Մի չարչարվեք թարգմանել: Ընդամենը մեջբերել եմ Պոլ Գոգենի կտավի անվանումը` «Որտեղի՞ց ենք գալիս: Ո՞վ ենք մենք: Ո՞Ւր ենք գնում»: Թաիթիում աշխարհից հեռացած Գոգենն այս կտավը նկարում էր իբրև կտակ` մահից առաջ: Ավելի ստույգ` ինքնասպանությունից: Էլ ավելի ստույգ` ինքնասպանության մտադրությունից: Նկարեց, թույնը վերցրեց, գնաց լեռները` մեռնելու, չափազանց շատ խմեց ու ընդամենն ամբողջ գիշեր տառապեց սրտխառնուքից ու փսխուքից, բայց սեպը սեպով են հանում, ու` ձախողված ինքնասպանությունը սպանեց դեպրեսիան: Գոգենը սկսեց նկարել: Նորից ու նորից: Որովհետև նկարչի օրակարգում միշտ ու միշտ բոլոր կետերը ունեն մեկ անուն` նկարել:
Ի՞նչ կա մեր օրակարգում` համազգային ու անձնական:
Ինչպե՞ս է սկսվում ու ավարտվում մեր օրը` մարդկային, աշխատանքային, ընտանեկան, քաղաքական, ու էլի մի քանի «ային»-«ական», որոնք իրարից ոչ մի տարբերություն չունեն ըստ էության: Արթնանո՞ւմ է Գոգենը մեր մեջ: Եթե ոչ մինչև վերջ, մտադրության մակարդակով: Չգիտեմ, բայց ուզենք, թե չուզենք, մեր օրակարգում կան այդ հարցերը` D’ou venons nous? Que sommes nous? Ouallons nous?։ Պետության, ժամանակի, սերնդի, անձնական: Ավելի ճիշտ` բոլոր հարթությունների բոլոր հարցերին համաժամանակյա պատասխանի կարիքը կա, որովհետև քանի դեռ խելոքը յոթ անգամ չափում է, խիզախը կտրում-գնում է: Ալեքսանդր Մակեդոնացին ապացույց` մինչ բոլորը փորձում էին գորդյան հանգույցը բացել, նա սրով կտրեց ու այդ պատմությունն ավարտեց, գնաց մնացած աշխարհը նվաճելու: Պարզապես մենք ընտելացել ենք հականիշներով մտածողությանը` մեզ համար տաքի հակառակը ցուրտն է, չարի հակառակը բարին է, լավի հակառակը վատն է, ու դա համարում ենք ճիշտ և չափանիշ: Այո, բայց կա ոչ միայն հակադրելու, այլև համադրելու տարբերակը, որը բազմակի այլընտրանքներ է բերում` դու ընտրում ես ո՞ւժը (որի հակառակը թուլությունն է), թե՞ արագությունը (որի հակառակը հապաղելն է), առողջությո՞ւնը (որի հակառակը հիվանդությունն է), թե՞ կարիերան (որը կամ կա, կամ չկա), ազնվությունը (որի հակառակն է իրենից դուրս ամեն ինչ), թե՞ հավատարմությունը սկզբունքներին (որոնք կարող են պարտադրել և անազնիվ քայլեր, եթե խտրություն չես դնում նպատակներիդ հասնելու ճանապարհների մեջ): Ազնի՞վ էր ինքն իր հանդեպ մահվան գնացող նկարիչը, որ թույն էր խմում, բայց ուզում էր նկարել, իսկ ապրելու ու նկարելու փող չուներ: Մարդու ու նկարչի նրա օրակարգերի տարբերությունը չէ՞ր պատճառը այդ սակրալ հարցերի պատասխանների որոնման` D’ou venons nous? Que sommes nous? Ouallons nous?։ Կտավը նրա ընդհանրակա՞ն, թե՞ անձնական պատասխանն էր: Արվեստը ընդհանրակա՞ն, թե՞ նեղանձնական ընկալման երևույթ է: Ինչպես և քաղաքականությունը: Որ նույնպես կոչված է հարցերին պատասխանելու ու մարդկանց նպատակները կյանքի կոչելու: Եվ այս ասպարեզում էլ ամեն ինչ սկսվում է D’ou venons nous? Que sommes nous? Ouallons nous? երեք հարցերի պատասխաններից, որոնք ըստ աշխարհագրական, աշխարհաքաղաքական, ժողովրդագրական, մարդկային ու նյութական հարստությունների չափում-կշռում, տեղադրում են երկիրդ իրենց հիերարխիկ սանդղավանդակում ու նորից են քեզ հարցնում` D’ou venons nous? Que sommes nous? Ouallons nous?: Եթե գոհ չես, եթե ուզում ես փոփոխություններ, եթե ուզում ես ավելին, քան ստացել ես, եթե համարում ես, որ ժամանակն է, գործիր: Խիզախիր, եթե կարող ես, որովհետև արագությունը այն ոսկելարն է, որով առաջ ես անցնում թե քեզնից ուժեղից, թե խելոքից, թե հաջողակից: Մտածողության ու գործողության արագությունը իսպառ սպանում է կասկածի ու երկմտության որոմը, որովհետև կասկածում ու երկմտում են թույլ, դավադրությունների ու դավաճանության սինդրոմով տառապող մարդիկ, ովքեր ոչ միայն վախենում են, որ իրենց կդավաճանեն ու իրենց դեմ կդավադրեն, այլև ունակ են դավաճանելու ու դավադրելու:
