ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ինչի՞ հասան Հովհաննես-Սմբատն ու Պետրոս Գետադարձը

Ինչի՞ հասան Հովհաննես-Սմբատն  ու Պետրոս Գետադարձը
11.01.2013 | 12:15

Խոսքն Անիի հայոց (Բագրատունյաց) թագավորության մասին է, որը 1045 թ. այլևս ու մեկընդմիշտ վայր է իջնում հայոց պատմության թատերաբեմից: Մի ողբերգական դրամա, որն սկսվել էր վաղուց և իր տրամաբանական ավարտին հասավ վերոնշյալ թվականին: Ընկավ Անին, ընկավ Անիի հզոր փառքը, հայոց պետականությունը ստացավ ողնաշարի ոչ թե հերթական վերքը, այլ անբուժելի ու մահացու հարված:
1045-ից հետո հայկական բարձրիկ լեռնաշխարհում այլևս պետականության արևը չի ծագի` ընդհուպ մինչև 20-րդ հարյուրամյակ` 1918-20-ական թվականները: Անիի անկման հազարամյա դասը ևս մեկ անգամ արձանագրում է, որ մեր հակառակորդները թագավորից հետո պետականություն, ուժ, գործոն և խորհրդանիշ էին համարում հայոց կաթողիկոսությունն ու կաթողիկոսին և ձգտում նույն կերպ հարվածել ու կործանել վերոնշյալ հաստատությունը:
Մեր պատմության էջերում շատ է գրվել ու խոսվել Անիի անկման պատճառների մասին: Շատ է գրվել այդ ճակատագրական օրերի ու դեպքերի մեջ ժամանակի հայոց կաթողիկոսի` Պետրոս Գետադարձի ունեցած դերակատարության վերաբերյալ:
Սակայն չափազանցվում է մի բան: Կաթողիկոսը երբեք էլ գիտակցաբար չէր գնա հայոց պետականությունը խարխլող ուղիով: Պարզապես դեպքերն ու ժամանակները նպաստել են այդ հանգամանքին և դարերի հոլովույթում գծագրել Գետադարձ կաթողիկոսի խիստ բացասական կերպարը: Այնուամենայնիվ, նրանք, ովքեր (հոգևորական, թե աշխարհիկ) նպաստեցին բյուզանդացիների կողմից Անիի գրավմանը և դրանով իսկ հայկական պետականության վերացմանը, հետագայում չարաչար զղջացին իրենց կատարած քայլերի համար:
Պատմության էջերում բազմիցս քննվել ու քննարկվել է Անին Բյուզանդական կայսրությանը կտակելու առեղծվածը: Պատճառներից ու հետևանքներից զատ, վեր է խոյանում հեղինակների հարցը. ովքե՞ր և ինչո՞ւ …
Պատմական երկու դեմքեր, խոշոր անհատներ մշտապես կանգնում են պատմության ու սերունդների առջև: Նրանք են` հայոց արքա Հովհաննես-Սմբատ Բագրատունին և հայոց կաթողիկոս Պետրոս Գետադարձը: Որոշ վկայություններ կան, որոնք հավաստում են, որ կաթողիկոսը Տրապիզոն քաղաքում բյուզանդացի կայսեր հետ վարած բանակցություններում առավելապես հենվել է թագավորի հանձնարարականների վրա և կատարել վերջինիս կամքը: Մինչդեռ պակաս զորավոր չեն նաև հակառակն ապացուցող փաստերն ու տրամաբանական ենթադրությունները:
Հիշատակելի է հետևյալ փաստը: Տրապիզոնում ամոթալի գործարքի կնքումից հետո Պետրոս Գետադարձը անմիջապես չվերադարձավ Անի, այլ ավելի քան չորս տարի մնաց Արևմտյան Հայաստանում (Բյուզանդիային ենթակա հատվածում): Ակներև է, որ խիստ սրվել ու լարվել էին հարաբերությունները կաթողիկոսի և թագավորի միջև: Սակայն թագավորի ուշացած զգաստությունն ու իրավիճակի սթափ ընկալումն այլևս ի զորու չէին փոխելու հայոց պատմության հետագա ընթացքը:
Ժամանակի մեծ ու փոքր հակասություններով, գժտություններով ու պառակտումներով լեցուն միջավայրը ծնել էր համազգային մեծ ողբերգությունը, որը շուտով ի կատար էր ածվելու Անիի անկմամբ: Բյուզանդական խորամանկ դիվանագիտությունը ճարպկորեն խաղարկեց Հովհաննես-Սմբատի կտակը, հուսահատության մատնելով հայոց արքունական ու հոգևոր շրջանակներին:
Այն պահին, երբ Կոստանդնուպոլիս հրավիրված Գագիկ 2-րդ արքան հայտնվեց բյուզանդական գերության ճիրաններում, Անիում է՛լ ավելի սրվեց բարդ ու լարված իրավիճակը, և առավել գերակա դարձան հուսահատական ու պարտվողական տրամադրությունները: Այս իրավիճակում կաթողիկոսը ոչ միայն չնպաստեց հայրենասիրական ուժերի միավորմանը, այլև իր գործողություններով փութացրեց քաղաքի հանձնման գործընթացը:
Ի վերջո, Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն ընկավ հակառակորդի ձեռքը: Կարճ ժամանակ անց քրիստոնյա կայսրության կառավարիչները ցույց տվեցին իրենց գաղութարարական քաղաքականության իսկական դեմքն ու ձեռագիրը: 1046 թ. աշնանը բյուզանդական նոր կուսակալը` Կատակոլոն Կեկավմենոսը, Անիից հեռացրեց հայոց կաթողիկոսին, հայտարարելով, թե կայսրը հրամայել է, որ վերջինս հաստատվի Արծն քաղաքում: Այսինքն` թագավորի գահազրկումից հետո մեկուսացվում է հայոց ինքնուրույնության երկրորդ սիմվոլը` կաթողիկոսը:
Արծն ուղևորված կաթողիկոսին արգելափակված պահեցին մինչև 1047-ի կեսերը, որից հետո փոխադրեցին Կոստանդնուպոլիս: Այստեղ երեք տարի պահելուց հետո նրան թույլատրում են բնակություն հաստատել Սեբաստիայում:
Թեև բյուզանդացիները հայոց կաթողիկոսի հետ վարվում էին այնպես, ինչպես կամենում էին, այնուամենայնիվ որոշ փաստեր վկայում են, որ նաև նրանից զգուշանում էին, քանզի հունասեր կաթողիկոսը զղջացել էր իր նախորդ վարքագծի համար և հավանաբար հոգու խորքում որդեգրել էր նոր դիրքորոշում: Այդ է վկայում պատմիչ Արիստակես Լաստիվերցու այն տեղեկությունը, թե բյուզանդացիները բռնի պահում էին կաթողիկոսին, քանզի կասկածում էին, որ եթե նա հասնի հայրենիք, «թե երթեալ ապստամբեցուցանէ զԱնի» (Պատմութիւն Արիստակիսի Լաստիվերցւոյ, Ե, 1963, էջ 82):
Ահա այսպիսի տխուր, ողբերգական ճակատագիր բաժին հասավ հայոց կաթողիկոսին, որն անհրաժեշտ իմաստնություն չունեցավ ժամանակին նկատելու և գնահատելու բյուզանդական նենգավոր քաղաքականության հնարավոր կործանարար հետևանքները: Ի վերջո, ինչի՞ հասան Հովհաննես-Սմբատ արքան և Պետրոս Գետադարձ կաթողիկոսը: Գրեթե 10 հարյուրամյակ է անցել նրանց գործունեության ժամանակաշրջանից, սակայն մինչ օրս նրանք հեռակա կարգով շարունակում են մնալ պատմության և հայոց սերունդների բարոյական դատաստանի առջև:


Արմեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու

Դիտվել է՝ 9255

Մեկնաբանություններ