ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ավելի շատ ռեալ իրականություն, քան միստիկա»

«Ավելի շատ ռեալ իրականություն, քան միստիկա»
29.11.2012 | 11:31

Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում տեղի կունենա ամերիկաբնակ արձակագիր, հրապարակախոս և ռեժիսոր ԱՐՄԵՆ ԱԼԱՆԻ «Ռեքվիեմ Պրոմեթևսի համար» վեպ-խրոնիկայի շնորհանդեսը:

Գիրքն ունի երեք սյուժետային գիծ, առաջինը` Պրոմեթևսի ավանդությունն է` ներկայացված հեղինակային ուրույն մոտեցմամբ և մեկնաբանություններով: Զուգահեռներ են տարվում՝ Պրոմեթևսի, Հիսուսի, մերօրյա ջահակիրների միջև:
«Առաջաբանում Ալբեր Քամյուի էսսեից մի կտոր եմ մեջբերել, որպեսզի ընթերցողը հասկանա` Պրոմեթևսը մերօրյա մարդու կերպար է, իսկ մենք դեռևս անհաղորդ ենք նրա միայնակ ձայնին, որ կոչ է հանուն մարդկության»,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Ալանը:
Երկրորդ գիծը, որ ներկայացված է գրքում, մերօրյա ժամանակակից խրոնիկան է, ընթացիկ իրադարձությունները (սկսած 50-ականներից մինչև մեր օրերը), որ այս կամ այն կերպ դեր են խաղացել մարդկության առաջընթացի, տարբեր ժողովուրդների ճակատագրերի վրա:
Եվ, վերջապես, երրորդ սյուժետային գիծը «Beatles» քառյակի պատմությունն է, նրա կազմավորումը, ստեղծագործական տարիները, առավելապես` խմբի հիմնադիր Ջոն Լենոնի կյանքն ու գործունեությունը, ներառյալ` «Beatles»-ի ազդեցությունն իր սերնդի աշխարհայացքի, ճաշակի ձևավորման և ապրելակերպի վրա:
Մեզ հետ զրույցում հեղինակն ընդգծեց, որ Ջոն Լենոնի սպանության տարբեր վարկածներ կան, և ավելի շատ առաջ է քաշվում քաղաքական սպանության վարկածը: «Գրքում Պրոմեթևսի մասին ավանդությունը տեղ-տեղ ընդհատվում է և միտումնավոր է ընդհատվում,- ասաց նա,- որպեսզի տրվի «Beatles»-ի պատմությունը, միջազգային իրադարձությունների խրոնիկան: Պատմությունը շրջապտույտ է կատարում, որի ընթացքում տարբեր դեպքեր կրկնվում են: Փոխվում են միայն ժամանակները, դեպքերի վայրերն ու գործող անձինք: Վեպում երեք զուգահեռ գծեր գալիս միանում են իրար, հետո ճյուղավորվում, բաժանվում են` ընդհանուր աղերսներ գտնելով: Այսպես ասած` միքս սկզբունքով է գրված վեպը»:
«Կարելի՞ է ասել, որ միստիկ տարրեր կան վեպում» հարցին հեղինակը պատասխանեց, թե ավելի շատ ռեալ իրականություն կա, քան միստիկա:
Վեպում մի առանձին գլուխ նվիրված է Հայաստանի քաղաքական իրադարձություններին:
«Ռեքվիեմ Պրոմեթևսի համար»-ը հեղինակի երրորդ գիրքն է` երկրորդ վերահրատարակությամբ: Առաջին հրատարակությանը լոսանջելեսյան մամուլն անդրադարձել է դրական գրախոսականներով: Թե ինչ արձագանք կգտնի վեպը հայրենիքում, Արմեն Ալանը դժվարանում է ասել: Գրքի շնորհանդեսից կարճ ժամանակ անց նա մեկնելու է ԱՄՆ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3115

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