ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Իտալացի զբոսաշրջիկներին հիացրել են հայկական եկեղեցիների բարձրաքանդակները (ֆոտոշարք)

Իտալացի զբոսաշրջիկներին հիացրել են հայկական եկեղեցիների բարձրաքանդակները (ֆոտոշարք)
04.09.2012 | 12:01

Իտալացի զբոսաշրջիկներին հանդիպեցինք Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Եկեղեցու վերանորոգման մեկնարկին մատաղ մատուցվեց: Նախաձեռնությունը Սոս Սարգսյանինն էր, բայց առողջական խնդիրների պատճառով ժողովրդական դերասանը ներկա չէր արարողությանը:

Մատաղի ճաշակմանը մասնակից դարձան նաև Իտալիայից ժամանած զբոսաշրջիկները: Գործարար Նիկոլա Նարդելին ասաց, որ ծանոթացել են մատաղի պատմությանը, ականատես եղել հարսանյաց արարողության, ճաշակել են նաև խոզի խորոված, հիացել հայկական եկեղեցիների բարձրաքանդակներով: «Մեր եկեղեցիներում շատ են արձանները, որմնանկարները, բայց հարթաքանդակներ և բարձրաքանդակներ չկան»,- ասաց նաև հավելեց, որ մեկ օր է, ինչ Հայաստանում է, և առաջին տպավորությունը դրական է:
Հետաքրքիր էր իմանալ` ի՞նչն է բերել նրանց մեր երկիր` Իտալիայի Ապուլիա մարզից:
Նիկո Նարդելին վաճառում է բնակարանի կահավորման պարագաներ: Համացանցում Հայաստանի մասին նյութեր, նկարներ է տեսել և որոշել է այցելել: Գրեթե ոչինչ չի իմացել մեր երկրի մասին, բայց ճանապարհորդությունից առաջ որոշ նյութեր ուսումնասիրել է: «Մեզ հետաքրքրում են այն վայրերը, որտեղ չկա զանգավածային տուրիզմ, այսինքն, այնպիսի վայրեր, որ դեռ պետք է բացահայտել»,- ասաց իտալացի գործարարը: Մեր հարցին` «Եթե այսօր արդեն հարցնեն` ի՞նչ գիտեք Հայաստանի մասին, ի՞նչ կասեք», նա անկեղծորեն պատասխանեց, որ առաջին օրն է, շատ բան չի տեսել, միայն կարող է ասել, որ շատ հետաքրքիր է, և հույս ունի, որ այս օրերին էլի շատ գեղեցիկ բաներ կտեսնի: Պարզեցինք, որ Նիկոլա Նարդելին լսել է նաև Ցեղասպանության մասին, մի փոքր էլ մեզ մոտ են տեղեկացրել: Հետաքրքրվեցի` ունի՞ արդյոք որոշակի վերաբերմունք այդ հարցի շուրջ»: «Շատ ենք ցավում, դա ամենավատ բանն է, որ կարող է պատահել»,- ասաց նա:
Համոզված էի, որ իտալացի գործարարը դեռ կհասցնի տեսնել բիբլիական Արարատը: Ականջին կհասնեն շշուկներն առ այն, որ մարդկության պատմությունը սկսվել է Հայկական բարձրավանդակից: Թե ինչ հետաքրքրություն կառաջացնի նրա բիզնեսը Հայաստանում, կզարդարե՞ն մեր բնակարանները կահավորման նրա առաջարկած պարագաները, կիմանանք հաջորդ հանդիպմանը, եթե Աստված կամենա, և կենսախինդ իտալացուն ու նրա ընկերներին պատահաբար հանդիպենք հայկական եկեղեցիներից մեկում: Ի դեպ, Նիկոլա Նարդելին զրույցի վերջում շնորհակալություն հայտնեց ու թատերական մի ռևերանսով մեկնեց գլխարկը: Մանրադրամ էր ուզում` իբրև հուշանվեր:
Մեր հանդիպումից օրեր անց Փիրուզա ՆԱԶԱՐՅԱՆԸ, որն ուղեկցում էր իտալացիներին և իր թարգմանությամբ ապահովեց մեր զրույցը, տեղեկացրեց ևս մի քանի մանրամասների մասին, որոնք ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Կարող եմ ավելացնել, որ նրանք շատ սիրեցին Հայաստանը, բախտ ունեցան Արարատ լեռը տեսնելու մի քանի օր շարունակ այնքան պարզ ու մաքուր, որ ես ևս զարմացել էի նրա տեսքից: Ասում էին` մեզ սիրեց Արարատը, այդ պատճառով «բացվեց» մեզ համար:
Վերջին օրը, երբ ուրիշ իտալացիներ նույն Նիկոլային հարցրին, թե ո՞ր երկիրն էր ավելի լավը` Վրաստա՞նը, թե՞ Հայաստանը (նրանց ճամփորդությունը ներառել էր նաև Վրաստանը), նա ասաց, որ Հայաստանը շատ ավելի զարգացած երկիր է, և այդ պատճառով նրան ավելի է դուր եկել: Չնայած չէին կարողանում մոռանալ վրացական խաչապուրիի համը: Հիացած էին հայերի միասնականությամբ և հայրենիքի նկատմամբ ունեցած նվիրումով: Խոսքն արտերկրում ապրող հայ գործարարների և հայտնի հայերի մասին է, որոնք տարիներ շարունակ ներդրումներ են կատարում Հայաստանում կամ ուղղակի օգնում: Ասում էին` իտալացիներն այդպիսի բան չեն անում: Նկատեցին նաև, որ հայերը հպարտ ազգ են, չնայած այն ամենին, ինչ ապրել են: Հավանեցին հատկապես Երևանի երեկոյան կյանքը` աշխուժությունը, շատրվանները: Շատ ուրախացան լավաշի թխման արարողությունը տեսնելիս, ճաշակեցին ծիրանի օղի և թարմ թխած լավաշ, թոնրի խորոված: Վստահեցնում էին, որ իրենց մոտ միսն այդպիսի համ չունի:
Այցելեցին նաև Ցեղասպանության թանգարան և հուշահամալիր, ավելի մանրամասն ծանոթացան Ցեղասպանության պատճառներին և հետևանքներին: Նիկոլայի կինը տեսել էր նաև Անրի Վեռնոյի «Մայրիկ»-ը: Ասում էր, որ իր տեսած լավագույն ֆիլմերից է:
Դեռևս` այսքանը»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4181

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