Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Պայքարելու ենք այնքան, քանի դեռ մեր սրտերում ազատություն կա»

«Պայքարելու ենք այնքան, քանի դեռ մեր սրտերում ազատություն կա»
03.07.2009 | 00:00

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ԷՐ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌԵԼ
Երեկ Մատենադարանի հարթակում Հայ ազգային կոնգրեսը հրավիրել էր հերթական հանրահավաքը։ Այն ակնհայտորեն նվիրված էր ընդդիմադիր գործիչների ազատության մեջ հայտնվելու առիթին, ինչը չթաքցրեց նաև ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ։ ՀԱԿ-ի առաջնորդն ընդգծեց, որ արմատական ընդդիմությունը մտադիր է շարունակել պայքարը, քանզի, իրենց գնահատմամբ, շարունակում են կալանքի տակ մնալ ընդդիմության տասնյակ գործիչներ, ովքեր նույնպես քաղկալանավորներ են։ Առհասարակ, ՀԱԿ-ի առաջնորդը համաներումը համարում է իշխանությունների կողմից ձեռնարկված, բայց չհաջողված ակցիա։
«Իշխանության և հասարակության միջև խզում առաջանալու և քաղբանտարկյալների առկայության պարագայում համաներումը սովորաբար կիրառվում է ոչ թե որպես մարդասիրական կամ իրավական, այլ բացառապես քաղաքական ակտ։ Իսկ քաղաքական ակտը ձեռնարկվում է քաղաքական խնդիր լուծելու համար։ Այն է` ներքին լարվածության թուլացում, ազգային համերաշխության վերականգնում, երկխոսության դուռ բացելու պատրաստակամություն և այլն։ Երբ համաներումը չի տարածվում բոլոր քաղբանտարկյալների վրա, այդ ակտը չի լուծում քաղաքական խնդիրը, այլ, ընդհակառակը, ավելի է խորացնում այն։ Այդպիսին է, ահա, Սերժ Սարգսյանի հռչակած կիսակատար համաներումը, որը ոչ միայն չի լուծում վերը նշված հույժ կենսական խնդիրներից որևէ մեկը, այլև մթագնում է երբևիցե դրանց լուծման հեռանկարը»,- նշեց Լևոն Տեր-Պետրոսյանը։
Համաներմամբ կալանքից ազատված ՀԱԿ-ի ներկայացուցիչները նույնպես առիթը չկորցրին իրենց խոսքն ուղղելու հավաքվածներին։ Նրանց մեծամասնության ելույթները հիմնականում զգացմունքային էին` ուղղված ավելի շատ հանրությանը ոգևորելուն, քան որևէ իրական ծրագիր առաջարկելուն։ Մասնավորապես, գլխավոր դատախազի նախկին տեղակալ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ հայտարարեց. «Մենք ազատության մեջ ենք հայտնվել համաժողովրդական շարժման աննախադեպ ճնշումների և միջազգային կառույցների ջանքերի շնորհիվ։ Ազատության մեջ հայտնվածների թիվ մեկ խնդիրը մնացած քաղբանտարկյալներին ազատ արձակելն է։ Լևոն Տեր-Պետրոսյանի փորձառությանը և քաղաքական հեռատեսությանը մենք հավատում ու վստահում ենք»։ Սկզբունքորեն նույն կարծիքին էր նաև նախկին արտգործնախարար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ, որը նույնպես համոզված է, թե իշխանությունները համաներում են կիրառել ընդդիմության և միջազգային կառույցների ճնշման հետևանքով։ «Իշխանություններն իրականացրին մի անբարոյական կամպանիա` մեզ իրար դեմ հանելով, մեր իսկ կուսակցությունների մեջ խժդժություններ մտցնելով, բայց դա նրանց չհաջողվեց։ Մենք պայքարելու ենք այնքան, քանի դեռ մեր սրտերում ազատություն կա»,- հայտարարեց ՀԱԿ գործիչը, ընդգծելով պայքարի անհրաժեշտությունը` մինչև ճնշման արդյունքում ազատ կարձակվեն նաև ընդդիմության մյուս ներկայացուցիչները։ Թե ինչու էր Արզումանյանը համոզված, որ այդ ճնշումն ինչ-որ արդյունք կտա, այնքան էլ հասկանալի չէր, սակայն տրամադրությունը տոնական էր, և այն չփչացնելու համար բոլորն էլ կարծես համոզված էին, որ այդպես էլ կլինի։
Թերևս, ամենասթափ ելույթ ունեցողը «Հանրապետություն» կուսակցության գործիչ և նույնպես համաներմամբ բանտից ազատված ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆՆ էր, որն ավելի կարևորեց ՀԱԿ-ի և մյուս ընդդիմադիր ուժերի միջև նորմալ փոխհարաբերությունների կառուցումն ու կամուրջների ստեղծումը. «Հայտարարելով պայքարի մեր ճանապարհը` մենք չպետք է մերժենք նրանց, ովքեր այդ ճանապարհը տեսնում են այլ կերպ։ Մենք, որպես քաղաքական ուժ, պետք է դաշնակից համարենք բոլորին, ովքեր պայքարում են այս երկրի ազատության համար` անկախ այդ պայքարի մեթոդներից ու դրսևորման ձևերից»։ Մյուս հանրահավաքի կոնկրետ օրը, թերևս, հայտնի կլինի ավելի ուշ։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 2324

Մեկնաբանություններ