Դու բարի ես ոչ այն պատճառով, որ ուժեղ ես ու քեզ կարող ես բարի լինելու շքեղությունը թույլ տալ, այլ պարզապես բարի ես, ու վերջ: Առանց ծեքծեքումների ու ենթատեքստերի: Որովհետև գիտես ոչ միայն սկսել, այլև ավարտել, ավելին` զուգահեռել: Սարի հոմանիշ կարող է լինել ոչ միայն բուրգը, այլև ձորը, եթե շրջես: Ավելին` ծովը, եթե փոթորկում է:
Ի՞նչ կա Հայաստանի քաղաքական օրակարգում:
Պաշտոնապես` Մաքսային միությանն անդամակցումը:
Իր բոլոր խնդիրներով, որ բերում են ժամանակավոր ու առժամանակյա լուծումներ գտնելու տարբերակներ: Ինչո՞ւ ենք դավանում հականիշներով մտածողությանը միայն, ինչո՞ւ չենք ապավինում համադրական մտածողությանը, որ հնարավորություն է տալիս այլընտրանքների գոյությանը: Ինչո՞ւ Մաքսային միությունը պիտի իր պրոկրուստյան չափանիշները պարտադրի, և մենք էլ պարտադրված լինենք պաշտոնապես հայտարարել, թե միայն ու միայն այդ միությունն է ապահովելու մեր բարեկեցությունը, հրաժարվելով ընդունել գների անխուսափելի բարձրացումը և խուսանավելով իրականությունն ընդունելուց իբրև իրականություն: Գազային այս բոլոր խնդիրների պարզաբանումներն ինչո՞ւ չեն մղում դեպի այլընտրանքային տարբերակ: Ռուսաստանը շատ բնական պաշարներ ունի, բայց աշխարհում միակ երկիրը չէ, որ գազ ունի ու գազ է արտահանում: Ճիշտ է, Ռուսաստանում գազը վաղուց երկրի արտաքին քաղաքականությունը ուրիշ պետությունների պարտադրելու միջոց է: Եվ հենց այդ պարտադրանքով դարձել է տարաձայնությունների պատճառ աշխարհի կեսի հետ, բայց ռուսները շարունակում են գազը իբրև լծակ օգտագործել, որովհետև իրենք էլ այլընտրանք չեն գտնում: Իրականում դա ոչ թե ուժի ու հզորության ցուցադրություն է, այլ մտածողության թուլության ու այլընտրանք գտնելու անզորության: Ռուսաստանին միշտ պակասել է արագությունը, նրանք ունեն ամեն ինչ հզոր լինելու համար, բացի պետական կառավարման համակարգի ճկունությունից ու ժամանակի զգացողությունից: Նրանք փորձում են աշխարհին պարտադրել իրենց ժամանակը, որ կրիայի արագություն ունի, իսկ աշխարհը զարգացնում է գերարագություններ, հենց այդ խզումն է, որ Ռուսաստանին այսօր անընկալելի է դարձնում իր արտաքին քաղաքականությամբ, տնտեսության կառուցվածքով, պետական համակարգով, արժեքների սահմանումով: Ռուսական խորհրդավոր հոգու գաղտնիքները բոլորովին կապ չունեն: Նույնիսկ եթե այդ հոգին ունեցողների մեկ երրորդը մինչև քառասունհինգ տարեկանը չի ապրում հարբեցողության պատճառով, իսկ խմում են, որովհետև ելք ու հեռանկար չեն տեսնում, որովհետև կյանքը հետաքրքիր է միայն ալկոհոլի հետ, այսինքն` ալկոհոլն ընդամենը թանկանում է ու թանկանում, բայց այլընտրանք չի առաջադրվում: Իսկ մե՞նք: Մենք պարտադրված ենք լինել ռուսական ազդեցության դաշտում ու այդ տարածքում նրանց թելադրած խաղի կանոններով ապրե՞լ: Ի՞նչն է խանգարում, օրինակ, գազ ներմուծել Իրանից` ավելի էժան ու որակով: «Գազպրոմի» հետ համաձայնագիրը, որ հռչակվեց համարյա թե դարի համաձայնագիր ու այդպես էլ պարզ չէ` խորհրդարանում ընդունվե՞ց, չընդունվե՞ց ու քանի՞ ձայնով: Որովհետև այն, ինչ ներկայացվեց իբրև քվեարկություն, ընդդիմության ու իշխանության համատեղ ջանքերով ուղղակի հակաքվեարկություն էր: Ինչո՞ւ է մեր միտքը սոսնձվել-մնացել Կրեմլի դռներին: Տասնյակ այլ ճանապարհներ կան, որ Ռուսաստանն ինքը հրաժարվի այդ համաձայնագրից, որի կնքումը տնտեսական որևէ նշանակություն չունի, միայն ու միայն քաղաքական խնդիր է լուծում: Բայց մեր օրակարգում մեկ խնդիր միայն կա` ստեղծված պայմաններում գոյատևել: Պայմանները փոխելու մասին մենք չենք հանդգնում ոչ մտածել, ոչ փորձել, ոչ էլ անգամ երազել:
