ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հիպերտոնիայի համաճարակ Հայաստանում

Հիպերտոնիայի համաճարակ Հայաստանում
04.11.2008 | 00:00

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՆԱԼ ՉԱՐԻՔ
Սրտային հիվանդությունները մահացության պատճառների առաջատարների թվին են պատկանում։ Սրտանոթային հիվանդությունները 21-րդ դարում դեռևս շարունակում են մնալ չարիք և սպառնում են հատկապես զարգացած երկրների բնակչությանը: Էկոլոգիական անբարենպաստ պայմանները, նյարդահոգեբանական լարվածությունները, սթրեսային վիճակները բացասաբար են անդրադառնում մեր սրտի վրա: Կենսակերպը ևս մեծ դեր ունի. ոչ ճիշտ սնվելը, բարեկեցիկ կյանքին ձգտելու մեր ցանկությունները մեզ դարձնում են ավելի անշարժ: Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, Երևանի գլխավոր սրտաբան, Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ ՊԱՐՈՒՆԱԿ ԶԵԼՎԵՅԱՆԻ հետ զրույցը վերաբերում է այս համակարգի հիվանդությունների առաջացման պատճառներին և դրանց կանխարգելմանը։
Ըստ սրտաբանի՝ կան մի շարք ռիսկի գործոններ, որոնց առկայությունը կամ դրանց դրսևորվածության աստիճանն ավելի հավանական են դարձնում սրտանոթային հիվանդությունների առաջացումը, դրանց արագ զարգացումը։ Կան երկու խմբի գործոններ՝ մոդիֆիկացվող և չմոդիֆիկացվող, որոնք նպաստում են սրտանոթային հիվանդությունների ձևավորմանը և սրտանոթային բարդությունների առաջացմանը։ Մոդիֆիկացվող ռիսկի գործոնների վրա մենք կարող ենք ներազդել։ Դրանց թվին են պատկանում ծխելը, ավելցուկային քաշը կամ ճարպակալումը, կերակրի աղի չարաշահումը, շաքարախտի առկայությունը, զարկերակային հիպերտենզիան, ճարպային փոխանակության խանգարումները։ Չմոդիֆիկացվող ռիսկի գործոնների թվում են տարիքը, սեռը, ժառանգական նախատրամադրվածությունը։ Ընդ որում, վերջին տարիների ինտենսիվ աշխատանքները ցույց են տալիս, որ այս կամ այն պաթոլոգիաների դրսևորման համար գենետիկական նախատրամադրվածությունն էական դեր է կատարում։
Հիպերտոնիան կամ զարկերակային գերճնշումը Հայաստանում ամենատարածված հիվանդություններից է։ Պ. Զելվեյանի տեղեկացմամբ, Երևանում այս հիվանդությամբ տառապում է չափահաս բնակչության մոտ 30 տոկոսը։ Եվ դրա առաջացման պատճառը դարձյալ նշված ռիսկի գործոններն են՝ ավելորդ քաշը, կերակրի աղի չարաշահումը, քիչ շարժուն կենսակերպը, նյարդային սթրեսներն ու դրանց հետ կապված բուռն ռեակցիաները, ծխելը, արյան մեջ խոլեստերինի ավելցուկային պարունակությունը։ Զարկերակային գերճնշումն ինքը ոչ միայն հիվանդություն է, այլև ռիսկի գործոն, մասնավորապես սրտամկանի իշեմիկ հիվանդության զարգացման, ինսուլտների առաջացման համար։ Եվ եթե ժամանակ առ ժամանակ զարկերակային ճնշման բարձրացում եք նկատում, չարժե այն պարզապես վերագրել հոգնածությանը, սթրեսին կամ եղանակի փոփոխությանը, անհրաժեշտ է դիմել մասնագետի:
Չնայած աշխարհի տարբեր պետությունների կողմից զարկերակային բարձր ճնշման խնդրի հաղթահարմանն ուղղված միջոցներն իրենց ծավալներով խիստ տարբերվում են, այնուամենայնիվ, ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում զարկերակային գերճնշմամբ տառապող հիվանդների գերակշիռ մասը մնում է բավարար հսկողությունից դուրս:
Շատ հաճախ զարկերակային գերճնշումը զարգանում է առանց որևէ արտաքին ախտանիշի: Այդ է պատճառը, որ մեծ մասամբ հիվանդները դիմում են բժշկի, երբ արդեն իսկ կյանքի համար կարևոր նշանակություն ունեցող թիրախ-օրգաններում տեղի են ունեցել էական, բացասական փոփոխություններ, երբ գրեթե անխուսափելի են նրա բարդությունները` սրտային անբավարարությունը, սրտի իշեմիկ հիվանդությունը, գլխուղեղային ինսուլտը: Զարկերակային գերճնշումն ախտահարում է կյանքի համար կարևոր նշանակություն ունեցող օրգանները հատկապես առավել աշխատունակ տարիքում: Հիվանդությունն առանձնանում է իր երկար ու համառ ընթացքով, ուղեկցվում աշխատունակության անկմամբ: Ինչպես ցանկացած քրոնիկական հիվանդությամբ տառապող հիվանդ, զարկերակային գերճնշում ունեցողները ևս պետք է մշտապես լինեն բժշկական շարունակական հսկողության ներքո: Անչափ կարևոր է նաև հիվանդի կենսաձևի փոփոխման անհրաժեշտության գիտակցումը: Միայն այս երկու գործոնների համադրումը թույլ կտա հնարավորինս վերահսկել այս հիվանդությունը:
Կանանց մոտ սրտանոթային բարդությունները սկսում են առավել հաճախ դրսևորվել 55 տարեկանից հետո։ Այլ պատճառներից զատ, դա պայմանավորված է նաև կանանց կլիմակտերիկ շրջանի հետ: Վերարտադրողական ֆունկցիաների դադարեցումը կանանց մոտ հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների հաճախացման։
Եթե մենք ուզում ենք ունենալ հզոր պետություն, շատ կարևոր է ունենալ առողջ հասարակություն։ Ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը հասարակության առողջությունն է։ «Այսօր պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել Հայաստանում ընդհանուր մահացության մեջ 50 տոկոսից ավելի պատճառ հանդիսացող սրտանոթային հիվանդություններին։ Եվ դրա համար անհրաժեշտ է ունենալ պետական մոտեցում, ինչը, ցավոք, առայսօր չկա։ Մենք ունենք տարբեր պաթոլոգիաների համար պետական ծրագրեր, սակայն ամենակարևոր հիմնախնդրի՝ սրտանոթային հիվանդությունների կանխարգելման պետական ծրագիր չունենք։ Պետությունը պետք է իրականացնի առողջ ապրելակերպի քարոզչություն, դրանով իսկ կանխարգելի սրտանոթային հիվանդությունները»,- նշում է Երևանի գլխավոր սրտաբանը։ Ըստ նրա՝ մի քանի տարի առաջ շատ կարևոր քայլ արվեց. երբ բուժօգնության առաջնային օղակը դարձավ անվճար, հասարակության դիմելիությունը պոլիկլինիկաներ ավելացավ, ինչի հետևանքով սրտանոթային հիվանդությունների հայտնաբերելիությունը նախնական փուլում ավելի բարձրացավ։ Սակայն երբ այդ հիվանդությունների կանխարգելման ու բուժման համար հատուկ ծրագրեր չեն իրականացվում կամ բավարար քանակությամբ ֆինանսներ չեն ներդրվում, ապա ժամանակի ընթացքում այդ ամենը կորցնում է իր արդյունավետությունը։ Այսինքն՝ եթե մենք ունենք անվճար առաջնային օղակ, ապա պետք է նաև համապատասխան ֆինանսներ ուղղորդվեն կանխարգելման ուղղությամբ, որպեսզի գաղափարը կենսունակ լինի և ոչ թե կրի ընդամենը դեկլարատիվ բնույթ։ Այսօր հիմնականում բուժվում են սրտային բարդությունները, ինչը պետության համար անհամեմատ թանկ է արժենում, քան կլիներ կանխարգելման պարագայում։
Հայաստանում այսօր տիրապետում են սրտանոթային հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդներին։ Պ. Զելվեյանի կարծիքով՝ հանրապետությունում կան բարձրակարգ բժիշկներ, սակայն չունենք ներդրված ուղեցուցային համընդհանուր գաղափարախոսություն։ Տարբեր կլինիկաներ ունեն հիվանդությունների դասակարգման և վարման տարբեր մոտեցումներ։ Եվ եթե չկան ուղեցույցներ, ապա անհնար է գնահատել բժշկական ծառայության մատուցման որակը։ Ուստի այսօր շատ հրատապ է հայաստանյան պայմաններում տեղայնացված միջազգային ուղեցույցների ներդրումը։ Սրտանոթային համակարգի հիվանդությունների դեմ պայքարի քայլերը, ձևերն ու զենքերը շատ են: Դրանցից մեկն էլ հասարակությանն իր հիվանդությունների և դրանց կանխարգելման մասին առավել մատչելի և ամբողջական տեղեկատվության տրամադրումն է, հասարակությանն այդ հիվանդությունների դեմ պայքարում ավելի ակտիվ ներգրավելը:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 6770

Մեկնաբանություններ