Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Այս պղտորումներից հետո ալիք է գալու, և ամեն ինչ մաքրվելու է»

«Այս պղտորումներից հետո ալիք է գալու, և ամեն ինչ մաքրվելու է»
07.07.2009 | 00:00

«ԴԺԲԱԽՏԱԲԱՐ, ԱՐԴԵՆ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ Է` ԿՈՐՑՐԵԼ ԵՆՔ ԱՅԴ ԹԵՐԹԸ»
Առանց պատճառի էլ հայ քաղաքական իրականության մեջ դավաճաններ «հայտնաբերելը» շատ սովորական մի բան է դարձել, ուր մնաց` «պատճառով»։ Այն էլ` «հիմնավոր»։ Այս անգամ պատճառը «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում Րաֆֆի Հովհաննիսյանին փոխարինած Զարուհի Փոստանջյանի ստրասբուրգյան նախաձեռնությունն էր, ինչը հայաստանյան լրատվամիջոցներից ու քաղաքական գործիչներից շատերը որակեցին ոչ միայն որպես դրսից հարազատ իշխանությունների դեմ թուրք և ադրբեջանցի «տղա բերելու» քայլ, այլև, ոչ ավել, ոչ պակաս` դավաճանություն ամենավեհ «սուբստանցին»` հայրենիքին։ Զավեշտը հասավ այնտեղ, որ դավաճանության մեջ սկսեցին մեղադրել մարդկանց, ովքեր նույն այդ «սուբստանցի» համար սեփական կյանքն են դրել «մատաղի» սեղանի վրա։ Դիցուք` ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԸ, ում հետ չէինք կարող չխոսել այս նույն ցավոտ թեմայով։
-Թեև այլ թերթերի հրապարակումներին անդրադառնալու սովորություն չունենք, սակայն դեպքն այնքան անհեթեթորեն արտառոց է, որ սովորույթը շրջանցել պարզապես չկարողացանք։ Խոսքը Սահմանադրական իրավունք միության պաշտոնաթերթ «Իրավունքի» մասին է, որը, խմբագիր Հովհաննես Գալաջյանի «բեսամթ» զարմացած հայացքով, անարգանքի սյունին է գամում Զարուհի Փոստանջյանին` իր սահմանադրական իրավունքը, այն է` ազատ կամարտահայտությունն իրացնելու համար։ Սեջբերեմ զարմանալի «Զարմանքից» մի կտոր. «Զարուհի Փոստանջյանի դավաճանական արարքն այն ջրբաժանն է, որի շուրջ քաղաքական ուժերը, գործիչները, պարզապես հանրահայտ մարդիկ ընտրություն են կատարում` իրենք հա՞յ են, թե՞ հայրենիքի դավաճան»։ Չգիտեմ` Դուք ինչպես, պարոն Սէֆիլյան, բայց մերօրյա հայ լրագրության մեջ «բախտ» չէի ունեցել ավելի անկապ (մեղմ ասած) հարցադրման հանդիպելու։
-Ի մասնավորե, մեր մամուլի ոչ առողջ վիճակի փաստը նորություն չէ մեզ համար, սակայն ինձ համար շատ ցավալի է, որ այսպիսի անհիմն ցեխարձակումներ ու մեղադրանքներ է շպրտում մի պարբերական, որը մի ժամանակ շատերիս կողմից սիրելի թերթ էր։ Դժբախտաբար, արդեն երկար ժամանակ է` կորցրել ենք այդ թերթը։ Այս իմաստով, անշուշտ, ցավալի երևույթ է։ Իսկ նման ցեխարձակման շարժառիթը, որքան հասկացա, արցախյան պատերազմի մասնակից տասներեք քաղբանտարկյալներիս հայտարարությունն էր, որով մենք փորձել ենք պաշտպանել Զարուհուն։ Ըստ էության, դա մեր` տղամարդկանցս, պարտքի խնդիրն էր, որովհետև, գոնե մենք գիտենք, թե նա այս մեկուկես-երկու տարում ինչպիսի ճիգ է թափել բոլորի համար, և երբ լսում ենք, թե ինչպիսի մեղադրանքներ են հնչում այդպիսի տիկնոջ հասցեին, բնական է, որ չէինք կարող լուռ մնալ։
