ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին, կենդանի է և ազգը»

«Լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին, կենդանի է և ազգը»
16.09.2012 | 12:55

«Լեզուն կուլտուրայի ամենաճշգրիտ ու անսխալական նշանացույցն է»:


Վահան ՏԵՐՅԱՆ

2010 թվականն էր. տպագրության էինք պատրաստում «Վահան Տերյան» շաբաթագիրքը, որը պոետի բանաստեղծությունների, նամականու, հրապարակախոսական հոդվածների, տերյանական պատգամների ամփոփ ընտրանի էր լինելու` նվիրված սիրելի պոետի ծննդյան 125-ամյա հոբելյանին: Սա Հովհաննես Պապիկյանի հետ մեր հեղինակած մատենաշարի թվով հինգերորդ գիրքն էր: Մեծագույն սիրով ու նվիրումով էինք աշխատում, նույնիսկ ուշ երեկոյան ափսոսանքով էինք անջատում համակարգիչը, իսկ առավոտ վաղ գալիս, րոպե առաջ ձեռքներս էինք վերցնում Տերյանի բանաստեղծությունների գիրքը, որից մեզ բաժին էր հասնում, Չարենցի վկայությամբ, «մի զարմանալի՜ քնքուշ և խնդագին զգացմունք»:
Տերյանի բազմաթիվ նամակները կարդացինք, ուսումնասիրեցինք կենսագրական տվյալները, համադրեցինք տարբեր մտավորականների վկայություններ, ըմբոշխնեցինք տարբեր ժամանակներում լույս տեսած ամբողջ տպագիր պոեզիան, ինչպես նաև անտիպ գործերը, որ կարողանանք ըմբռնել մեծ պոետի ասելիքը, գտնել նրա անհանգիստ հոգին ալեկոծող երևույթների իրական պատճառները, հասկանալ քաղաքական մեծ գործչի փոթորկուն ընդվզումը ժամանակի գերտերությունների հետ հայ ժողովրդի մղած անհավասար գոյամարտում, որի արդյունքում գրվեցին նրա հայրենասիրական հզոր գործերը.
Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին,-
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին:
Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն։
Վահան Տերյանի հայրենանվեր գործունեությանը շատերն են անդրադարձել. հիշենք միայն Նիկողայոս Մառի վկայությունը. «Տերյանին բնավ օտար չէր գիտական հարցասիրությունը կովկասյան շրջանակում, որ պարփակում է իր մեջ նաև նրա ազգի բախտն ու կյանքը»:
1918 թ. հունվարի 12-24-ին Բրեստ-Լիտովսկում, որպես սովետական պատվիրակության խորհրդական, Տերյանը մասնակցում է հաշտության բանակցություններին, որն անհետևանք չմնաց երկրի ու ժողովրդի ճակատագրով մտահոգ, նրբազգաց ու ըմբոստ երիտասարդ բանաստեղծի համար, և ահա հերթական անարդարության դեմ նրա համարժեք պոռթկումը.
Փշով են պատած ուղիներըս մութ,
Մեր տեսիլքները` սառն ու ահավոր,
Մեզ գգվում են միշտ գգվանքով մի սուտ,
Մեզ խաչ են, խաչ են հանում ամեն օր…
Հասկանալի է, որ խորհրդային իշխանության տարիներին դպրոցական դասագրքերում մեզ պարտադրված մի քանի աշնանային տխուր, սրտամաշ օրերի մասին գրված բանաստեղծությունների հեղինակի, մերժված սիրուց անօգնական տառապող պոետի մեջ կամային հզոր հատկանիշներ ունեցող հայ մարդն է ապրում, և որ նա ամենևին էլ լալկան, թույլ ու հիվանդ պոետ չէ, այլ իր ժամանակի մարտահրավերներն ընդունող և դրանց դեմ պայքարի ելած ուժեղ մարտիկ ու եզակի հայրենասեր: Տեղին է մեջբերել նրա մտահոգություններից մեկը. «Բացի արտաքին արգելքներ հաղթահարելուց, ամեն մի` ազգ կազմելու ցանկություն ու կամք ունեցող ժողովուրդ, անդադար պիտի ստեղծի այն արժեքները, որոնք նրա ինքնության առհավատչյաներն են»:
Այս ամենից հետո միայն համարձակվեցինք ներկայացնել պոետի ասելիքը` հատկապես ընտրելով այն գործերն ու նամակները, որոնք բավարար ծանոթ չեն լայն հասարակայնությանը:
Վահան Տերյանը ստեղծագործել է` հարստացնելով ու պերճացնելով մեր ոսկեղենիկ մայրենին: Լեզվի կարևորության մասին նրա բազմաթիվ վկայություններից հիշենք այս մեկը. «Լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին, կենդանի է և ազգը. կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է և երկրորդը: …Կուլտուրականության առաջին պայմանը զարգացած, հարուստ և ճկուն լեզուն է: Եթե լեզուն ընդունակ է ժամանակի հասկացողությունների ու զգացմունքների թարգման հանդիսանալու, ուրեմն նա կենդանի լեզու է և դեռ կենսունակ»: Տերյանի գործերը ճշմարիտ արժեքներ են նաև այն պարզ պատճառով, որ շնչում են ազատ, անկաշկանդ, անկախ այլ ազդեցություններից և ճնշումներից: «Գեղարվեստն անազատ լինել չի կարող» հավատամքն ունեցողն այլ կերպ չէր էլ կարող ստեղծագործել:
Հայ դասական գրողների` Տերյանի մասին ասված կարծիքներից հատվածներ ընտրեցինք, հետո տեղին համարեցինք մեջբերել նաև արվեստի, գրականության, գիտության ու մշակույթի մեր ժամանակների նկատելի գործիչների կարծիքները Վահան Տերյանի անձի ու պոեզիայի մասին: Այս փնտրտուքի մեջ մեր ընտրությունը կանգ առավ մաեստրո Տիգրան Մանսուրյանի վրա: Ժամադրություն խնդրեցինք` նախապես մանրամասնելով հանդիպման նպատակը: Սիրով համաձայնեց: Հասանք ժամադրավայր, ուր ինքն էլ ներկայացավ առանց ուշացումի և բարձր տրամադրությամբ:
Խոսակցության ընթացքում հաճելի զարմանքով նկատեցինք, որ պարոն Մանսուրյանը ոչ միայն լավ գիտի Վահան Տերյանի պոեզիան, անգիր հիշում է ամբողջական բանաստեղծություններ, բանաստեղծական տողեր, տեղին մեջբերումներ է անում, այլև պոետի կենսագրական մանրամասների ու քաղաքական գործունեության մասին ճշգրիտ պատկերացումներ ունի: Տիգրան Մանսուրյանի բնորոշմամբ, Տերյանի պոեզիայի մեջ շատ երաժշտություն կա. «…Տերյանի հայերենը հայերեն է, որ եկավ նորոգելու մեր մեծ քաղաքի զգացողությունը` իրենով: Մեր անցյալի քաղաքների շքեղությունը, լեզվի հարաբերությունների նրբերանգները, նաև լեզուն արտակարգ ճկուն զգալու, դյուրաբեկ զգալու` մարդու այս բարձրակենցաղ հոգեբանությունը նույնպես Տերյանից եկավ: Իհարկե, արմատներն ամեն տեղից բերեց` և՛ իր ժամանակի ֆրանսիական պոեզիայից, և՛ իր ժամանակի նորագույն ռուսական պոետական մտածողությունից: «Ոսկեղենիկ եկար և միգասքող…»: Ապշելու բառեր են` ժանյակահյուս, բայց ադամանդի պես ամրակուռ բառեր, որոնց արձագանքը մետաքսի թեթև ծավալներն են… Երաժշտականությունն անսահման է իր մեջ, բայց դա չէ այստեղի երաժշտականությունը: Նույնիսկ էն բաղաձայնների ու ձայնավորների հարաբերության խնդրի շերտերից չէ` երաժշտականության ավելի խոր շերտը կա, որ իր ապրածն է, իր հոգեվիճակն է: Ա՛յ, հենց էդ հոգեվիճակն էլ երաժշտություն է` լինի խնդության երգ, լինի վերջին հուսահատության, վերջին տխրության ելևէջ, բայց առաջին հերթին երաժշտություն է: Կատարյալ պատկեր, գույների, նրբերանգների, զգացողությունների անասելի ներդաշնակություն, ապրումի կատարյալ բյուրեղ վիճակ և, մանավանդ, այդքան լուռ ասված` առանց կոչականների, առանց արտաքին ժեստերի, զուտ ներհայաց, զուտ աչքի տեսածի մաքուր ապրում, անխաթար դրսից ներս և հետո ներսից` բանաստեղծություն»:
Պատահական չէ, անշուշտ, որ Տիգրան Մանսուրյանը, երաժշտական բացառիկ զգացողությամբ, Տերյանի քնարերգությունից եկած իր այդ ապրումները յուրովի մեկնաբանեց բարձրարժեք վոկալ շարքով, որը հրաշալի ներկայանում է Արաքս Մանսուրյանի փառահեղ կատարումներով:
Հետաքրքրական է պոեզիայի երաժշտականության մասին Տերյանի դիտարկումը. «Երաժշտությունը իմ հոգին է, որն ինչ-որ հրաշքով ես լսում եմ: Իսկ եթե երաժշտության մեջ ես չեմ լսում իմ հոգին, նշանակում է, որ դա արդեն երաժշտություն չէ»:
Վահան Տերյանի ստեղծագործության մասին Պարույր Սևակի խոսքը հատկապես կարևոր է մայրենի լեզվի պահպանման իմաստով. «Վահան Տերյանը ազնիվ մետաղի փայլ տվեց մեր «արքայական» լեզվին, հարստացրեց մեր ազգային քնարերգությունը նոր մոտիվներով ու տաղաչափական ձևերով, նույնիսկ դուռ բացեց նոր հանգի համար», իսկ Համո Սահյանն այսպես էր տեսնում Տերյանի պոետական լեզուն. «Նա, բացի պոեզիայի նոր լեզու ստեղծելուց, ստեղծել է լեզվի պոեզիա»:
Պոետի բանաստեղծական լեզվի մասին մեր պատկերացումներն ամբողջացնենք Չարենցի գնահատանքով. «Տերյանի պոեզիան նաիրյան խոսքերի գանձարան է», կամ` «Հանձին Վահան Տերյանի, մեր գրական լեզվաշինության ասպարեզում մենք տեսնում ենք մեր գրական լեզվի հիմնական, կենտրոնաձիգ տենդենցի վերջին ամենացայտուն և ամենաբնորոշ կրողին»:
Անկասկած, Տերյանի լեզուն բացառիկ է, երաժշտությունը նրա պոեզիայում` անսահմա՜ն: Երանի՜ թե նրա բազմահազար ընթերցողները, սիրելի պոետի հորդորի հանգույն, ջանան պահպանել մեր ոսկեղենիկ լեզվի մաքրությունն իրենց առտնին շփումներում, դպրոցում, բուհ-ում, հեռուստաեթերում, հրապարակային ելույթներում, ԱԺ ամբիոնից խոսելիս, հարցազրույցներում, իրենց սիրելիներին ու մտերիմներին գրած նամակներում և այլուր…


Այս ցանկությամբ` Շուշանիկ ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 7485

Մեկնաբանություններ