«Քաղաքական գործիչները նման են տակաշորերի: Նրանց էլ պետք է պարբերաբար փոխել, և նույն պատճառներով» (ֆրանսիական ասացվածք)։
Տարիներ առաջ հանրապետության երկրորդ նախագահը իր վերջին ընտրաշրջանի քարոզարշավն սկսեց «Հրազդան» հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Ես իմ հարցը սկսեցի այսպիսի նախաբանով.
-Պարոն նախագահի թեկնածու, ասում են` «նախագահը երկրի պատիվն է, իսկ ընդդիմությունը` երկրի հպարտությունը», Ձեր կարծիքով...
Այստեղ նախագահի թեկնածուն ընդհատեց ինձ, երևի ուղիղ եթերի լարվածությունը թուլացնելու նպատակով, և ժպիտը դեմքին վրա բերեց.
-Ո՞վ է ասել, ե՞րբ է ասել, որտե՞ղ է ասել:
-Այդ խոսքերն ասել է երկրի գլխավոր մարքսիստը, մեկ շաբաթ առաջ, Հանրային հեռուստատեսությամբ:
Հանրային հեռուստատեսության վկայակոչումը կարծես ազդեցություն գործեց, մի պահ լռություն տիրեց, օգտվելով դրանից, ես անմիջապես ավելացրի.
-Պարոն նախագահի թեկնածու, ինչպիսի՞ ընդդիմություն կուզենայիք ունենալ:
Քոչարյանը շուտասելուկի նման կարճ կտրեց` կառուցողական:
Անկեղծ ասած, անցել են տարիներ, և ես երկար ժամանակ չեմ կարողանում պատկերացնել, թե ո՞վ և ինչպե՞ս է որոշում ընդդիմության կառուցողական և ոչ կառուցողական լինելը: Կա՞ն արդյոք հատուկ չափորոշիչներ, թե՞ այդ խնդիրը լուծում է ինքը` երկրի նախագահը: Եթե նախագահն է որոշում, ուրեմն դա ճաշակի խնդիր է: Այդ դեպքում ինչո՞ւ ամեն մեկս իր ճաշակով չի կարող որոշել` այս կամ այն ընդդիմությունը կառուցողակա՞ն է, թե՞ ոչ: Օրինակ, իմ կարծիքով, մեր երկրում կարող է լինել կառուցողական ընդդիմության միայն երկու տարբերակ:
Տարբերակ առաջին.
Նախագահը երկրի գլխավոր շենքի պատն է շարում, ներքևում հավաքվել են մի խումբ մարդիկ, գոռում են.
-ՈՒստա, պատդ ծուռ է, ուստա, պատդ ծուռ է:
Դուրս է գալիս շենքի պահակային ծառայության պետը, հավաքվածներին ասում.
-Նախ` նա ուստա չէ, այլ Վարպետ, դուք նվաստացնում եք մեր երկրի գլխավոր շենքը և նրա Վարպետին, երկրորդ` ո՞վ է ձեզ թույլ տվել հավաքվել էստեղ և խանգարել Վարպետի աշխատանքը:
-Ներողություն, սրանից հետո Վարպետ կասենք, պատահաբար անցնում էինք շենքի կողքով, տեսանք պատը ծուռ է, զգուշացրինք, ի՞նչ եք ասում` աչքերս փա՞կ ման գանք, չխոսե՞նք:
-Կոռեկտ չէ, խոսելու և տեսնելու կուլտուրական ձևեր կան:
-Լավ, սրանից հետո կասենք մեծարգո Վարպետ, պատդ ծուռ է շարվում:
Սկզբում Վարպետը ներքևից լսվող ձայներին ուշադրություն չէր դարձնում և շարունակում էր իր գործը, հետո տեսնում է, որ աղմուկը շատանում է, նոր մարդիկ հավաքվում, գոռում են անընդհատ:
Վարպետը դադարեցնում է գործը, իր մոտ կանչում աշխղեկին, վերջինս շենքի գծագիրն ու մակետը դեմը դրած` նայում-նայում, ապա գլուխը բազմանշանակ տարուբերելուց հետո ասում է.
-Մեծ Վարպետ, ամեն ինչ ճիշտ է, բանի տեղ մի դրեք, ավարա-սավարա մարդիկ են, զբաղմունք չունեն, հավաքվել, խոսում են խելքներից դուրս...