-Փաստորեն, ավելի շատ ջենթլմենի` ազնվայրի պահվածք եք դրսևորել։
-Այո՛, հայ տղամարդն իրավունք չունի լուռ մնալու, երբ հանիրավի վիրավորում են հայ կնոջը։ Մանավանդ այդպիսի կնոջը, ով իր անձի համար չէ, որ անում է այդ բոլորը։ Ես դրանում համոզված եմ։ Քաղաքական գունավորումները մի կողմ` այն, ինչ նա անում է, անում է ներքին մղումից դրդված։ Ինչ վերաբերում է այդքան աղմուկ հանած փաստին` Զարուհի՞ն է մոտեցել թուրքերին, թե՞ նրանք են մոտեցել Զարուհուն` այդ տեքստի տակ ստորագրելու համար, էստեղ մի հետաքրքիր երևույթ կա։ Վերջիվերջո, տիկնոջ աշխատանքը Ստրասբուրգում դիվանագիտական աշխատանք է, նա մեր երկիրն է ներկայացնում Եվրախորհրդում, անկախ այն բանից` ընդդիմությա՞ն ներկայացուցիչն է, թե՞ իշխանության։ Երբ մի երկիր պաշտոնապես ընդգրկվել է եվրոպական ընտանիքի մեջ և հարց չի բարձրացրել, թե, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան էլ են նույն ընտանիքի անդամ, ուստի ես չեմ կարող անդամակցել այդ կառույցին, հիմա ինչի՞ մասին է խոսքը։ Իսկ ի՞նչ էին ուզում ցեխարձակողները։ ՈՒզում էին, որ երբ թուրք կամ ազերի պատվիրակները մոտենային Զարուհուն, նա ասեր` դուք թուրք եք, իրավունք չունե՞ք ստորագրելու։ Սա՞ էին ուզում աներ Ստրասբուրգում դիվանագիտական առաքելություն իրականացնող հայ պատգամավորը, ինչից հետո աշխարհը մեր երեսին կշպրտեր` ռասիստներ։ Սա անհեթեթություն չէ՞։ Առհասարակ, մենք այն ժամանակ դեմ էինք Եվրախորհուրդ Հայաստանի մուտքին, հիմա էլ դեմ ենք, սակայն, եթե մտել ենք այդ ընտանիքի մեջ, դրա կանոններով պիտի շարժվենք։ Իսկ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնության մեջ ոչ միայն դավաճանության նշույլ չեմ տեսնում, այլ նույնիսկ` սխալ, տակավին մի կողմ թողնելով, թե այդ նիստի բովանդակությունն ինչ էր, և ինչ էր ուզում անել Զարուհին։ Բոլորիս համար էլ սա պարզ է։
-Առիթով և անառիթ (իսկ ավելի հաճախ` անառիթ) հասարակությունը «դավաճանների» ու «հայրենասերների» բաժանելով ո՞ւր ենք հասնելու։ Սրա մասին չէ՞ր Վանո Սիրադեղյանն ասում` այսպես գնում են դեպի ՈՉԻՆՉ։
-Այս բոլոր վատ երևույթները երկար տարիների ընթացքի հետևանք են։ Այսօր մեր քաղաքական դաշտը ես չէի բաժանի երկու մասի` «սևի» ու «սպիտակի»։ Չէի բաժանի, որովհետև, առհասարակ, համարում եմ, որ մեր երկրում քաղաքական դաշտ գոյություն չունի։ Մեր երկրում առկա է մարդկանց մի խումբ, որը բռնի ուժով, նյութապաշտական նկրտումներով կեղեքում է ժողովրդին։ Այդ մի խումբ մարդիկ իրենց ազդեցության ներքո ունեն կամակատարներ, եթե չասեմ` ծառաներ, նաև` մամուլում։ Այսպես պիտի բաժանել դաշտը. մի կողմում ունենք ժողովուրդ, ժողովրդի շահերը պաշտպանել փորձող ընդդիմություն, որ ձևավորվել է, մյուս կողմում, ինչպես արդեն նշեցի, կեղեքիչների մի խումբ` իրենց ծառաներով։ Սա է պատճառը, որ այսպիսի ծայրահեղ մեղադրանքներ են հնչում, այդ թվում նաև` իմ հասցեին։ Ինձ էլ են ասում «դավաճան»։
