Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ելք գիրքը (տասը պատվիրանները)

Ելք գիրքը (տասը պատվիրանները)
17.07.2009 | 00:00

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆԸ
ՅՈԹԵՐՈՐԴ ՊԱՏՎԻՐԱՆ
Մի՛ շնացիր
Հեթանոսությունն ընկղմված էր տռփանքի մեջ, կյանքը` թունավորված այդ ախտով. մարդկանց կեցությունը բնավ չէր տարբերվում կենդանականից. մայրը կարող էր ամուսնանալ որդու, հայրը` դստեր հետ, զազրելի արյունապղծությունը սովորական երևույթ էր։
Այժմ Սինա լեռից մարդկությանը սրբության, ողջախոհության, ամուսնական անկողնու մաքրության ուղերձ էր հղվում։
Շնություն է կոչվում ամուսնական սուրբ անկողնու պղծումը, այսինքն` ամուսնացած զույգերից որևէ մեկի արտաամուսնական կապը, որն անհավատարմություն է։ Ինչպես առաջին պատվիրանի պարագայում է պահանջվում կատարյալ հավատարմություն Աստծուն, այնպես էլ սույն պատվիրանը` ամուսնական ուխտում։ Իսկ քանի որ այս ուխտը աստվածադիր է, հետևաբար այս կարգի անհավատարմությունը մեղք է նախ և առաջ Աստծո դեմ։ Այս պատվիրանը մեղքի տակ է առնում պոռնկությունը ևս, որը վերաբերում է ամուրիներին, և արյունապղծությունը` արյունակիցների զազրելի կապերը։
Հիսուս Քրիստոսը բացահայտեց նաև, որ այս մեղքից նվազ վտանգավոր չեն դրան նախորդող խորհուրդները (Մատթ. 5.27)։ Հետևաբար, այս մեղքից պետք է փախչել ոչ միայն մարմնապես, այլև հոգեպես, այսինքն` հեռու մնալ ցանկասիրությունից, որն առաջացնում են որկրամոլությունը, արբեցությունը, ժամանակակից ֆիլմերն ու գրականությունը և այլն։
ՈՒԹԵՐՈՐԴ ՊԱՏՎԻՐԱՆ
Մի՛ գողացիր
ՈՒթերորդ պատվիրանով հասարակության յուրաքանչյուր անդամի ունեցվածքն ու սեփականությունը հռչակվում են անձեռնմխելի, իսկ դրան ուղղված մեկ այլ մարդու ցանկացած տեսակի ոտնձգություն նկատվում է մեղսալից։
Այս մեղքի տեսակները չափազանց տարբեր են` սկսած ուրիշին պատկանող իրը թաքուն վերցնելուց, կողոպտելուց` բռնություն կիրառելուց, մինչև խարդախություն` խաբեությամբ ուրիշին պատկանող իրին տիրանալը, կեղծ կշռաքարեր գործածելը, ապրանքները կամ նրանց գները կեղծելը, պարտքերը չվերադարձնելը, առևտրական պայմանավորվածությունը խախտելը, կաշառակերությունը, երկրի պետական ունեցվածքը յուրացնելը, գտնված իրերը, գանձերը թաքցնելը, աշխատողների վարձը չտալը կամ ձգձգելը, գրագողությունը, նույնիսկ էներգիա և ջուր գողանալը և այլն։
Սույն մեղքերը նաև քրեորեն են հետապնդելի, սակայն եթե ոմանք կարողանան էլ մարդկային արդարադատությունից խուսափել, անաչառ Աստծո պատիժն անխուսափելի է, քանզի զրկվածների աղաղակը հասնում է երկինք։ «Եվ տեսա. ահա, մի թռչող գերանդի։ Հրեշտակն ասաց ինձ. «Ի՞նչ ես տեսնում»։ Ասացի. «Թռչող գերանդի եմ տեսնում` քսան կանգուն երկարությամբ և տասը կանգուն լայնությամբ»։ Ասաց ինձ. «Դա այն անեծքն է, որ տարածվում է ամբողջ երկրի երեսին, որովհետև ամեն գողի մահացու պատիժը դրանով պիտի իրագործվի։ Ես պիտի հանեմ դա,- ասում է ամենակալ Տերը,- և այն պիտի մտնի գողերի տունը, պիտի մնա նրանց տանը և պիտի սպառի այն» (Զաք. Ե 1-4)։
