38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ԳՈՒՑԵ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՏՐԵԼ ԵՆ ՆԱև ՄԵՐ ՕԱԶԻՍԸ ԶՈՎԱՑՆՈՂ ԱՅԴ ԵՐԵՔ ԱՐՄԱՎԵՆԻ՞Ն

ԳՈՒՑԵ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՏՐԵԼ ԵՆ ՆԱև ՄԵՐ ՕԱԶԻՍԸ ԶՈՎԱՑՆՈՂ ԱՅԴ ԵՐԵՔ ԱՐՄԱՎԵՆԻ՞Ն
23.12.2011 | 00:00

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ-140
Փիլիսոփա Վլադիմիր Սոլովյովը երկրային կյանքի, աշխարհի իմաստը տեսնում էր համայն մարդկության միաբանության մեջ։ Միաբանության ամենադյուրին և հուսալի միջոցը մշակույթն է, արվեստը։ Ըստ Հայնրիխ Հայնեի` փիլիսոփա Յոհան Հերդերը «համայն մարդկությունը դիտում էր որպես մի վիթխարի տավիղ` Արարչի ձեռքում, և յուրաքանչյուր ժողովուրդ այդ տավիղի յուրօրինակ լարերից մեկն է, այն ուսումնասիրելով, նա ըմբռնում էր այդ տարաբնույթ հնչյունների համապարփակ ներդաշնակությունը» (Л. Кессель, Гете и западно-восточный диван, М., 1973, стр. 27)։
Այս տավիղի «լարերից» մեկն էլ հայ ժողովուրդն է, բայց ոչ «լացակումած»։ Կոմիտասն ասում էր. «...Հայ երաժշտությունը ոչ միայն մեղկ ու տխուր չէ, այլև համակ ուժ է և կենդանություն» (Կոմիտաս, Հոդվածներ և ուսումնասիրություններ, Ե., 1941, էջ 195)։ Եվ մեր երաժշտության, հետևաբար և հայ ոգու զորացման գործում անգնահատելի է հենց Կոմիտասի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Արամ Խաչատրյանի և այլ մեծերի գործունեությունը, ովքեր «մեր հին սազի ողբանվագ լարը» վերածեցին հաղթական «սիմֆոնիայի»։ Ավելին, Կոմիտասը և Սպենդիարյանը հիմք դրեցին Արևելքի և Արևմուտքի քաղաքակրթությունների հաշտեցման և ներդաշնակման գործին, որը կատարելության հասցրեց Արամ Խաչատրյանը։ Արևելյան հոգու հրահեղուկը, կենարար «նիագարան» մեր արվեստագետները հասու դարձրին համայն աշխարհին` Արևմուտքում մշակված ձևերի և ժանրերի միջոցով։ Այսպիսով միաձուլվեցին հուզականը` բանականին, հավերժը, աստվածայինը` մարդկայինին։ Չէ՞ որ հայտնի է. «Լույսը ծագում է Արևելքից»։ Այս առումով Գյոթեն գրել է. «Իմ մտադրությունն էր ուրախությամբ կապել Արևմուտքը և Արևելքը, անցյալը ներկային, պարսկականը` գերմանականին և ըմբռնել նրանց բարքերն ու մտածելակերպը փոխկապակցվածության մեջ, հասկանալ մեկը մյուսի միջոցով» (խ. ԽպրրպսՖ, ... րՑՐ. 29)։ Ինչպես չհիշել Ալեքսանդր Սպենդիարյանի «Պարսկական քայլերգը»` «Ալմաստ» օպերայից (1916-28), և առհասարակ, Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը, որի հիման վրա գրված է այս օպերան։ Պոեմում պատկերված հայ ժողովրդի ազատագրական պայքարն ընդդեմ պարսիկ զավթիչների կոմպոզիտորն արտացոլել է Եվրոպայում ձևավորված սիմֆոնիկ նվագախմբի, օպերային ժանրի միջոցով։ Տարբեր ժողովուրդների մշակութային նվաճումների մի փունջ են կազմում նաև ռուսական, ուկրաինական, թաթարական, հրեական ու այլ երգերի և պարեղանակների մշակումները։ Ըստ դոկտոր Գեորգի Տիգրանովի, եթե «Արշակ II»-ը առաջին հայկական պատմական-ռոմանտիկական օպերան է, «Անուշը»` առաջին քնարական-կենցաղային օպերան, ապա «Ալմաստը» առաջին հայկական հերոսական-հայրենասիրական օպերան է։
1933 թ. հունվարի 20-ին «Ալմաստի» ներկայացումը ազդարարեց Հայաստանի պետական օպերային թատրոնի ծնունդը։ Մինչ այդ «Ալմաստը» բեմադրվել էր Մոսկվայի Մեծ թատրոնի մասնաճյուղում (1930), Օդեսայում (1930)։ Մեծ թատրոնի բեմում «Ալմաստ» օպերայով բացվեց Հայ արվեստի և գրականության տասնօրյակը Մոսկվայում (1939)։ Օպերան մեծ հնչեղություն ստացավ։
Մեջբերենք մի քանի արձագանք։ Անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Գլազունովը գրել է. «Ես անկեղծորեն համոզված եմ, որ «Ալմաստը»... կարժանանա վիթխարի հաջողության, ինչն առավել կամրապնդի ժողովրդական կոմպոզիտորի փառքը» (Слово о Спендиарове, составитель Вл. Бальян, Е., 1971, стр. 73)։ Նախապես հայցում եմ ընթերցողի ներողամտությունը մեջբերումներիս երկարության և առատության համար, պարզապես չես համարձակվում, ափսոսում ես ընդհատել, երբ մեծերն են խոսում մեծերի մասին։ Ալմաստի առաջին դերակատար Մարիա Մակսակովան գրել է. «Ալմաստի դերի վրա աշխատանքը իմ ստեղծագործական կյանքում մնաց որպես ամենավառ հիշողություն» (նույն, էջ 77)։ «Ալմաստն» իր շքեղությամբ ցնցեց ինձ» (Անտոնինա Նեժդանովա, նույն, էջ 78)։
«Սպենդիարյանի երաժշտությունը լի է հմայիչ թարմությամբ, անկեղծությամբ, կերպարային արտահայտչականությամբ և հայ արվեստի հետ օրգանական կապով» (Շոստակովիչ, նույն, էջ 79)։
«Ալմաստ» օպերան նշանակալի ստեղծագործություն է, որով կարող են հպարտանալ շատ ժողովուրդներ» (Ավետ Ավետիսյան, նույն, էջ 82)։
Դեպի «Ալմաստի» բարձունքները տանող ճանապարհը երկար և փշոտ էր։ Փոքրիկ Ալեքսանդրի երաժշտական, բանաստեղծական ունակությունները նկատել էր դեռ Հովհաննես Այվազովսկին։ 1890 թ. 19-ամյա Սպենդիարյանը Վիեննայի թատրոնում լսեց Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերան։ Այդ պահից կոմպոզիտորը սիրեց նվագախումբը և, ինչպես ինքն է խոստովանել, «էկզոտիկ երանգը երաժշտության մեջ»։
Մոսկվայի համալսարանում ուսանելու տարիներին (1890-1896) նա ծանոթանում է դիրիժոր Կոնստանտին Սարաջևի, բանաստեղծ Յուրի Վեսելովսկու, կոմպոզիտոր Սերգեյ Վասիլենկոյի և այլոց հետ։ Վերջինս գրել է. «Ջանասիրաբար պարապելով, մենք նրա հետ նվագել ենք Բեթհովենի, Գրիգի, Սեզար Ֆրանկի բոլոր սոնատները ջութակի և դաշնամուրի համար։ Ալեքսանդր Աֆանասևիչը գերազանց ջութակահար էր» (նույն, էջ 14-15)։ Սպենդիարյանը վաղուց էր երազում սովորել Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի մոտ, և դա իրականացավ բախտորոշ 1896 թ.։ Նա Մոսկվայից տեղափոխվեց Պետերբուրգ և դարձավ վարպետի ամենասիրելի և հայտնի սաներից մեկը։
Սպենդիարյանի առաջին իսկ ստեղծագործությունները գրավեցին հանրության ուշադրությունը։ Դրանք էին «Կոնցերտային նախերգանքը»` նվիրված ուսուցչին, «Ղրիմի էսքիզների» առաջին շարքը` նվիրված Այվազովսկուն, և աշխարհահռչակ «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը (ըստ Մ. Լերմոնտովի)։ Շուտով այն արժանացավ բարձր գնահատականի։ Նկատի ունենալով իր սանի արևելյան ծագումը, Ռիմսկի-Կորսակովը գրել է. «Ինչպես ասում են, Արևելքը Ձեր արյան մեջ է, և այդ պատճառով այդ բնույթի երաժշտության մեջ Դուք ավելի ճշմարիտ և արժեքավոր բան կարող եք ստեղծել։ Ոչ թե ինձ նման. իմ Արևելքը մտացածին է» (նույն, էջ 21)։ Եվ սա ասում է «Շեհերազադեի», «Անթարի» և այլ օրիենտալ` արևելապաշտական գլուխգործոցների հեղինակը։ Նույն թվականին, Պետերբուրգում հեղինակային կատարման առիթով, «Ռուսական երաժշտական թերթը» գրել է. «Նա անմիջապես տիրեց ունկնդրին, պարզապես հմայեց... բոլորը ցնցված էին և հիացած նրա տաղանդով... «Երեք արմավենին» այլ կերպ չես անվանի, եթե ոչ հիասքանչ գլուխգործոց» (նույն, էջ 28)։ Սպենդիարյանի արվեստը գնահատելիս շատերն են գործածել «ցնցվել եմ» բառը` Վասիլենկոն, Գնեսինը և այլք։ Սպենդիարյանն ուղերձներ էր ստանում նաև նախքան իր գործերը կատարելը կամ այլ առիթներով։ Ա. Գլազունովը տեղեկացնում է, որ «Երեք արմավենին» պատրաստվում է կատարելու Մոսկվայում։ Կայսերական ռուսական երաժշտական ընկերության Խարկովի բաժանմունքի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել Սպենդիարյանին «Երեք արմավենու» և «Ղրիմի էսքիզների» հեղինակային բարձր կատարման համար։ «Երեք արմավենու» երաժշտությամբ բալետ բեմադրելու խնդրանքով հեղինակին դիմել է Միխայիլ Ֆոկինը։ Եվ այն կայացավ 1913 թ. Բեռլինում։ Պրեմիերային ներկա էր հանճարեղ դիրիժոր Արթուր Նիկիշը։ Ահա նրա գնահատականը. «Այդ ստեղծագործությունն իր թարմությամբ հիշեցնում է Գրիգին, և միևնույն ժամանակ, դա Ձեր հիանալի Արևելքն է» (նույն, էջ 35)։ Իսկ մինչ այդ, 1912 թ., այն հնչել էր Միլանի հռչակավոր «La Scala» թատրոնում։ Դեռ 1908 թ. «Երեք արմավենի» պատկերի համար Սպենդիարյանն արժանացել էր բարձր պարգևի` Գլինկայի անվան մրցանակի։ Բավական է նշել, որ նույն մրցանակը շնորհվել է նաև Ռախմանինովին` Մի-մինոր սիմֆոնիայի, Սկրյաբինին` հանճարեղ «Էքստազ պոեմի» և Տանեևին` «Տրիոյի» համար։ Այդ մրցանակին Սպենդիարյանն արժանացել է նաև «Բեդա-քարոզիչը» լեգենդի և «Մենք կհանգստանանք» մելոդեկլամացիայի համար (ըստ Չեխովի)։
Սպենդիարյանը նաև հմուտ դիրիժոր էր, հեղինակային համերգներով հանդես էր գալիս Մոսկվայում, Պետերբուրգում, Ղրիմում, Երևանում, Թիֆլիսում և այլուր։
Դեռ 1908 թ. «Ռուսական երաժշտական թերթը» գրել է. «Կոմպոզիտորը նաև գերազանց դիրիժոր է` խաղաղ, նրա ժեստերի ազնվությունը, վստահությունը, նվագախմբից բխեցնող նրբերանգների գեղեցկությունը, նրբությունը թողնում են ամենաշահեկան տպավորություն»։ Տարիներ անց Առնո Բաբաջանյանը պիտի ասեր. «Ալեքսանդր Սպենդիարյանին ես շատ բարձր եմ գնահատում ոչ միայն որպես կոմպոզիտորի, այլ նաև որպես դիրիժորի։ Բոլոր նրանք, ովքեր տեսել ու լսել են նրան, նույնն են ասում։ Նա մեծ դիրիժոր էր»... 1924-ին լուսավորության ժողկոմ Ասքանազ Մռավյանը Սպենդիարյանին հրավիրել է Հայաստան` գլխավորելու երաժշտության բնագավառը։ Եվ շուտով կոմպոզիտորի ղեկավարությամբ կոնսերվատորիայի և իր գործընկերների ուժերով հիմք դրվեց սիմֆոնիկ նվագախմբի և, դրանով հանդերձ, օպերային թատրոնի ձևավորմանը։
Սպենդիարյանի համերգները Երևանում պատմական նշանակություն ունեցան, մասնավորապես 1925 թ. մարտի 27-ի և 28-ի ելույթները։ Կուլտուրայի տանը Սպենդիարյանի և Արշակ Ադամյանի ղեկավարությամբ պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը կատարեց Բեթհովենի առաջին սիմֆոնիան, Սպենդիարյանի «Երևանյան էտյուդները», «Ղրիմի էսքիզները»։ Նշենք նաև Բեթհովենի մահվան 100-ամյակին նվիրված համերգները (1927 թ. մարտի 26, 28) և կոմպոզիտորի ղեկավարած վերջին համերգները, որոնք տեղի ունեցան 1928 թ. մարտի 28-29-ին։ Հնչեցին Բեթհովենի «Էգմոնտ» նախերգանքը և Սպենդիարյանի «Ձկնորսն ու փերին» բալլադը։ Նույն թվականի մայիսի 7-ին կոմպոզիտորը մահացավ, ավելի ստույգ` անմահացավ։
Սպենդիարյան մարդ-քաղաքացու, հասարակական գործչի առաքինությունները նույնպես օրինակելի էին, և ըստ արժանվույն գնահատվել են ժամանակակիցների կողմից։
Կոմպոզիտորը շփվել է այնպիսի արվեստագետների, գրողների հետ, որպիսիք էին Ռախմանինովը, Շալյապինը, Չեխովը, Գորկին, պարուհի Աննա Պավլովան և այլ մեծեր։
Սպենդիարյանի անունն անբաժան էր Հայաստանից, հայ ժողովրդից։
Ստեղծագործունեության 25-ամյակի կապակցությամբ կոմպոզիտոր Գլազունովը և երաժշտագետ Օսսովսկին, նշելով այն, որ Սպենդիարյանը միաձուլել է ռուսական դպրոցի ավանդույթները և Արևելքի ազգային երաժշտության հարստությունը, բացականչում են. «Կեցցե՜ Հայաստանը, կեցցե՜ իր հավատարիմ զավակ Ալեքսանդր Սպենդիարյանը»։ Սպենդիարյանը մեծ սեր էր վայելում նաև Կովկասում։ Ի նշանավորումն կոմպոզիտորի հոբելյանի, Վրաստանի լուսավորության ժողկոմատը Թբիլիսիի կոնսերվատորիայում սահմանել էր Սպենդիարյանի անվան թոշակ։
Իսկ ադրբեջանցի կոմպոզիտոր ՈՒզեիր Հաջիբեկովն այսպես է շնորհավորել հոբելյարին. «Հղում եմ իմ անկեղծ շնորհավորանքները դյութական «Երեք արմավենու» հեղինակին և մաղթում նրան երկար, արգասաբեր կյանք ի շահ Արևելքի ժողովուրդների արվեստի հետագա զարգացման» (նույն, էջ 63)։
Նույն Գլազունովի հրավերով Սպենդիարյանը, որպես պատվավոր անդամ, ընդգրկվել է Շուբերտի ծննդյան 100-ամյակի կազմկոմիտեում։ Բավական է նշել, որ նույն կոմիտեի անդամներն էին Ռիխարդ Շտրաուսը, Վիլհելմ Ֆուրտվենգլերը, Կարոլ Շիմանովսկին և այլք։ Իպոլիտով-Իվանովը կոմպոզիտորին համարում էր Հայաստանի ազգային հպարտությունը և համաշխարհային կարգի մեծ դիրիժոր։
Փարիզից Մարտիրոս Սարյանը, դոկտոր Կամսարականը գրել են. «Թո՛ղ հնչի մեր հայրենի հողի սազը։ Կարոտել ենք քո երգերը» (նույն, էջ 61)։ Արամ Խաչատրյանը նշել է Սպենդիարյանի ազնվությունը, հմայքը, բարյացակամությունը, համարել նրան Մարդ մեծատառով։ Անվանի դերասանուհի Ֆաինա Ռանևսկայան պատմում է, թե ինչպես մի վատ կազմակերպված համերգից հետո, որի հասույթը բավական չէր երաժիշտներին վճարելու համար, կոմպոզիտորը որոշում է վաճառել իր ժամացույցը` համերգի մասնակից երաժիշտներին վարձատրելու համար։ Եվ լավ էր, որ Սիմֆերոպոլի իր ընկերները հոգացին այդ համերգի ծախսերը։ Ակադեմիկոս Ասաֆևին գրավել են կոմպոզիտորի համեստությունը, տաղանդը, որը «չի աղմկում»... Այսօր, առավել ևս, Սպենդիարյանը «չի աղմկում», այլ աղմկում են նրա շիրիմը շրջափակած սրճարանների բարձրախոսները, որոնցից գիշեր-ցերեկ հորդում են խառնիճաղանջ երաժշտության բիրտ հնչյունները, հեղեղելով նրա անունը կրող Ազգային օպերային թատրոնի հրապարակը, գերեզմանում էլ խանգարելով նրա անդորրը։ Ակամա հիշում ես Ավետիք Իսահակյանի հայրենաբաղձ ապրումները։ «Վենետիկյան ոսկեվառ աշնան մի երազական երեկո նստել էի Սան Մարկոյի մարմարակերտ պիացիայի մի սրճարանում` հայացքս հառած ոսկեզօծվող ծովին ու դոժերի հեքիաթական պալատին` լսում էի բանդա Մունիչիպալեին (քաղաքային օրկեստրին), որ նվագում էր պիացիայի վրա։
...Հանկարծ լսում եմ հարազատ, սրտագին ձայներ` հայրենիքից եկած։ Սիրտս զարկում է ուժգին. ի՞նչ է սա, պատրա՞նք է, երա՞զ է, որտեղի՞ց է...
Իսկույն կանչում եմ սպասավորին, խնդրում եմ` գնա իմանա, թե ի՞նչ պիես են նվագում։ Գալիս հայտնում է` Սպենդիարով-էսքիզներ... Այնուհետև շատ անգամ լսում էի նրան, մանավանդ Միլանում, ուր ամեն օր նվագում էին նրա գործերից» (Լ. Հախվերդյան, Իսահակյանի կյանքն ու գործը, Ե., 1974, էջ 145)։
Զարմանում ես. մի՞թե Վիվալդի, Վերդի ունեցող իտալացիները կարիք ունեն Սպենդիարյանի, Կոմիտասի, Խաչատրյանի երաժշտության, իսկ հայերս` ոչ։ Դա առավել զարմանալի է, եթե նկատի առնենք այն, որ Իսահակյանը խոսում է 1924 թ. մասին։ Մինչդեռ, ինչպես նշեցինք, Միլանում Սպենդիարյանի երաժշտությունը հնչել է դեռ 1912-ից։ ՈՒրեմն 12 տարի հետո էլ իտալացիք նույն անհագուրդ ծարավով շարունակում էին լսել մեր մեծ հայի անթառամ երաժշտությունը։
Եվ այս ամենից հետո Սպենդիարյանը ինքնակենսագրությունում խոստովանել է, թե իր առօրյա կյանքում նշանավոր իրադարձություններ չեն եղել։
Ի՞նչ տեղ է գրավում այսօր Սպենդիարյանի արվեստը մեր կյանքում։ Երաժշտական դպրոցներից մեկում մի աշակերտ դաշնամուր էր նվագում։ Նա նստել էր մի ստվար գրքի վրա։ Պարզվեց, որ դա Սպենդիարյանի ստեղծագործությունների ժողովածուի հատորներից մեկն է։ Հարցրի ուսուցչին, նա ասաց, թե հատորը դրել են, որ երեխայի ձեռքերը հասնեն դաշնամուրի ստեղնաշարին։ Դաշնակահարը նշեց, որ Սպենդիարյանի հատորները նույն նպատակով օգտագործվում են գրեթե բոլոր դպրոցներում։ «Ավելի վատ»,- ասացի ես և հիշեցրի Սիլվա Կապուտիկյանի «Էրվում եմ» բանաստեղծությունը, որտեղ նրա սիրտը վառվում է, տեսնելով, թե ինչպես Կոմիտասի երգի սկավառակի վրա երիտասարդը դրել է մի ինքնաշեն սկավառակ և նվագարկիչով լսում է անբարո մի երգ։ Ո՛չ Կոմիտասը, ո՛չ Սպենդիարյանը չէին կարող պատկերացնել, որ ապագայում նման «մասսայականություն» պիտի վայելեն։ Հակոբ Կոջոյանի ձևավորած Սպենդիարյանի հատորների գինը ժամանակին փուլ առ փուլ իջեցրել են և, վերջում, ռուսերենով ու հայերենով դրոշմել «Անվճար» կնիքը։ Հետագայում դրանք բաշխել են դպրոցներին։ Ի դեպ, ակադեմիական հրատարակության այդ ժողովածուի առաջին հատորը լույս է տեսել 1943-ին` Երկրորդ աշխարհամարտի թեժ օրերին, և դրա կարիքը կար։ Հիմա էլ նստած այդ հանճարեղ հատորների վրա` նվագում են հաճախ անարժեք երաժշտություն։ Հիշում եմ նաև այն գաճաճին, որ գրադարանում պահանջում էր մի բառարան, և երբ նրան հարցրել էին, թե ո՞ր լեզվի բառարանը, նա պատասխանել էր. «Միևնույն է, ես պիտի բառարանի վրա նստեմ ու... թերթ կարդամ»։ Այսօր շատացել են «գաճաճները», ովքեր հսկաների ուսերի վրա կանգնած կամ նստած, նվագում են, երգում, նվագախմբեր, ինչպես նաև ոչ նվագախմբեր ղեկավարում։ Վաղուց չեն լսվում «Երեք արմավենու» քարավանի զանգակները, որոնք Ռիմսկի-Կորսակովը անվանել էր «Սպենդիարոֆոն»։ Գուցե համատարած ծառահատումների ընթացքում կտրել են նաև մեր օազիսը զովացնող այդ երեք արմավենի՞ն...
Դանիել ԵՐԱԺԻՇՏ
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

Դիտվել է՝ 3213

Մեկնաբանություններ