-Եվ` շա՜տ «զարմանալի» հիմնավորմամբ։ Պարզվում է` Հովիկ Գալաջյանին «ահավոր ցավ ու զարմանք է պատճառում, որ Փոստանջյանների պաշտպանների շարքում է հայտնվել հայտնի ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը։ Դրանով նա զարմանալիորեն ինքը խաչ քաշեց սեփական հերոսական կենսագրության վրա ճիշտ այնպես, ինչպես Երկրորդ աշխարհամարտի տարիների խորհրդային գեներալ Վլասովն ինքն իրեն դուրս դրեց նորմալ ռուս մարդկանց շարքերից` անցնելով գերմանացիների կողմը»։ Ձեր պարագայում ովքեր են «գերմանացիները», որոնց կողմն անցնելով` «ինքներդ Ձեզ դուրս դրեցիք նորմալ հայ մարդկանց շարքերից»։ Կներեք։
-Քիչ առաջ ես իզուր չներկայացրի մեզանում առկա աննորմալ վիճակը, որպես դրա գլխավոր պատճառ շեշտելով իշխանության ու նրա ծառաների աներևակայելի նյութապաշտությունը։ Հենց սա է ամենավտանգավորը։ Երբ մարդիկ ամբողջությամբ խրվում են նյութի աշխարհը, օր օրի հեռանում են ոչ միայն իրականությունից, այլ նույնիսկ նախկինում իրենց դավանած արժեքներից։ Ահավոր բան է այդ «նյութապաշտություն» կոչված ախտը, որն էլ պատճառ է դառնում այս մակարդակի անհեթեթ ցեխարձակումների։ Իսկ այն, որ Դուք հենց նոր ընթերցեցիք, նյութին գերի դարձած մարդկանց ուղեղի «փայլատակման» գագաթնակետն է։ Վերջը։ Դրա համար եմ ասում` վիճակն այնքան հասունացած է, որ երկար ձգվել չի կարող։ Անպատճառ փոփոխություններ լինելու են։
-Ամենացավալին, թերևս, այն է, որ նույն «Իրավունքը», իրեն իրավունք վերապահելով «ձեռի հետ» դավաճանության պիտակ կպցնել ում ասես, այդ թվում` երկրի ու ազգի առջև վաստակ ունեցող արժանավոր մարդկանց, վերջիններիս փորձում է զրկել անգամ ցեխարձակումներից սեփական անձն ու հեղինակությունը պաշտպանելու սահմանադրական իրավունքից։ Սրա՞ համար են մեզ` լրագրողական համքարությանը, «չորրորդ իշխանություն» կոչում։
-Դժբախտաբար, արդեն երկար տարիներ մեր երկրում լուրջ մամուլի կայացման ընթացքը կասեցված է։ Բացառությունները հարգելով` ուզում եմ հարց տալ` ինչո՞ւ պիտի մամուլի 90 տոկոսը զբաղված լինի բամբասանքով ու ցեխարձակումով։ ՈՒղղակի մեր ժողովուրդը մեղք է։ Մեր ժողովուրդն այսօր լուրջ տեղեկատվություն ստանալու, իրականության ինչ-ինչոցն իմանալու պրպտումի մեջ է, ըստ էության։ Մերօրյա եթերային լրատվությունը փակ է, ավելին, գերազանցապես ապատեղեկատվություն է սփռում, իսկ եթե մի քանի ընդդիմադիր կամ ոչ ընդդիմադիր լրատվամիջոցներ էլ դեռ կան, որ իրականությունը ծուռ հայելիների մեջ չեն հրամցնում, դրանց զուգահեռ տասն