Իրականում չափազանց տարբեր են օրակարգերը Հայաստանում: Իշխանությունն ունի իր օրակարգը, ավելին` իշխանության ամեն թևն իր օրակարգն ունի, ավելին` ամեն իշխանավոր իր օրակարգն ունի: Ընդդիմությունն իր օրակարգն ունի. կառուցողական-խորհրդարանականը` իր, իրական-արտախորհրդարանականը` իր, ձևական-երևութականը` իր: Ժողովուրդն իր օրակարգն ունի, որտեղ, ինչպես նկարիչ Պոլ Գոգենի օրակարգում, բոլոր կետերում մի խնդիր կա` ապրել: Եվ արդեն շատ վաղուց տարբերություններ չեն դրվում որտեղ-ի, ինչպես-ի, ինչու-ի միջև, վաղուց արդեն տարբերություններ չեն դրվում իշխանությունների միջև` սեփական ու օտար, երկուսից էլ սպասելիքներ չկան, երկուսին էլ պետք է խաբել` մի կերպ ապրուստ կորզելու համար: Այս պայմաններում իմաստ ունի անդրադառնալ հավերժական D’ou venons nous? Que sommes nous? Ouallons nous? հարցերին: Ոչ, ոչ մի նշանակություն չունի` որտեղի՞ց ես գալիս, ո՞վ ես ու ո՞ւր ես գնում, եթե դու արդեն կորցրել ես ինքնությունդ: Բնության մեջ ամենահեշտ կյանքը դաշտագլորինն է. արմատներ չունի, քամու խաղալիքն է, ուր հասավ` կպչում է ու սնվում ուրիշի պաշարներով, ինքը ոչինչ չի ստեղծում, բայց իր սերմերը շաղ է տալիս ու նորանոր դաշտագլորներ գլորում դեպի ուրիշների կենսատարածք: Սերմերը ոչ բոլորն են ապրում, որովհետև ինքնուրույն ֆունկցիա չունեն, բայց և գոյատևում են` բախտի բերմամբ, ուրիշների սննդի, տարածքի ու ժամանակի հաշվին: Դաշտագլոր պետություններ էլ կան: Սովորաբար շատ արագ ինքնուրույնությունը կորցնող, որովհետև ինքնուրույնության առաջին պայմանը ինքնության գիտակցումն է, հետո նոր բոլոր մյուս պայմանները` համապատասխան ՄԱԿ-ի կանոնադրության:
Եվ քանի դեռ Հայաստանի երրորդ Հանրապետությունը չունի ընդհանրական օրակարգ, դաշտագլորի իր կյանքով հերքելու է ինքնության անհրաժեշտությունը, ուրեմն և D’ou venons nous? Que sommes nous? Ouallons nous? հարցերին պատասխաններ տալու իրավունքը կորցնելու է, որովհետև այլևս իրավական հետևանքներ չեն կարող լինել, եթե դու գալիս ես ոչ մի տեղից, ոչ ոք ես ու գնում ես ոչ մի տեղ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Եվ այնուամենայնիվ, քանի դեռ կանք, քանի դեռ իսպառ դաշտագլորի չենք վերածվել իբրև պետություն ու այդ պետության քաղաքացի, մեր սերնդի պատասխանը չուշացնենք սակրալ D’ou venons nous? Que sommes nous? Ouallons nous? հարցերին, որոնց պատասխանները հենց ձևավորելու են մեր ընդհանրական օրակարգը, եթե հանդգնենք անկեղծ, համարձակ ու իրատես լինել` շրջանցելու փաստերի հակադրական մտածողությունն ու անցնենք համադրական մտածողությանը: Ժողովուրդների կյանքում կան պահեր, երբ գրողի ծոցը պետք է ուղարկել իշխանության-ընդդիմության, իշխանության ու ընդդիմության ներսում եղած թևերի տարբերություններն ու առաջ գնալ: Նույնիսկ չմտածելով, թե հետո ինչ կլինի: Այդ հետոն կարող է չլինել, երբ կորցնում ես ժամանակը: Ժամանակը, որ հայրենիք է ու ինքն է որոշում հայրենիքի տարածքը, աշխարհագրական դիրքը, ժողովրդագրական պատկերն ու գոյությունն ընդհանրապես, մարդու ինքնությունը` մասնավորապես: