցիների զանգվածային շարժումը արդեն 1992-ի հենց սկզբից` հանուն Ռուսաստանի հետ վերամիավորման։ Հարբեցող Ելցինի շրջապատը Կրեմլում սիրում էր խաղալ «Ղրիմի խաղաթղթով»։ Այդ խաղերի հետևանքով Ղրիմի շուրջ տիրող իրադրությունը 1992-ի գարնանը առավելագույնս սրվել էր։ Եվ Ղրիմի առաջին սահմանադրությունը ծնունդ առավ որպես մարտական մանիֆեստ «անհնազանդ հանրապետության», որը պաշտոնական Կիևի համակրանքը բացահայտորեն չէր վայելում։ ՈՒկրաինական իշխանությունները չէին շտապում ձևակերպել Ղրիմի ինքնուրույն գոյությունն անկախ ՈՒկրաինայի կազմում։ Կիևի ու Սիմֆերոպոլի միջև լիազորությունների սահմանազատման օրինագիծը 1992 թ. ապրիլին բարեհաջող թաղվեց ՈՒկրաինայի Գերագույն ռադայում։ Արդյունքում 1992 թ. ամռանը ղրիմցիները պատրաստ էին ապստամբելու. չէ՞ որ թերակղզին սկսել էին հեղեղել УНА-УНСО նացիստական կազմակերպությունների այն ակտիվիստները, որոնք հիմա միանգամայն իրական պատերազմ են հայտարարել այն ամենայն ռուսականին, ինչ դեռ կա ՈՒկրաինայում։ Միայն նման պայմաններում էլ հենց Նիկոլայ Բոգրովի գլխավորած խորհրդարանում կարող էր ի հայտ գալ նախ Ղրիմի պետական ինքնուրույնության մասին հռչակագիրը, ապա` 1992 թ. մայիսի 6-ին` հիմնական օրենքը, որի առաջին հոդվածը, մասնավորապես, ազդարարում էր. «1... հանրապետությունն իր տարածքում գերագույն իրավունք ունի բնական հարստությունների, նյութական, մշակութային և հոգևոր արժեքների նկատմամբ, այդ տարածքում իրագործում է իր ինքնիշխան իրավունքներն ու ամբողջ իշխանությունը։ 2. Հանրապետությունը` ի դեմս իր պետական մարմինների ու պաշտոնատար անձանց, իր տարածքում իրականացնում է բոլոր լիազորությունները, բացառությամբ նրանց, որոնք նա կամովին պատվիրակում է ՈՒկրաինային»։ Համաձայն Ղրիմի Հանրապետության 1992 թ. մայիսի 6-ի սահմանադրության, «ինքնիշխանության կրողն ու պետական իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է, որը կազմում են Ղրիմի Հանրապետության բոլոր ազգերի քաղաքացիները», «պաշտոնական լեզուն և գործավարության լեզուն ռուսերենն է։ Ղրիմի Հանրապետությունում պաշտոնական լեզուներն են ղրիմ-թաթարերենը, ռուսերենն ու ուկրաիներենը», «Սևաստոպոլ քաղաքի հատուկ կարգավիճակը` որպես Ղրիմի անքակտելի մասի, սահմանվում է համապատասխան օրենսդրական ակտերով և չի կարող փոփոխվել առանց նրա քաղաքացիների համաձայնության», «Ղրիմի Հանրապետությունը ինքնուրույն է առնչվում այլ պետությունների ու կազմակերպությունների հետ, պայմանագրերի ու համաձայնագրերի հիման վրա փոխշահավետ համագործակցություն է իրականացնում նրանց հետ» և այլն, և այլն։
Ահա այս կարգախոսներով ինքնիշխանների հետխորհրդային շքերթի դուրս եկավ Ղրիմի շարասյունը։ Սակայն, ի տարբերություն շքերթի ուրիշ շատ մասնակիցների, նա դրան միացել էր, հույսը կտրելով Կիևի հետ խելամիտ համաձայնության հասնելուց և կանխազգալով նոր ղրիմյան պատերազմ, որտեղ ղրիմցիներին վիճակված էր դառնալու «զոհեր խաղաղ բնակչության շրջանում», իսկ թերակղզուն` «հաղթողի մրցանակ»։ ՈՒստի և Ղրիմը որոշեց վեճի օբյեկտից վերածվել միջազգային հարաբերությունների