Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Օր յոթերորդ

Օր յոթերորդ
17.07.2009 | 00:00

ՄԻՏՐՈՊՈԼԻՏ ԱՆՏՈՆԻ ՍՈՒՐՈԺՍԿԻ
ԱՌԱՋԻՆ ԶՐՈՒՅՑ
«Եվ Աստված օրհնեց յոթներորդ օրը»:

Ծննդոց Բ. 3

Տարեցտարի ամեն Մեծ պահքի ընթացքում շաբաթ օրերին ընթերցվում է Ավետարանից այն տեղը, որտեղ պատմվում է, թե ինչպես շաբաթ օրը Քրիստոսը հրաշքներ էր գործում ու դրանով շվարեցնում կամ զայրացնում էր ոմանց, իսկ պարզ մարդկանց մեջ առաջացնում մեծ ու խորին ուրախություն, որովհետև նրանք երկար չէին մտածում, թե դրանով Նա խախտում է Օրենքը, այլ միայն ուրախանում էին, որ Աստված կարող է, թեկուզ Օրենքը խախտելով, ցույց տալ Իր անսահման ողորմածությունը, Իր խորին հոգատարությունը մարդկանց նկատմամբ։ Եվ ահա մեր մեջ հարցոր են ծագում. «Ինչո՞ւ է Քրիստոս միշտ, ասես դրանով շեշտելով հնագույն Օրենքի խախտումը, Իր գթասրտության արարքները կատարում շաբաթ օրը։ Եվ ինչո՞ւ այդ գթության գործերը միշտ հանդես են գալիս որպես մարմնավոր բուժման ու միաժամանակ` մարդու հոգևոր վերածնման հրաշքներ»։ Փարիսեցիները հարցնում էին Նրան. «Մի՞թե Դու չես կարող ընտրել ուրիշ օր»։ Նրանք դիմում էին ժողովրդին. «Մի՞թե ձեզ հարկավոր է հենց շաբաթ օրը գալ բուժվելու համար, մի՞թե ամբողջ շաբաթվա մեջ վեց օր չկա, որոնց ընթացքում Աստված պատվիրեց կատարել բոլոր գործերը»։ Սրանք պարապ հարցեր չեն, որովհետև այն, ինչը վերաբերում է Քրիստոսին, մեզ հետ ուղիղ, անմիջական, անձնական առնչություն ունի։ Յոթերորդ օրը Աստված հանգստացավ Իր բոլոր գործերից։ Վեց օր նա արարեց, վեց օր մենք տեսնում ենք, թե ինչպես սկզբում «ոչնչից», իսկ հետո կյանքի քաոսից Նա դուրս է կանչում մի իրը մյուսի հետևից, մի արարածը` մյուսի, ինչպես աստիճանաբար, կարելի է ասել, բացվում է տիեզերքը, ծաղկի պես ծաղկում, պայծառանում...
