Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Որևէ ձևակերպում չպետք է լինի, թե Հայաստանն այս կամ այն ձևով ճանաչում է այսօրվա փաստացի սահմանները»

«Որևէ ձևակերպում չպետք է լինի, թե Հայաստանն այս կամ այն ձևով ճանաչում է այսօրվա փաստացի սահմանները»
26.06.2009 | 00:00

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱՆ, ՈՐ ԻՆՉ-ՈՐ ՉԱՓՈՎ ՇԵՂՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ»
Հայ-թուրքական հարաբերություններում ստեղծված և հնարավոր հետագա զարգացումները մեկնաբանում է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու, դաշնակցական գործիչ ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԸ:
-Պարոն Մանոյան, նախօրեին ՀՅԴ բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանը ներկայացրեց տնտեսագիտական վերլուծություն` հայ-թուրքական սահմանի բացման և Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների հաստատման հնարավոր հետևանքների մասին։ Կարելի՞ է սա դիտարկել իբրև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացում Հայաստանի իշխանությունների քաղաքականությանը հակադրվելու` դաշնակցության առաջին կոնցեպտուալ քայլ։
-Ես ձեռնպահ կմնայի այդպիսի դատողություններից, որովհետև այդ ուսումնասիրությունն իրականացվել է ՀՅԴ բյուրոյի հանձնարարությամբ և Դավիթ Լոքյանի ղեկավարությամբ։ Այդ համալիր վերլուծության ձևավորմանը մասնակցել են նաև ոչ կուսակցական, պրոֆեսիոնալ տնտեսագետներ, և դրա նպատակը ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը խոչընդոտելն է, այլ որ Հայաստանը նախապատրաստված լինի հետագա զարգացումներին։ Մենք չենք բացառում, որ, այնուհանդերձ, նաև Թուրքիայի վրա իրականացված արտաքին ճնշման արդյունքում սահմանը բացվի, ստեղծվի տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություն։ Սակայն այսօր մենք դրան պատրաստ չենք։
Ինչպես նշեց Դավիթ Լոքյանը, մենք պետք է Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններին նախապատրաստվենք երկու առումով։ Առաջին հերթին պետք է համապատասխան օրենսդրական դաշտ ստեղծել, և ապա, եթե իսկապես տնտեսական հարաբերությունների զարգացման նախապայմաններ ստեղծվեն, ու սահմանը բացվի, պետք է բանակցել Թուրքիայի հետ։ Որովհետև մեր պրոբլեմների մի մասը պայմանավորված է լինելու Թուրքիայի գործող օրենսդրությամբ ու մոտեցումներով։
-Այսինքն` այսօրվա դրությամբ սահմանի բացման պարագայում մենք տնտեսապես տուժելո՞ւ ենք։
-Եթե մնանք այս վիճակում, այո՛, որովհետև Թուրքիան ունի իր ներքին արտադրությունը խթանող և արտահանումը խրախուսող լուրջ օրենսդրական դաշտ։ Բայց սա չի նշանակում, որ մենք հավիտենապես պետք է սահմանը փակ պահենք, եթե, իսկապես, առանց նախապայմանների այն բացելու հնարավորություններ ստեղծվեն։ Այդ պատճառով էլ մեր ներկայացրած ուսումնասիրության մեջ կոնկրետ նշված էին այն ոլորտները, որտեղ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ` Հայաստանի ներքին արտադրողների շահերը պաշտպանելու համար։ Թեպետ դրանք մեզ պետք են ոչ միայն Թուրքիայի հետ հարաբերությունների, այլև, առհասարակ, մեր բոլոր հարևանների հետ տնտեսական դաշտում գործակցության պայմաններում։
-Թուրքիայում տեղի ունեցավ արտգործնախարարի փոփոխություն, և կան կարծիքներ, որ Թուրքիայի քաղաքական գիծը Հայաստանի նկատմամբ կրկին կոշտանալու է։ Ձեր մեկնաբանությունը։
-Չեմ կարծում, թե դա միայն արտգործնախարարի անձով է պայմանավորված լինելու։ Թեպետ արժե նկատի ունենալ այն հանգամանքը, որ Ալի Բաբաջանը պրոֆեսիոնալ դիվանագետ չէր։ Նա տնտեսագետ է, ժամանակին նշանակվեց Եվրամիության հետ բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ և հետո` արտգործնախարար։ Նոր կամ ներկայիս արտգործնախարարն ի սկզբանե վարչապետ Էրդողանի խորհրդականն էր արտաքին քաղաքականության գծով։ Այսինքն, նա Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական տեսաբաններից մեկն էր ու, ըստ այդմ, նրա նշանակումն արտգործնախարարի պաշտոնում այդ պաշտոնն ավելի ազդեցիկ է դարձնում։ Ես չէի ասի, թե Թուրքիայի քաղաքականության մեջ այս պահին կտրուկ փոփոխություններ են եղել, առայժմ շարունակվում է այն գիծը, որը սկիզբ առավ նախագահ Օբամայի` Ստամբուլ կատարած այցից հետո։
-Ինչ-որ չափով նաև Հայաստանի ղեկավարության գործողությունների պատճառով Օբաման ապրիլի 24-ին խուսափեց Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից։ Արդյոք դա հանգեցրե՞լ է նրա նկատմամբ վերաբերմունքի փոփոխության ԱՄՆ-ի հայկական համայնքում։
-Ամերիկահայության մեջ, անշուշտ, կա որոշակի հիասթափություն, բայց, բարեբախտաբար, ոչ հուսահատություն։ Ամերիկահայ համայնքը քաղաքականապես լավ է կազմակերպված և իր դիրքորոշումը կարող է քաղաքական միջոցներով ներկայացնել ինչպես նախագահին, այնպես էլ ԱՄՆ-ի քաղաքական շրջանակներին։ Իհարկե, ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները Կոնգրեսում նախկին ակտիվությունը չեն ցուցաբերում ցեղասպանության հարցում։ Դա պայմանավորված է նրանով, որ նախորդ նախագահին իրենք ընդդիմություն էին, իսկ նոր նախագահն իրենց կուսակցությունից է։ Բայց դա չի նշանակում, թե նրանց սկզբունքային մոտեցումը փոխվել է։
Մյուս կողմից, վերաբերմունքի դինամիկայի փոփոխության միջոցներից մեկն էլ ընտրությունների ժամանակ հայ համայնքի ցուցաբերելիք կեցվածքն է։ Որովհետև երկու տարին մեկ անգամ Կոնգրեսի վերահսկիչ ընտրություններ են տեղի ունենում, և ես վստահ եմ, որ ԱՄՆ-ի հայ համայնքը, Հայ դատի հանձնախումբը համապատասխան աշխատանքներ տանելու են, և ձգտելու ենք խնդիրն առաջ մղել առաջիկա ամիսներին։
-Նախանցած տարի Հայոց ցեղասպանության մասին Կոնգրեսի ենթահանձնաժողովում հավանության արժանացած բանաձևը շարունակո՞ւմ է մնալ Կոնգրեսի օրակարգում։
-Այո՛։ Պարզապես այն քվեարկության դնելու համար անհրաժեշտ թվով ստորագրություններ են պետք։ Բանաձևն օրակարգում քննարկման կդրվի և ընդունվելու մեծ հավանականություն կունենա, եթե իրենց ստորագրություններով աջակցեն 230 կոնգրեսականներ։ Այս պահին իրենց այդ պատրաստակամությունը հաստատել է դրա մոտավորապես կեսը։ Իհարկե, կարևոր նշանակություն կունենա նաև այն, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը հիմա Ամերիկայում է և այնտեղ է մեկնել հատկապես հայ համայնքի հետ հանդիպումների համար։
-Կան կարծիքներ, որ նա ուղղակի մեկնել է համայնքին հանգստացնելու, պարզաբանելու, թե ինչու խնդիրը բարձրացնելն այսօր նպատակահարմար չէ` իրենց տեսանկյունից։
-Ինքս էլ չեմ բացառում, որ այդպես է։ Բայց դա նաև հնարավորություն է տալիս, որ համայնքը, ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպությունները, կուսակցությունները նույնպես իրենց ասելիքն ասեն։
-Ըստ Ձեզ, այս փուլում ստեղծվե՞լ է հակասություն Հայաստանի և սփյուռքի միջև ցեղասպանության ճանաչման հետ կապված։
-Ո՛չ, որովհետև Հայաստանը միայն իշխանությունները չեն, կան նաև այլ քաղաքական բևեռներ, ուժեր, որոնք այս հարցում չեն կիսում իշխանությունների դիրքորոշումը։ Անկասկած, անհրաժեշտ է խուսափել նման հակադրության ստեղծումից, որովհետև դրա հետևանքները շտկելը հետո շատ դժվար է լինելու։ Իշխանություններն էլ պետք է հասկանան, որ ինչ-որ չափով շեղվել են Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունից։ Եվ դա էր պատճառներից մեկը, որ դաշնակցությունը դուրս եկավ կառավարող կոալիցիայից։ Որովհետև իշխանության մոտեցումները չեն համապատասխանում այն նույն փաստաթղթի էությանը, որ ընդունվել էր երկու-երեք տարի առաջ, երբ այս իշխանության առաջին դեմքերն այլ պաշտոններ ունեին։
-Իշխանությունները, հատկապես ՀՀԿ-ի ներկայացուցիչները, պնդում են, որ սկզբունքային փոփոխություն տեղի չի ունեցել։
-Հասկանալի է, բայց ձեռնարկվող քայլերն ասվածին համահունչ չեն։ Ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի համար պատմական հարց չէ, զուտ բարոյական խնդիր չէ, այլ ազգային անվտանգության հիմնախնդիր։ Դա արտահայտված է նաև ազգային անվտանգության ռազմավարության մեջ, իսկ իշխանության քայլերը դրան անհամապատասխան են։
-Համարում եք, որ մենք շատ արագ խաբվեցի՞նք` սահմանի բացման խոստումներն իրականության տեղ ընդունելով։
-Երբ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց այդ գործընթացը` մեկ տարի առաջ Աբդուլլահ Գյուլին հայտնի հրավերն ուղարկելով, չեմ կարծում, որ համոզված էր, թե կլինի Թուրքիայի համարժեք դրական արձագանքը։ Բայց 2008-ի օգոստոսին տեղի ունեցավ ռուս-վրացական պատերազմը, որը տարածաշրջանում մեծ փոփոխությունների հանգեցրեց. Թուրքիան աննախադեպ ակտիվացավ` նպատակ ունենալով ընդլայնելու իր ազդեցությունը։ Եվ այս համատեքստում Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը լիովին բխում է Թուրքիայի շահերից։ Սակայն հասկանալի է, որ Թուրքիան միաժամանակ իր օրակարգից չհանեց այն նախապայմանները, որոնք մշտապես առաջադրել է Հայաստանին` 1991-ին մեր անկախության հռչակումից ի վեր։
-Հայաստանի արտգործնախարարությունը միշտ պնդում է, թե հարաբերությունները հաստատվում են առանց նախապայմանների, նույնն է ասում գործող նախագահը։
-Եկեք պարզաբանենք. Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման համար մշտապես առաջ է քաշել երեք նախապայման` ցեղասպանությունից հրաժարում, ղարաբաղյան հարցի կարգավորում հօգուտ Ադրբեջանի, և` որ Հայաստանը հայտարարի Թուրքիայից տարածքային պահանջներ չունենալու մասին։ Ինչ-որ փուլում Արցախի հետ կապված նախապայմանը դուրս եկավ թուրքական օրակարգից, բայց հիմա դարձյալ հնչեցվում է։ Վերջին շրջանում Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները, հատկապես վարչապետը, հայտարարել են, որ հարաբերությունների կարգավորում, սահմանի բացում լինել չի կարող, մինչև ղարաբաղյան հարցը լուծում չստանա։ Սա շատ հստակ արտահայտված նախապայման է, անգամ եթե մեր իշխանությունները չեն ուզում տեսնել։
Մենք մտահոգություն ունենք նաև մյուս երկու նախապայմանների հետ կապված, և դրանցից առաջինը վերաբերում է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու թուրքական կողմի առաջարկին։ Որովհետև եթե այդպիսի հանձնաժողով ստեղծվի, Անկարան, անկասկած, կսկսի այն օգտագործել ցեղասպանության միջազգային ճանաչումը կասեցնելու համար, որովհետև առիթ կունենա աջուձախ հայտարարելու, թե դուք ձեր գործով զբաղվեք, մենք Հայաստանի հետ մեր խնդիրները կարգավորելու ճանապարհին ենք։ Եվ այդպես էլ բանակցությունները կարող են շարունակվել 40 տարի ու չհանգեցնել որևէ արդյունքի։ Մի անգամ Ալի Բաբաջանն այդ հնարքն արդեն օգտագործել է, Սերժ Սարգսյանն էլ չի ժխտում, որ այդպիսի հանձնաժողովի ստեղծման դեպքում Թուրքիան կարող է իր նախաձեռնությամբ ցեղասպանության հարցն այնտեղ քննարկման հարց դարձնել, անկախ նրանից, որ Հայաստանը չի հրաժարվում հարցի միջազգային ճանաչմանը նպաստելուց։ Եվ, վերջապես, մենք մտահոգություն ունենք, որ եթե հարաբերությունների կարգավորման որևէ փաստաթուղթ ստորագրվի Հայաստանի և Թուրքիայի միջև, չպետք է լինի որևէ ձևակերպում, որը կվտանգեր մեր սերունդների իրավունքները մեր պատմական հայրենիքի նկատմամբ։
-Նկատի ունեք` չպետք է լինի Կարսի պայմանագրի ճանաչում Հայաստանի կողմի՞ց։
-Կարևոր չէ Կարսի պայմանագիրը կհիշատակվի, թե ոչ։ Առհասարակ, որևէ ձևակերպում չպետք է լինի, թե Հայաստանն այս կամ այն ձևով ճանաչում է այսօրվա փաստացի սահմանները։
-Մեր զրույցը, ինչ-որ առումով, տեսական բնույթ ունի, որովհետև կան տեսակետներ, թե Թուրքիան բանակցություններն օգտագործում է, բայց սահմանը, միևնույն է, չի բացելու։ Հնարավո՞ր է, որ դա լինի արտաքին պարտադրանքով։
-ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից այդպիսի ճնշում վաղուց կա։ Բայց, Թուրքիայի շահերի տեսանկյունից, դա միայն Հայաստանի հետ հարաբերություններով չի պայմանավորված։ ՈՒշադրություն դարձրեք, որ Թուրքիան ռուս-վրացական պատերազմից հետո առաջ քաշեց, այսպես կոչված, կովկասյան անվտանգության պլատֆորմի նախաձեռնությունը, որն իրագործել հնարավոր էր, եթե դրան մասնակցելու ցանկություն ունենային Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը համատեղ։ Բայց այդ նախաձեռնությունն արդեն կարելի է տապալված համարել, որովհետև Ռուսաստանը չի ուզում Սաակաշվիլու հետ բանակցել, Վրաստանը հայտարարում է, թե իրենք օկուպանտների հետ խոսելիք չունեն, Ադրբեջանը պնդում է, թե մինչև ղարաբաղյան հարցը չլուծվի, Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել հնարավոր չէ։
Այսինքն, այն, ինչի համար Թուրքիան ուզում էր Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել, արդեն իրագործել անհնարին է` իր տարածաշրջանային դերի ընդլայնման առումով։ Սա, իհարկե, երկրորդական նշանակություն է տալիս միայն Հայաստանի հետ երկկողմ բանակցություններին, և, ըստ այդմ, Թուրքիան կարիք չունի հրաժարվելու իր նախապայմաններից։ Այլ խնդիր է, որ Անկարան բանակցությունները սկսել է օգտագործել նաև Ղարաբաղի հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով։ Մինսկի խմբում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մեթյու Բրայզան հայտարարեց, թե չի բացառվում, որ մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կստորագրվի պայմանագիր ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ։ Սա ինչ-որ չափով կարելի է դիտել իբրև թուրքական քաղաքականության արտահայտություն։ Նաև Հայաստանի թույլ տված սխալների պատճառով Թուրքիայի դերակատարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կրկին աճել է, ինչը չի կարող Արցախի և Հայաստանի համար նպաստավոր լինել։
-Ի՞նչ կասեք այն տեսակետի առնչությամբ, որ եթե հայ-թուրքական սահմանը բացվի, Կարս-Գյումրի երկաթուղին գործարկվի, Թուրքիան կարող է և հրաժարվել Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումից։
-Ճիշտն ասած, ես այդ կարծիքին չեմ։ Ճիշտ է, Թուրքիան Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցման հետ կապված ինչ-որ վերապահություններ ուներ, կապված այն հանգամանքի հետ, որ Վրաստանը, այնուամենայնիվ, կայունության ապահովման հետ կապված խնդիրներ ունի։ Բայց միաժամանակ նկատի պետք է ունենանք, որ այդ նախագիծն ավելի շատ խրախուսվում էր Վրաստանի և հատկապես Ադրբեջանի կողմից։ Գաղտնիք չէ, որ այդ նախագիծը Հայաստանը շրջափակելու ադրբեջանական ծրագրերի մի բաղկացուցիչն է։ Այլ հարց է, որ Թուրքիան չի խթանում այս նախագիծը գուցե նաև այն միտումով, որ Ադրբեջանն իր վրա վերցնի երկաթուղու կառուցման հիմնական ծախսերը։ Բայց այդ նախագծի կասեցումը սկզբունքորեն Թուրքիայի շահերից չի բխում։ Հասկանալի է, որ Կարս-Գյումրի երկաթուղու գործարկման պարագայում Կարս-Ախալքալաք գծի կառուցման անհրաժեշտությունը վերանում է, բայց Թուրքիան, միևնույն է, կցանկանար այդ նախագծի իրագործումը` Վրաստանով Ադրբեջանի հետ կապ ունենալու և Հայաստանին շրջափակման մշտական շանտաժի տակ պահելու համար։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2118

Մեկնաբանություններ