անգամ ավելի հին ու նոր ստեղծված թերթոններ կան, որոնք, ժողովրդին մոլորեցնելուց բացի, ուրիշ բան չեն անում։ Բայց ես կարծում եմ, որ այս ցեխարձակումները տրամագծորեն հակառակ ազդեցությունն են ունենում, որովհետև մեր ժողովուրդը, վերջիվերջո, իմաստուն ժողովուրդ է, հնարավոր չէ, որ հավատա այնպիսի անհեթեթությունների, ինչպիսին քիչ առաջվա Ձեր կարդացածն էր։ Ավելին, նման աբսուրդ բաներ կարդացողի հակազդեցությունն անմիջապես ուղղվում է տվյալ թերթի և, առաջին հերթին, խմբագրի ու լրագրողի դեմ։ Համոզված եմ։ Միգուցե, այս իմաստով լավ է, որ այսքան սրվում է ամեն ինչ, որովհետև եթե մինչ օրս տակավին ինչ-որ մարդիկ հավատում էին «Իրավունքին», վստահ եմ, որ սրանից հետո նրանք էլ արդեն չեն հավատալու։ ՈՒզում եմ ասել` անկախ մեզնից ինչ-ինչ գործընթացներ են տեղի ունենում, որոնց արդյունքում լրատվական դաշտը, վերջիվերջո, մաքրվելու է։ Այս պղտորումներից հետո ալիք է գալու, և ամեն ինչ մաքրվելու է։ Երևի պիտի մենք անցնեինք այս ճանապարհը։
-Երևի, մանավանդ, եթե չմոռանանք, որ անցած ճանապարհն է այն լակմուսի թուղթը, որ երևակում է` ով ով է և ինչն ինչոց է։ «Իրավունքի» պարագայում «լակմուսային» իրողությունն այնքան ցայտուն է, որ զարմանալով զարմանալու հերթը հասնում է քեզ։ Ինչպե՞ս կարող է դավաճանության մասին խոսել մի թերթ (կամ դրա գլխին կանգնած մարդը, ի՞նչ տարբերություն), որ դավաճանեց իրեն ծնած հորը (ՍԻՄ-ի հիմնադիր նախագահ Հրանտ Խաչատրյանին նկատի ունեմ), և հիմա, հերոսի կեցվածք ընդունած, հայրենասիրության ու դավաճանության սահմաններն է ճշտում։ Ա՞յս ջրբաժանին երբ եկանք հասանք։ Որտե՞ղ կորցրինք թանկ արժեքները չապականելու ունակությունը։
-Ասացի` որտեղ կորցրինք։ Նյութապաշտության բավիղներում։ Սա շատ վտանգավոր տարածք է։ Նյութապաշտ մարդը ոչ միայն ընկերոջը, հարազատ ծնողներին էլ կդավաճանի։ ՈՒ եթե այսօր մենք փորձում ենք պայքարել մեր երկիրը երկիր դարձնելու համար, գլխավոր շեշտը հենց այս ցավոտ խնդրի վրա պիտի դնենք։ Պիտի փորձենք մեր պատկերացրած վաղվա Հայաստանում նյութի համար հնարավորինս քիչ տեղ թողնել։ Եվ եթե ուզում ենք մեր մատը վերքի վրա դնել, ցավը շոշափելու, իսկ հետո նաև բուժելու համար, պիտի հասկանանք, որ նյութապաշտությունն է այդ վերքը։ Սրանից են բխում մյուս բոլոր ցավերը։ Ահա թե ինչու են երկրում փոփոխություններ պետք, առանց որոնց ո՛չ գլխավոր, ո՛չ էլ ածանցյալ ցավերը կբուժվեն։
-Ժամանակին ցավի ու դարմանի մասին «Իրավունքից» լավ որևէ թերթ, երևի, չէր գրում (այդ «Իրավունքի» հավատարիմ ընթերցողն էի և ես)։ Ցավոք, նյութի որոմը ցեցի պես իր գործն արեց, ստիպելով այսօր տարփողել այն իշխանիկներին, որոնց ընդամենը երեկ անխնա ձաղկում էր` Հովհաննես Գալաջյանի նույն գրչով։ Այս մետամորֆոզը Ձեզ չի՞ տխրեցնում։