սուբյեկտի։ Հենց սրանով էր պայմանավորված 1992 թ. մայիսին Ղրիմի անկախության փաստական հռչակումը։ Սակայն բավական էր միայն, որ իրավիճակը փոխվեր, և Ղրիմի սահմանադրության «ինքնիշխան» դրույթները չեղարկվեցին։ Ելցինի ու Կրավչուկի Յալթայի հանդիպումից, ՈՒկրաինայի խորհրդարանում Ղրիմի Հանրապետության հետ լիազորությունների սահմանազատման օրենքի ընդունումից հետո վերջինս հրաժարվեց ինքնիշխանության հավակնություններից։ Սակայն սահմանազատման օրենքը ոչ մի կերպ ուժի մեջ չէր մտնում։ Իրավիճակն անցավ զարգացման նոր փուլ, որի հենց սկզբում վերջնականորեն պարզվեց, որ լիազորությունների սահմանազատման օրենքը երբեք չի ընդունվի, և Ղրիմի ամբողջ սահմանադրությունը «գրողի ծոցն է ուղարկվել»։ Եվ երբ Ռուսաստանը զբաղված էր առաջին չեչենական պատերազմով, 1995-ի մարտ-ապրիլին ՈՒկրաինայի Գերագույն ռադան և նախագահը ոչնչացրին Ղրիմի ինքնավարությունը։ Չեղարկվեցին Ղրիմի, փաստորեն, բոլոր օրենքները, որ ընդունվել էին չորս տարում, այդ թվում՝ հիմնական օրենքը։ Ղրիմի նախագահականության սահմանակարգը հայտարարվեց անօրինական, իսկ ինքնավարության կառավարության ձևավորման իրավունքը փոխանցվեց նախարարների կաբինետին։ Համարյա միակը, որ մնացել էր այն ժամանակ հանրապետությունից, նրա խորհրդանիշներն էին։ Ղրիմի առաջին ու վերջին նախագահ Յուրի Մեշկովը հարկադրված էր փախուստի դիմել, այլապես մտադրություն կար նրան ձերբակալելու և դատապարտելու «անջատամտության» համար։
Շատ ղրիմցիներ հիասթափվեցին ինքնավարության բուն գաղափարից։ Սակայն հիասթափությանը դանդաղորեն փոխարինելու էր գալիս Ղրիմի ինքնավարության բուն էության վերաիմաստավորումը։ Չէ՞ որ հենց 1995-ից մարդիկ սկսեցին ավելի ու ավելի հաճախ այլ կերպ հասկանալ ինքնավարությունը. իբրև ՈՒկրաինայի այդ տարածաշրջանի եզակի յուրօրինակության, նրա բազմազգության, յուրահատուկ խնդիրների գոյության արտահայտություն, խնդիրներ, որոնք ավելի հարմար ու ճիշտ էր լուծել Ղրիմում, քան Կիևի միջոցով։ Առավել ևս, որ Կիևը շարունակում էր իրավունքների ու լիազորությունների, այսպես ասած, «խուզման» քաղաքականությունը։ Նրա անգութ «հնձիչի» զոհն էին դառնում Ղրիմի ղեկավարության անգամ օբյեկտիվորեն շահավետ ձեռնարկումները, ու նման պայմաններում անհնար էր ինքնավարության նոր սահմանադրության հավանություն ակնկալել Կիևից։ Դրա հերթական տարբերակը, որ ընդունվել էր 1995 թ. նոյեմբերի 1-ին Ղրիմի Գերագույն խորհրդի կողմից, «անհետացավ» Գերագույն ռադայի աշխատասենյակներում։ Խորհրդարանական խմբակցությունները մոռանում էին գաղափարական հակասությունները, իշխանության ճյուղերը հետաձգում էին պառակտիչ «փոխհրաձգությունը», երբ հնարավորություն էր լինում էլի ինչ-որ բան պոկելու Ղրիմում։ Իրավական դաշտը ամայացել էր, բայց համաուկրաինականին չէր ինտեգրվել։
