Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Նա պետք է դուրս գար, եթե անգամ համոզված լիներ, թե իրեն խփելու են»

«Նա պետք է դուրս գար, եթե անգամ համոզված լիներ, թե իրեն խփելու են»
23.06.2009 | 00:00

«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂՑՐ ԲԵՌԸ ԿԻՍԵԼ ԵՆ ԵՐԿՈՒՍՈՎ»
Ընթերցողներին հիշեցնենք, որ նախորդ երկուշաբթի հրավիրած մամլո ասուլիսում ՆԺԿ ղեկավարն իրեն հատուկ ոճով տվեց որոշակի բնութագրումներ և մարքսիստ Դավիթ Հակոբյանին ու ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանին անվանեց «բիզնես ընդդիմություն»։ Ինչպես և սպասվում էր, արձագանքը չուշացավ. «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը «Առավոտում» (17 հունիսի, 2009 թ.) հայտարարեց, թե «վաղուց ի վեր փեշը վառած-մարած Արամ Կարապետյանը, որը 2008 թ. մարտիմեկյան դեպքերից օրեր անց մարդկանց զգոնությունը բթացնելու նպատակով կարճ ժամանակով հայտնվեց ԱԱԾ VIP (գործակալների համար նախատեսված) «խցում»։ Այնուհետև «առողջության վատթարացման» պատճառաբանությամբ, որը ռեժիսորական մեծ վարպետությամբ հրամցվեց հանրությանը, նա հայտնվեց ազատության մեջ»։
Բնական է, զրույցի ընթացքում չէինք կարող անտեսել այս հանգամանքը, իմա` Ալեքսան Կարապետյանի հնչեցրած բնութագրումներն ու գնահատականները, և ՆԺԿ նախագահ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ խնդրեցինք արտահայտել իր տեսակետը։

(սկիզբը` նախորդ համարում)
«ՆԱ ՊԱՐԶԱՊԵՍ ԽԱՌՆՈՒՄ Է ԲԱՆՏՆ ՈՒ ՍԱՈՒՆԱՆ»
-Իմ ասուլիսում ես տվել եմ քաղաքական գնահատական, ինչն ապացուցված իրողություն է թե՛ Դավիթ Հակոբյանի, թե՛ Արտաշես Գեղամյանի պարագայում,- մանրամասնեց պարոն Կարապետյանը։- Առաջինի դեպքում խնդիրն այնքան ակնառու է, որ նրան ՀԱԿ-ից հեռացնելու հարցն է դրված, իսկ մյուսի մասին կխոսեմ մի 5-6 րոպե, երբ կգա պահը։ Դրանից հետո, կարծում եմ, Արտաշես Գեղամյանն ու Ալեքսան Կարապետյանը չեն զբաղվի քաղաքականությամբ։ Առավել քան համոզված եմ, որ մինչև Ալեքսան Կարապետյանի ելույթը մամուլում, Արտաշես Գեղամյանը, սովորության համաձայն, այդ հարցը 1,5 օր քննարկել է կուսակցության փակ նիստում։ Եվ խմբովի որոշել են, թե ինչ պատասխան են տալու և ո՛ւմ անունից։
Համենայն դեպս, Ալեքսան Կարապետյանին ուզում եմ տեղեկացնել, որ բանտում VIP «կամերաներ» չկան, դրանք սաունայում են լինում։ Նա պարզապես խառնում է բանտն ու սաունան։ Երևի հաճախ է սաունայում լինում։
Նաև իրազեկեմ պարոն Կարապետյանին, որ եթե հանկարծ, Աստված մի արասցե, բանտ նստի, անպայման «լիկբեզ» կանեմ, որպեսզի հանկարծ «նասեդկայի» վրա չընկնի։ Ոգելից խմիչքը լավ բան է, բայց եթե օգտագործում ես տարիներ շարունակ, դառնում ես «մարազմատիկ»։
-Ի՞նչ կապ ունեն «մարազմն» ու Ձեր, Ալեքսան Կարապետյանի բառերով ասած, «գործակալ» լինելու հանգամանքը։
-Միայն «մարազմով» ախտահարված ուղեղը կարող է 2008-ի փետրվարի 24-ին ձերբակալված Արամ Կարապետյանի վերաբերյալ գրել, թե «2008 թ. մարտիմեկյան դեպքերից օրեր անց... հայտնվեց VIP-ում»։ ՈՒղղակի զավեշտ է։ Ի՞նչ պատասխանես մարդկանց, ովքեր ալկոհոլի ազդեցության տակ խառնում են օրերն ու ամիսները։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ աստիճան են հարբած եղել, որ շփոթել են փետրվարն ու մարտը։
Ի դեպ, ես փաստերով կարող եմ ապացուցել, որ քաղաքականության մեջ իրենք «բիզնեսմեն» են։ Եթե ցանկանում են, թող դիմեն դատարան, ես կապացուցեմ։
Իսկ դատարանում իրենք կարո՞ղ են ապացուցել, որ ես «գործակալ» եմ։ Թե՞ մի թերթի խմբագրի նման բառարան են բերելու դատարան և փորձելու են ապացուցել, որ «գործակալ» նշանակում է «հոգևոր հոտի հայր»։
Արտաշես Գեղամյանն էլ, Ալեքսան Կարապետյանն էլ տարիքով մարդիկ են և ինչ-որ բան ասելուց առաջ, նախ, պետք է մտածեն։ Ես քաղաքական գնահատական եմ տվել, իսկ իրենք փորձել են խնդիրը տեղափոխել անձնական վիրավորանքների դաշտ։ Իսկ մտածե՞լ են, թե ինչ կանեն, եթե հանկարծ ես սկսեմ բարձրաձայնել անձնական ինչ-ինչ հարցեր ու իրողություններ։ Այսօր ես ընդամենը մեկ հարցադրում կանեմ. եթե Արտաշես Գեղամյանն ու իր թիմը որևէ կապ չունեն իշխանությունների հետ, ապա Գեղամյանի թիմակից Գագիկ Կոստանդյանն ի՞նչ ճանապարհով էր ստացել ՀՀ ԱԱԾ-ի և ոստիկանության խողովակներով Մոսկվայից անօրինական ճանապարհով ձեռք բերված և Հայաստան հասցված փաստաթուղթը` Մոսկվայի Վերնադսկու պողոտայի տնային գրքից քաղվածքը, իմ «գրանցման» վերաբերյալ։ Ի դեպ, փաստաթուղթը կար միայն իրավապահ մարմիններում։
Եթե պարոն Գեղամյանը չպատասխանի, ապա իմ իսկ հարցադրման պատասխանն ապագայում կտամ ինքս։
«ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՕՐԻՑ ՄԵՆՔ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԵՂԵԼ»
-Խոստովանենք, որ ՀՀ ընդդիմադիր դաշտն այսօր շատ խայտաբղետ է, կան արմատական ընդդիմադիրներ, կան կառուցողական, կան և չափավոր ընդդիմադիրներ։ Բայց կան ընդդիմադիրներ էլ, որ նախընտրում են կենտրոնը, կան և պասիվ ընդդիմադիրներ։ Այս բազմազանության մեջ ՆԺԿ-ն ո՞ր շերտն է զբաղեցնում։
-Ես գիտեմ, որ աշխարհում գոյություն ունեն արմատական ընդդիմություն և կոնստրուկտիվ ընդդիմություն։ Վերջինիս դասական օրինակն այսօր ՀՅԴ-ն է։ Արտաքին քաղաքական դաշտում ունեն որոշակի տարաձայնություններ և ընդդիմադիր են այդ ուղղությամբ։
Իսկ արմատական ընդդիմությունը ստեղծված համակարգի արմատական փոփոխությունների կողմնակից է։ Այլ տիպի ընդդիմություն ես չգիտեմ։
Փաստաբան Հովիկ Արսենյանը շատ լավ բան է ասում` մարտի 1-ի գործով քրեադատավարական նոր օրենսգիրք են հնարել։ Նույնը կարող եմ ասել քննարկվող հարցի կապակցությամբ` Հայաստանի քաղաքական դաշտի համար քաղաքագիտության նոր դասագիրք պետք է գրել։
Ինչ վերաբերում է կոնկրետ ՆԺԿ-ին, ապա հիմնադրման օրից մենք արմատական ընդդիմություն ենք եղել, կողմնակից ենք համակարգային արմատական փոփոխությունների։
-Ըստ էության, արմատական ընդդիմության դիրքերում են թե՛ ՀԱԿ-ը, թե՛ ՆԺԿ-ն։ Ինչո՞ւ, ուրեմն, համատեղ չեն գործում։
-Որովհետև գործելաոճի, նպատակին հասնելու ճանապարհի, հետագա զարգացումներին առնչվող հարցերի շուրջ մենք տարակարծիք ենք։ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, թե մեզ պետք չեն հեղափոխություններ։ Իսկ ես կարծում եմ, որ Հայաստանում պարտադիր է խաղաղ հեղափոխությունը։
-Խոստովանենք, որ հեղափոխություն և խաղաղ որակումները չեն համատեղվում։
-Մի՞թե խաղաղ չէին վերջին 20 տարիներին տեղի ունեցած փոփոխությունները։ ՈՒկրաինայում կատարվածը խաղաղ չէ՞ր, նույնը` Վրաստանում։
Խաղաղ կոչված հեղափոխությունների մասին Հայաստանում թյուր կարծիք կա։ Որպես քաղաքագիտական կատեգորիա ոչ խաղաղ համարվում է այն հեղափոխությունը, որն ավարտվում է զինված բախումներով ու քաղաքացիական պատերազմով։
-Իսկ գուցե Լևոն Տեր-Պետրոսյանը նման սրացումի՞ց է զգուշանում, երբ անտեսում է հեղափոխությունները կամ ապստամբությունները։
-Այդ պարագայում ո՛չ թե ընդհանրապես հեղափոխություններին դեմ կլիներ, այլ կընդգծեր, որ դեմ է զինված ապստամբությանը։
-Ձեր նախընտրած թավշյա հեղափոխությունն իրականացնելու համար ունե՞ք ծրագիր։
-Իհա՛րկե։ Հայաստանին այսօր անհրաժեշտ է համաժողովրդական նոր շարժման հզոր ալիք։ Այսինքն, ապավինել ժողովրդի գործոնին` այս է գլխավորը։ Այլապես ընդդիմությունն իրավիճակը փոխելու ուրիշ ճանապարհ չունի։ Խաղաղ հեղափոխության գործընթացն իր մեջ ներառում է սահմանադրական ճանապարհով ընթացող գործողությունների շրջանակ։
-Հիշատակված շրջանակներո՞ւմ է տեղավորվում Ձեր ծավալած փաստահավաք գործունեությունը։ Նկատի ունեմ «դոսիե-կոմպրոմատների» փաթեթները։
-Միանշանակ։ Այդ ամենն արվում է այն նպատակով, որպեսզի հարկ եղած պահին (երբ ծագում են որոշակի խնդիրներ) պատասխանենք հիմնավոր փաստերով։ Երբ դու ինչ-որ բան ես ասում, հասարակությունը, քաղաքական քո հակառակորդներն ապացույցներ են պահանջում։ ՀՀ քաղաքական դաշտը շատ նման է հարցաքննվելուն։
«ՆԵՐԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՉԻ ԹՈԹԱՓԵԼ ՆԱԽԿԻՆԻՑ ՄՆԱՑԱԾ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»
-Պարոն Կարապետյան, փորձենք հստակեցնել արդեն մեկ տարուց ավելի տարբեր մակարդակներում հնչող մի հարց. Սերժ Սարգսյանի իշխանությունը ձերբազատվե՞լ է Ռոբերտ Քոչարյանից մնացած ժառանգությունից։
-Ո՛չ։ Բերեմ ամենաթարմ օրինակը։ Հունիսի 19-ին խորհրդարանական արտահերթ նիստում ԱԺ քննարկմանը ներկայացված համաներման բովանդակությունից նույնիսկ ակնհայտ է դառնում Ռոբերտ Քոչարյանի թիմի հստակ դերակատարությունը։ Ամեն ջանք գործադրվել է, որպեսզի համաներումը չարվի այնպես, որ մեծ հարված հասցնի Քոչարյանի քաղաքական գործոնին։ Նշված փաստը վկայում է այն մասին, որ ներկա իշխանությունը, այնուամենայնիվ, չի թոթափել նախկինից մնացած ժառանգությունը։
-Ասել է` Ռոբերտ Քոչարյանը չի՞ հեռացել։
-Նա ո՛չ միայն չի հեռացել, այլև տնտեսական, քաղաքական դաշտի մի հատված պահել է իր կառավարման ոլորտում։ Իսկ այդ հանգամանքը մեծ խզում է առաջացնում քաղաքական դաշտում։ Ինչո՞ւ։ Ներկա ադմինիստրացիան, եթե նույնիսկ ձգտի նոր բան ասել, ապա նախկինն աշխատելու է ամեն գնով պահել այն իրավիճակը, որպեսզի չվնասվեն իր տնտեսական ու քաղաքական շահերը։ Իսկ դա նշանակում է, որ ամեն ինչ միտված է նրան, որպեսզի պահպանվի տասնամյա այլանդակ այն իրավիճակը, որ ստեղծվել էր Հայաստանում։ Սրան գումարենք և այն, որ Սերժ Սարգսյանն էլ առանձնապես չի ցանկանում այդ իրավիճակից դուրս գալու քայլեր ձեռնարկել։ Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Սերժ Սարգսյանը նախագահ է և որևէ քայլ համակարգային փոփոխության նպատակով չի արել։ Ավելին, հաշվի առնելով համաշխարհային ճգնաժամը, հասարակության օրավուր աճող ապատիան, երկիրը լքելու տրամադրությունները ցույց են տալիս, որ ամեն ինչ ավելի է խորանալու։ Իհարկե, ես չեմ ասում, թե պետք է սուրը հանել ու բոլորի դեմ կռիվ սկսել, բայց...
-Ի՞նչ կռվի մասին է խոսքը, երբ շատերն այն կարծիքին են, որ երկրում կայունություն կա։
-Եթե կուզեք, ամենահաստատուն կայունությունը գերեզմանոցում է։ Այսօր ինչո՞վ ենք կայուն, այդ ո՞ր հանգրվանն է թույլ տալիս եզրակացնելու, թե Հայաստանի համար լավ է։
ԼՂՀ հարցում, որքան ես եմ հասկանում, բավականին վատ զարգացումներ են ընթանում, հայ-թուրքական սահմանի բացման (իմ բնորոշմամբ) PR ակցիան կանգնել է։ Աշխարհաքաղաքական դաշտում մեզ պատեպատ ենք խփում` մեկ ԱՄՆ ենք վազում, հետո գլխապատառ Ռուսաստանի գիրկն ընկնում։ Որևէ փոփոխություն տնտեսության մեջ չկա, էլ չեմ խոսում 3 մլրդ պարտքից։ Ցանկացած ոլորտ, եթե դիտարկենք, կհամոզվենք, որ մեկ քայլ անգամ առաջ չենք գնացել։
-Ամբողջ ասվածից այն տպավորությունն է ստեղծվում, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այսօր և՛ս նույն թիմից են։
-Նրանք միշտ էլ իրար հետ են եղել։ Միշտ իրար հետ լինելը քաղաքականության մեջ նաև նշանակում է, որ երկուսն էլ տասը տարիների ընթացքում դերակատար են եղել, և այսօր մեկի վերևում լինելը, մյուսի` իշխանությունից դուրս գտնվելը, չի նշանակում, թե կառավարման համակարգի առնչությամբ նրանց մտածելակերպում ինչ-որ բան փոխվել է։ Ինչպես այն ժամանակ են միասին եղել ու նույն արատավոր քաղաքականությունը վարել, այնպես էլ հիմա։ Իսկ դա նշանակում է, որ փոփոխության ձգտում Սերժ Սարգսյանի մոտ իսկապես չկա։
-Եթե այդ տեսանկյունից մոտենանք հարցին, ապա, թերևս, վերհիշենք` ՀՀ երեք նախագահներն էլ ինչ-որ ժամանակ նույն թիմից են եղել։
-Հասկանում եմ հարցի ենթատեքստը։ Իհարկե, երեքն էլ նույն թիմն են ներկայացրել։ Ռոբերտ Քոչարյանը ՀՀՇ վարչության միակ ներկայացուցիչն էր ԼՂ-ում։ Եվ նախագահին (իմա` Լևոն Տեր-Պետրոսյանին), որն իրենց երկուսին ԼՂՀ-ից բերել է Հայաստան և համապատասխան պաշտոնների նշանակել, ընդունված` երեքից մեկը միշտ էլ ավելորդ է, սկզբունքի համաձայն, խաղից դուրս են թողել և իշխանության քաղցր բեռը կիսել են երկուսով։
Որևէ մեկի մոտ կա՞ ցանկություն կտրուկ փոփոխություն կատարել, որպեսզի երկրում իրավիճակը փոխվի։ Ըստ իս, բացի ընդդիմության արմատական հատվածից, այն էլ հատկապես այն հատվածից, որը ՀՀ հիմնադրման նախնական գործընթացներին մասնակից չի եղել, ուրիշ ոչ ոք չի ուզում, որպեսզի փոխվի տիրող գաղջ մթնոլորտը, որն առկա է բոլոր ոլորտներում։ Մնացածներն իրենց «նիշան» գտած առաջ են գնում։ Իսկ արտաքին դաշտից ստացվող ազդակները վկայում են, որ Հայաստանի առջև դրվող պայմանները` աշխարհաքաղաքական դաշտում, գնալով ավելի են վատթարանալու։
Արդեն խոսում են ԼՂՀ-Ադրբեջան կոնֆեդերացիայի ստեղծման մասին, միանշանակ պարզ է դառնում, որ պետք է հանձնենք ազատագրված տարածքները։ Իրանում ընթացող զարգացումներն ինձ թույլ են տալիս եզրակացնելու, որ այնտեղ երկար ժամանակ իրավիճակը չի կայունանա։ Գեոքաղաքական առումով Իրանում իշխանափոխության և ընդհանրապես այդ երկրին առնչվող գործընթացների սկիզբն արդեն տրված է։ Դրան գումարենք Վրաստանում ընթացող զարգացումները։ Այս ամենը նշանակում է, որ ՀՀ-ին պետք են փոփոխություններ, իսկ փոփոխությունների համար անհրաժեշտ են մարդկային ռեսուրսներ, ովքեր պետք է իրագործեն այդ փոփոխությունները։ Ներկա իրավիճակը պահանջում է քաղաքական շատ լուրջ ու ակտիվ գործունեություն, բայց դաշտում առկա ուժերը (թե՛ ընդդիմության մի հատվածում, թե՛ իշխանական հատվածում) համոզված են, թե ամեն ինչ կլինի ինքնաբերաբար։ Աբսուրդ։ Քաղաքական գործունեության միջոցով է միայն այդպես լինում։
«ԱՄԵՆ ԻՆՉ ՀՈԳՆԵՑՐԵԼ ԷՐ, ՄԻԱԿ ԵԼՔԸ ՀԱՄԱՆԵՐՈՒՄՆ ԷՐ»
-Համաներումն ինչ-որ առումով նաև չէ՞ր նշանակում դատապարտել Քոչարյանին։
-Իհարկե, եթե շատ խորը վերլուծենք, գուցե և գտնենք նման միտում։ Իմ կարծիքով, համաներումը մի քանի խնդիրների միացում էր։ Համաներումը պատասխան էր դատարանում գործերի քանդվելուն։ Պատասխան էր Եվրախորհրդի պահանջներին։
Սերժ Սարգսյանի հետ փորձել են պայմանավորվել. այն է` ՀՀ քաղաքական դաշտի զարգացումների վրա աչք կփակվի, այդ թվում և` ընտրություններում արված կեղծիքների, եթե լուծվի բանտարկյալների խնդիրը։
Եվ երրորդ հանգամանքը. ՀՀ-ն այդքան քաղբանտարկյալներ ունենալու ներքին ռեսուրսներ չունի։
Այս խնդիրները եթե չլուծվեին, լուրջ պրոբլեմ էին դառնալու թե՛ ներքին, թե՛ արտաքին դաշտում։ Այսինքն` փորձելու են պատրանք ստեղծել, թե երկրում կայունություն է, խաղաղ է։ Ի՞նչ է պատահել, որ։ Տղերքով նստած ենք, բլոտը խաղում ենք, փողերը կիսում ենք, ամեն ինչ հարթ է ու խաղաղ։ Ոմանք գոռում են քաղբանտարկյալներ, ազատություն, ինչ-որ կոլոմբիեներ ու պրեսկոտներ են գալիս, դրանց ամեն անգամ պետք է դիմավորել, հյուրասիրել, զրուցել, հոգնեցուցիչ է։ Այո՛, այդ ամենը հոգնեցրել էր։ Միակ ելքը համաներումն էր։
Բայց համաներում այն պարագայում, երբ առկա է իշխանությունը յուրացնելու հանգամանքը, ստացվում է, համաձայն ես, որ այդ իշխանությունը յուրացնեն։ Այդ իսկ պատճառով էլ նախ հանվեցին իշխանությունը յուրացնելու հոդվածները, իսկ առաջադրված մյուս մեղադրանքների վրա արդեն համաներում կիրառեցին։ Ստացվում է, իշխանությունը յուրացնել կարելի է, ինչ կա, որ, մեկ տարի կնստես, հետո դուրս կգաս ու նորից կփորձես յուրացնել։
Գործընթացները սկսեցին շուրջ 6 ամիս առաջ, որպեսզի այսօր համաներում կատարեն։ Այդ պատճառով է, որ ես քաղաքական տեսանկյունից (ոչ իրավական) դեմ եմ համաներմանը։ Ես մասնակցել եմ դատավարություններին ու միանշանակ կարող եմ պնդել, որ ուղղակիորեն գործ չկար ու անհասկանալի էր, թե մարդկանց ինչի համար են դատում։ Ես շատ էական հարց եմ տալիս` ԱԺ պատգամավորներին, նախկին նախարարին, քաղաքական գործիչներին, այդ ո՞ր մեղքի համար դատեցին, որ հիմա էլ համաներեցին։ Պարզվեց, որ այս մարդիկ իշխանություն չեն յուրացրել, այլ ընդամենը կազմակերպել են զանգվածային անկարգություններ։ Եթե ներկա իշխանությունների տրամաբանությամբ առաջնորդվենք, ստացվում է` այդ մարդիկ խուլիգան էին, Մյասնիկյանի արձանի մոտ հավաքել էին սրան-նրան ու ասում էին` ջարդենք, փշրենք, թալանենք, տանենք ծախենք, հա՞։ Այսինքն, քաղաքական ի՞նչ ենթատեքստով էին այդ մարդիկ զանգվածային անկարգություն կազմակերպում, ո՞րն էր մոտիվը, թե՞ նրանք որևէ քաղաքական մոտիվ չունեին։ Իսկ գուցե այդ մոտիվը նախագահական ընտրությունների կեղծո՞ւմն էր, և մենք պայքարում էինք դրա՞ դեմ։ Այսինքն, իշխանությունը ճիշտն ասել չի կարող, իշխանության յուրացման հոդվածն էլ շատ ծանր էր համաներում կիրառելու համար։ Վերջում ստացվեց այնպես, ինչպես միշտ. իրավական որոշումը վերածվեց ֆարսի։
«ՀԱՄԱՆԵՐՄԱՄԲ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՄԱՔՐՎԵԼ ՄԱՐՏԻ 1-ԻՑ»
-Ըստ Ձեզ, կապ կա՞ համաներման ու հանրահավաքների դադարեցման միջև։
-Չկա՛։ Համաներմամբ իշխանությունը փորձում է մաքրվել մարտի 1-ից։ Քանի որ Սերժ Սարգսյանը միշտ սիրել է չերևացող` գորշ կարդինալի դաշտում աշխատել, ուզում է ասել` տեսա՞ք, Ռոբերտ Քոչարյանը հրամայեց կրակել, ես ներեցի։
-Բայց որ Ռոբերտ Քոչարյանն է կրակել, բոլորը գիտեն։
-Կներեք, այդ դեպքում շտաբի անդամնե՞րն ինչ են արել։ Ինձ համար միանշանակ պարզ է` բոլորն էլ իմացել են զարգացումների մասին։ Չեմ կարող պնդել, բայց այդպես եմ կարծում։ Ի՞նչ է, այն ժամանակվա վարչապետը ոչինչ չի՞ իմացել, Ռոբերտ Քոչարյանն առանց Սերժ Սարգսյանի գիտությա՞ն է արել։
-Գուցե։
-Միանշանակ ասեմ իմ կարծիքը. այդ ամենն արվեց Սերժ Սարգսյանին իշխանության բերելու նպատակով։ Եթե այդ ջարդը չլիներ, ու Լևոն Տեր-Պետրոսյանն իր թիմի հետ խաղաղ ճանապարհով հասցներ մտնել ՍԴ, այնտեղ հավաքվեր այն քանակությամբ մարդ, որը 2008-ի փետրվարի 20-ից հավաքվում էր «Ազատության» հրապարակում, ապա չկասկածեք, որ ՍԴ-ն երկրորդ փուլ էր որոշելու։ Իսկ դա կնշանակեր ընդդիմության հաղթանակ։
-Ասել է` Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ով մեծ ծառայությո՞ւն մատուցեց Սերժ Սարգսյանին։
-Հոգեբարոյական այնպիսի կերտվածք ունեցող մարդուն, ինչպիսին է Ռոբերտ Քոչարյանը, շատ բնորոշ է նման գործելաոճը. մի կողմից, կարծես, անում էր ամեն ինչ, որպեսզի օգներ Սերժ Սարգսյանին, մյուս կողմից, կներեք, այնպես «մխտռեց» ամեն ինչ, որ «արյուն» քսվեց բոլորին։
-Իսկ գուցե Քոչարյանը միտումնավոր էլ «քսե՞ց» արյունը։
-Միտումնավոր էր, թե ո՛չ, չգիտեմ։ Բայց, կրկնում եմ, հոգեբարոյական այնպիսի կերտվածքի տեր մարդուն, ինչպիսին Քոչարյանն է, շատ էլ հատուկ էր ողջ արվածը։ Նա Հայաստանի նկատմամբ միշտ էլ սպառողական մոտեցում է ունեցել։ Ես այդպես եմ կարծում։
«ԾԱԾԿԱԴՄՓՈՑԸ ԿՐԿՆՎԵԼՈՒ ՌԵՑԻԴԻՎ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԻՐ ՄԵՋ»
-Դուք մարտիմեկյան դեպքերի օրերին բանտում էիք, չգիտեմ, տեղյա՞կ եք, թե ոչ, բայց եղան որոշ բարձրաձայնումներ, թե պետք է ձերբակալել և՛ Տեր-Պետրոսյանին, և՛ Քոչարյանին` 10-ի արյան համար։
-Ինքը` Տեր-Պետրոսյանը, բոլոր պատեհ առիթներով, նաև հանրահավաքներում, միշտ էլ նշում էր` այդ ամենի կազմակերպիչը ես եմ, հարցեր կան, տվեք ինձ։ Եվ շատ հետաքրքիր է` զոհվել են մարդիկ, և անձին, ում մեղադրում են ամեն ինչի մեջ, բոլորը դատափետում են, բայց որևէ մեկը չի փորձում գոնե կանչել ու հարցաքննել։ Գլխավոր մեղադրյալը (ըստ իշխանությունների) դրսում է և չի՛ էլ հարցաքննվում։ Ես չեմ ասում, թե մեղադրանք առաջադրեին, գոնե հարցաքննեին։ Գուցե և նրա տված ցուցմունքներն օգնեի՞ն գործին։ Երկրորդ հանգամանքն ընդհանրապես չի տեղավորվում իրավագիտության տրամաբանության մեջ։ Մարդը, որը ղեկավարել է երկիրը, ամեն ինչ նրա ձեռքում է գտնվել, մարդը, որը հեռուստաեթերից ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել` ինձ զեկուցում են, թե այսպիսի բաներ կան, ես էլ հրամայել եմ համապատասխան գործողություններ կատարել, ևս չի հարցաքննվել, թե կոնկրետ ում ինչ հրահանգներ է տվել և այլն, և այլն։ Ես չեմ հավատում, թե ոստիկանության զորքերի հրամանատարը` Գրիգոր Գրիգորյանը, ինքնագլուխ որոշումներ է կայացրել։ Չե՛մ հավատում ու վե՛րջ։
Եթե ես լինեի նախագահը, ապա այսօր կասեի, որ տեղյակ եմ, թե ինչ ու ինչպես է կատարվել։ Կհրահանգեի նախաքննության մարմնին և ԱԺ համապատասխան հանձնաժողովին, անպայմանորեն հրավիրել բոլորին ու հարցաքննել, մինչև վերջ պարզել, ի վերջո, ի՞նչ է եղել։ Տասը մարդ է զոհվել, բայց մինչ օրս պարզ չէ, թե ինչ է կատարվել իրականում։ Եթե ես լինեի նախագահը, դրսից նույնիսկ կհրավիրեի փորձագետների խումբ, որ մեր մասնագետների հետ համատեղ ամենայն մանրակրկտությամբ բացահայտեին բոլոր մանրամասները։
Ծածկադմփոցը միշտ էլ կրկնվելու ռեցիդիվ է պարունակում իր մեջ։ Ով ուզում է լինի մեղավորը` առաջին նախագահը, երկրորդը, երրորդը, չորրորդը... պետք է պատժվի։
«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԶԳՈՒՇԱՆԱԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՉԵՄ ԸՆԿԱԼՈՒՄ»
-Եթե 2008-ի մարտի 1-ին Դուք լինեիք ընդդիմության առաջնորդը, ինչպե՞ս կվարվեիք, կգնայի՞ք Մյասնիկյանի արձանի մոտ, թե՞ կզգուշանայիք։
-Միանշանակ կլինեի զանգվածների հետ։ Մարտի դաշտից ես երբեք չեմ հեռանում։ Հեղափոխության պարագայում զգուշանալու հանգամանքը չեմ ընկալում։
-Իսկ հետո՞ ինչ կանեիք։
-Հավաքված ժողովրդին կոչ կանեի հանգստանալ, ավելին, ոստիկանության հետ համաձայնեցված, հավաքվածներին կառաջնորդեի «Ազատության» հրապարակ և կշարունակեի այն գործընթացը, որն ընդհատել էր ոստիկանությունը։ Վստահեցնում եմ, որ այդ դեպքում հաջորդ օրվանից սկսած, ՀՀ իշխանությունը կհանձնվեր։ ՍԴ-ն կընդուներ համապատասխան որոշում, և մենք մինիմալ կորուստներով (իմա` մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած վայրագ ծեծով) ամեն ինչ կվերջացնեինք։
Եթե դու հեղափոխական գործընթացների մեջ մտած մարդ ես, զգուշանալու բան չունես։
-Ասել է` Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ի մարտի 1-ին պարտավոր էր լինել Մյասնիկյանի արձանի մոտ և իր խո՞սքն ուղղել զանգվածներին։
-Իմ կարծիքով, եթե ֆիզիկապես կարող էր, պետք է դուրս գար, եթե անգամ համոզված լիներ, թե իրեն խփելու են։ Համոզված եմ, որ ո՛չ մեկին էլ չէին խփի։ Խփելու լինեին, ամենալուրջ թիրախն այլ մարդիկ էին, որոնց ելույթներն ավելի հեղափոխական էին և ավելի շատ էին այդ օրը ոգևորում ժողովրդին, կխփեին, էլի։ Պատկերացնո՞ւմ եք, որ առաջին նախագահի վրա կրակեին։ Ինչպիսի՞ն կլիներ արձագանքը թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս։ Նայեք ինչ է կատարվում հիմա Իրանում։ Այդքան մարդ է զոհվել արդեն (ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 150 մարդ), բայց նախագահի թեկնածու Մուսավին ողջ է և ազատության մեջ։ Այսպիսին է քաղաքականության տրամաբանությունը։ Հիմնականում շարժման թիվ մեկ լիդերներին չեն ձերբակալում և չեն սպանում։
-ՈՒզում եք ասել Լևոն Տեր-Պետրոսյանին չէի՞ն խփի։
-Միանշանակ։ Սա իմ կարծիքն է։
-Բանտից դուրս գալուց հետո առաջին նախագահի հետ խոսեցի՞ք այդ մասին։
-Ո՛չ։
-Գուցե քննարկվող հանգամա՞նքն էր նաև ՀԱԿ-ին չանդամակցելու պատճառը, քանի որ հիասթափվել էիք։
-Ես շատ պրագմատիկ մարդ եմ և, որպես քաղաքական գործիչ, իրավունք չունեմ հիասթափվելու։ Ի գիտություն Ձեզ և բոլոր մյուսների, ովքեր այդպես են մտածում, ես ուղղակի որդեգրեցի այն քաղաքականությունը, որ կա նաև ինքնուրույն պատրաստվելու խնդիր։
Իսկ ինչի՞ց պետք է հիասթափվեի` քաղաքական պայքարի՞ց։ Գործընթացներն առաջ տանողներն այդ մարդիկ էին և այդքան կարողացան անել։ Ի դեպ, բոլորս միասին քիչ բան չենք արել։ Մարտի 1-ը վատ է այն առումով, որ բախումներ ու զոհեր եղան, բայց, մյուս կողմից, ցույց տվեցինք աշխարհին, որ մենք ծնկած չենք։
ԱՊՀ տարածքում նման մասշտաբի բարձրացում չի եղել։ Ես շատ հպարտ եմ, որ հայ եմ։ Փետրվարի 19-ից մինչև 24-ը ամեն գիշեր հրապարակում եմ եղել։ Ոչ մեկը ո՛չ հարբած էր, ո՛չ էլ թմրանյութի ազդեցության տակ (ամոթ է անգամ այդ մասին խոսելը), կար ոգևորություն, եղբայրական մոտեցում, մարդիկ իրար հետ հաց էին կիսում։ Դրանից ավելի հպարտանալու էլ ի՞նչ ունես, որպես ժողովուրդ։
Զրույցը` Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 2179

Մեկնաբանություններ