Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Նստել եմ։ Նստում եմ։ Կնստեմ։

Նստել եմ։ Նստում եմ։ Կնստեմ։
12.05.2009 | 00:00

ԴԻՄԱՆԿԱՐԻ ՓՈՐՁ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԱՐԿԱԶՄԻ ՈՃՈՎ
Նա նստել է «անկախարար» Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք։ Նստել է «արյունարար» Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Եվ ինչպե՜ս է ուզում նստել, ինչպե՜ս է ուզում նստել «սահմանարար» Սերժ Սարգսյանի օրոք։
Ռուս հայտնի դասականների ոչ անհայտ պերսոնաժ Ֆունտի` ուրիշների փոխարեն նստելու այս մոլուցքը թեև քաղաքական-պետական նիստուկաց ունեցող հայ գործիչներից շատերին է հատուկ, սակայն տվյալ դեպքում նրանցից ընդամենը մեկի մասին է խոսքը։ Ընդ որում, եթե խեղճ ծերուկ Ֆունտն իր չգործած մեղքերի համար իրո՛ք նստում էր ճարտարապետական զիզիբիզիներից զուրկ հաստատության նկուղներից մեկում և, ինչպես արդեն հիշեցինք, նստում էր ուրիշի՛ փոխարեն, ապա սույն պետական այրը ճիշտ հակառակ վարքագիծն ունի։ Պարզեցնենք` մարմնի բոլոր մասերով կառչած է իր աթոռին և թույլ չի տալիս, որ իր փոխարեն նստի ուրիշը։
Եվ որովհետև հաստատ չկռահեցիք, թե նստելամանիայով տառապող բազում-բազմապիսի հայ մտքի տիտաններից հատկապես ո՛ւմ մասին է խոսքը, միանգամից ասենք։
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության փոխնախարար ԱՐԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ։
Դեռևս վառվռուն տարիքում տորքանգեղյան բարեմասնություններով օժտված երիտասարդ մեխանիկոսը (մենք մեղավոր չենք` որակավորումն է այդպիսին) ընդգծված թուլություն ուներ փափուկ աթոռների նկատմամբ... ԹտՐՏփպՎ, երջանիկ երիտասարդությունը կարելի է շրջանցել։ Անցնենք բուն նյութին։ «Պետականորեն» նա սկսել է «նստել» 1996-ից, երբ տակավին 38 տարեկան էր, և ՀՀՇ-ն էր իշխանության գլուխ, պետության գլուխն էլ Լևոն Տեր-Պետրոսյանն էր։ Չորս տարի նստեց ՀՀ կրթության և գիտության նախարարության միջնակարգ կրթության վարչության պետի չոր-ցամաք աթոռին։ Իհարկե, հարաբերականորեն չոր-ցամաք, քանզի լվից էլ կարելի է ճրագու քամել, ուր մնաց թե վարչության պետի «մունդիրից»։ Կարևորն ախորժակն է, իսկ ախորժակ մեր աժդահակ-պետն ուներ, այն էլ` լա՜վ ախորժակ, ինչն էլ 2000-ին բերեց ու «գահավորակեց» նրան կրթության և գիտության փոխնախարարի բազկաճոճաթոռին։ ՈՒ ինչպես ծաղկափոշու մեջ թաթախված բակունցյան բզեզին էր աշխարհը ճոճք թվում, կյանքը` ծիրանագույն բուրաստան, այդպես էլ նորանշանակ փոխնախարարն էր երանության մեջ ըմբոշխնում իր «համեղ» պաշտոնը։ ՈՒ եթե վարչության պետ եղած ժամանակ Արա Ավետիսյանը հիմնականում նոր-նոր «թռփոշացող» քոլեջներից էր անհրաժեշտ «ճրագուն քամում», փոխնախարարի պորտֆելի բացած հեռանկարները, բնականաբար, ավելի մեծ էին։ Զորօրինակ` այդ թվերին մասնավոր բուհերի «ոչ ևս» լինելուց հետո դրանց շրջանավարտներին պետական բուհերի դիպլոմներ տրամադրելու գործընթացը, ինչը ենթադրում էր համապատասխան հանձնաժողովի ստեղծում` պետով, տեղակալով, անդամներով-բանով` յուրաքանչյուրի ախորժակը սեփական «ստատուսին» համապատասխան։ Բնական է, որ ԿԳ փոխնախարարն այդ հանձնաժողովը գլխավորելու անզուսպ ցանկություն ուներ, սակայն չստացվեց։ Վերևներում նրան հասցրել էին արդեն «ատամին խփել» ու հասկանալ հայտնի աֆորիզմի ողջ խորքն ու խորհուրդը. «Ավելի լավ է գայլին փարախը չթողնել, քան ավելի ուշ մտածել նրա ակռաները քաշելու մասին»։ Ո՛չ մոտ թողեցին, ո՛չ էլ «ակռաները» քաշեցին, քանզի շատ ավելի վերևներում նստածներին պետք էր թալինցի փոխնախարարին պահել որպես մշտական օգտագործման կացին` «սատանի մայլում քյանդրբազություն անող» նախարարներին իրենց տեղը ցույց տալու համար։ Դե, փոխնախարարն էլ, հրաշալի ընկալելով իր կացնային առաքելությունը, աչքը միշտ վերադասի աթոռին էր պահում` անհրաժեշտ պահին միայն իրեն հատուկ ճարպկությամբ (մարմնի խոշոր չափերն այս պարագայում խանգարիչ հանգամանք չեն) վերևների ականջին կաթեցրած դիպուկ կացնային «դանոսով» բաղձալի գահավորակը ձեռք գցելու ցանկությամբ։ Միայն թե «կացնավորներ» (բառիս ոչ բացասական իմաստով) հայրենի կրթության համակարգում միշտ էլ եղել են, որ ցանկացել են կոռուպցիայի որջ դարձած այս ոլորտը մաքրել չոր քոթուկներից` առողջ արմատների առաջ լույսը չփակելու համար։ Այդպիսի մի փորձ էլ ժամանակին հանրապետության առաջատար բուհերի ռեկտորներն արեցին` նույն թվերին նախագահի աթոռը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի մոտ ընդունելության ժամանակ։ Պահանջը մեկն էր` ազատել բուհական համակարգը տարբեր հարթություններում պաշտոնական դիրքը չարաշահող փոխնախարարից, որ փափագելով փափագում է վերջապես նախարար դառնալ, քանի որ այս պաշտոնի համար թիվ մեկ պայման է համարում... Ի՞նչ եք կարծում, ի՞նչը։ Երբեք չեք կռահի։ Մարդու հասա՜կը։ Բառիս բուն իմաստով։ Լինելով բոյբուսաթով-ջանով թալինցի այր, կարծում է, թե նա, ով (մեղա՜-մեղա՜) մետր-վաթսուն կամ դրանից մի՜ քիչ բարձր «բոյ» ունի, ուրեմն հե՛չ նախարարացու չէ։ Սա` ի միջի այլոց։ Դառնանք պրոռեկտորներին ու նրանց պահանջին։ Վերջիններիս բազում դժգոհությունների շարքում առաջնայինը ասպիրանտական պետպատվերով տեղերը «ըստ հայեցողության» բաժանելու Արա Ավետիսյանի «թուլությունն» էր, ինչից արդարացիորեն այդ օրերին բողոքում էին նաև իրենք` տարբեր բուհերի ասպիրանտները, որոնց փոխնախարարը մտադրվել էր ամեն գնով բանակ ուղարկել` դեմ գնալով գործող օրենսդրությանը։ Իրենց իրավունքները բողոքի ակցիաներով պաշտպանող ասպիրանտներին Արա Ավետիսյանը շա՜տ տարօրինակ մի հարց էր տվել. «Չե՞ք մտածում, որ բանակում գուցե և անախորժություններ ունենաք»։ Իսկ «բունտար» ասպիրանտների գլուխն անցած Արտյոմ Սարգսյանին էլ, ով գյուղակադեմիայի անասնաբուժության ֆակուլտետի վճարովի բաժնի ասպիրանտ էր, փոխնախարարը մատը թափ տալով, բառացիորեն ասել էր հետևյալը (այս մասին ավելի ուշ վկայել է նրա մայրը). «Ո՛վ, ո՛վ, բայց դո՛ւ, Արտյոմ Սարգսյան, բանակ գնալու ես»։
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ` ՄՏՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
2002-ի փետրվարի 2-ին, ժամը 23.10-ին Վանաձորի կայազորային հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում «հեմոռագիկ և տրավմատիկ շոկից» (ձևակերպումը վերցված է թիվ 90401202 քրգործից) մահանում է ասպիրանտ Արտյոմ Սարգսյանը։
Հեռուն գնացող եզրահանգումներ մենք, իհարկե, չենք ուզում անել (դրա բարոյական իրավունքն էլ չունենք), սակայն փաստը մնում է փաստ, որ եթե ժամանակին ԿԳ փոխնախարարը երկու ոտքը չդներ մի «չարոխի» մեջ և ապօրինաբար չկտրեր երիտասարդ ասպիրանտներին ուսումնառության բնական գործընթացից, նրանցից մեկի կյանքի թելն էլ այսպես անժամանակ ու անհեթեթ չէր կտրվի։
Թվում էր` պրոռեկտորների, բազմաթիվ դասախոսների, ուսանողների, ծնողների, նույնիսկ «հարազատ» հանրապետական կուսակցության գործընկերների պահանջը, ի վերջո, կհասնի «շահին, իրեն գահին»։ Բայց` ոչ։ Այն ժամանակ էլ Արա Ավետիսյանին հաջողվեց կացինը ձեռքին մնալ թամբի վրա, հիմա էլ, ամենայն հավանականությամբ, նույն հույսն ունի, դեռ մի բան էլ ավելի։
Ինչո՞ւ` կհարցնեք։
Թերևս, այն պարզ պատճառով միայն, որ մյուսների փոխարեն նստող չինովնիկներ ամեն տեղ էլ պետք են։
«Իրավունքը de facto»-ի քաղաքական բաժին

Դիտվել է՝ 2815

Մեկնաբանություններ