Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Քիմիական զենքի դիվանագիտությունը

Քիմիական զենքի դիվանագիտությունը
23.09.2013 | 14:15

Իրադրությունը Սիրիայում և նրա շուրջը վերջին շաբաթվա ընթացքում ծայր աստիճան սրվեց, ու դեպքերն սկսեցին զարգանալ գլխապտույտ արագությամբ:
Օգոստոսի 21-ի քիմիական սպանդից հետո Օբաման հայտարարեց, որ հարվածելու է Սիրիային` իր երկրի ազգային շահերը պաշտպանելու և Ասադին պատժելու համար, որ դաս լինի բոլոր նրանց, ովքեր զանգվածաբար կոտորում են անպաշտպան մարդկանց, կոխկրում նրանց իրավունքներն ու արժանապատվությունը: Սա նաև թափանցիկ նախազգուշացում էր Հյուսիսային Կորեային և Իրանին:

Հետո, չկրկնելու համար իր նախորդների իրաքյան ու աֆղանական սխալները, չհիասթափեցնելու համար հայրենակիցներին, որոնք երկրորդ անգամ ձայն են տվել նրան` այլևս պատերազմի մեջ չմխրճվելու հույսով, Օբաման ընտրեց գործողության պաուզայի մոդելը:

Մոտիվացիան այն էր, որ ՄԱԿ-ի փորձագետները և Կոնգրեսը դեռևս որոշում չէին կայացրել, դաշնակիցները չէին ասել իրենց խոսքը, իսկ ամերիկյան ժողովրդի 61%-ը դեմ էր պատերազմին:

Սա` զուտ սեփական պատասխանատվությունը թեթևացնելու և ինդուլգեցիա (մեղքերի թողություն) ապահովելու համար: Իսկ իրականում Օբաման միջազգային հարցերը խաղաղ ճանապարհով, ‹‹փափուկ ուժով›› լուծելու կողմնակից է, և ինչ էլ որ ասելու լինի հակառակ դիրքերի քարոզչական մեքենան նրա ռազմաշունչ նկրտումների մասին, ԱՄՆ-ի ներկա նախագահը փորձում է խուսափել ուժի գործադրումից:

Այս առումով, նա կարծես թե ուզում է գնալ Ջոն Քենեդիի ճանապարհով, որը Կարիբյան ճգնաժամի ժամանակ դիմադրեց քաղաքական հակառակորդներին` չհարձակվեց և չզիջեց, այնուհետև կարողացավ համաձայնության գալ ԽՍՀՄ-ի հետ և խուսափել պատերազմից:

Թե որքանով Օբամային կհաջողվի կրկնել ամերիկյան լավագույն նախագահներից մեկի դիվանագիտական փայլուն կոմբինացիան, դժվարանում եմ ասել: Դժվարանում եմ, հիմնականում այն պատճառով, որ իր` այնքան էլ ճիշտ չհաշվարկած ‹‹կարմիր գծի›› և արմատական ահաբեկչական իսլամական խմբավորումների հետ անհեռանկար շփումների հետևանքով նա հայտնվեց ցուգցվանգում, երբ յուրաքանչյուր հաջորդ քայլը տանում է անխուսափելի պարտության:

Եվ ահա այս դժվարին պահին նրան օգնության ձեռք են մեկնում ամենաանսպասելի տեղից` Մոսկվայից: Վլադիրմիր Պուտինն առաջարկում է Օբամային սիրիական քիմիական զենքը դնել միջազգային հսկողության տակ, ապա ոչնչացնել այն` հարձակումը չեղյալ հայտարարելու պայմանով:

Այն, որ այս պահին դա Օբամայի համար երկնային մանանայի նման մի բան է, բացատրելու կարիք չկա: Նա կրկին պաուզայի, այն էլ երկար պաուզայի հնարավորություն է ստանում, որը միանգամայն համապասխանում է իր ցանկություններին: Մի գուցե ընդհանրապես կարելի լինի խուսափե՞լ սիրիական պատերազմից, հավանաբար մտածում է նա:

