Ապրիլյան իրադարձությունների հորձանուտում գրեթե աննկատ ու անարձագանք մնաց Րաֆֆի Հովհաննիսյանի երդման բուն տեքստը: Օրինաչափորեն կրկնակի երդմնակալության փաստն ավելի մեծ հետաքրքրություն էր հարուցել ու ավելի շատ մեկնաբանություններ ունեցավ` լինելով աննախադեպ ու արտառոց, մինչդեռ տեքստը իրոք հետաքրքիր էր, մասնավորապես Հայաստանի չորրորդ Հանրապետության հիշատակությամբ: «Ժառանգության» նախագահը փաստացի իր «նոր Հայաստանն» անվանեց Հայաստանի չորրորդ Հանրապետություն ու նրա հետ միասին երդված քաղաքացիները, փաստորեն, Հայաստանի չորրորդ Հանրապետության քաղաքացիներն են: Դա հերթական նոնսենսն էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մատուցում էր հասարակությանը:
Չորրորդ հանրապետության գաղափարն առաջինը բարձրաձայնողը եղել է Այդին Մորիկյանը, 1998 թվականին դեռ, բոլորովին այլ հիմնավորումներով ու այլ իրավիճակում: Չորրորդ հանրապետության մասին խոսել հընթացս ու իրավիճակային շարժառիթներով պարզապես սխալ է, նույնքան սխալ է հռչակումը հիմա, որովհետև չորրորդ հանրապետությունն ինքնին նշանակում է երրորդի դեյուրե և դեֆակտո ավարտը: Իսկ Հայաստանի երրորդ Հանրապետությունը թե պատմականորեն, թե իրավականորեն, թե դեֆակտո, թե դեյուրե գոյություն ունի և այն պետությունն է, ուր ապրում ենք մենք, ուստի սա այն դեպքը չէ, երբ արդարացվում են բառախաղն ու մտքի, առավել ևս երևակայության թռիչքները: Չորրորդ հանրապետությունը կարող է իրականություն դառնալ միայն իրավակարգի, նվազագույնը` պետական կառավարման համակարգի արմատական փոփոխության դեպքում: Առայժմ Հայաստանում որևէ համակարգ չի փոխվել և հեղափոխական փոփոխության նախադրյալներ չկան: Րաֆֆի Հովհաննիսյանը (կամ որևէ քաղաքացի) կարող է ձգտել, բայց ոչ հռչակել չորրորդ հանրապետություն, որովհետև դա լրջագույն և պատասխանատու քայլ է, որ չի կարող անհետևանք լինել: Ընդհանրապես գաղափարների հետ խաղերը վտանգավոր են. անգամ ամենապայծառ ու շենշող գաղափարները կարելի է թյուր մեկնաբանություններով ու օրընթաց պատկերացումներով վարկաբեկել ու ոչնչացնել: Արժեքային համակարգի հիմքում ոչ միայն գաղափարներն են, այլև այդ գաղափարների հաջորդականությունը, որ վկայում է համակարգն ընդունողի գերակայությունները: Եթե գծակարգը պարզեցնենք, արժեքային համակարգը «կարելի»-ների և «չի կարելի»-ների այն ըմբռնումներն են, որ դառնում են հասարակության համոզմունքը: Իսկ ի՞նչ արժեքային համակարգ ունի այսօր հայ հասարակությունը: Այս հարցն ունի պատասխանների տասնյակ տարբերակներ, որ նշանակում է` պատասխան չունի, որովհետև հասարակականորեն ընդունված ու համոզմունք դարձած պատասխանը մեկն է լինում: Դեպի չորրորդ հանրապետություն ճանապարհին նախ պետք է ձևավորել ու ձևակերպել այդ հանրապետության խնդիրները, նպատակները, նրա կենսագոյության նախադրյալները: Այլապես Հայաստանի չորրորդ Հանրապետությունը Հայաստանում նույնքան իրականություն է, որքան Մարսի վրա, որտեղ, ինչպես պարզվել է, ջուր կա, և ուրեմն չի բացառվում, որ եղել է, կա կամ կլինի կյանք: Ի վերջո, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ չորրորդ hանրապետությունը հնարավոր է իշխանափոխության հետևանքով, և ուրեմն` այն նախագահական ընտրությունների, որոնց դեպքում իշխանության է գալիս ընդդիմությունը: Դա պարտադիր, բայց ոչ բավարար պայման է, որովհետև հայտնի չէ, թե իշխանության եկած ընդդիմությունն ինչ պետություն կկառուցի (պատկերացնո՞ւմ եք` Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահեր իր օրումեջ փոխվող համոզմունքներով ու մտադրություններով, հաստատուն որոշումներ կայացնելու ու իրականացնելու օրգանական անընդունակությամբ, որ մահացու մեղք չէ որևէ մեկի դեպքում, բայց հանցանք է պետության ղեկավարի դեպքում):