Վարպետը շարունակում է իր գործը:
Շուտով մեծ ամբոխ է հավաքվում, մարդկանց հոսքը չի դադարում:
Անընդհատ գոռալով` նրանք բացահայտ խանգարում էին:
-ՈՒստա, պատդ ծուռ է:
Վարպետը տարակուսած նայում է իր կողքին կանգնած քար ու ավազ տվող սևագործ բանվորներին, ասում է.
-Տղերք, կարո՞ղ է` էս մարդիկ ճիշտ են ասում, հլա ձեզնից մի երեք հոգով հանձնաժողով կազմեք, իջեք ներքև, նայեք, իսկապե՞ս պատը ծուռ եմ շարում...
Սևագործ բանվորներից երեք հոգի իջնում է ներքև, նայում, քննարկում, նրանցից երկուսը կարծում են, որ ոչ մի ծուռ բան չկա, մեկն էլ փորձում է հակաճառել, հետո խոսքը հետ է վերցնում, մտածելով. «Ախպեր, հիմա որ հակաճառեմ, մեկ ա էս երկուսի խոսքն է անցնելու, իմ ինչ գործ, ինչ ուզում են`թող անեն»:
Հանձնաժողովն իր որոշումը կայացնում և զեկուցում է Վարպետին:
Վարպետը հանգիստ խղճով շարունակում է իր աշխատանքը:
Սակայն հակառակի պես ներքևում չէին դադարում գոռում-գոչյունները:
-ՈՒստա, պատդ ծուռ է, ուստա, արած գործդ փուստ է:
Վարպետը մտածում է` «գուցե հիմքից է սխալը, էս մարդիկ հո գիժ չեն, որ անընդհատ գոռում են»: Կանչում է նախագծողին, որ ստուգի կառուցման ճշտությունը, գլխավոր դատախազին էլ հանձնարարում է ստուգել շինանյութերի որակը և ձեռքբերման օրինականությունը: Բոլորը խոսքերը մեկ արած հաստատում են. «Ամեն ինչ տեղը տեղին է, Վարպետ, պարզապես էս հավաքվածների մեջ հանցագործ տարրեր կան, դրանց մի մասն էլ չուզողություն է անում, երևում է` սրանց մեջ ձեր գործի վրա աչք ունեցողներ կան»:
Վարպետը շարունակում է իր աշխատանքը:
Ներքևում ավելի է սաստկանում աղմուկ-աղաղակը:
-Ամոթ, ամոթ, հեռացիր, ուստա, արած գործդ փուստ ա...
Վարպետը քիչ է մնում իրեն կորցնի: Մտածում, մտածում, բջջային հեռախոսը վերցնում, զանգում է իր գործընկեր վարպետներին, որոնք սփռված են աշխարհով մեկ` Ռուսաստանում, Եվրոպայում և այլուր:
Նրանք խոսքերը մեկ արած` ասում են. «Ախպեր, ժամանակ չունենք, մենք հազիվ մեր պատն ենք շարում, եղունգ ունես գլուխդ քորիր»:
Վարպետը խոր մտքերի մեջ է ընկնում: Երկար մտածելուց հետո որոշում է շորերը փոխի, իջնի ներքև, ներքևից նայի իր շարած պատին:
Այդպես էլ անում է: Իջնում է ներքև, նայում, տեսնում է` պատը ներքևից մի ուրիշ տեսակ է երևում, և հանկարծ նկատում է, որ պատի ուղղությունը պահող գծաթելի ձողն իր ենթավարպետները սխալ տեղ են ամրացրել, դրանից էլ պատը շարունակ ծուռ էր շարվում:
Վարպետը ենթավարպետներից մի քանիսին փոխում, կարգալույծ է անում և շարունակում շարի գործը` երկնիշ թվերի աճով: Ներքևից լսվող ձայները ժամանակ առ ժամանակ դադարում կամ սաստկանում են:
Տարբերակ երկրորդ
Նույնը` ինչ առաջին տարբերակում: Նորից գոռում-գոչյուն.
-ՈՒստա, արած գործդ փուստ ա:
Վարպետն իր ենթավարպետներին ուղարկում է ներքև, ասելով. «Գնացեք, դրանց միջի ամենաակտիվներին կանչեք, թող գան վերև, հետները խոսելիք ունեմ»:
Քիչ անց ենթավարպետները հետ են դառնում` մի երկու-երեք ակտիվ գոռացողների ուղեկցությամբ:
Վարպետը նրանց ասում է.
