Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցի շինարարությունը շուրջ 3 ամիս դադարեցված է, ոչ մի աշխատանք չի կատարվում։ Դպրոցի շինարարությունը սկսվել է 2022 թվականի վերջին, շինարարության ավարտի ժամկետի երկարաձգումից հետո, այն պետք է ավարտվեր 2024 թվականի հունիսի կեսին։ Դպրոցի շենքը կառուցվում է պետական բյուջեի 1 միլիարդ 218 միլիոն դրամ ֆինանսավորմամբ, շինարարությունը իրականացնում է «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն։ Զրուցեցի այդ շինարարության նախկին աշխղեկ, Նոյեմբերյանի նախկին քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանի հետ։ Նա ասաց, որ սահմանամերձ Դովեղում տեղացի բանվորներ են աշխատել, սակայն հետո ընկերությունը նրանց փոխարինել է պարսիկ բանվորներով, որոնց էլ փոխարինել է արաբներով։ Ս․ Ամիրաղյանը հայտնեց, որ ինքը մարտի 31-ից դուրս է եկել աշխատանքից, «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն իրեն աշխատավարձի գումարներ է պարտք, ՍՊԸ-ի տնօրենն չվճարումը պատճառաբանել է այն բանով, որ քաղաքաշինության կոմիտեում վարչության պետի պաշտոնը թափուր է, պետք է ղեկավար նշանակվի, որ Դովեղում շինաշխատանքների ֆինանսավորում լինի։ «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն այժմ նաև Վայոց Ձորի Շիվա գյուղում է դպրոց կառուցում։ Ս․ Ամիրաղյանն ասաց, որ Դովեղի դպրոցի աշխատանքների ժամանակ այս գարնանը տրակտորիստ է աշխատել, որին, սակայն, տեղափոխել են Շիվայի դպրոցի շինարարություն։
Դովեղի դպրոցի նորակառույց շենքը գտնվում է Դովեղ մտնող ճանապարհի եզրին, դրանից ցած պետք է հենապատ կառուցվեր, սակայն այն չի կառուցվել, դեպի սահմանագոտի տանող, ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը, հենապատի բացակայության պատճառով, կարող է փլվել։ Դպրոցի շինարարության ավարտի վերջնաժամկետ է սահմանվել այս ամսվա՝ հունիսի կեսը, սակայն դպրոցի շենքի շինարարությունը կատարվել է ընդամենը 20-25 տոկոսով։ Ինչո՞վ են զբաղվել քաղաքաշինության կոմիտեն, Տավուշի մարզում պետական ծրագրերի իրականացման նկատմամբ, վերահսկողություն իրականացնող Տավուշի մարզապետարանը, Նիկոլ Փաշինյանի քավոր, մարզպետ Հայկ Ղալումյանը, եթե Դովեղի դպրոցի շինարարությունը վաղուց դադարեցված է։
Ոսկան Սարգսյան