Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Խաչակրաց» արշավանքը կշարունակվի

«Խաչակրաց» արշավանքը կշարունակվի
04.08.2009 | 00:00

ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Երեկ ՆԱՏՕ-ում կարևոր օր էր։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը վերջապես իր լիազորությունները հանձնեց նորընտիր գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռամուսսենին` միաժամանակ ազատելով օտարերկրյա լրատվամիջոցներին իր չափազանց բարդ անուն-ազգանունը շարունակ հոլովելուց։
Նորընտիր գլխավոր քարտուղար և Դանիայի նախկին վարչապետ Անդերս Ֆոգ Ռամուսսենի առաջին գործը եղավ այն, որ հայտարարեց. «ՆԱՏՕ-ի ընդլայնումը շարունակվելու է»։ Սա շատ բնութագրական հանգամանք է Ռուսաստան-Արևմուտք ներկա հարաբերությունների խորապատկերի վրա։ Ինչպես առիթ ունեցանք տեսնելու, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման էլ Մոսկվա այցելելուց և ռուսների հետ հարաբերությունների «վերաբեռնաթափման» մասին երկար բանակցություններ վարելուց հետո բոլորովին էլ չի համարում, թե այդ «վերաբեռնաթափումը» տեղի է ունենալու հետխորհրդային տարածքի նկատմամբ Ռուսաստանի հատուկ ազդեցության հանգամանքը ճանաչելու ճանապարհով։ Ահա և ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարն էլ հայտարարել է. «ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է իրական գործընկերային հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ։ Մեր միջև առկա և պահպանվող տարաձայնությունները չպետք է փչացնեն մեր հարաբերությունները»։
Այնուհանդերձ, ըստ Անդերս Ֆոգ Ռամուսսենի, Վրաստանն ու ՈՒկրաինան, ուշ թե շուտ, պետք է դառնան ՆԱՏՕ-ի անդամ։ Դանիայի նախկին վարչապետը, իհարկե, նշել է, որ հետխորհրդային այս երկու երկրներին դեռ վաղ է մտածել ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին այն իմաստով, որ երկուսն էլ առայժմ չեն բավարարում հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հիմնական չափանիշները, սակայն ՆԱՏՕ-ի կազմ ընդգրկվելու նրանց որդեգրած ռազմավարությունը ճիշտ է ընտրված։ «Անցած տարվա դեկտեմբերին ՆԱՏՕ-ն որոշում ընդունեց այս երկրների հետ գործնական համագործակցություն սկսելու մասին` նրանց զինված ուժերի հզորությունը բարձրացնելու և բարեփոխելու համար։ Դա ճիշտ մոտեցում է այդպիսի պրագմատիկ նպատակի իրագործման ճանապարհին»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը։
Այսպիսով, ի դերև են ելնում բոլոր այն հույսերը, թե ԱՄՆ-ի, ընդհանրապես ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև առաջիկայում հետխորհրդային տարածքի հետ կապված ինչ-որ փոխհամաձայնություններ կձևավորվեն, ինչը կդառնա կայունության գրավական հետխորհրդային տարածքում և հատկապես Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Չնայած այն հանգամանքին, որ ՆԱՏՕ-ն շահագրգռված է աֆղանական օպերացիայի հետ կապված Ռուսաստանի հետ որոշ համագործակցությամբ, սակայն դա հիմնականում պայմանավորված է դաշինքի ուժերի սպասարկումն Աֆղանստանում անխափան դարձնելու մտահոգությամբ։ Դա չի խանգարում, որ հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցությունից ձերբազատվելու գործընթացները շարունակվեն, և այդ ուղեգիծը որդեգրած պետություններն արժանանան ՆԱՏՕ-ի հովանավորությանը։ Հակադրությունը Ռուսաստան-Արևմուտք հին սխեմայով դեռ շարունակվում է։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 2031

Մեկնաբանություններ