«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Մարդկության ռեսուրսային կարիքները մոտեցել են երկրագնդի հնարավորությունների վերին սահմանին

Մարդկության ռեսուրսային կարիքները մոտեցել են երկրագնդի հնարավորությունների վերին սահմանին
22.10.2024 | 11:01

Աշխարհը կանգնած է մեծ ճամփաբաժանի առաջ, որը պայմանավորված է մարդկության պատմության ընթացքը որոշող մի քանի պարադիգմերի հնարավորությունների սպառումով կամ այդ սպառմանը մոտենալով:

Առաջին և հիմնական պարադիգմն ունի ռեսուրսային բնույթ, որի իմաստը կայանում է հետևյալում:

Իր առաջացման ու զարգացման ամբողջ ընթացքում մարդկային հասարակության պատմությունը կառուցվել է ռեսուրսային բազայի և զանազան տեսակի ռեսուրսների համար պայքարի պայմաններում, բայց և միշտ երկրագնդի ու մարդկանց անմիջական միջավայրի ռեսուրսները շատ ավելին են եղել, քան մարդկության կարիքներն են:

Մարդկային քաղաքակրթության առաջընթացը և մարդկանց թվի աճը երկրագնդի վրա այսօր բերել են նրան, որ այդ իրավիճակը կտրուկ փոխվել է այն բանի պատճառով, որ մարդկության ռեսուրսային կարիքները մոտեցել են երկրագնդի հնարավորությունների վերին սահմանին:

Եվ եթե մարդկության պատմության ամբողջ ընթացքում ռեսուրսների համար պայքարը կրել է լոկալ բնույթ, ներկայում այդ պայքարը սկսում է կրել գլոբալ բնույթ՝ իր պոտենցիալ կատաստրոֆիկ հետևանքներով:

Այս իմաստով մարդկության պատմության ռեսուրսային պարադիգմը մոտենում է իր հնարավորությունների վերին սահմաններին, որի օրինակները շատ են, ներառյալ՝ խմելու ջուրը, հազվագյուտ քիմիական տարրերը և շատ ուրիշներ:

Երկրորդ ու ավելի քան 400-500-ամյա եվրոպակենտրոն և, այնուհետև, արևմտակենտրոն աշխարհի պատմության ու մարդկային քաղաքակրթության մեջ դոմինանտ դիրք ունեցող պարադիգմը ևս մոտենում է իր հնարավորությունների վերին սահմանին:

Այս երկրորդ պարադիգմը իր ներսում պարունակում է մի երրորդ պարադիգմ ևս, այն է՝ ԱՄՆ-ի դոմինանտ դիրքը աշխարհում երկրորդ աշխարհամարտից հետո, որը ևս մոտենում է իր ավարտին:

Մարդկության պատմության այս երեք պարադիգմերի հնարավորությունների սպառումների փուլերի համընկնումը կապված է մի կողմից վերջին հարյուրամյակում քաղաքակրթական դինամիկայի արագացված տեմպերի հետ և, մյուս կողմից էլ, այդ նույն ընթացքում այնպիսի մասշտաբային քաղաքական տեղաշարժերի հետ, ինչպիսիք են ԽՍՀՄ-ի ու սոցիալիստական լագերի առաջացումը, սառը պատերազմը, ԽՍՀՄ-ի փլուզումը, ԱՄՆ-ի գլխավորությամբ առաջացած միաբևեռ աշխարհը, որպես անկայուն պարադիգմային վիճակ, Չինաստանի և այլոց տնտեսական ու ռազմական հզորությունների աճը, Արևմուտքի ճնշման տակ Ռուսաստանի ռազմական վերածնունդն ու Չինաստանի հետ նրա մերձեցումը և այլն:

Ներկայում աշխարհը գտնվում է գլոբալ քաղաքակրթական բախման վիճակում, որի նախերգանքը ԽՍՀՄ-ի առաջացումն էր և երկու լագերների միջև սառը պատերազմը, որի ընթացքում թյուրիմացաբար թվում էր, թե երկու լագերների միջև պայքարը գաղափարական բնույթ էր կրում:

Այնինչ, պատմության հետագա ընթացքը ցույց տվեց, որ հզորների միջև ընթացող պայքարը ռեսուրսների ու բարիքների համար է, որի համար պետք է ունենալ հնարավորինս դոմինանտ ու ազդեցիկ դիրք աշխարհում, մի պայքար, որտեղ հերթական գաղափարախոսությունը պարզապես զինատեսակներից մեկն է:

Եռաչափ պարադիգմային կոլապսի վիճակը, որում ներկայում գտնվում է աշխարհը, իր մեջ պարունակում է ահռելի գոյաբանական ռիսկեր մարդկության համար, որի հիմնական պատճառներից մեկը կողմերի մենթալիտետային իներցիան է, որի հետևանքով կորցնողները չեն կարողանում հաշտվել նոր իրավիճակի հետ, իսկ գտնողները դեռ լրիվ չեն գիտակցել իրենց առաջ բացվող հնարավորությունները:

Հուսանք, որ քաղաքակրթական բախման իներցիոն փուլից հետո ճանապարհներ կբացվեն ուժերի գլոբալ հավասարակշռության ու դրան հետևող ժամանակավոր ու հարաբերական խաղաղության համար, մինչև նոր աշխարհաքաղաքական պարադիգմի հնարավորությունների սպառումը:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1091

Մեկնաբանություններ