Այս համառոտ պատմական էքսկուրսը մենք դիտմամբ ձեռնարկեցինք, որպեսզի Հայաստանում և նրա սահմաններից դուրս ընթերցողներն իրապես հավատան ու գիտակցեն, որ Ղրիմը, իրոք, նախկին ԽՍՀՄ-ի առաջին տարածքն է, որը բոլորից շուտ է հանրաքվեն (համաժողովրդական կամարտահայտումը) գործադրել իր քաղաքական ճակատագիրը որոշելու համար։ ՈՒստի ղրիմցիների 2014 թ. մարտի 16-ի հանրաքվեն այդ տեսակետից 1991 թ. հունվարի 12-ին մեկնարկած դժվարին ու բազմամյա ճանապարհի տրամաբանական ավարտն է միայն։ Մինչև մեր Արցախի անկախության հանրաքվեն, ինչպես տեսնում եք, դեռ 11 ամիս կար, մինչև Արցախի անկախության հռչակագրի ընդունումը` 8 ամիս։ Իսկ Ղրիմն արդեն եռում էր քաղաքական կրքերով և ձգտում էր ազատվել 1954 թ. արկածախնդրության հետևանքներից, երբ թերակղզին բնակիչներով հանդերձ, «նվիրեցին» ՈՒկրաինային։
Դե, իսկ հիմա, հուսանք, իրավիճակը կլավանա։ Վերևում մենք նշեցինք, որ ուրախ են և ղրիմցի թաթարները։ Իսկ ինչո՞ւ չուրախանան։ Ե՛վ ինքնիշխան Ղրիմի իշխանությունները, և՛ մարտի 18-ին նույնիսկ Ռուսաստանի իշխանությունները հավաստեցին, որ այդ տարածքում կլինի երեք պետական լեզու` ռուսերենը, ուկրաիներենն ու ղրիմ-թաթարերենը։ Կիևի ոչ մի իշխանություն չէր համաձայնել դրան։ Այնպես որ, թող ոչ ոք չզարմանա, որ ղրիմ-թաթարական խաղաքարտը Արևմուտքի ու ուկրաինական նացիոնալիստների ձեռքին չաշխատեց։ Մարտի 17-ի ուշ երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց «Ղրիմի Հանրապետության ճանաչման մասին» հրամանագիրը։ Դրանով ՈՒկրաինայի կազմում Ղրիմի պատմությունն ավարտվեց։ Մարտի 18-ի ամբողջ օրը նվիրված էր Ղրիմին ու միայն Ղրիմին։ Վաղ առավոտյան Ռուսաստանի առաջնորդը խորհրդարանին ու կառավարությանը ծանուցեց Ռուսաստանի կազմ ընդունվելու Ղրիմի առաջարկության մասին։ Այնուհետև Վ. Պուտինը հանդիսավոր պայմաններում հանդես եկավ Ղրիմի և ղրիմյան հանրաքվեի հետ կապված դիմումով։ Եվ ահա այն՝ Ղրիմն ու Սևաստոպոլը Ռուսաստանի կազմ վերադառնալու համապատասխան փաստաթղթերի ստորագրման արարողությունը։
ՌԴ Սահմանադրական դատարանը (ՍԴ) մարտի 19-ին խիստ օպերատիվ, դատավորների միաձայն որոշմամբ, ՌԴ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց Ղրիմը ՌԴ-ի կազմ մտնելու մասին միջազգային պայմանագիրը։ ՍԴ-ին ուղղված հարցապնդման քննարկումը Ռուսաստանի նախագահի խնդրանքով անցավ առանց հրապարակային ունկնդրումների, «հաշվի առնելով Ղրիմի ու Սևաստոպոլի շուրջ ստեղծված իրավիճակը»։ Դատարանի նախագահը լրագրողներին պարզաբանեց, որ քննարկումը առանց հրապարակային ունկնդրումների գլխավոր վարույթի կարգով է անցել, քանի որ այդ գործում քննարկվել է մի չվավերացված պայմանագիր, որը ոչ ոքի կողմից չի վիճարկվել։ Դրա հետևանքով, գործում երկու կողմ չկա։ «Որպես այդպիսին, վեճ` մրցակցական իմաստով, չկա»,- պարզաբանել է ՍԴ նախագահ Վալերի Զորկինը։ Եվ այսպես, մարտի 21-ին Ղրիմի վերամիավորման հարցը հաստատվեց ՌԴ խորհրդարանում, և աշխարհը լիովին կարող է համարել, որ Ղրիմը վերջնականորեն վերադարձել է Ռուսաստանի գիրկը։
Ես դիտավորյալ չեմ սրում ուշադրությունը Ղրիմի վերաբերմամբ Վ. Պուտինի ելույթի վրա. ում դա հետաքրքրում է, ինքը կարող է տեսնել ու լսել։ Բայց նրա մտքերից մեկը, համենայն դեպս, կհիշատակեմ. «ՈՒկրաինայի հարցում մեր արևմտյան գործընկերները չափն անցան, իրենց դրսևորեցին բիրտ ու ոչ պրոֆեսիոնալ։ Բայց չէ՞ որ նրանք գիտեին, որ ՈՒկրաինայում և Ղրիմում միլիոնավոր ռուսներ են ապրում։ Ռուսաստանը անկյուն էր սեղմվել։ Եվ եթե զսպանակն անընդհատ սեղմես, ապա այն վաղ թե ուշ կբացվի։ Ռուսաստանի շահերը պետք է հաշվի առնվեն և հարգվեն»։ Կարծում եմ, որ անկողմնակալ և անաչառ մարդիկ առանց վեճի կհամաձայնեն Ռուսաստանի նախագահի հետ։
