Համաշխարհային վերջին զարգացումներն ու տարածաշրջանային քաղաքականության սլաքների փոփոխությունը գալիս են ապացուցելու, որ հայկական քաղաքական դաշտը սերնդափոխության խնդիր ունի: Պետականության և ազգի հարատևման խնդիրը, կարծես, պատկերացնում են միայն իշխանության բարձրագույն ատյանի մի քանի ներկայացուցիչներ, մնացածը տարատեսակ մանիպուլյացիաներով փորձում են «խոսել խոսելու համար» կամ էլ անհոդաբաշխ մտքեր հայտնելու ճանապարհով հավելյալ քաղաքական միավորներ հավաքելու խնդիր են լուծում:
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության խնդիրը տարատեսակ մեկնաբանությունների արժանացավ: Արմատական ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, բացի իշխանությանը հերթական անգամ «պետական դավաճանության» համար մեղադրելուց, մի շարք ուշագրավ ազդակներ հղեց առ այն, թե ՀԱԿ-ը պատրաստ է քաղաքական ճանապարհ անցնելու Կրեմլի հետ` իրեն հայտարարելով գործող իշխանությանն այլընտրանք: Չմոռանանք, որ երկար ժամանակ Տեր-Պետրոսյանի խումբը փորձում էր Հայաստանում իշխանություն վերցնել Արևմուտքի օժանդակությամբ, սակայն անհաջողության մատնվեց` նախաձեռնելով նոր սիրավեպ այս անգամ Մոսկվայի հետ:
Միևնույն ժամանակ, ակնհայտ է դարձել, որ Հայաստանի «քաղաքական արգանդը» նոր մտածելակերպով գործիչներ առաջ բերելու խնդիր ունի: Հին, կիսախորհրդային մտածելակերպի գործիչներն այսօր դաշտում առկա օլիգարխների հետ կողք կողքի փորձում են ազգի և պետականության հարցեր լուծել, մինչդեռ համաշխարհային գործընթացներն այնպիսի մարտահրավերներ են առաջ բերում, որոնց լուծումները պահանջում են նորարարական մտածելակերպ: Թե իշխանության, թե ընդդիմության դաշտում փտած մտածելակերպն ու հետադիմական հայացքները գերակշռող են դարձել, ինչը և հանդիսանում է նախագահի նշած «գաղջ մթնոլորտի» հիմնական պատճառը:
Իսկ ամենավտանգավորն այն է, որ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության երիտասարդ գործիչներն առանձնապես չեն փայլում մտքի թռիչքով ու ազգային-պետական մտածելակերպով: Սրա հիմնական պատճառը կուսակցություններում և քաղաքական հոսանքներում «սելեկտիվ մեխանիզմների» իսպառ բացակայությունն է: Դա բնորոշ է հայաստանյան քաղաքական դաշտին:
Մինչդեռ կուսակցություններում իրենց տեղը չգտնող երիտասարդ մտածողները, հիասթափվելով առկա բարքերից, հեռանում են երկու ուղղությամբ` արտասահման կամ էլ փողոց, որտեղ էլ հայտնվում են կասկածելի հոսանքների շարքերում: Ի դեպ, այդ կուսակցություններում սերնդափոխությունը բերելու է փլուզման: Դա հատկապես բնորոշ է ՀԱԿ-ին, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանի հեռանալուց հետո առաջնորդության համար պայքար է սկսվելու, ինչն էլ հանգեցնելու է հերթական երկփեղկմանը: Այդպես է լինում, երբ քաղաքական միավորը ստեղծվում է մեկ անձի կերպարի շուրջը:
Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