Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Թուրքիան չի կարող դիտվել որպես «զոհ» կամ տուժած կողմ

Թուրքիան չի կարող  դիտվել որպես «զոհ»  կամ տուժած կողմ
12.03.2013 | 00:50

Թուրքիայի կառավարության պաշտոնական քաղաքականությունը միտված է այն բանին, որ երկիրը դառնա էներգիայի տարանցման կարևորագույն հաղորդուղիների հանգույց։ Այս կապակցությամբ Թուրքիան վարում է էներգամատակարարման մի շարք նախագծերի իրականացման գործում տարբեր պետությունների ու ընկերությունների շահագրգռության մեծացման լայն քաղաքականություն և վերջին տարիներս հաջողությամբ համագործակցում է Արևմուտքում և Արևելքում էներգառեսուրսներ մատակարարողների ու սպառողների հետ։ Միաժամանակ, Թուրքիան շատ նախանձախնդիր է վերաբերվում տարբեր երկրների փորձերին` հաստատելու հաղորդուղիները բազմաճյուղ դարձնելու սկզբունքը, ընդ որում, թուրքական քաղաքականության մեջ նկատվում է ցանկացած այլընտրանքային երթուղի որպես թշնամական և իր շահերը ոտնահարող միտում։ Թուրքական լրատվամիջոցներում և ձախ հայացքներ ունեցող մեկնաբանների ու քաղաքագետների ելույթներում բավական հաճախ պնդումներ են նկատվում ԱՄՆ-ի ու Եվրամիության քաղաքականության երկիմաստության, Արևելքի գործընկերների, այդ թվում` Իրանի և Կենտրոնական Ասիայի պետությունների անհուսալիության մասին։ Բերվում են «Բրիթիշ փեթրոլեում» ընկերության, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների քաղաքականության` Թուրքիայի շահերի տեսանկյունից բացասական հանգամանքներ։ Թուրքիային առանձնապես գրգռում են ԱՄՆ-ի փորձերը` սահմանափակելու էներգետիկ ոլորտի իր հարաբերությունները Կենտրոնական Ասիայի պետությունների հետ։ Բերվում են, երևի ոչ այնքան հիմնավորված, նաև փաստարկներ այն մասին, որ Թուրքիային ձեռնտու չեն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցման և շահագործման պայմանները։

Թուրքիան խիստ անբարյացակամ է վերաբերվում Սև ծովի հատակով Վրաստանից ՈՒկրաինա գազատար կառուցելու մտադրությանը, որը պետք է լինի վաղուց ծրագրված անդրկասպյան գազատարի շարունակությունը և գազը հասցնի Եվրոպա։ Թուրքիան Կենտրոնական Ասիայի գազի պաշարները համարում է իր տնտեսության զարգացման և գազի տարանցման ապահովման կարևոր տնտեսական ռեսուրս։ Այդ երկիրը մասնակցել է 2006 թ. հունիսի 20-21-ին Թբիլիսիում կայացած «Եվրասիայի էներգաանվտանգությունը` ելքը դեպի շուկաներ և ներդրումային քաղաքականությունը» խորհրդաժողովին, որին մասնակցում էին նաև Ադրբեջանի, ՈՒկրաինայի, Մոլդովայի և ԱՄՆ-ի, «Բրիթիշ փեթրոլեում», «Շելլ» և այլ ընկերությունների ներկայացուցիչները։ Արդեն այն ժամանակ թուրքական լրատվամիջոցները Սև ծովով գազատար անցկացնելու մտադրությունը մեկնաբանում էին որպես անհիմն թանկ նախագիծ, որը չունի տնտեսական և տեխնոլոգիական որևէ իմաստ։ Ընդ որում, Եվրամիության դիրքորոշումը շատ ընդգծված էր արտահայտվում. եվրոպացիները Սև ծովով անցնող երթուղին միշտ համարել են խիստ վիճահարույց։ Այդ խորհրդաժողովում հայտարարվեց, որ Վրաստան-ՈՒկրաինա-Եվրոպա ¥ՎՈՒԵվ¤ նախագիծը կարժենա մոտավորապես 2 մլրդ դոլար, իսկ Թուրքիայի ներկայացուցիչը շատ զգուշորեն հիշեցրեց, որ թուրքական գազամուղ համակարգի միջոցով կենտրոնասիական գազի փոխադրման տեսակարար ծախսերը կրկնակի կամ ավելի ցածր են։