Հարկ եմ համարում վերլուծել նաև Արևմուտքի, ինչպես և ամբողջ աշխարհի արձագանքը։ Եվ հենց այն պատճառով, որ ես հայ եմ, Հայաստանի քաղաքացի։ ՈՒ ես գիտեմ, որ իմ սրբազան Արցախը, Նախիջևանն ու նույնիսկ Կարսի նահանգը «նվիրվել» են ճիշտ նույն սխեմայով, ինչ և Ղրիմը։ ՈՒ եթե Ռուսաստանի հետ Ղրիմի «միացումը» կարելի է տրամաբանական ավարտի հասցնել, ապա ճիշտ նույնպիսի իրավունք ունեն նաև իմ Արցախն ու Հայաստանը։ Ո՞վ կհամարձակվի ինձ ու իմ ժողովրդին ինչ-որ բանում մեղադրել։ ՄԱԿ-ի փաստաթղթերում հաշվի են առնված և՛ ազգերի ինքնորոշման իրավունքը, և՛ «բաժանված ազգերի» կարգավիճակը և այլն, և այլն։ Ոմանք հիմա կուրծք են ծեծում, փորձելով մեր ազգին ներշնչել, թե իբր Արցախի ու Ղրիմի դեպքերն «անհամեմատելի են»։ Սո՛ւտ է։ Տիկնայք և պարոնայք, Աստծուց վախեցեք։ Այդ Նա ձեզ չի ների լկտի ու ինչ-որ մեկի կողմից պատվիրակված ստի համար։ Եվ հիշեցեք. երբ դուք, անգամ մտովի, Ղրիմի ու Ռուսաստանի քայլերի «անօրինականության» տրամաբանական շղթաներ եք հյուսում, ապա դրանով անուղղակիորեն հանդես եք գալիս Արցախի ազատության և անկախության դեմ, Նախիջևանի ու Կարսի նահանգի զավթումը հավերժացնելու օգտին։
Իսկ ահա Կիևի և այլ տարածաշրջանների նացիստների արձագանքը հիշատակել արժե։ Առաջին արձագանքը տարօրինակ է։ Ղրիմում մինչև 50 օտարերկրյա դիտորդ է եղել հանրաքվեի օրը։ Այդ թվում և Արևմուտքից։ Իսկ Կիևը հիմա անամոթաբար ստում է, պնդելով, թե, իբր, «հանրաքվեին մասնակցած և «կողմ» քվեարկած անձանց թիվը առնվազն 10 անգամ ավելի է իրական թվից»։ Հավատո՞ւմ են, արդյոք, այս անմտությանը կիևցի նացիստները։ Եթե այո, ապա նրանց հարկավոր է շտապ բուժման կուրս անցնել հոգեբուժարաններում։ Ապա Կիևը, «ընդդիմադիր» Յացենյուկի շուրթերով, խոսեց... ռուսերեն։

Այն պայմաններում, երբ Կիևի առաքյալները մարտի 18-ի գիշերը Սիմֆերոպոլում փորձեցին Ղրիմում «կիևյան մեյդան ստեղծել»։ Այո, նորից «սնայպերական գործ»։ Սպանվեցին մեկ ռուս աշխարհազորային և մեկ ուկրաինացի զինծառայող, վիրավորվեցին մեկ ռուս աշխարհազորային և մեկ ուկրաինացի պրապորշչիկ։ Բայց դա Ղրիմն է` սադրանքը չանցավ։ Եվ շտապ միջոցներ ձեռնարկվեցին Կիևի ուղարկած հանցագործներին բռնելու համար։ Երբ սևաստոպոլցիները մարտի 19-ի առավոտյան շրջափակեցին ՈՒկրաինայի ռազմածովային ուժերի շտաբը և կարողացան ներս խուժել, ապա նրանք ոչ միայն դրոշները փոխեցին։ Ոչ, նրանք փնտրեցին կրակողներից գոնե մեկին ու գտա՛ն։ ՈՒկրաինացի ՌԾՈՒ գլխավոր հրամանատար Սերգեյ Գայդուկի հետ բանակցելու էր եկել ՌԴ սևծովյան նավատորմի գլխավոր հրամանատար, փոխծովակալ Ալեքսանդր Վիտկոն։