-Հատկապես Հովհաննես Գալաջյանի այս ընթացքն ինձ համար շատ ցավալի է։ Նման տխուր մետամորֆոզը մեզ պիտի զգաստացնի, որովհետև մի քանի տարի առաջ մեզնից որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ Հովիկը կարող է այսպես կերպարանափոխվել։ Բոլորս գիտենք, որ, համենայն դեպս, տասը-տասներկու տարի «Իրավունքն» ազգային դիմագիծ է ունեցել, և եթե նյութապաշտությունն այս թերթի դեմքն էլ խեղեց, ուստի վիճակը շատ է վատ։ Պետք է լրջանալ։ Իհարկե, չեմ ուզում խնդիրն անձնավորել, պարփակելով մի մարդու կամ մի թերթի մեջ, քանի որ այս ամենը համընդհանուր ընթացքի ու զարգացումների արդյունք է։ Վիճակը փոխելու հարցում յուրաքանչյուրս, որպես անհատ, մեծ գործ ունենք անելու։ Նախ` ինքներս մեր մեջ պիտի հաղթահարենք «նյութապաշտություն» կոչված արատը, որ ամբողջ դաշտն առողջանա։ ՈՒստի առայժմ փորձենք ինքներս մեզ պահել, չկոտրվել, շարունակել պայքարը, և համոզված եմ, որ արդյունքն իրեն սպասել չի տա։ Դժվարը սեփական էությունդ պահելն է, քանի որ հարձակումը, ըստ էության, հենց մեր էության դեմ է։ Այն հոռի երևույթները, որ առկա են մեր երկրում, ոչ միայն հակազգային են, այլև հակահամամարդկային, և խնդիրն էլ միայն մերը չէ, այլ աշխարհինը, որ պետք է դիտել գլոբալիզացիայի պրոյեկտի շրջանակում։ Աշխարհով մեկ այդ բուլդոզերը, համահարթեցման իր սև գործն անելով, եկել-հասել է մեզ։ Բարեբախտաբար, տակավին կան ազգեր, որոնք կարողանում են դիմակայել այդ ամենակուլ մեքենային, և այդ ազգերից մեկն էլ մենք ենք։ Այս իմաստով, հարձակումը մեզ վրա շատ ավելի հզոր է, բայց քանի որ մենք մեր հողի վրա ենք` ես լավատես եմ։ Հաղթահարելու ենք։ Այս մի վտանգն էլ ենք հաղթահարելու։
-Եվ վերջում` նորից «բուն նյութի» մասին։ Ի վերջո, իշխանությունների «թելը թելող» լրատվամիջոցներն ինչո՞ւ փոթորիկ սարքեցին մի բաժակ ջրում։ Այս «հայբուդուրի» նպատակը ո՞րն էր։
-Վայնասունը, որ բարձրացվեց տիկին Փոստանջյանի դեմ, մեկ նպատակ էր հետապնդում, և գլխավոր պատճառն էլ, իմ համոզմամբ, մարտի 1-ն էր։ Իշխանությունները հույս ունեին ԵԽԽՎ այդ նստաշրջանով փակել մեր իրականության սև էջերից մեկը։ Չեմ ուզում գերագնահատել Զարուհու աշխատանքը, քանի որ հայաստանյան ընդդիմության ու եվրոպական այս կառույցի նպատակներն այս հարցում, միգուցե, համընկել են, ինչի արդյունքում ստացվեց, որ մարտի 1-ի էջը դեռ բաց է մնացել։ Իշխանություններին այս բաց էջն է սարսափեցնում, որովհետև գիտեն` եթե չկարողանան մարսել մարտի 1-ը, իրենք չեն լինելու։ Ահա և հրահանգ իջեցրին իրենց կամակատար լրատվամիջոցներին` բոլոր ճակատներով գրոհել նրանց դեմ, ովքեր կհամարձակվեն պաշտպանել ընդդիմադիր պատգամավորին ու նրա ստրասբուրգյան նախաձեռնությունը։ Սա է։ ՈՒրիշ պատճառ չկա։
Զրուցեց Լիլի ՄԱՐՏՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 2039

Մեկնաբանություններ