Խորհրդաժողովից հետո Վրաստանում Թուրքիայի դեսպանը հայտարարեց, որ, եթե առաջ Վրաստանը չէր պնդում հենց այդ երթուղին, այլ սպասում էր քննարկման փուլերին, ապա հիմա ակնհայտ է դարձել, որ Վրաստանը ավելի հակվում է դեպի սևծովյան երթուղին, ինչը հավանաբար պայմանավորված է արտաքին ազդեցություններով։ Այդ կարծիքը անհիմն չէ։ Վրաստանի համար, իհարկե, ավելի նախընտրելի է ստանալ էներգառեսուրսների տարանցման ևս մեկ գիծ, ինչպես նաև այս անգամ Թուրքիայից զերծ մնալու հնարավորություն, որից ունեցած տնտեսական ու քաղաքական կախումը մեծանում է։
Թբիլիսիի խորհրդաժողովից շատ չանցած տեղի ունեցավ սեմինար` Եվրոպայի էներգամատակարարման բազմաճյուղացման թեմայով, որը կազմակերպել էր «Քեմբրիջի էներգետիկ միավորումը» ¥Բոստոն, ԱՄՆ¤։ Այդ սեմինարում ելույթ ունեցավ ԱՄՆ-ի էներգետիկայի ոլորտի առաջատար փորձագետ, «Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» ¥ՌՄՀԿ¤ էներգետիկ ծրագրի տնօրեն Ռոբերտ Իբելը։ Հատկանշական է, որ Թուրքիան վաղուց ակտիվորեն համագործակցում է Քեմբրիջի միավորման հետ և վերը նշված էներգետիկ ծրագրի հովանավորն է։ Իր ելույթում Ռ. Իբելը ամեն կերպ ժխտում էր Սև ծովի հատակով գազամուղ կառուցելու նպատակահարմարությունը, այդ ծրագիրը գնահատելով որպես շատ վտանգավոր։
Այս իրավիճակը, երևի, կզարգանա, և միանգամայն հնարավոր են առճակատումները, երբ Թուրքիան, առաջ մղելով կենտրոնասիական գազի փոխադրման իր պլանը, միաժամանակ ձգտի զիջումներ կորզել այն դեպքում, եթե, այնուամենայնիվ, ՎՈՒԵվ նախագիծն ավելի նախընտրելի համարվի։ Այսպես թե այնպես, գործ ունենք բնական գազի և առհասարակ էներգառեսուրսների տարանցման գործում Թուրքիայի դերի սահմանափակման նպատակով Արևելյան Եվրոպայի պետությունների և ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի որոշ համերաշխության հետ։ Սա շատ խոցելի քաղաքականություն է, այն նպատակ է հետապնդում Թուրքիան վերադարձնելու հնազանդ քաղաքականության հուն, բայց անգամ այդ պարագայում էներգառեսուրսների տարանցման գործում Թուրքիայի դերի սահմանափակման նպատակը կարող է դիտարկվել որպես ինքնուրույն, Արևմտյան ընկերակցության էներգետիկ անվտանգության խնդրի հետ կապված, փաստորեն, նույն չափով, ինչ չափով տեղի է ունենում Ռուսաստանի դերի սահմանափակումը։ Թուրքիան դառնում է Ռուսաստանի, Իրանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, հնարավոր է նաև Աֆղանստանի գազի պաշարների տարանցման հանգույց։ Դա չափազանց է և միանգամայն անթույլատրելի ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Եվրոպական ընկերակցության համար։
«Արևմտյան քաղաքական կենտրոնը» ¥ԱՔԿ¤ յուրօրինակ հունական լոբբիստական կազմակերպություն է Վաշինգտոնում, որն ստեղծվել և գործում է որոշակի նպատակով։ Դա հույն-թուրքական փոխհարաբերությունների կարգավորումն է ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ առանձին հարցերում։ Այդ խնդրից բացի, կենտրոնը կատարում է մշտական վերլուծություններ և հանձնարարականներ է մշակում Բալկանների և Արևելյան Միջերկրականի, մասամբ նաև Կովկասի քաղաքական տարբեր խնդիրների առնչությամբ, ներառյալ էներգետիկ խնդիրները։ Այդ կազմակերպության` հունական ծագում ունեցող աշխատակիցները պաշտպանում են նախ և առաջ իրենց պատմական հայրենիքի շահերը և խիստ զգուշավոր են վերաբերվում մակերեսային բնույթ կրող նախաձեռնություններին։ Կենտրոնը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի քաղաքացի հանդիսացող հույների կողմից։