Ո՞վ կհավատա Կիևի իշխանության միջանցքներում բնակալած հանցագործներին։ Եթե հավատացողներ էլ կան, ապա նրանք կա՛մ ապուշներ են, կա՛մ ինքնասպաններ։ Այնպես որ, զուր չի ՈՒկրաինայի ՌԾՈՒ գլխավոր հրամանատար Ս. Գայդուկը մի խումբ սպաների հետ հեռացել ՌԾՈՒ շտաբի տարածքից։ Այդ մարդիկ էլ են իրենց ընտրությունը կատարել. նրանք ֆաշիստների կողմն են։ Թեև ՈՒկրաինայի ՌԾՈՒ շտաբի մոտ հավաքված սևաստոպոլցիները բացահայտորեն ու առանց այլևայլության ուկրաինացի զինծառայողներին առաջարկում էին միանալ քաղաքի բնակիչներին կամ հեռանալ քաղաքի ու Ղրիմի տարածքից։ Ի դեպ, ավելի ուշ Սևծովյան նավատորմի գլխավոր հրամանատար Ա. Վիտկոն էլ հեռացավ Սևաստոպոլում ՈՒկրաինայի ՌԾՈՒ շտաբից և վերադարձավ նավատորմի շտաբ, առանց մեկնաբանելու Ս. Գայդուկի հետ հանդիպման արդյունքները։ Իսկ Ղրիմի ինքնապաշտպանության ուժերը միջանցք էին թողել, որպեսզի ուկրաինական զինվորականները կարողանային հեռանալ շտաբի տարածքից։ Զանգվածային բախումներ տեղի չեն ունեցել, բայց, ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, առանձին ընդհարումներ, այնուամենայնիվ, եղել են։
Ո՞վ կհավատա Կիևին, որն ասես Ղրիմից «լուրեր» սպասելով սպանությունների մասին, դրանցում անմիջականորեն մեղադրում է ռուս զինվորականներին։ Եվ անմիջապես էլ նույն Յացենյուկն ու մեկ այլ խռովարար` բապտիստ Տուրչինովը, «հրաման արձակեցին»` թույլ ենք տալիս զենք գործադրել ուկրաինական զինծառայողներին պաշտպանելու նպատակով, այդ թվում՝ քաղաքացիական անձանց դեմ։ Իսկ Յացենյուկը շտապ Ղրիմ ուղարկեց դեֆակտո առաջին փոխվարչապետ, ուժային բլոկի համար պատասխանատու Վիտալի Յարեմին և դեֆակտո պաշտպանության նախարար Իգոր Տենյուխին` «իրավիճակը կարգավորելու, հակամարտությունը հարթելու և այդ հակամարտության՝ պատերազմի վերաճում թույլ չտալու համար»։ Կիևը կարող է «չդիմանալ». մեյդանում «սնայպերական խաղի» մեղավորները կարող են միայն հետագա բացասական երևույթներ հրահրել։ Իսկ Ղրիմն արդեն սկսել է «թույլ չտալ, որ հակամարտությունը վերաճի պատերազմի». ՈՒկրաինայի ՌԾՈՒ գլխավոր հրամանատար Ս. Գայդուկը ժամանակավորապես կալանավորվել է Սևաստոպոլի դատախազության մարմինների կողմից, քանի որ հենց նա է ՈՒկրաինայի զորամասում բարձրաձայնել խաղաղ բնակչության նկատմամբ զենք գործադրելու` Կիևից եկած հրամանը։ Ահա, խնդրեմ, ևս մեկ խոզ, որը պատրաստ է սպանելու «հանուն մեյդանի», ու նրա անունը հայտնի է հիմա ամբողջ աշխարհին։ Եվ դա այն դեպքում, երբ Սևծովյան նավատորմի գլխավոր հրամանատար Ա. Վիտկոն քանիցս նախազգուշացրել էր ՈՒկրաինայի ՌԾՈՒ անձնակազմին Ղրիմում զենքի գործադրման անթույլատրելիության մասին։ «Աստված չանի, որ մեկնումեկը թեկուզև պարսատիկով քար արձակի։ Լուցկին խաղալիք չէ։ Խնդրում եմ դա բառացի հասկանալ»,- ընդգծել է Վիտկոն։
Այդուամենայնիվ, չնայած սադրանքներին ու, միանգամայն հնարավոր է, ուկրաինացի նացիստների այլ կեղտոտ գործերին, Ղրիմն ազատ է։ Եկեք ավարտենք մի մեջբերումով, որ վերցված է Գերմանիայի Բունդեստագի «Ձախեր» խմբակցության ղեկավար Գրեգոր Գիզիի խոսքից. «Ֆաշիստները զավթել են իշխանությունն ՈՒկրաինայում»։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2646

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