«Հարուստներ, լա՛ց եղեք և ողբացե՛ք այն թշվառությունների համար, որ գալու են ձեր գլխին. որովհետև ձեր հարստությունը փտած է։ Ահավասիկ ձեր դաշտերը մշակած մշակների վարձը ձեզ մոտ պահեցիք. ձեր կողմից զրկվածն աղաղակում է, և հնձվորների բողոքը հասավ ամենակալ Տիրոջ ականջին» (Հակոբ. Ե 1,4)։
Թվում է, թե այս մեղքի տարածումը մեզանում վաղ հասակից Աստծո երկյուղով չկրթվելու, անհրաժեշտ մասնագիտական կրթություն չստանալու, կրթության նկատմամբ թեթևամիտ վերաբերմունքի, ծնողների` իրենց երեխաներին երես տալու պատճառով է և, իհարկե, նաև ընչաքաղցությունից ու մերձավորին չսիրելուց։
ԻՆՆԵՐՈՐԴ ՊԱՏՎԻՐԱՆ
Քո մերձավորի մասին սուտ վկայություն մի՛ տուր
Սույն պատվիրանն արգելում է սուտ վկայությունը կամ կեղծ ցուցմունքների տվչությունը դատարանի առաջ, քանզի այս հաստատությանն էր շնորհված Իսրայելի օրենքների համակարգում վիճահարույց քաղաքացիական և այլ վեճերը լուծելը։ Եթե նախորդ պատվիրանն արգելում է ցանկացած ոտնձգություն մերձավորի սեփականության դեմ, սույնով արգելվում է սուտ վկայությամբ, զրպարտությամբ մարդու կյանքին, ազատությանը, պատվին վնաս հասցնելը։
Այս պատվիրանն այսօր կիրառվում է ժամանակակից արդարադատության համակարգում` զորօրինակ, վկան նախքան վկայություն տալը (քանզի առանց արդար վկայության անհնար է արդար դատելը) երդվում է, այդ թվում նաև` Սուրբ Գրքով։ Իններորդ պատվիրանը տարածվում է անմեղ մարդկանց պատիվն ու անունը արատավորողների, մերձավորների խոսքերը նենգաբար մեկնողների, բամբասողների, սուտ լուրեր տարածողների և, առհասարակ, ստախոսների վրա։ Պողոս առաքյալն ասում է. «Հեռու վանեցեք հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով... ՈՒստի դե՛ն գցեցեք ստախոսությունը» (Եփես. 4.22,25)։
ՏԱՍՆԵՐՈՐԴ ՊԱՏՎԻՐԱՆ
Աչք մի՛ ունեցիր ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա ագարակի, ո՛չ քո մերձավորի կնոջ, ո՛չ նրա ծառայի, ո՛չ նրա աղախնու, ո՛չ նրա եզան, ո՛չ նրա էշի, ո՛չ նրա անասունի, ո՛չ այն ամենի վրա, ինչ քո մերձավորինն է, աչք մի՛ ունեցիր։
Առաջին ինը պատվիրանները` հրաժարական լինեն, թե հանձնառական, վերաբերում են մարդկանց արարքներին, որոնք եթե մեղսալից են, ապա պատժվում են երկնային ամենատես արդարությամբ։ Իսկ այս պատվիրանը խորունկ ըմբռնմամբ արգելում է ցանկանալը` նախանձը, և կոչված է կանխելու ամենատարբեր մեղսալից արարքները, որոնց սկզբնապատճառը ցանկանալն է։ Այլ կերպ ասած` ամենայն չարի արմատը մարդու եսասեր բնության մեջ է և նրանից ելած ցանկությունների. «որովհետև ներսից մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդները` շնություն, պոռնկություն, գողություն, սպանություն, ագահություն, չարություն, նենգություն, գիջություն, չար նախանձ, հայհոյանք, ամբարտավանություն, անզգամություն։ Այս բոլոր չարիքները ներսից են ելնում ու պղծում մարդուն» (Մարկ. 7.22,23)։
Հետևաբար, մեղք չգործելու համար «մաքրենք մեզ մարմնի ու հոգու ամեն պղծությունից» (Բ Կորնթ. 7.1), մաքուր պահենք մեր սրտերը մեղսալից ցանկություններից, գոհանանք մեր ունեցածով, ուրախանանք մերձավորի հաջողությամբ և ունեցածի համար։
«Սինայական օրենսդրության համեմատ,- գրում է մի եպիսկոպոս,- ի՞նչ է հնդիկների, եգիպտացիների և այլ ժողովուրդների բովանդակ բազմադարյա պատմությունն իր ողջ իմաստությամբ և վիթխարի տաճարներով ու բուրգերով հանդերձ։ Սինայական օրենսդրությունն իր հիմնական սկզբունքներով շնորհվում էր գալիք բոլոր ժամանակների համար։ Նա աշխարհում ճշմարիտ բարոյականության և մարդկային արժանապատվության հիմքը դրեց։ Դա մի ժողովրդի ծնունդն էր, որը տարբերվում էր պատմությանը հայտնի մինչ այդ գոյություն ունեցած ազգերից (Իսրայելն Աստծո կողմից ընտրվել էր, որ իր միջոցով հեթանոս աշխարհը ճանաչի ճշմարտությունը, սակայն Աստծո առաջ բոլոր ժողովուրդներն էլ հավասար են)։ Հոգևոր ու անձնական Աստծո, ծնողասիրության, ողջախոհության, մարդկային կյանքի և սեփականության սրբության, մաքրության, խղճի մասին այս հասարակ, բայց խորախորհուրդ ու հավերժական ճշմարտությունները հաստատվեցին Սինա լեռան վրա` ի ժառանգություն գալիք դարերի։ Հնադարում, իհարկե, վեհ բարոյական ուսմունքների առանձին փայլատակումներ եղել են, սակայն դրանք սովորաբար միայն սակավաթիվ հանճարների սեփականությունն էին և երբեք չէին հասնում ժողովրդական զանգվածներին, քանզի քարոզվում էին միայն քիչ հասկանալի վերացական դրույթներով և աստվածային թույլտվությամբ չէին։ Իսկ Տասնաբանյան հռչակվեց Իր` Աստծո կողմից, այն էլ այնքան անզուգական վեհությամբ և զարմանահրաշ պարզությամբ, որ հռչակված ճշմարտություններն իսկույն ևեթ դարձան ողջ ժողովրդի սեփականությունը, որի առաջ ծառացավ այդ օրենքն աշխարհով մեկ տարածելու խնդիրը։ Սինայական օրենսդրությունը ոչ միայն հաստատեց ճշմարիտ հայեցակարգն առ Աստված և մարդկության վերաբերմունքն առ Նա, այլև մարդկանց փոխադարձ հարաբերությունները դրեց բացարձակ նոր ընկերային հիմքերի վրա։ Ի նշանավորումն այս դարակազմիկ իրադարձության, Իսրայելի ժողովուրդն օրինակարգեց Հիսնականի տոնը, քանզի օրենքի շնորհումը տեղի էր ունեցել Եգիպտոսի ելքի 50-րդ օրը»։
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆ

«Ես սկսեցի կարդալ Ս. Գիրքը ոչ թե կարդալու համար, ո՛չ։ Ես սկսեցի կարդալ այն, որպեսզի չքնեմ։ Եկավ Ավագ շաբաթի երեկոն։ Նստած էի իմ շքասրահում։ Սուրբ գիշերը պատուհանում ինձ էր նայում աստղերի մեղմիկ փայլով, որոշ պատկերների առջև կանթեղ էր վառվում, մյուսների առջև` մոմ։ Դեռևս ինստիտուտից ձեռքս չէի վերցրել Ավետարանը` մտածելով, թե կարդալու կարիք չկա։ Ես այն գրեթե ամբողջությամբ անգիր գիտեմ. քանիցս ընթերցել ու վերընթերցել եմ։ Մի՞թե այն ուրիշ է հիմա։ Ա՜խ, երբ էլ կարդաս, միշտ նույնն է այն, բայց հոգու վրա տարբեր կերպ է ներգործում։ Երկու ձեռքով հենվեցի սեղանին ու սկսեցի հերթականությամբ` առաջին թերթից կարդալ։ Անկարող եմ ձեզ հաղորդել ինձ համակած զարմանալի նորությունն ու թարմությունը։ Ամեն ինչ հին է, ամեն ինչ` վաղո՜ւց ծանոթ, և սակայն անասելի շարժում է սիրտս։ Ես երկար չկարդացի, արագ ծնկի եկա։ Արցունքներն ընկնում էին հատիկների պես։ Ես դրանք չէի սրբում։ Ոչ մի բառ չարտասանեցի, չխաչակնքվեցի, միայն ծնկել էի։ Եվ Փրկչի երեսի լույսը հեղվում ու հեղվում էր Իրեն հառած իմ դեմքի վրա... Հարության այդ տոնը դարձավ նաև իմ հարությունը։ Միմիայն Աստված կարող է այդպիսի խավարից տանել դեպի Իր լույսը, այն էլ` այդքան անսպասելի։ Եթե կարելի է պատկերացնել, թե հոգին թևեր ունի, ապա իմն այժմ կարապի թևերով էր։ Հոգիս ուրախ թափահարում էր իր թևերը և լողում խնդության այնպիսի խաղաղ ու զուլալ ջրում, որ լուսավոր կաթիլները ցայտում էին դեպ երկինք և քնքուշ արցունքների նման թափվում գետնին։ Ո՞Ւր անհետացան այն ծանրությունը, թախիծը, տարակուսանքը։ Իմ մեջ մնաց լոկ հեզ, լուսավոր մի տխրություն, որի համար ամենևին ուրախանալ չէի ուզում, այլ քաղցր ու խնդագին լալիս էի։ Շուրջս ոչինչ էապես չէր փոխվել, բայց ես արդեն ուրիշ էի, ամեն ինչ արդեն ուրիշ էր։ Ինքս ինձ հետ հաշտվելով` ես հաշտվեցի ամեն ինչի` իմ կյանքի, իմ վիճակի հետ»։
Ն. Ս. Կոխանովսկայա
Ռուս կին գրող

«Ես, ինչպես նաև իմ ուսանողները, երբեք Աստվածաշունչ չէի կարդացել։ Այն ժամանակ, ամենայն կրոնականի հանդեպ ընդունված արհամարհալից անտարբերության պայմաններում, Աստծո խոսք համարվող Աստվածաշունչը, սարկազմից բացի, ոչինչ չէր հարուցում։ Մի տեղ, չգիտեմ որտեղ, ես կարդացի այս գրքի հրաշալիքների մասին` իբրև վսեմ պերճախոսության կոթողի, և ընթերցեցի Հոբի գիրքը որպես դասախոսություններիս մեջ ընդգրկված առարկա։ Ես ապշեցի։ Իմ ուսումնասիրած դասականների մեջ ոչինչ չէի գտնում, որը կարող էր համեմատվել այս գրքի մեծության հետ։ Տպավորություններս անմիջապես հայտնեցի ուսանողներին։ Մինչ այդ ես արդեն դասախոսություններ էի կարդացել չարի ծագման և Ս. Գրքի բովանդակության վերաբերյալ։ Սակայն երբ կարդացի բովանդակ գիրքը, իմ զարմանքին սահման չկար։ Շուտով գլխովին անձնատուր եղանք Ս. Գրքի ուսումնասիրությանը. այն հիշեցնում էր հեռավոր ու անհայտ երկիր կատարվող մի ճամփորդություն։ Նորադարձների խանդավառությամբ մենք մոռացանք մեր դասականներին, և ամիսներ շարունակ Աստվածաշունչն էր այն միակ գիրքը, որի առիթով և որի շուրջ խորհում էինք։ Ի շարս այլոց, մեր այս նոր հայտնագործության մեջ ինչ-որ անասելի հանդիսավոր և հոգին վսեմացնող բան կար։ Զարմանում եմ, թե ինչու մեր դպրոցներում, ուր այնքան շատ ժամանակ է հատկացվում իրականում անօգուտ առարկաների սերտմանը, երբեք ուշադրություն չի դարձվել Աստվածաշնչի անթոլոգիային` վեհագույն բարոյական զգացմունք առաջացնելու նպատակով։ Մարդուն շեղել ինքն իրենից, նրան տրամադրել, որ իր անձը զոհի հանուն բոլոր մարդկային իդեալների` ահա այսպիսին է բարոյականությունը, այսպիսին է Քրիստոսի կրոնը, այս է Քրիստոսին նմանվելը»։
Ֆ. ԴԵ-ՍԱՆԿՏԻՍ
Անվանի գիտնական, գրականագետ և քննադատ

Դիտվել է՝ 2848

Մեկնաբանություններ