Ահա այս կենտրոնում քննության են առնվել Բուրգաս-Ալեքսանդրոպուլոս նավթամուղի խնդիրն ու էներգետիկ այլ նախագծեր։ Կասկածից վեր է, որ այդ քննարկումը կազմակերպված է եղել Բուրգաս-Ալեքսանդրոպուլոս նավթամուղի նախագծի իրականացումը խափանելու ԱՄՆ-ի վարչակազմի ջանքերի շրջանակներում։ ԱՄՆ-ն այդ ջանքերը գործադրում է հնարավոր բոլոր ուղղություններով և ձգտում է այդ գործում ներգրավել ՆԱՏՕ-ին, քանի որ դրանում Արևմտյան Եվրոպայի առանձին պետությունների ներգրավման փորձերը անհաջողությամբ են ավարտվում։
Հիմնական զեկուցման մեջ փորձ է արվել նավթամուղի այդ նախագիծը ներկայացնել որպես հակաարևմտյան, հակաատլանտյան և հետևանք այն բանի, որ Հունաստանն ու Բուլղարիան շեղվել են Արևմտյան ընկերակցության քաղաքականությունից և շահերից։ Այդ նախագծի քննարկմանը ԱՔԿ-ի մասնակցության իմաստն այն է, որ նախագիծը էական վնաս է պատճառում հույն-թուրքական հարաբերություններին, որոնց կարգավորման համար այնքան մեծ ջանքեր են գործադրել ԱՄՆ-ը, Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն։ Միաժամանակ, տպավորություն է ստեղծվել, որ զեկուցողը պաշտպանում է ինչ-որ տեսակետ, որը մերժում է այդ նախագծին կտրական գնահատականներ տալը։ Օրինակ, նշվել է, որ Թուրքիան չի կարող դիտվել որպես «զոհ» կամ տուժած կողմ, քանի որ նա ինքն է ամեն կերպ կասկածի ենթարկել սևծովյան նեղուցներով նավթի փոխադրումը մեծացնելու հնարավորությունը։ Նշվել է, որ Թուրքիան սերտացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ և մեծ հույսեր է կապում ռուսական նավթի ու գազի առաքման ենթակառուցվածք ստեղծելու հետ։ Բացի այդ, ուշադրություն է հրավիրվել էներգետիկ հաղորդուղիների բազմաճյուղացման առնչությամբ ԱՄՆ-ի ու Եվրոպայի քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկի վրա։ Զեկուցողը փորձել է այդ նախագիծը գնահատել որպես Եվրոպայում էներգետիկ հաղորդուղիների բազմաճյուղացման ընդհանուր համակարգի տարր, սակայն, այդուամենայնիվ, հիմնական զեկուցումը բավական հակասական տպավորություն է գործել։ Այդ առնչությամբ քննարկմանը ներկա գտնված ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի գծով նախկին օգնական Էլիզաբեթ Ջոնսը նշել է, որ, հասկանալով նավթի տարանցման գործում որոշակի դեր խաղալու Հունաստանի և Բուլղարիայի ձգտումը, չի կարող համաձայնել այն տեսակետին, որ այդ ուղղությունը կարող է բնորոշվել որպես էներգառեսուրսների փոխադրման տարաճյուղավորում։ Նա նշել է, որ այդ նավթամուղով գլխավորապես կառաքվի ոչ թե ռուսական, այլ ղազախական նավթը, մինչդեռ լավ կլիներ այդ պաշարները հատկացվեին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը նավթով ապահովելուն։
Այդ քննարկմանը զուգընթաց, էներգամատակարարման երթուղիների խնդիրը արտացոլում է գտնում նաև Վաշինգտոնի այլ վերլուծական կենտրոնների մշակումներում։ Օրինակ, Հադսոնի անվան ինստիտուտի ներկայացուցիչ դոկտոր Զենո Բարանը կարծում է, որ Բուրգաս-Ալեքսանդրոպուլոս նավթամուղը, այլ ուղղությունների առկայության պայմաններում, չի կարող շահութաբեր լինել։ Նրա ասելով, այդ նախագիծը խախտում է Կոնստանցա-Տրիեստ, Բուրգաս-Դուրես գծերի կառուցման և Օդեսա-Բրոդի նավթամուղի լցման ծրագրերը։ Հունաստանի դեսպանության ներկայացուցիչը նշել է, որ այդ նավթամուղի նախագծային կարողությունը մեծ չէ և չի կարող վնասել Արևելյան Եվրոպա նավթի առաքման լայնընդգրկուն ծրագրերին։ Իսկ Ռոբերտ Իբելը նկատել է, որ այդ նախագծի ոչ այնքան շահութաբեր լինելու և Արևելյան Եվրոպան նավթով ապահովելու լայնընդգրկուն ծրագրերին վնաս հասցնելու առումով ներկայացվող փաստարկներն այնքան էլ հիմնավոր չեն։ Էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-ի առաջատար մասնագետը նշել է, որ այդ երթուղու անվտանգությունը պայմանավորված է ՆԱՏՕ-ին Բուլղարիայի և Հունաստանի անդամությամբ և Թուրքիայի հետ նրանց գործընկերային հարաբերություններով։ Թեր և դեմ այլ ելույթներ էլ են հնչել։
