ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հույս ունեն, որ թատրոնը մի օր դռները լայնորեն կբացի պատանի հանդիսատեսի առջև

Հույս ունեն, որ թատրոնը մի օր դռները լայնորեն կբացի պատանի հանդիսատեսի առջև
14.09.2012 | 12:02

Պատանի հանդիսատեսի թատրոնները գործում են ամենուրեք: Սակայն պատանի դերասանի թատրոն մեզանում գոյություն չունի: Այդ բացը որոշեց լրացնել «Նախաբեմ կրթամշակութային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը: Այն ստեղծվել է 2001-ին` թատրոնի և մանկավարժության մի խումբ երախտավորների նախաձեռնությամբ:
Կազմակերպությունը գործում է մեր հանրապետության ողջ տարածքում և արտասահմանում: «Նախաբեմի» հիմնական նպատակն է` աջակցել թատերական արվեստի և թատերական կրթության զարգացմանը: Թատրոնը գեղագիտական դաստիարակության բազմակողմանի և կենդանի միջոց է և նպաստում է մանուկների, պատանիների և երիտասարդների ստեղծագործական, բարոյական և քաղաքացիական զարգացմանը: Այդ իսկ պատճառով ասոցիացիան ստեղծել է բազմաթիվ թատերախմբեր հանրապետության քաղաքային և գյուղական դպրոցներում, հասել է նրան, որ որոշ դպրոցներում դասավանդվում է «Թատրոն» առարկան: Այսօր մենք շատ ենք խոսում հայոց լեզվի աղավաղման մասին, թե՛ եթերում, թե՛ բեմում հնչող հայերենը երբեմն զայրացնում է, զարմացնում: Ասոցիացիայի հիմնական նպատակներից է պայքարը հանուն հայոց լեզվի մաքրության, անարատության պահպանման: Մեր նպատակն է նաև դպրոցական նստարանից ծանոթացնել աշակերտներին հայ և համաշխարհային գրականության լավագույն նմուշներին և հեռու մնալ, այսպես կոչված, «եթերային դրամատուրգիայի» էժանագին օրինակներից: Եվ դա «Նախաբեմին» հաջողվում է: «Նռան հատիկ» ամենամյա մանկապատանեկան փառատոնին դպրոցական թատերախմբերը ներկայացնում են բեմադրություններ ըստ Վ. Սարոյանի, Օ’Հենրիի, Ա. Չեխովի, Ալ. Շիրվանզադեի, Հովհ. Թումանյանի, Մոլիերի, Մ. Զոշչենկոյի, Ս. Մարշակի, Խնկո Ապոր, Լ. Շանթի, Դ. Դեմիրճյանի, Հ. Պարոնյանի, Աղասի Այվազյանի, Պ. Զեյթունցյանի, Վան Արյանի, Ռ. Մարուխյանի և այլ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունների: Խաղացանկը շատ հարուստ է և կառաջացնի ուզածդ պրոֆեսիոնալ թատրոնի նախանձը: «Նախաբեմի» վարչության անդամները, ինչպես նաև հրավիրված արվեստի վարպետները դպրոցական թատերախմբերում անցկացնում են վարպետաց դասեր, մասնակցում են որպես խորհրդատուներ նոր ներկայացումների փորձերին:
Ասոցիացիան նպատակ ունի հիմնելու միջնակարգ մասնագիտական թատերական դպրոց (ստուդիա), որը, իհարկե, շատ բարդ է և պահանջում է հովանավորների ներդրում: Ցավոք, մինչ այսօր նման մեկենասներ չեն հայտնվել:
«Նռան հատիկ» առաջին փառատոնը տեղի ունեցավ 2001 թվականին: Առաջին փառատոնին մասնակցում էր 20 թատերախումբ Երևանից: Տարեցտարի ավելացավ մասնակից թատերախմբերի քանակը: 2011-ին փառատոնին մասնակցեց 160 թատերախումբ, ներկայացվեց 250 բեմադրություն: Ընդլայնվել է փառատոնի աշխարհագրությունը: Այն վաղուց դուրս է եկել ոչ միայն մայրաքաղաքի, մարզերի, այլև հանրապետության սահմաններից: Փառատոնյան բեմերում հանդես են եկել մանկական թատերախմբեր ԼՂՀ-ից, Վրաստանից, Թեհրանից, Բեյրութից, Փարիզից, Պլովդիվից: Փառատոնի մասնակից թատերախմբերից մի քանիսը մասնակցել են միջազգային փառատոների, արժանացել են մրցանակների: Ի դեպ, «Մետրո» թատրոնն իր դահլիճը փառատոնի մասնակիցներին տրամադրում է անվճար: Ներկայացումները տեղի են ունենում նաև Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
2007 թվականին «Նախաբեմ» ասոցիացիան արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին` երեխաների հետ տարվող լավագույն աշխատանքի համար: Իսկ կազմակերպության 10-ամյակի կապակցությամբ և մարզային մանկապատանեկան ստեղծագործական ներուժի բացահայտման ու զարգացման գործում ունեցած ավանդի համար ասոցիացիայի նախագահը, վարչության անդամները պարգևատրվեցին մշակույթի նախարարության ոսկե մեդալով և պատվոգրերով: 2011 թվականին «Նախաբեմի» վարչության որոշմամբ ստեղծվեց «Նռան հատիկ» պատանի դերասանի թատրոնը: Փառատոնային լավագույն ներկայացումները ցուցադրվեցին Երևանում, մի քանի մարզերում: Ընդ որում, ցուցադրվեցին անվճար և ոչ միայն դպրոցականների համար:
Առաջին ներկայացումը տեղի ունեցավ 2011 թվականի մարտի 18-ին միայնակ ծերերի համար: Պետք էր տեսնել ընտանիքներից զրկված մարդկանց ուրախությունը, երբ երեխաները նրանց կրկին տարան դեպի մանկության հիշողությունները, ցուցադրելով Հովհաննես Թումանյանի հեքիաթները: Ցավոք, ասոցիացիան հնարավորություն չունի ձեռք բերելու շենք պատանի դերասանի թատրոնի համար: Հովանավորներն էլ, ինչպես վերը նշեցինք, անտարբեր են թե՛ երեխաների, թե՛ թատրոնի նկատմամբ:
Սակայն էնտուզիաստները չեն ընկճվում: Հույս ունեն, որ պատանի դերասանի թատրոնը մի գեղեցիկ օր կունենա իր շենքը և դռները լայնորեն կբացի պատանի հանդիսատեսի առջև:
Ապրենք և հուսանք:


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ
«Նախաբեմ» ասոցիացիայի նախագահ

Դիտվել է՝ 1887

Մեկնաբանություններ