Հայաստանի չորրորդ Հանրապետությունը այսօր կարող է և պետք է համարվի հեռանկար, որը քաղաքական ուժերը, ըստ իրենց պատկերացումների, կարող են բովանդակավորել ու ձևակերպել իբրև նպատակ: Հասարակությանը այդ նպատակը հայտնի, հասկանալի ու ընդունելի դարձնելուց հետո միայն իմաստ ունի արծարծել չորրորդ հանրապետության գաղափարը: Առավել ևս, որ Հայաստանի երրորդ Հանրապետությունը, իբրև պետականություն, արժանի է հարգանքի ու անաչառ գնահատանքի: Անհեթեթ է հանրապետությունը հավասարեցնել իշխանությանը, նույնքան անհեթեթ է իշխանությունը մշտապես համարել չարիքի մարմնավորում ու այդ ելակետի վրա կառուցել հետևություններն ու եզրակացությունները: Հանրապետությունը այն տարողունակ կառույցն է, որի ընդամենը մեկ մասն է իշխանությունը, կա մշակույթ, կա ժողովուրդ, կան պետության ու ժողովրդի փոխհարաբերություններ արտաքին աշխարհի հետ: Առանց երրորդ հանրապետության դերի, նշանակության, առաքելության իրական ու անաչառ գնահատականի չորրորդ հանրապետությունն ընդհանրապես ֆիկցիա է, որ չի կարող ապահովել որևէ շարունակականություն և, ուրեմն, չի կարող գոյություն ունենալ: Բառախաղերն ու գաղափարախաղերը այս առնչությամբ տեղին չեն:
«Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին, Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք` ի հզորություն Բիայնայի և ի ահաբեկում թշնամու երկրի: Արգիշտին ասում է` հողն այստեղ ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ, Մենուայի որդի Արգիշտին, Բիայնայի հզոր թագավորը, Տուշպա քաղաքի տերը»` պարզունակ է, չէ. ի՞նչ եք ուզում, մ.թ.ա. 782 թվականին է սեպագրվել, գուցե ամբողջական չէ, գուցե գրվածը չի կարդացվել: Ինչ կա` կա, նախնիներին չեն խմբագրում: Եվ հետո` Մենուայի որդի Արգիշտին շատ ավելի կարևոր գործեր ուներ, քան իր արածները քարագրելը, նա զորավար էր ու թագավոր, նա ամայի հողը անառիկ ամրոց էր դարձնում: Ի տարբերություն հետնորդների` նա նախընտրում էր գործը: 2795 տարի հետո հողն այստեղ ամայի չէ, բոլորն են հայտարարում, որ մեծ գործեր են կատարել ու ավելի մեծ գործեր կատարել են խոստանում: Երևանը նրանց համար քաղաք-պետություն է, որի քաղաքապետը դառնում է պետության ղեկավար: ՈՒշ կամ շուտ: Նկատե՞լ եք, որ Հայաստանի Հանրապետության բոլոր ընտրություններում նախագահ են ընտրում: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները վճռորոշ են, որովհետև այդ ընտրություններում ընտրվածները հետո մյուս ընտրությունների գլխավոր դեմքերն են: Խորհրդարանական ընտրություններն ընդհանրապես գործող նախագահի գլխավոր գործն են կամ ապագա նախագահի ցատկահարթակը: Նախագահական ընտրությունները ոչ միայն նախագահի ընտրություն են, այլև ամբողջ քաղաքական դաշտի քննություն ու վերաքննություն: Եվ բոլոր ընտրությունները պտտվում են նախագահի աթոռի ու անձի շուրջ: «Ինչո՞ւ» հարցը չեմ տալու, որովհետև պատասխանների լավուվատը, շատուքիչը, ճիշտուսխալը չէ կարևորը: Հետևանքը դառնում է ընտրական հիերարխիայի տրամաբանության խախտումը, տրամաբանության և գործընթացի առնչության հերքումը: Քաղաքական ուժերը, որ մասնակցում են Երևանի ավագանու ընտրություններին, հրապարակել են տարբեր կարգախոսներ, կարեցածն անում են նախագահական ընտրությունների ընթացքում, արդյունք ու հետևանք ստանալու համար: ՈՒ հենց այդ պատճառով ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը չեն կարողանում ու չեն միավորվելու, նրանք իբրև նպատակ տեսնում են ոչ թե ամբողջ Երևանը, այլ մի փողոց, ավելի ճիշտ` պողոտա և այդ մի պողոտայի մի շենք միայն` Բաղրամյան 26, որովհետև այդ հասցեատերը տերն է ոչ միայն Երևանի: Նախագահը մեկն է լինում, իսկ նրանցից յուրաքանչյուրը իրեն է այդ մեկը համարում, ուստի որևէ դաշինք նրանք հնարավոր են համարում միայն ընտրություններից հետո: Հնարամիտ են Մենուայի որդի Արգիշտիի հետնորդները, իսկ եթե նրանցից գոնե ոմանք իրենց զգային Մենուայի որդի Արգիշտիի հետևորդներ, նրանք քաղաքը կտեսնեին իբրև նպատակ ու իրենց ծրագրերում հավուր պատշաճի տրանսպորտ, շինարարություն, ասֆալտ, բակեր, աղբահանություն, զուգարաններ, նստարաններ, ճանապարհներ տեսնելուց բացի` քաղաքացուն կնկատեին:
Երևանի ավագանու ընտրությունները քաղաքականացվում են, որովհետև գերքաղաքականացված է մթնոլորտը և լիցքաթափում է պետք, իսկ ցանկացած ընտրություն այդ հնարավորությունը ստեղծում է: Որովհետև նախագահական ընտրություններից հետո քաղաքական ուժերի վերադասավորումը չի ավարտվել: Քաղաքական դաշտն իր հիերարխիան չի հաստատել: Ընդդիմությունը, որ Հայաստանում միասնական չի եղել ու չի կարողանում լինել երկար ժամանակի մեջ, որովհետև մենք եղել ենք (իսկ գուցե դարձել ենք) կարճ տարածությունների ու կարճ ընթացքների մասնագետ, շարունակում է ընտրազանգվածի համար պայքարը, որ այլևս պայքար է ռեսուրսների ու հեռանկարների համար: 2013 թ. Երևանի ավագանու ընտրություններն ավարտում են ընտրական մեծ ցիկլը, տարեկեսից սկսվում է անհետաքրքիր, ամենօրյա, միապաղաղ աշխատանքի շրջան, որից առաջ ռեսուրսներ են պետք, ուղենիշներ ու հնարավորինս մեծ թվով աջակիցներ, որից առաջ յուրաքանչյուր ուժ պետք է իր անելիքները, ծրագրերը, նպատակները ու դրանց իրականացման մեխանիզմները հստակեցրած լինի: Ակնհայտ է, որ երկրում հեղափոխական իրավիճակ չկա, և որևէ արտահերթ ընտրություն` նախագահական կամ խորհրդարանական, այն մշտական հիպոթետիկ պահանջն է, որ ընդդիմադիր ուժերից որևէ մեկը մշտապես ներկայացնում է ամենահայրենասիրական նկատառումներով, և որը դեռ չի կատարվել: Տպավորիչ եզրափակում է պետք քաղաքական ցիկլին, որովհետև հաջորդ ընտրական ցիկլը ակներևաբար լինելու է այլ քաղաքական ուժերի ու այլ առաջնորդների մասնակցությամբ, ուրեմն ավելի մրցակցային ու ավելի անկանխատեսելի այսօր գործող այն քաղաքական ուժերի համար, որ կշարունակեն իշխանության համար պայքարը 2017-2018 թվականներին: Քաղաքական նոր էլիտան ձևավորվելու է այս ընթացքում և ձևավորվելու է անխուսափելիորեն, որովհետև հասարակությունն այլևս պատրաստ է ու պահանջում է այն փոփոխությունները, որոնց գործող քաղաքական ուժերը հիմա պատրաստ չէին օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Այսօր ընտրազանգվածն է ուղղորդում քաղաքական կուսակցություններին, և հրապարակը իր խնդիրները չի լուծել: Մայիսի 5-ին ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ուզում են հենման կետ ստանալ իրենց քաղաքական կարիերայի շարունակման համար` ոմանք ինքնաներկայացման, ոմանք վերադարձի, ոմանք առաջընթացի, ոմանք ինքնահաստատման, ոմանք ինքնապահպանման համար: Դա է նրանց անառիկ ամրոցը, և գուցե այլընտրանք նրանք չունեն: Իրականում հենման կետը պետք է երկրին, պետք է պետությանը, հասարակությանն է պետք, իսկ կուսակցությունները պետք է ոչ թե տրոհեն, այլ նպատակաուղղեն հասարակության ուժերը, և այս դեպքում ոչ մի նշանակություն չունի` իշխանական են, թե ընդդիմադիր, որովհետև այդ հարաբերությունները գործում են միմյանց նկատմամբ, բայց հայրենիքին ընդդիմադիր լինելն անիմաստ ու անհեթեթ է, ժողովրդին ընդդիմադիր լինելը` վտանգավոր:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Երևանը լինելու է նաև Հայաստանի չորրորդ Հանրապետության մայրաքաղաքը: Հայաստանը 12 մայրաքաղաք է ունեցել ու գրեթե կեսը կորցրել, ինչպես մարդկանց, տարածքը, պատմությունը: Աշխարհի ամենաանառիկ ամրոցը այդ ընթացքում եղել ու մնացել է սերը, որ և կառուցել է, և ավերել, և պատերազմել, և հաղթել, և տանուլ տվել, ամենակարևորը` եղել է ու պահել է ընդհանրությունը նրանց, ովքեր իրենց համարում են հայ: Մենուայի որդի Արգիշտիի հետևորդները դա գիտեն, հետնորդները երբեմն մոռանում են: