Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

2009-ի առաջին կիսամյակում Հայաստանում թրաֆիքինգի զոհ է դարձել 16 մարդ

2009-ի առաջին կիսամյակում Հայաստանում թրաֆիքինգի զոհ է դարձել 16 մարդ
10.07.2009 | 00:00

21-ՐԴ ԴԱՐԻ ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆ
Յուրաքանչյուր տարի ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ, մեծ մասամբ կանայք և երեխաներ, թրաֆիքինգի զոհ են դառնում՝ սեռական կամ այլ բնույթի շահագործման ենթարկվելով ինչպես որևէ երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Երևույթն աննախադեպ ծավալների է հասել, և կարելի է համարել ստրկության նոր ձև: Չնայած բազմաթիվ միջոցառումներ են ձեռնարկվում, օրենքներ ու կոնվենցիաներ են ստորագրվում, վավերացվում, թրաֆիքինգը, այնուամենայնիվ, օր օրի մեծ ծավալներ է ստանում՝ հսկայական շահույթներ բերելով ոմանց:
Համաձայն ԱՄԿ-ի տվյալների` աշխարհում ամեն տարի թրաֆիքինգի զոհ է դառնում մոտ 2,5 միլիոն մարդ:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի վերջին զեկույցի համաձայն՝ Հայաստանը հիմնականում համարվում է կոմերցիոն սեռական շահագործման նպատակով կանանց և աղջիկներին Միացյալ Արաբական Էմիրություններ (ՄԱԷ) և Թուրքիա տեղափոխելու սկզբնաղբյուր երկիր: Աշխատանքային շահագործման նպատակով իրականացվում է հայ կանանց և տղամարդկանց թրաֆիքինգ դեպի Ռուսաստան: Համաձայն հասարակական կազմակերպությունների հաղորդումների՝ իրականացվել է նաև հայ կանանց թրաֆիքինգ դեպի Թուրքիա` հարկադիր աշխատանքի նպատակով: ՄԱԷ փոխադրվող զոհերը սովորաբար ինքնաթիռով Երևանից ուղղակիորեն կամ Մոսկվայով գնում են Դուբայ, իսկ Թուրքիա փոխադրումները հիմնականում կատարվում են ավտոբուսով` Վրաստանի տարածքով: Արձանագրված է մանկական թրաֆիքինգի 3 դեպք:
Նշենք նաև, որ վերջին շրջանում Հայաստանը հանդես է գալիս որպես մուտքի երկիր. հայտնաբերվել են Հայաստան բերված և այստեղ շահագործված խմբեր։ Դրանք հիմնականում ռուսաստանցի աղջիկներ են, ովքեր աշխատել են գիշերային ակումբներում։
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցում նշված է նաև, որ Հայաստանի կառավարությունը չի ապահովում թրաֆիքինգի վերացմանն ուղղված նվազագույն ստանդարտները, չնայած նշանակալի աշխատանքներ է կատարում դրանց կենսագործման նպատակով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի թրաֆիքինգի դեմ պայքարի աջակցության և ռեսուրս կենտրոնի համատեղ ծրագրի սոցիալական աշխատող-խորհրդատու ԷԼԵՈՆՈՐԱ ՎԻՐԱՊՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ աղքատությունը, աշխատաշուկայի անկայունությունը, բնակչության ցածր կենսամակարդակը, ինչպես նաև ճգնաժամային վիճակը և բռնությունն ընտանիքում նպաստում են անձի խոցելիության ձևավորմանը և պարարտ դաշտ ստեղծում շահագործման նպատակով մարդկանց առքուվաճառքի տարածման համար: Դրանից օգտվում են կազմակերպիչները և շահարկում մարդու անօգնական լինելու և պետության անբավարար աջակցության հանգամանքը: Իսկ ցածր կենսամակարդակը, կրթական ցենզը, բնակության վայրում պատշաճ աշխատանք գտնելու անհնարինությունը մարդուն դրդում են ռիսկային վարք դրսևորելու:
Հայաստանում թրաֆիքինգի ամենատարածված տեսակը սեռական շահագործումն է: Դրա մեկ այլ դրսևորում, որ համեմատաբար նոր է հայտնվել տեսադաշտում, աշխատանքային շահագործումն է: Իսկ վերջին զարգացումներն ի հայտ են բերել հարկադիր աշխատանքի շահագործման դեպքեր` մանկական մուրացկանության ձևով: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ մարդու օրգանների թրաֆիքինգի դեպքերը նույնպես սկսել են աճել, որից թրաֆիքյորները մեծ շահույթներ են ստանում: Հայաստանում, սակայն, նման դեպքեր չեն արձանագրվել։ Թրաֆիքինգի զոհերի թիվը Հայաստանում մեծ չէ։ Սակայն երևույթն ինքնին անհանգստացնում և հակազդման հստակ քայլեր է պահանջում: Հարկ է նշել, որ դեպքերը դժվարությամբ են բացահայտվում, քանի որ շատերը պարզապես չեն ցանկանում կամ վախենում են խոսել այդ մասին։
Սեռական շահագործման զոհերի գերակշիռ մասը 19-36 տարեկան երիտասարդ կանայք են (առանձին դեպքերում` 16-18 տարեկան աղջիկներ), չամուսնացած, ամուսնալուծված կամ միայնակ մայրեր, ովքեր իրենց խնամքի տակ ունեն առնվազն մեկ երեխա, աղքատ են, շատերն ունեն հոգեբանական խնդիրներ: Զոհերի մեծ մասը մարզերի բնակիչ է, առավելապես, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի մարզերից և Երևան քաղաքից: Չունեն մշտական աշխատանք, գործազուրկ են կամ ժամանակավոր զբաղված, չունեն մասնագիտական կրթություն։ Մասնագիտացված հաստատություններում ուսանածների թիվը թրաֆիքինգի ենթարկվածների շրջանում շատ փոքր է:
Վերջին ժամանակներում աճել են աշխատանքային թրաֆիքինգի բացահայտման դեպքերը: Թեև զոհերի թվում կան նաև կանայք, սակայն հիմնական թիրախ խումբը կազմում են 28-55 տարեկան տղամարդիկ, ընդ որում, նրանք այն մարզերի բնակիչներն են, որոնք հայտնի են սեզոնային միգրացիայի ակտիվությամբ: Դրանք, մասնավորապես, Գեղարքունիքի, Շիրակի, Արարատի մարզերն են: Բոլոր զոհերն ունեն ցածր կրթական ցենզ և հավաքագրվել են շինարարական աշխատանքներ կատարելու համար: Ինչպես նշում է Է. Վիրապյանը, 2008 թվականին թրաֆիքինգի զոհերի թիվը կազմել է 34 մարդ։ Իսկ այս տարվա առաջին կիսամյակում այն կազմել է 16 մարդ, որոնցից 11-ը՝ կին (երեքը՝ անչափահաս), 5-ը՝ տղամարդ (երկուսը՝ անչափահաս): Բոլորը՝ ազգությամբ հայ, Հայաստանի քաղաքացիներ: Սրանք այն տվյալներն են, որ տրամադրել են ՀԿ-ները:
Թրաֆիքինգը պատժվում է քրեական օրենսգրքով։ Պատժաչափը բավականին խիստ է։ Ստեղծվել է միջգերատեսչական խումբ, որն այժմ վերանայում է քրեական օրենսգրքում թրաֆիքինգին վերաբերող հոդվածները։ Թրաֆիքինգով զբաղվողների համար նախատեսված է 3-15 տարվա ազատազրկում։
Թրաֆիքինգի զոհերին հասարակությանը վերաինտեգրելու հարցն այսօր Հայաստանում բավականին լուրջ ուշադրության կարիք ունի։ Նրանց աջակցության խնդիրներով զբաղվում են երեք հասարակական կազմակերպություններ, որոնցից երկուսն ունեն ապաստարաններ: Այս տարվա պետբյուջեում նախատեսված են ծախսեր պետական ապաստարան ստեղծելու համար: Այս կացարաններում թրաֆիքինգից տուժածները կարող են ապաստանել և ստանալ բժշկական, հոգեբանական, ինչպես նաև սոցիալական բնույթի այլ աջակցություն։ Զբաղվածության գործակալությունների միջոցով այդ մարդիկ ներգրավվում են զբաղվածության և մասնագիտական ուսուցման ծրագրերում։ Սակայն ինտեգրացիոն լուրջ ծրագրեր դեռևս չեն իրականացվում, և այստեղ պետությունը լուրջ անելիքներ ունի: Թրաֆիքինգի զոհերն օգտվում են պետական աջակցության ծրագրերից այնքանով, որքանով նրանք համապատասխանում են օրենքներով սահմանված խոցելիության չափանիշներին: Տվյալ դեպքում խոսքը «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի մասին է, որտեղ հստակ սահմանված է դժվար իրավիճակում հայտնված անձանց ցանկը, ինչպես նաև «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի մասին, որով հատուկ ծրագրեր են նախատեսվում անմրցունակ խմբերի համար:
Միջազգային կազմակերպությունների հրապարակումների համաձայն՝ թրաֆիքինգի տարեկան շահույթը կազմում է 7,2 միլիարդ ԱՄՆ դոլար։ Սակայն այս գումարը հսկայական սառցալեռան մի մասն է միայն, քանի որ իրականում այն հնարավոր չէ հաշվարկել։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2824

Մեկնաբանություններ