Այսպիսով, գործ ունենք ԱՄՆ-ի այնպիսի քաղաքականության հետ, որի նպատակն է խափանել Կասպյան ավազանի նավթի ու գազի տարանցման այլընտրանքային երթուղիների ձևավորման փորձերը։ Բուրգաս-Ալեքսանդրոպուլոս նախագծի խափանումը վկայում է, որ չնայած թուրք-ամերիկյան հարաբերությունների սկզբունքային վատացմանը, այնուամենայնիվ, Թուրքիայի և ԱՄՆ-ի համագործակցության և փոխըմբռնման զգալի ռեզերվներ դեռևս կան։ Այդ նախագծի խափանումը, որում Բուլղարիան «գործիքի» դեր ուներ, բավական կտրուկ շրջադարձ եղավ Սևծովյան տարածաշրջանում էներգամատակարարման իրավիճակում, և Ռուսաստանը հասկացավ, որ իրեն շատ ավելի ծանր աշխարհատնտեսական պայքար է սպասում այդ ոլորտում դիրքեր նվաճելու համար։ Եթե անգամ Ռուսաստանը չկարողանար խափանել անդրկասպյան գազատարը, ինչպես նաև «Նաբուկոն», ապա Բուրգաս-Ալեքսանդրոպուլոս նավթամուղի կառուցումը հսկայական հաջողություն կնշանակեր` որպես արևմտյան ուղղությամբ նավթի արտահանման այլընտրանքային երթուղի Ռուսաստանի համար։ Բուլղարիան և Հունաստանը անընդունակ եղան ինքնուրույն մասնակիցներ լինելու այդ խաղում, և ցուցադրեցին իրենց լիակատար սնանկությունը որպես աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գործընկերներ։ Առայժմ տեղեկություններ չկան, թե Ռուսաստանը որքան է պատրաստ շարունակելու Բուրգաս-Ալեքսանդրոպուլոս նախագծի հաստատման փորձերը, բայց, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը որոշում կընդունի կամ արդեն ընդունել է` որոնել այլ երթուղիներ, որոնք կախում չունենան Բալկանների և Կենտրոնական-Արևելյան Եվրոպայի կախյալ երկրներում տիրող իրադրությունից, Կենտրոնական Ասիայի պետություններն ավելի ու ավելի են արտաքին քաղաքականության մեջ ցուցադրում նույնպիսի անվստահություն, ինչպիսին դրսևորում են Բալկանների ու Կենտրոնական-Արևելյան Եվրոպայի երկրները, և տարբերությունն այն է, որ այդ տարածաշրջանում, ի տարբերություն Եվրոպայի, ավելի ու ավելի մեծ դեր է խաղում Չինաստանը։
Էներգետիկ քաղաքականությունը կարևոր թեմա է, որտեղ ԱՄՆ-ի ու Թուրքիայի շահերը զուգադիպում են, ու չնայած ԱՄՆ-ն ու Եվրոպան չեն ուզում Թուրքիայից կախում ունենալ էներգետիկ հաղորդուղիների ոլորտում, ուժի համաշխարհային երկու կենտրոնն էլ այնքան բազմաճյուղ են դարձրել իրենց արտաքին հաղորդուղիները, որ Թուրքիայի դերը մի առանձին նշանակություն չի ունենա Եվրոպայի էներգետիկ համակարգում։ Առայժմ աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական դիրքերից Ռուսաստանը դուրս թողնելու խնդիրը հետին պլան է մղում Թուրքիայի հետ կապված բոլոր վտանգները։ Սակայն Թուրքիան, փաստորեն, դարձել է մի կարևոր խոչընդոտ և այս կամ այն չափով վնասում է Ռուսաստանից դեպի Եվրոպա գազի մղման սխեմայի հաջող ծավալմանը, ինչը վտանգում է վստահալից հարաբերությունները երկու պետությունների միջև։ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ, ինչ-որ չափով, այլընտրանք են ստեղծել «Հարավային հոսքի» համար, ինչը Ռուսաստանի և այդ երկրների միջև վստահության խաթարման լուրջ պատճառ է դարձել։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2564

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