Ամեն գործարքի, մանավանդ նման միջազգային մասշտաբի համաձայնության հիմքում ընկած է պարզ տրամաբանական հարց` Cui prodest? Ու՞մ է այն ձեռնտու: Ձեռնտու է երկու կողմին էլ:

Եթե Սիրիայում պատերազմը կանխվի, Ամերիկան թեթևացած շունչ կքաշի: Երկիրը կխուսափի իր զինվորներին կորցնելուց, կրկին պատերազմի հրձիգ հռչակվելուց, ահռելի նյութական և ֆինանսական կորուստներից:

Իսկ Ռուսաստա՞նը: Նրա առաջարկն ունի մի քանի կարևոր ասպեկտ: Պուտինն արեց ճշգրիտ հաշվարկված կանխարգելիչ քայլ: Ամսի 11-ից հետո կարող էր ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ Ամերիկան հարվածեր Սիրիային: Իսկ քանի որ Ռուսաստանն ի սկզբանե հայտարարել է, որ ռազմական գործողություններին չի մասնակցելու, նա, բնականաբար, ‹‹կորցնելու›› էր միջերկրածովյան հենակետը` Սիրիայով հանդերձ, որտեղ արմատական իսլամիստները, իշխանությունը զավթելու դեպքում, ինչի հավանականությունը գրեթե կասկած չի հարուցում, երկիրը կվերածեն իսլամական ահաբեկչության միջազգային կենտրոնի` տարածելով իրենց շոշափուկները Կովկաս, այնտեղից` Ռուսաստան:

Պուտինի մանևրը, իրոք, դիվանագիտական ճեղքում է: Այն նաև նուրբ հոգեբանական հաշվարկ է, որից ելնելով` հակառակորդին չեն ‹‹քշում անկյուն››, իսկ երբ նա արդեն այնտեղ է, հնարավորություն են ընձեռում‹‹փրկելու դեմքը›› (‹‹Պասկալի բանաձև››):

(Այս կապակցությամբ մի պահ տուրք տանք վիրտուալ մտածողությանը: Եթե Օբաման չմոռանա Պուտինի այս ժեստը, և իրոք սիրիական ճգնաժամը հաղթահարվի, կարո՞ղ է պատահել, որ Ժնև-2-ը, որի շուրջ արդեն համաձայնություն է կայացվել Լավրով-Քերրի հանդիպման շրջանակներում, վերածվի Յալթա-2-ի: Եթե նման բան կատարվի, ապա նոր հեռանկարային էջ կբացվի ռուս-ամերիկյան հարաբերություններում: Ո՞վ գիտե: Տա Աստված, կշահենք բոլորս):

Այս ամենով հանդերձ` Պուտինի առաջարկն իր մեջ պարունակում է ստորջրյա խութեր: Մոսկվայի բարեկամ Բաշար Ասադը, եթե հրաժարվի քիմզենքերը հանձնելուց, Վլադիրմիր Վլադիմիրովիչը ոչ միայն կկորցնի ձեռք բերած համակրանքն ու հեղինակությունը` հատկապես Միացյալ Նահանգներում, այլև ներկա փուխր խաղաղությունը մի օրում կարող է փլվել և պատճառ դառնալ ամերիկյան հարձակման:

Ես չեմ կարծում, որ Ասադն առանձին խանդավառություն է ապրում քիմզենքը կորցնելու հեռանկարի կապակցությամբ: Այդ մասին է վկայում այն փաստը, որ Քիմզենքի արգելման և ոչնչացման կոնվենցիան գործում է 1997 թվականից. այն ստորագրել է 188 երկիր, ոչնչացված է դրա համաշխարհային պաշարների 60%-ը (2012 թվականի տվյալներ): Այդ որտե՞ղ էր Ասադների դինաստիան, որը դեռ մի քանի օր առաջ ընդհանրապես ժխտում էր այդ զենքի առկայությունը Սիրիայում:
Կա հարցի մեկ այլ` կնճռոտ կողմը ևս: Քիմզենքի դուրսբերումը երկրից կամ ոչնչացումը խիստ թանկ ‹‹հաճույք›› է, որի իրագործումը պահանջում է միլիարդներ:

Կճարվե՞ն այդ միլիարդները:

Բացի այդ` շրջանառության մեջ է դրված մի վարկած, ըստ որի` օգոստոսի 21-ի պայթյունը գրոհայինների ձեռքի գործն է, այլ ոչ թե Ասադի բանակի: Ասվում է, որ այդ զենքը նրանց փոխանցել է Սաուդյան Արաբիայի հետախուզության շեֆ, արքայազն Բանդար բին Սուլթանը, երբ Ասադը ‹‹Հըզբոլլահի›› օգնությամբ սկսեց հաջողություններ գրանցել Սիրիական ազատագրական բանակի դեմ և հուլիսի 30-ին գրավեց ‹‹հեղափոխության մայրաքաղաք›› Հոմսը: Պատասխանը եղավ նշված ահաբեկչությունը` 1300 զոհերով և բազմաթիվ վիրավորներով: Էր-Ռիադի հատուկ ծառայությունների հաշվարկով դրան անմիջապես հաջորդելու էր Ամերիկայի հարվածը, սակայն հայտվեցին ռուսները` քիմզենքի ոչնչացման իրենց առաջարկով, և սադրանքը կարծես խափանվեց: Առայժմ:

Որտե՞ղ է երաշխիքը, որ նման գործողություններ չեն կրկնվի առաջիկայում ևս, անգամ եթե սիրիական քիմզենքը մինչ այդ ոչնչացվի: Ամերիկային պատերազմի մեջ քաշելու համար միշտ կգտնվեն ուժեր ու միջոցներ և՛ Մեծ Մերձավոր Արևելքում, և՛ հենց ԱՄՆ-ում:

Յուրաքանչյուր նման ահաբեկչական միջադեպ կարող է հանգեցնել ամերիկյան ռազմական միջամտության` այստեղից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով: Իզուր չի ասված, որ Սիրիան վառոդի տակառ է, իսկ նրան պատրույգ մոտեցնողներ միշտ կգտնվեն:

Այժմ մի քանի նկատառում` Սիրիայի հայ համայնքի մասին` հնարավոր արտաքին ռազմական միջամտության ենթատեքստում:

Մեր թվականությունից առաջ, դեռևս Տիգրան Մեծի ժամանակներում, Սիրիայում հայտնված հայերն այս երկիրը դիտել են որպես իրենց հայրենիք, իսկ Հայոց մեծ եղեռնից հետո սիրիացիները հազարավոր փախստականների են ընդունել` կիսելով իրենց օջախն ու հացը նրանց հետ:

Շնորհիվ բարենպաստ պայմանների և իրենց աշխատասիրության ու ազնվության, սիրիական հայ համայնքը տարիների ընթացքում դարձել է սփյուռքի ապահով և բարձր կենսամակարդակ ունեցող մշակութային կենտրոններից մեկը, որն օգնել է ձևավորել ու զարգացնել հայկական այլ համայնքներ` տարածաշրջանում և նրա սահմաններից անդին:

Իսկ այսօր իր վրա մահացու վտանգ է կախված: Սիրիական պատերազմի երկու տարվա ընթացքում հայությունը մեծ կորուստներ է կրել այստեղ: Թե որքան է զոհերի թիվը, և որ երկրներում են սիրիահայերն ապաստան գտել, դժվար է ասել: Հայտնի է միայն, որ Հայաստանն ընդունել է 15 հազար մարդ, և մեկ էլ` համայնքը կիսվել է` 60–70 հազարից` 30 հազար:

Այս վերջին` երեսուն հազար մեր հայրենակիցները փաստորեն պատանդ են Հալեպում` առանց ապրուստի միջոցների, առանց կապի արտաքին աշխարհի հետ, որոնց` քաղաքը թողնելու փորձերն ավարտվում են կամ սպանությամբ, կամ, լավագույն դեպքում, գերեվարությամբ (Անհայտ է Դամասկոսում և մյուս քաղաքներում մնացած հայերի թիվը):

Քիմիական դիվանագիտության կամ, ընդհանրապես, խաղաղ միջոցներով սիրիական հիմնահարցի հանգուցալուծման ձախողման դեպքում, արմատական իսլամիստների հիմնական թիրախներից մեկը Հալեպի վերջնական գրավումն է լինելու:

Անցել են այն ժամանակները, երբ Ասադի դեմ կռվողները‹‹Եղբայր մուսուլմաններն›› էին, որոնց կարելի է հակառակորդ համարել և, անհրաժեշտության դեպքում, նստել բանակցային սեղանի շուրջ: ‹‹Եղբայրների›› այսպես կոչված ‹‹Սիրիական ազատագրական բանակը›› ամբողջովին գտնվում է միջազգային ահաբեկչական համակարգի առաջամարտիկներ ‹‹Ալ Ղաիդայի››, ‹‹Ալ Նուսրա ճակատի››, սալաֆականների և նմանատիպ կազմակերպությունների հսկողության տակ, որոնք հավաքվել են այստեղ Մերձավոր և Միջին Արևելքից, Եվրոպայից ու Ռուսաստանից: Պատկերացնելու համար նրանց ուժը, նշենք, որ ‹‹Ալ Ղաիդայի›› շարքերում հաշվվում է 10 հազար սվին:

Իրենց գործողությունների և նպատակների իրագործման ձևերով ու մեթոդներով ‹‹Եղբայր մուսուլմանները›› թվարկված կառույցների համեմատությամբ «անմեղ երեխաներ» են:

Նրանց հիմնական նպատակը Սիրիայում իսլամական խալիֆաթ ստեղծելն է, որն ընդգրկելու է Մեծ Մերձավոր Արևելքը, Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը: Գլխավոր հակառակորդներն են` իրենց ստնտու մայրը` Վաշինգտոնը, և շիիզմը:

Այս խելացնոր պլանները, իհարկե, դուրս են նորմալ տրամաբանության սահմաններից, բայց, ինչպես նշում է Զբիգնև Բժեժինսկին, կարող են ստեղծել Բալկանո-Եվրասիական գոտու քաոս:

Գալով Սիրիական իրականությանը` արմատական իսլամիստները կարող են գործել անուղղելի ավերածություններ: Նրանց` պրոֆեսիոնալ մարդասպանների համար զանգվածաբար ալավիներին, դրուզներին, քրդերին, շիաներին, քրիստոնյաներին, մի խոսքով` բոլոր ‹‹անհավատներին›› գլխատելը, կրծքավանդակները բացելը կամ ողջ-ողջ այրելը քիթ սրբելու պես մի բան է:

Հայերի ապագան ավելի քան է մտահոգում մեզ, քանի որ այդ փափթփուկներից շատերը մարզվում են Թուրքիայում և գալիս են իրենց ‹‹սրբազան պարտքը կատարելու›› Սիրիայում: Կգտնվե՞ն արդյոք այնտեղ ուժեր այս առիթը որոշակի նպատակներով օգտագործելու համար:

Իսկ ի՞նչ կանխարգելիչ միջոցներ պետք է ձեռնարկվեին, և ի՞նչ է հիմա հնարավոր անել հայկական համայնքի ֆիզիկական ապահովության համար:
Համայնքի ներքին հնարավորություններն այդ հարցում, կարծում եմ, չնչին են: Հայաստանում և սփյուռքում հնչած ծրագիր-առաջարկները, այդ թվում եկեղեցու և որոշ քաղաքական կուսակցությունների կողմից, այն է` պահել չեզոքություն և կազմակերպել ինքնապաշտպանություն, ինչպես որ արեց լիբանանահայությունը 17-ամյա քաղաքացիական պատերազմի ընթացքում, մեղմ ասած, լուրջ և ռացիոնալ չէ:

Նախ` այն ժամանակ միանգամայն այլ էին աշխարհաքաղաքական իրավիճակն ու ուժերի հարաբերակցությունը: Պատերազմ էր ոչ թե մուսուլմանների միջև, այլ կռվում էին հիմնականում քրիստոնյաններն ու մուսուլմանները: Վերջին հաշվով` կար հզոր ԽՍՀՄ-ը, որն իր հովանոցի տակ էր առել հայ համայնքը: Մշտական նյութական և բարոյական օգնությունը և Մոսկվայի պաշտոնական դեմարշները փաստորեն ապահովում էին հայ համայնքի ֆիզիկական անվտանգությունը: Վճռական նշանակություն ունեցան ՏԱՍՍ-ի հայտարարություններն առ այն, որ հայերին վնասելու դեպքում` հեղինակները ‹‹գործ կունենան Մոսկվայի հետ››:
Հայաստանի Հանրապետությունն այդ հնարավորությունները չունի: Սակայն, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, ներգաղթողներին ցույց է տրվում ֆինանսական ու բարոյական օգնություն` բնակարանային, աշխատանքային և ուսման հարցում: Չմոռանանք, որ հայաստանցիներն իրենք էլ գտնվում են սուղ պայմաններում: Անոթն այնքան հեղուկ է տեղավորում, որքան կարող է:

Սակայն, ըստ իս, տեղի է ունեցել մի կարևոր վրիպում: Հայաստանի համապատասխան մարմիններն ու ծառայությունները պետք է նախօրոք հաշվարկեին սիրիական դեպքերի սկզբնավորումը, զարգացումները և հնարավոր վերջաբանը: Նման վերլուծության գոնե ես ծանոթ չեմ:

Այնուհետև խորը և համակողմանի ուսումնասիրության հիման վրա պետք է մշակվեր համակարգված քաղաքական-դիվանագիտական ծրագիր, և այն իրագործվեր պետական մակարդակով` ներգրավելով սփյուռքի ողջ ներուժը:

Չգիտես ինչու` անտեսվում է այն հանգամանքը, որ սիրիական խառնարում վտանգված էթնիկ խմբերից միայն հայերն են, որ ունեն պետականություն: Իսկ ի՞նչ է, մենք դադարե՞լ ենք Հայաստանը համարել ողջ հայության հայրենիքը: Արդյո՞ք կառավարությունը միջազգային համապատասխան ատյաններում (ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրախորհուրդ, Արաբական պետությունների լիգա և ուրիշներ) ահանզանգել է, որ մեկ հարյուրամյակում մեր ազգը կարող է տեսնել երկրորդ եղեռնը:

Դիվանագիտական շփումներ ունեցե՞լ ենք ֆիգուրանտ երկրների համապատասխան մարմինների հետ: Ուսումնասիրե՞լ ենք արդյոք ‹‹Եղբայր մուսուլմանների›› հետ թեկուզ միջնորդված ճանապարհով բանակցելու հնարավորությունները` հայերին հարվածի տակից դուրս բերելու համար (Եթե շահերդ պահանջում են, պարտավոր ես բանակցել սատանայի հետ անգամ):

Ըստ երևույթին, ճիշտ կլիներ ժամանակին դուրս բերել հայերին Սիրիայից: Դա կարող է թվալ ոչ իրական, սակայն հնարավոր տարբերակ էր` մոբիլիզացնելով ողջ 10-միլիոնանոց հայության հնարավորությունները: Իսկ թե ուր կարելի կլիներ տեղափոխել սիրիահայությանը` այլ հարց է: Սակայն երբ խաղաքարտին դրված է մարդկային կյանքը, կարելի է հաշտվել նաև ընտրության սահմանափակության հետ:

Հիմա Միջերկրականի ջրերում է ռուսական ռազմական նավատորմը: Անհրաժեշտության դեպքում կարելի է օգտագործել առիթը այդ նավերով հայերին երկրից էվակուացնելու համար: Էլ ո՞ր օրվա համար ենք մենք ռազմավարական գործընկերներ:

…Դեռ մեկ տարի առաջ ես գրել և ասել էի, որ եթե հայ համայնքը չթողնի Սիրիան, նրա դեմ կարող են սարքել Բարդուղեմիոսյան գիշեր: Եղան առարկություններ, թե դրանք դրամատիզացված և մռայլ կանխատեսումներ են: Բայց ամեն կարծիք գոյության իրավունք ունի:

Ես ամբողջ հոգով ցանկանում եմ, որ սխալված լինեմ: Դա ինձ միայն ուրախություն կպատճառեր:

Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան
սկզբնաղբյուրը` http://www.diplomat.am/

Դիտվել է՝ 1453

Մեկնաբանություններ