Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Փաշինյանի դատավճիռը՝ 2-ից 30 տարի

Փաշինյանի դատավճիռը՝ 2-ից 30 տարի
27.06.2024 | 14:01

Խոսքը հայ ժողովրդին տրվելիք դատավճռի մասին է։

Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ եթե առաջիկա 2 տարին Հայաստանը դիմանա, ապա դրանից հետո հավերժ կմնա։ Այստեղ նրա բանալի բառերը «եթե»-ն ու «դիմանան» են։ Պարզ է, որ «Հայաստան» ասելիս՝ ինքն իրեն ու իր իշխանությունը նկատի ունի։ Փաշինյանի խոսքը «թարգմանաբար» նշանակում է՝ «եթե 2 տարի դիմանամ ու իշխանությունը պահեմ, ապա դրանից հետո ցմահ կմնամ իշխանության»։

Այդ 2 տարին Նիկոլին պետք է իր դրսի տերերի պատվերները Ռուսաստանի ու Իրանի մասով կատարելու համար։ Ժամկետները սեղմում են։ Պատվիրատուները՝ նույնպես։ Դրա համար էլ ասում է, որ եթե Հայաստանը դարձնի մանրադրամ ու մարսի, ապա դրանից հետո հավերժ կմնա իշխանության։ Բնականաբար՝ Թուրքիայի գերիշխանության տակ։ Անունը կդնեն՝ «գնում ենք դեպի ԵՄ», բայց Հայաստանը կդարձնեն թուրքական վիլայեթ կամ ադրբեջանական ծայրագավառ։

Հիմա Նիկոլը նոր դատավճիռ է կարդում հայ ժողովրդի համար։ Ասում է՝ Ադրբեջանին 30 տարի չենք թողել ապրի, ուստի ինքն էլ իրավունք ունի Հայաստանի կյանքն ուտել 30 տարի։ Այսինքն՝ միակողմանի ու հակապետական զիջումներն անգամ խաղաղ կյանք չեն բերելու հայ ժողովրդի համար, ու դրա մեղավորը, ըստ Նիկոլի,․․․ հայ ժողովուրդն է, ռազմաքաղաքական նախկին դեմքերն են, որ Արցախյան 1-ին պատերազմում դավադրաբար հաղթեցին Ադրբեջանին։

Եթե ի մի բերենք փաշինյանական երկու ժամկետները, ապա կստացվի հետևյալը՝ նա ուզում է 2 տարվա ընթացքում Հայաստանն ամբողջությամբ դուրս բերել ռուսական անվտանգային գոտուց և խզել հայ-ռուսական հարաբերությունները՝ վերածվելով «հայկական» Զելենսկու կամ Սաակաշվիլու։ Դրա գինը կարող է լինել ինչպես Հայաստանի մի մասի, այնպես էլ ամբողջի կորուստը, բայց դա Փաշինյանին չի հետաքրքրում։ Իրեն իր անվտանգությունն ու կաշվի փրկությունն է հետաքրքրում։ Ինքը հույս ունի, որ հակառուսական ու հակաիրանական քայլերից հետո արևմտաթուրքական ուժերն իրեն հավերժ իշխանության մեջ կպահեն Հայաստանից մնացած մասում, իսկ եթե Հայաստանն ամբողջությամբ կործանվի, ապա ինքը Տիխանովսկայայի պես ապահով ապաստան կստանա իր դրսի մոդերատորների կողմից։

Ինչ վերաբերում է 30 տարվա դժոխքի անոնսին, ապա ինքն «էս գլխից» ապահովագրվում է, որպեսզի պարբերաբար մեղադրի հայ ժողովրդին ադրբեջանցիներին ցավ պատճառելու և այսօր դրա դիմաց վճարելու համար։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին ուզում է ստիպել, որպեսզի նա ատի իր հաղթանակը և վերածվի իր սպանդին սպասող ոչխարի։

Փաշինյանն ուզում է, որ հայ ժողովուրդը մանկուրտի ու որոճող անասունի վերածվի, քանզի իր անձնական փրկության միակ երաշխիքը դա է։ Հայ ժողովուրդն իր վերնախավով պետք է պատասխանի այս մարտահրավերներին՝ բովանդակային քաղաքական պայքարի միջոցով։ Ուրիշ տարբերակ չկա։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 4424

Մեկնաբանություններ