-Ինչո՞ւ եք էս խեղճ ժողովրդին հետևներիցդ բերել էստեղ, գիտեք հանաք, մասխարա գո՞րծ է պատշարի գործը, հլա մի փորձեք քարը քարի վրա դնել:
-Լավ, էլի, Վարպետ, էդքան էլ մի դժվարացրեք, տվեք կիսրար շարենք, կարող է` ավելի լավ ստացվի,- ժպիտը դեմքին խոսեց նրանցից ամենաջահելն ու ամենահամարձակը:
-Ընկեր, դու դեռ ջահել ես, շատ բան չես տեսել, քեզ թվում է` էս երկրի պատը որբի գլուխ է, ով ասես վրան վարսավիրություն կսովորի:
-Լավ, Վարպետ, գոնե ամեն մեկիս մի հարկ տվեք, շարենք, եթե չստացվի, մենք մեր կամքով էս շենքից դուրս կգանք,- շարունակում է նրանցից ամենատարեցը:
-Չէ, երևում է, դուք չեք ուզում հասկանալ մի պարզ ճշմարտություն` էս շենքի պատը մի ձեռքով պիտի շարվի, հակառակ դեպքում շենքը փուլ կգա: Հասկացա՞ք... Լավ, ես ձեզ կանչել եմ ուրիշ բանի համար: Ես կարող եմ ձեզ փոդրատ գործ առաջարկել: Ձեզնից մեկին, օրինակ, կառաջարկեմ զբաղվել շենքի կապի, տրանսպորտի հարցերով, մյուսին` աշխատողների համար համերգներ ու շոուներ կազմակերպելով, երրորդին կառաջարկեմ զբաղվել մարդկանց թոշակի ու կրթության խնդիրներով: Ձեզնից մեկն էլ թող մի քիչ իր քեֆին ման գա, բիզնես-միզնես անի, հետն էլ բարեգործությամբ զբաղվի, էս երկիրը բարեգործ մարդու կարիք շատ ունի:
Տղերքն իրար են նայում, ասում.
-Ձեր առաջարկը, Վարպետ, լուրջ քննարկումների կարիք է զգում: Մենք առանձին - առանձին կմոտենանք:
Նրանք իջնում են ներքև և իրենց ժողովրդին ասում.
-Ժողովուրդ սիրելի, հանգիստ գնացեք ձեր տները, մենք ուստի հետ խոսեցինք, պայմանավորվեցինք, որ այսուհետև պատի շարի աշխատանքները մենք վերևից ենք վերահսկելու, երբեք թույլ չենք տա ոչ մի ծուռ պատ, հասկացա՞ք...
Հավաքվածների մի մասը ոգևորված, մի մասը գլխիկոր, քթերի տակ ինչ-որ բան քրթմնջալով, ցրվում, գնում են:
Շենքի կառուցումը շարունակվում է դարձյալ երկնիշ թվերով: Չգիտես ինչու, սակայն, այդ թվերին որոշ մարդիկ չեն հավատում: Այս դեպքում էլ ներքևից լսվող ձայները ժամանակ առ ժամանակ սաստկանում կամ դադարում են:
Մնացական ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ.- Չենք բացառում, որ գոյություն ունենան նաև կառուցողական ընդդիմության այլ տարբերակներ, օրինակ` «շինիչ, քանդիչ, եվրանորոգիչ»: Կառուցողական կարող են լինել նաև «արմատականն ու ծայրահեղականը», «հեղափոխականն ու պահպանողականը», «կենտրոնամետն ու ծայրամետը», «օրինացն» ու հորինածը, «բարգավաճն» ու սակավաճը: Սրանք բոլորն էլ, ժամանակի պահանջներից ելնելով, ենթակա են փոփոխության. նրանց մի մասը կարող է գլխավոր շենք ներս ու դուրս անելով հետևել շինարարությանը վերևից, մյուսները` դարանակալել երկրի գլխավոր շենքի մերձակայքում և սպասել իրենց մուտքի ժամին, երրորդները` ինքնակեղեք լռությամբ տառապել իրենց նստավայրերում ու ժամանակի փոշու տակ մնալ: Իսկ լուռ մարդը նման է շենքի տակ դրված չպայթած ականի:
Անկախ ամեն ինչից, իշխանությանը միշտ անհրաժեշտ է ընդդիմություն, ինչպես մարաթոնյան վազքի դուրս ելած առաջատարին` հետապնդող վազորդ: Առաջնորդը հետապնդողի շնչառությունը միշտ պիտի զգա, հակառակ դեպքում վազանցումով ոտնակոխ կարվի:
Իսկ ընդդիմության հաջողությունը կամ անհաջողությունը կախված են ոչ միայն երկրի գլխավոր շենքը կառուցողի վարպետությունից, այլև երկրի եղանակային պայմաններից և արտաքին մթնոլորտային ճնշումից: