Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Իսկ տասը զոհերի մահվան համար ոչ ոք պատասխան դեռ չի տվել

Իսկ տասը զոհերի մահվան համար ոչ ոք պատասխան դեռ չի տվել
31.07.2009 | 00:00

ՄԱՐՏԻ 1-Ի ՍԻՆԴՐՈՄԸ
Մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրության նպատակով ստեղծված ԱԺ հանձնաժողովը պարբերաբար ինչ-որ հրատապ հարցեր է քննարկում, ասուլիսներ է տալիս, հարցազրույցներ ու պարզաբանումներ, ստեղծվեց ու լուծարվեց նույն նպատակով հավաքված փաստահավաք խումբը, քաղաքական ու իրենց այդպիսին մեծարող գործիչներն են առիթով ու չառիթով մարտի 1-ը հիշատակում` սա սահմանից ներս, սահմանից դուրս ԵԽԽՎ-ն ու պարբերաբար Հայաստանում հայտնվող-հեռացող չինովնիկներն են մարտի 1-ն իրենց նոթատետրերում ընդգծում, որ բանաձևերի ու այլ տեսքով հոլովեն-խոնարհեն:
Իսկ տասը զոհերի մահվան համար ոչ ոք պատասխան դեռ չի տվել:
Որևէ մակարդակով:
Չի էլ տալու:
Ով էլ ինչ գնահատական տա, մարտի 1-ին հաղթեց Ռոբերտ Քոչարյանը: Հաղթեց բոլորին` ժողովրդին, նախորդ ու հաջորդ նախագահներին, Եվրոպային, ԱՄՆ-ին, Ռուսաստանին: Բոլորին ու ամեն ինչի: ՈՒ նրա հաղթանակը մինչև ապրիլի 9-ը չէր, նրա հաղթանակն այսօր էլ շարունակվում է, մենք բոլորս նրա հաղթանակի պատանդներն ենք` նախկին ու ներկա իշխանություն, արմատական ու կառուցողական, ազգային ու վերազգային ընդդիմություն, ընտրող ու չընտրող ժողովուրդ: Նա հաղթեց` բարդույթավորելով բոլորիս: Նրա հաղթանակը պյուռոսյան էր, բայց դա փաստացի նշանակություն չունի: Պյուռոս արքան, ըստ էության, վարձկան էր, նա չուներ երկիր ու թագավորություն, նա մինչև հաղթանակ կռվում էր նրանց համար, ովքեր վարձում էին իր զորքը: Այդպիսին էին նրա ժամանակները: Եվ նա կարող էր իրեն թույլ տալ մինչև վերջին զինվորի զոհվելու գնով ձեռք բերված հաղթանակը: Այդպես նույնիսկ ձեռնտու էր: Հայտնի պատճառներով:
Մենք բոլորս նրա հաղթանակի պատանդներն ենք, որովհետև նրան հաջողվեց երկրորդ անգամ բարդույթավորել ժողովրդին` իր կամքի դեմ:
1999-ի հոկտեմբերի 27-ի ամենամեծ ողբերգությունը ԱԺ նախագահի, վարչապետի ու պատգամավորների սպանությունը չէր, նույնիսկ եթե այդ ԱԺ նախագահը Կարեն Դեմիրճյանն էր, ու այդ վարչապետը Վազգեն Սարգսյանն էր: 27-ի ամենամեծ ողբերգությունը շոկն էր, որ կաշկանդեց երկիրն ամբողջությամբ ու դեռ չի հաղթահարվել: 27-ից հետո արժեհամակարգի այնպիսի փլուզում սկսվեց, որ մինչև այսօր չի դադարել: 27-ի հետևանքը հայի տեսակի դեգրադացիան էր` հարմարվողականության, վախկոտության, դավաճանության ու անհանդուրժողականության նոր խառնուրդն անպատիժ սկսեց նորանոր բարձունքներ նվաճել: 27-ին կրակեցին բոլորիս վրա ու չվրիպեցին: Հոկտեմբերի 28-ից սկսվեց ու շարունակվում է նոր հայի գրոհն իր հայրենիքի վրա: Գրոհը, բայց ոչ հաղթանակը:
2003-ին Ռոբերտ Քոչարյանը վերստին հաղթեց բոլորին. հարյուր հազարավոր մարդիկ նրա հրաժարականն էին պահանջում, հետո գնացին տուն ու հանգիստ քնեցին` գլուխներն իրենց պարտության բարձին դրած: Բայց վերջնականապես չպարտվեցին: 2004-ի ապրիլին նա ուղիղ պատասխանեց այն հարցին, թե ինչ կլիներ 2003-ին, եթե ժողովուրդը տուն չգնար:
2008-ին նա նորից հաղթեց, թեև իր թեկնածությունն ընտրություններում չկար: Փետրվարի 19-29-ը` տասնօրյա նրա համբերությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ նախապատրաստություն վերջին, վճռական մարտին: Մարտի 1-ին նա նորից ձեռքն առավ ճգնաժամային կառավարման իր շատ սիրելի ղեկն ու...
Իսկ տասը զոհերի մահվան համար ոչ ոք պատասխան դեռ չի տվել:
Որևէ մակարդակով:
Չի էլ տալու:
Նա հաղթեց ոչ միայն առաջին նախագահին, այլև երրորդ, համարյա թե ինքն իրեն: Ճիշտ է, նրանք էլ առանձնապես չէին դիմադրում:
Առաջին նախագահը միայն հայտարարում էր, որ ինքը հաղթել է ու տեր չէր կանգնում հաղթած ժողովրդին և իր հաղթանակին, նա այս երկրի համար դեռ անհավանական ժողովրդավար է, որ իշխանության գա: Ճշմարիտ մտավորականի նրա էությանն անհարիր էր արյունահեղությունը, նա դեռ այսօր էլ կարող է երկաթյա փաստարկներով հիմնավորել` ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չէր կարող նման քայլ անել, բայց նույնիսկ այսօր չի կարող պատասխանել այն հարցին, թե ինքն ի՞նչ պետք է աներ, որ չարեց` բացի ժողովրդին ամբողջ տասն օրով Հայաստանի Չորրորդ Հանրապետություն պարգևելուց և Հայաստանի Չորրորդ Հանրապետության քաղաքացի ստեղծելուց, որը որքան էլ ապրիորի կատեգորիա է թվում, անհրաժեշտ պահին, անհրաժեշտ տեղում կարող է ոչ միայն ինքնաբխվել ու հոգեխանգարմունք տարածել շուրջբոլորը, այլև հաղթել` իր առաջնորդին գտնելու դեպքում: Սա Ռոբերտ Քոչարյանի իրական պարտությունն է` հակառակ նույնքան իրական հաղթանակների:
Երրորդ նախագահին պետք էր իշխանություն, որը ոտքի տակից հեռանում էր: Նրանց վաղուց էին համարում սիամական երկվորյակներ, երկուսն էլ լավ գիտեին իշխանության առաջին, երկրորդ ու երրորդ օրենքները: Առաջին` իշխանությունը մեկ գլուխ է ունենում: Երկրորդ` իշխանությունը երախտամոռ է: Երրորդ` առաջին երկու օրենքները խախտեցիր` իշխանությունը կորցնում ես: Նրան հավերժորեն իրեն կապելու համար երկրորդ նախագահը կարող էր իրեն թույլ տալ նրա իշխանամուտն արյունով սկսելը և, իհարկե, փառահեղ պաշտպանություն ունենալով. ես քեզ համար պահպանեցի իշխանությունը: Ժողովուրդը, մի քանի օր էլ տևեր` արդեն նախագահական էր գալու, ներսից էր քանդվում, դու հո տեսնում էիր... Շնորհակալ եղիր: Սա էլ երրորդ նախագահի առաջին պարտությունն էր, որ նա չի կարողանում դեռ հաղթահարել:
Ժողովո՞ւրդը: Զզվել էր սպասելուց: Դուրս եկավ հրապարակ ու չհեռացավ, ինչպես 2003-ին, ինչպես 2004-ին: Երրորդ անգամ նրան տուն ուղարկող չեղավ, ու ժողովուրդը մնաց իր ու իր երկրի Ազատության հրապարակում` իր ու իր նման մտածողների իրավունքներն անձամբ պաշտպանելու: Ժողովուրդն այդ իրավունքն ուներ: Բայց խնդիրն իրավունքն ու ընտրությունը չէին, խնդիրն իշխանությունն էր: Իշխանությունը հայտնվեց նրա ձեռքին, ով կրակել գիտեր: Ով սահմանադրորեն իրավասու էր կրակելու ժողովրդի վրա` ըստ օրենսդրության, ճիշտ է` իրականությունը հարմարեցնելով իրավիճակին, իր համար ոչ ձեռնտուն դարձնելով լրիվ ձեռնտու:
Բոլոր ժամանակներում էլ պետական համակարգում կա մի շերտ, որ ոչնչի համար պատասխանատու չէ, որովհետև հրաման է կատարում: ՈՒ չի կարող այդ հրամանը չկատարել: Այլ խնդիր է, թե ինչպես է կատարում` հաճույքո՞վ, նախաձեռնությա՞մբ, դիմադրելո՞վ, հարկադրվա՞ծ: 37 թվին էլ նրանք հրաման էին կատարում ու չէին կարող չկատարել, որովհետև կատարողներ կգտնվեին, ու զոհի դերում կհայտնվեին իրենք: Մեղքի, ոճրի, պատժի արանքում նրանք կամ ապրում էին, կամ մեռնում: 2008-ին նրանք նորից հրաման էին կատարում, որ չէին կարող չկատարել, բայց կարող էին կատարել իրենց պարտականությունների շրջանակում, ոչ թե իրենց նվիրվածության ու վախի անսահմանության տարածքում: ՈՒ ոչ միայն նրանք, այլև իրենց հրաման տվողները: Հրամանը տեղ հասցնողները:
Ինչո՞ւ հաղթեց Ռոբերտ Քոչարյանը: Այն բուրգը, որ կառուցվել էր 2000 թվականից հետո, ինքնապաշտպանության բնազդով պատրաստ էր ոչնչացնելու ամեն ինչ: Դա արդեն քաղաքականություն չէր միայն, դա վեր էր ու դուրս էր քաղաքականությունից: Դա համակարգ էր, որի բոլոր անդամներն իրենք իրենց խորապես համոզել էին, որ աշխարհի ու մարդկության վախճանը կգա իրենց պարտության պարագայում: Իրենց երկրորդ սերնդի բարեփոխումները, որոնց արդյունավետությունն ավելի կասկածելի է, քան առաջին սերնդինն էր, իրենց «հավակնոտ» ծրագրերը, իրենց տնտեսական երկնիշ աճը... Բայց ամենակարևորը` նրանք համոզվել էին, որ իրենց պարտության դեպքում կգա իրենց քաղաքական, տնտեսական, մարդկային կարիերայի վախճանը: Այդ համակարգն ապրելու իրավունք ունի այնքան երկար, որքան թույլ է այլընտրանքը: Ռոբերտ Քոչարյանը հաղթեց, որովհետև մենակ չէր, մեզնից յուրաքանչյուրի մեջ վախի, հարմարվողականության ու անհանդուրժողականության, դավաճանության մի ջիղ կար, որ մեզ, նույնիսկ հակառակ մեր կամքի, դարձնում էր նրա զինվորն ու նրա հաղթանակը դարձնում անխուսափելի: Ճիշտ է, մեր մեջ կան նաև այլ ջղեր` պայքարի, հավատի ու արդարության, անվանված ու չանվանվող այլ զգացումների ու գաղափարների, որոնք մեզ նաև դարձնում են անպարտելի, բայց հարցն այն է, թե երբ ինչն է գերակշռում:
Հետո մարտի 1-ի պատասխանը Հյուսիսային պողոտան ամեն օր տալիս էր:
Հետո դատ առ դատ մարտի 1-ի պատասխանը տրվում էր:
Ինքնահարգանքի ու հայրենիքի զգացողության ինչ-որ նշույլներ եթե մնացել են, իսկ մնացել են հաստատ, մարտի 1-ի պատասխանը դա է:
Այս ընթացքում մարդկանց մեջ արթնացավ ու հզորացավ սեփական կարևորության ու հայրենիքի ճակատագրի հետ անմիջական կապի այնպիսի մի զգացողություն, որին ոչ գաղտնի, ոչ բացահայտ հաղթել հնարավոր չէ: Շատ փխրուն այդ զգացողությունն ավելի ճկուն ու դիմացկուն է, քան ռոբերտքոչարյանական սինդրոմը, որ ժառանգել է նույնիսկ Սերժ Սարգսյանը` ինքն իր մեջ իր ցանկացած որոշում նախ` նրա հետ համաձայնեցնելով, հետո ընդունել-չընդունելով:
Մարտի 1-ն իրականում բացահայտման կարիք չունի: Իրավական-պաշտոնական գնահատականի` գուցե: Բայց դա անհնար է: Ո՛չ կառավարության որոշում, ո՛չ ԱԺ հանձնաժողովի որոշում, ո՛չ նախագահի հրամանագիր, ոչինչ այդ դուռը փակել չեն կարող: Մարտի 1-ը լայնքով ու խորքով մի մեծ սպի է մեր բոլորի մարմնին, որ միլիմետր առ միլիմետր կարող է ապաքինվել կամ արնահոսել` նայած ինչն է մեր մեջ գերիշխում` վախն ու հարմարվողականությո՞ւնը, դավաճանությո՞ւնը, թե՞ հպարտությունը, պատասխանատվությունն ու ինքնահարգանքը:
Իսկ մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այս ամենի հետ կապ չունի: Նա, հանգամանքների բերումով, հայտնվել է այն շերտում, որտեղ հրաման են կատարում ու, ի պատիվ իրեն, այդ հրամանը փորձում է կատարել մարդկայնության շրջանակներում:
Ի վերջո, մենք ենք որոշում` ընտրել բարդո՞ւյթը, թե՞ ապագան: Հարմարվե՞լ, թե՞ դիմադրել: Հանդուրժե՞լ, թե՞ հրաժարվել: Գոնե մեր կյանքի սահմաններում:
Իսկ տասը զոհերի մահվան համար ոչ ոք պատասխան դեռ չի տվել:
Որևէ մակարդակով:
Չի էլ տալու:
Քանի դեռ չենք ընտրել:
Արամ ԲԱԲԱՅԱՆ

Դիտվել է՝ 1953

Մեկնաբանություններ