Ամեն օրն սկսվում է երեկոյով, և ամեն օր ծագում է նոր առավոտը, և ամեն առավոտը հաջորդ օրվա երեկոն է։ Բացվում է կյանքը` փառքից դեպի փառք, գեղեցկությունից գեղեցկություն, վեհությունից վեհություն։ ՈՒ երբ ամեն ինչ կատարված է, երբ արարվել է մարդը` Աստծո պատկերը երկրի վրա, ում Աստված հանձնարարում է խնամել երկիրը, Տերը դադարեցնում է Իր արարումը և հանգստանում Իր գործերից։ Իսկ հետո՞։ Հետո երկիրը տրվում է մարդուն։ Աստծո հանգստանալու յոթերորդ օրը մարդու ստեղծագործման օրն ու ժամն է։ ՈՒ այդ օրվա մեջ էլ մենք ապրում ենք։ Հին ՈՒխտում, մինչ Քրիստոսը, մարդը փորձեց ստեղծել մարդկային հասարակություն, և այդ փորձի մեջ շատ ու գեղեցիկ ոգևորությունը միահյուսվում է չափից շատ ահավորի ու հրեշայինի հետ։ Մարդկային մեղքը սարսափելի ձևով ձուլվում է Աստծո ճշմարտության հետ, ոգեշնչումը, որ տրված է մարդուն Աստծուց, բախվում է մեղքի հետ, որը գոյություն ունի հենց մարդու պատճառով։ Եվ ահա գալիս է այն պահը` «ժամանակի լրումը» (Գաղ. 4.4), երբ Ինքն Աստված մտնում է մարդկային պատմության մեջ, երբ Աստծո Որդին դառնում է Մարդու Որդի, Բանը դառնում է մարմին։ ՈՒ այդ պահին այդ կարճ երեսուներեքամյա ժամանակաշրջանում մարդկանց մեջ կար մի Մարդ, Որը Մարդ է այդ բառի բուն իմաստով` կատարյալ Մարդ։ Եվ Նա կատարյալ է, որովհետև Նա միաժամանակ և կատարյալ Աստված է։ Քանզի մինչև այն պահը, քանի դեռ մարդն ամբողջովին, հավիտյան, մինչև իր վերջին խորքը չի միացել Աստծուն, նա գտնվում է միայն իր մարդանալու ճանապարհին։ Քրիստոսը, քանզի Աստվածամարդ է, Մարդ է այս բառի լիակատար, ավարտուն իմաստով։ Եվ նրա անձի մեջ մարդկային ժամանակը գտնում է իր լրումը։ Նա միակն է կատարելության մեջ։ Մարդը կարող է մուտք գործել այդ յոթերորդ օրը և իրագործել նրա մեջ Աստծո կատարյալ, փրկարար կամքը։ Այդ յոթերորդ օրը, որը Հայր Աստծու հանգստանալու օրն է, մարդու օրն է և, դրա հետ մեկտեղ, Մարմնավորման պահից սկսած, օրն է Մարդու Որդու։ Սուրբ Մաքսիմ Խոստովանողն ասում է, որ մարդը պատկանում է երկու աշխարհի. իր մարմնով` հողին, հոգով` բոլոր շնչավոր արարածներին, իսկ ոգով` Աստվածային աշխարհին։ Որովհետև մարդուն տրված է լինել այն օղակը, որը կարող է միացնել երկիրն ու երկինքը, նաև երկիրը դարձնել ոգու ասպարեզ, ոգու ոլորտը հարազատ դարձնել ոչ միայն մարդկությանը, այլև բոլոր արարածներին այնպես, որ Աստված լինի ամենքի մեջ (1 Կորնթ. 15,28)։ Բայց մարդկությունն ընկավ, աշխարհը դարձավ այլանդակ, հրեշային, սարսափելի, մահը ստացավ անսահման իշխանություն, չարը գործում է գրեթե ազատ։ Եվ մարդու գործն է` հաղթել չարին ու վերադարձնել Աստծուն այն սեփականությունը, այն երկիրը, այն արարված աշխարհը, որն Աստված է ստեղծել, որը Նա հանձնարարել է մարդուն, և որին մարդը դավաճանեց իր անկումով ու հանձնեց ավերածության։ ՈՒ մարդու դերն է, երբ նա վերադառնում է Աստծո մոտ, բուժել այն, ինչը կատարվեց և տանել արարվածին ավելի հեռու` Աստծո Արքայություն։ ՈՒ Քրիստոս այդ յոթերորդ օրը, այդ շաբաթ օրը, ցույց տալով մեզ, ասես առակի մեջ մեր կոչումը, բժշկում է մարմինները, նորոգում է հոգիները, վերականգնում է Աստծո և արարածի կորուսյալ միասնությունը։ Եվ դրա համար Քրիստոսի հրաշքները շաբաթ օրը ոչ միայն հանդգնություն էին, անպատվություն և ստորացում նրանց համար, ովքեր տեսնում էին Հին ՈՒխտի միայն տառը` Օրենքը։ Դա անհրաժեշտություն էր։ Քրիստոս արարքներ է գործում յոթերորդ օրը, որը մարդու օրն է, մարդկային ստեղծագործման օրը։ Բայց այդ յոթերորդ օրը ոչ միայն շաբաթ է Հին ՈՒխտի շաբաթվա մեջ, այդ յոթերորդ օրը ժամանակի ամբողջ ժամանակամիջոցն է, որը հանձնարարված է մարդուն ու տարածվում է այն օրվանից, երբ Տերը հանգստացավ Իր գործերից մինչև այն օրը, երբ Քրիստոսը նորից կգա, այս անգամ ամբողջ փառքով` դատելու համար կենդանիներին ու մեռածներին, և հաստատելու համար Աստծո Արքայությունը` հավիտենության սկիզբը։ Եվ այդ յոթերորդ օրը, ժամանակի այդ ժամանակամիջոցը հիմա, Քրիստոսի Մարմնավորումով, ստացավ բոլորովին նոր նշանակություն ու նոր բովանդակություն։ Դա այն ժամանակը չէ, երբ Աստված հեռացավ Իր ստեղծագործական, արարչական աշխատանքից, որպեսզի թողնի այն մարդուն, դա նոր ժամանակն է, որի մեջ Ինքն Աստված ներգրավվեց գթասրտությամբ, կարեկցանքով, սիրով, Նա Ինքը մուտք գործեց, որ լինի մեզ հետ։ Ինչ-որ իմաստով Քրիստոսի Մարմնավորումով այդ յոթերորդ օրն արդեն կրում է իր մեջ ամբողջ փառքը, ամբողջ խորությունը, ամբողջ հաղթական ուժն այն բանի, որն Ավանդությունը կոչում է ՈՒթերորդ օր, օր, երբ Աստված կթագավորի, ու երբ այլևս ոչինչ չի մնա ո՛չ մահից, ո՛չ չարից։ Երբ մենք մտածում ենք ժամանակների ավարտի մասին, մենք մտածում ենք մեծ մասամբ Վերջին դատաստանի և այն մասին, թե ինչ է լինելու հետո։ Քրիստոսը մեզ պարզ ասում է, որ դատաստանն արդեն եկել է (Հովհ. 3։19), եկել է հենց այն պահին, երբ Աստված եկավ աշխարհ։ Բայց առաջին անգամ, Քրիստոսի Մարմնավորումով, Նա հայտնվեց հազիվ նկատելի, Նա մտավ կամացուկ, և Նրան ճանաչեցին միայն նրանք, ում խիղճը մաքուր էր, ում Հայրն էր դա բացահայտել։ Ինչ-որ իմաստով կարելի է ասել, որ ամեն ինչի ավարտն արդեն եկավ Քրիստոսի Մարմնավորումով։
Աստվածաշունչը մեզ ասում է, որ Քրիստոսը Ալֆան ու Օմեղան է, սկիզբն ու ավարտը (Հայտն. 1։8): Նա ասում է մեզ, որ Քրիստոսը մեր գոյության Սկիզբն է, Բանն է, որով ամեն ինչ եղավ, Պատկերը, ըստ որի արարված է մարդը։ Բայց դրա հետ միասին Նա Օմեղան է, այսինքն` ավարտը, եզրափակումը, լիակատարությունը, ոչ միայն Նա, Ով կգա ժամանակների վերջում, այլև Նա, Որին ձգտում են բոլոր ժամանակները, Նա, ՈՒմ մոտ մենք գնում ենք ապավինելով, սպասումով ու կարոտով։
Բայց նա արդեն եկել է, և ինչ-որ իմաստով կարելի է ասել, որ ժամանակների ավարտն արդեն կատարվել է Քրիստոսի Մարմնավորումով, ժամանակների ավարտն արդեն ներկա է մեր ժամանակում։ Այն պահից, երբ Քրիստոսն ապրում էր մեր մեջ, երբ Աստված դարձավ մարդ, մենք միաժամանակ գտնվում ենք այն լինելության, այն տևողության, այն ժամանակի մեջ, որը հոսում ու ընթանում է դեպի իր ավարտը, ու դրա հետ մեկտեղ` կատարյալ անդորրի կետում, որտեղ ամեն ինչ արդեն կատարվել է, որտեղ ամեն ինչ տրված է։ Ժամանակը, որի մեջ մենք գտնվում ենք, այն ժամանակն է, որտեղ ներկա է հավերժությունը, դա արդեն գիշեր չէ. այգը բացվում է։ Դա դեռ կեսօր չէ, դա դեռ հավերժության լիակատար ճաճանչումը չէ, բայց հավիտենությունն արդեն մուտք է գործել, ու խավարն ամբողջովին ողողված է լույսով, խավարն այրվում է, չկա խավար, դա վերջնական խավար չէ։
ՈՒ այդ ժամանակի մեջ, այդ յոթերորդ օրվա մեջ, որտեղ մենք ապրում ենք, բայց որտեղ արդեն արմատավորվել է հավերժությունը, մենք պետք է ապրենք ու ստեղծագործենք։ Քրիստոսը դա պարզ ցույց տվեց մեզ այն յոթերորդ օրում, այն շաբաթ օրում, երբ հրաշքներ էր գործում` բժշկում մարմիններ, նորոգում հոգիներ։ Աստված մուտք գործեց ժամանակի մեջ, և մենք հաղորդակից դարձանք Նրան, և մենք կոչված ենք այդ ժամանակի մեջ արարելու Նրա գործը։ Մենք դա թերի ենք հասկանում, թերի ենք ըմբռնում մեր քրիստոնեական կոչման մասշտաբը, թերի ենք ընկալում, որ մենք կոչված ենք Քրիստոսի հետ ու Քրիստոսի նման կերպարանափոխելու աշխարհը։ Նա մեզ կոչում է «լուսո զավակներ», երբ Ինքն Իրեն կոչում է «աշխարհի լույս» (Հովհ. 8։12)։ Մենք պետք է Իր նման լինենք լույս, որը թափանցում է խավարի մեջ` խլելով խավարից նրա մթությունը, նրա անթափանցելիությունը։ Քրիստոնյան մարդ է, ում Աստված հանձնարարել է ուրիշ մարդկանց խնամքը, աշխարհի, ամեն ինչի հոգսը։ Դրա վկայությունն է այն, որ Քրիստոսը հրաշքներ էր գործում շաբաթ օրը։ Այդ շաբաթ օրը պիտի բժշկվի այն ամենը, ինչը խոցված է մեղքով, վերակենդանացվի այն ամբողջը, ինչը վիրավորված է մահով, և իր պատկերի, նմանության ու գեղեցկության մեջ վերադարձվի այն ամենը, ինչն այլանդակվել է։ Եվ, իհարկե, այդ աշխատանքը մեզնից յուրաքանչյուրի համար սկսվում է հենց մեր մեջ։ Բայց ոչ միայն մեր մեջ, մեր կոչումը միայն այն չէ, որ ինքներս փոխվենք, այլև այն, որ լինենք Տիրոջ լույսը, ջերմությունը, սերը, որովհետև մենք պատկանում ենք Տիրոջը։
Արդեն շատ անգամ ես հիշատակել եմ Ավետարանի այն հատվածը, որն ամեն տարի Պահքից հետո ինձ ապշեցնում է` կույր ծնվածի բժշկումը, թե ինչպես այդ պատմության վերջում այդ ի ծնե կույրը` հիմա արդեն տեսունակ, տաճարում հանդիպում է Քրիստոսին, և Քրիստոսը նրան հարցնում է. «Դու Մարդու Որդուն հավատո՞ւմ ես»։ Կույրը պատասխանում է. «Ո՞վ է Նա, որ ես հավատամ Նրան»։ ՈՒ Քրիստոս պատասխանում է նրան այնպիսի խոսքերով, որոնք անցնում են մեր գիտակցության կողքով, որովհետև դրանք մեզ համար չափազանց սովորական են` ոչինչ նոր չէ, գորշ է ու առօրյա։ Քրիստոսը նրան ասում է. «Դու տեսնում ես Նրան, Նա քո առաջ է» (Հովհ. 9։35-39)։
Մենք բոլորս ծնվել ենք տեսունակ, մեր կյանքի հենց սկզբից հայացքով ընկալել ենք հազարավոր բաներ։ Իսկ այդ մարդը ծնվել է կույր, ամբողջ կյանքի ընթացքում նա ապրել է խորին մշուշով պատված։ Եվ մի օր Աստծո Որդին, որը դարձել էր Մարդու Որդի, բացում է նրա աչքերը նույնպես շաբաթ օրը։ Եվ առաջինը, որ այդ մարդը տեսավ, Քրիստոսի դեմքն էր` Աստծո դեմքը։ Առաջինը, ինչի հետ հանդիպեց նրա հայացքը, Քրիստոսի աչքերն էին, որոնց մեջ նա կարող էր կարդալ Աստծո ամբողջ կարեկցանքը, ամբողջ գթասրտությունն ու ամբողջ սերը։ Ահա առաջինը, որ նա տեսավ։ Ի՞նչ է լինում մեզ հետ, երբ մենք բաց ենք անում մեր աչքերը, որ տեսնենք աշխարհը, կյանքը։ Երբ դեռ մանուկ ենք, մեր օրորոցի վրա խոնարհվում են մեր մայրը, հայրը, մենք տեսնում ենք սեր, փայփայանք։ Բայց շատ շուտով, երբ սկսում ենք տարբերել ուրիշ դեմքեր, նայել այլ աչքերի մեջ, ըմբռնել ուրիշ մարդկանց, մեզ համար բացվում է այլ աշխարհ` սառը, օտար, թշնամական։ Ահա ինչը չպիտի լինի քրիստոնեական հասարակությունում, ահա ինչը չպետք է լիներ շնորհիվ այն բանի, որ աշխարհում կան քրիստոնյաներ։ Քրիստոնյայի հանդիպող մարդիկ պետք է իրենց զարմացած հայացքը սևեռեին նրա վրա ու հարցնեին. «Ի՞նչ եմ տեսնում ես։ Տեսնում եմ ոչ միայն մարդկային դիմագծեր։ Ես տեսնում եմ այն, ինչ երբեք չեմ տեսել` Աստծո անդորրը, լույսի ճառագայթումը, Աստծո անսահման սերը, Աստծո կարեկցանքը, խղճահարությունը, ուրախությունը և տրտմությունը, և այս ամենը` միայն ինձ համար»։ Հանդիպելով քրիստոնյաների հասարակության հետ` մարդիկ պետք է որ դարձյալ կանգ առնեն ու հարց տան իրենք իրենց. «Այս ի՞նչ մարդիկ են։ Որտեղի՞ց սրանց մեջ այսքան ներդաշնակություն, այսպիսի սեր»։ ՈՒ ոչ թե պարզապես մարդկային սեր, այլ ինչ-որ բան, որը գերազանցում է և՛ բանականությունը, և՛ երևակայությունը։
Ահա ինչին ենք կոչված մենք, ահա ինչի մասին է խոսքը։ Յոթերորդ օրը, մարդկային օրն ու ժամը, մարդու ստեղծագործման օրը սահմանագծային է, այսինքն, հարկավոր է լինել այնպիսին, որ մարդիկ, նրան տեսնելիս, ասես թափանցիկ ապակու միջով, կարողանան տեսնել Աստծուն։ Պետք է դառնալ այնպիսին, ինչպիսին երբեմն լինում է լճի մակերեսը` խաղաղ, անխռով, որի մեջ կատարելապես արտացոլվում է երկինքը։ Քրիստոսն ասում էր Իր մասին. «Ով ինձ տեսավ, տեսավ Հորը» (Հովհ. 14։9)։ Քրիստոսը մեզ էլ է կանչում` ասելով. «Թող այնպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որ նրանք տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5։16)։ Բայց դրա համար մենք պետք է դառնանք թափանցիկ, մեզ հարկավոր է սովորել այնպես խոսել, գործել, ապրել, որ մարդիկ տեսնեն մեր գործերը և հասկանան, որ մենք մղվում ենք մի զորությամբ, որը գերազանցում է մեզ, որ մեր միջով նրանց վրա հոսում է մի լույս, որը մեր մեջ չի ծնվում, որ ճշմարտության և իսկության խոսքը, որը մենք արտահայտում ենք, Աստվածային է, մերը չէ, որովհետև չի խոցում, այլ բժշկում է։
Թափանցիկությունը, որը թույլ կտար Աստծո լույսին հոսել մեր միջով, ճկունությունը, որը թույլ կտար Աստծո կամքին իրագործվել մեր մեջ, մեզ տրված չէ, մենք ինքներս պիտի փնտրենք այն։ Մենք պետք է փնտրենք բանականության այն մաքրությունը, սրտի այն հստակությունը, այն ամբողջական անմեղությունը, որը Հայրերը կոչում են կուսություն, որը թույլ կտար Աստծո լույսին և ջերմությանը հոսել մեր միջով։ Մենք պետք է սովորենք կատարել Աստծո կամքը հակառակ մեր կամքին, չնայելով մեր չհասկանալուն, տարակուսանքին, որպեսզի ինքնակամությունը կոտրվի մեր մեջ։
Պողոս առաքյալն ասում է. «Աստծո զորությունը տկարության մեջ է իրականանում» (Բ Կորնթ. 12։9)։ Ինչքան էլ փխրուն լինենք մենք, թույլ ու անզոր, եթե մենք տրվում ենք Աստծուն, Նրա զորությունը կարող է իրականանալ մեր միջոցով։ Բայց այն թուլությունը, որի մասին խոսում է Պողոս Առաքյալը, մեր սովորական տկարությունը չէ, այն հնարավոր չէ արտահայտել, ինչպես հաճախ մենք արտահայտում ենք մեր հասարակ տկարությունը. «ՈՒժ չունեմ, ոգեշնչված չեմ, չեմ կարող»։
Այն թուլությունը, որի մասին խոսում է Պողոս առաքյալը, ուրիշ է, նա կայանում է նրանում, որ մեկընդմիշտ հասկանանք, որ Աստծո գործը, միևնույն է, մարդկային ուժով չի իրագործվի։ Մենք ինչպե՞ս կարող ենք դառնալ Աստվածային իմաստության, Աստվածային սիրո, Աստվածային ճշմարտության, Աստվածային զորության հաղորդիչ։ Մենք չենք կարող տեղավորել այն մեր մեջ, բայց կարող ենք դառնալ ճկուն, թափանցիկ, լուռ, հնազանդ, որպեսզի այնտեղ, որտեղ չունենք ոչ մի զորություն, կարողանանք և՛ խոսել, և՛ գործել` ականջ դնելով այն բանին, ինչը մեզ հուշում է ու ինչը գործում է մեր միջոցով, մեր մեջ, մեր շուրջը և երբեմն մեզնից անկախ` Ինքը Տերը։ Եվ այդ ժամանակ հայեցությունն ու գործունեությունը կմիախառնվեն, և մենք կհասկանանք, թե ինչու Քրիստոսն ու Իր առաքյալները միշտ այդքան գործուն և գործունյա էին և դրա հետ մեկտեղ չէին կտրվում հայեցությունից։ Աստծո կամքը կատարելն այն է, որ սովորենք Քրիստոսից, թե ինչպես ապրել, ինչպես խոսել, ինչ անել։ Դա այն է, որ գնանք այն ուղիով, որը Հայրերը կոչում են «ավետարանական ուղի»` պատվիրանների ուղի, որը գերազանցում է մեր փորձը, կանխում ըմբռնումը` ընդունելով Աստծո խոսքը սոսկ հավատով։
Եվ այստեղ սկսվում է ստեղծագործումը, որը զուգորդվում է իրենից հրաժարվելով։ Քրիստոսը մեզ ասում է. «Եթե մեկը կամենում է գալ իմ հետևից, թող ուրանա իր անձը, թող վերցնի իր խաչը և գա իմ հետևից» (Մարկ. 8.34)։ Եվ այդ ժամանակ մենք հայտնաբերում ենք, թե ինչքան կործանարար ուժեր կան մեր մեջ, որոնք հակառակվում են մեր այդ ցանկությանը։ Խաչը մահվան գործիք էր, մեր միջի բոլոր` Աստծո կամքին հակառակվող այդ ուժերը մահվան գործիք են` մեզ սպանող և խորտակող։ Եվ այդ խաչն իրականում կյանքի խաչն է։ Պետք է վերցնել մեր ուսերի վրա այն ամենը, ինչը մեր մեջ քայքայիչ է ու մեռած, և տանել մինչև հաջողվի մեռնել ու հարություն առնել, ու հետևել Քրիստոսին։ Գնալ Քրիստոսի հետևից մեր կյանքի բոլոր ոլորաններով, որոնք ցույց են տրված ավետարանական պատմությունում, Քրիստոսի ծնունդից մինչև մահը։ Անդադար պետք է ինքներս մեզ հարցնենք կյանքի ճանապարհին. «Որտե՞ղ եմ ես, ո՞վ եմ ես նրանց մեջ, ում հանդիպել է Քրիստոսը, որտե՞ղ է իմ տեղն այդ պատմության մեջ»։
Եվ հետո, եթե այդ ուղին անցնելով բավականաչափ ընտելանանք Քրիստոսին, ապա կգնանք Իր հետ Գեթսեմանի պարտեզ, գոնե հենց առաքյալների պես, որոնք ուժ չգտան իրենց մեջ մի ժամ արթուն մնալու Իր հետ, իսկ ավելի լավ կլինի, ինչպես սրբերը, որոնք սովորեցին Աստծո զորությամբ հսկել Քրիստոսի հետ Գեթսեմանի այդ խավարի ու սարսափի մեջ։ Իսկ եթե Տերը տանի ավելի հեռու Իր հետ` դեպի խաչ, և կարող է պատահել` դեպի Աստծո կողմից բաց թողնվելու ահավոր փորձը։ Բայց սկսենք նրանից, ինչից մենք պետք է սկսենք, առանց որի ճանապարհ չկա` հրաժարվել ինքներս մեզնից, վերցնել խաչը, ընտրել Քրիստոսին` հակառակ ինքներս մեզ, ընտրել խաչը հանգստության հակառակ, մարդ լինելու նպատակով, նրանց պես, որոնց Տերն ընտրեց Իր համար այդ յոթերորդ օրը, որը մի ամբողջ կյանք է, աշխարհի ամբողջ պատմություն։ Պետք է դառնալ այնպիսի մարդ, որը կարողանար Քրիստոսի հետ իրագործել աշխարհի բժշկման և նորոգման գործը, իմանալով, որ այդ բժշկումը և նորոգումն արդեն եկել են, որ Հարությունն արդեն հաղթանակում է, և այդ պատճառով մենք գիտենք, թե ուր ենք գնում և ուր կարող ենք տանել ուրիշներին։
Պավել ԱՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2161

Մեկնաբանություններ