ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հուլիսի 15-ին պարզ կդառնան բուհեր ընդունվածների անունները

Հուլիսի 15-ին պարզ կդառնան  բուհեր ընդունվածների անունները
13.07.2012 | 01:41

Ավարտվել են միասնական և կենտրոնացված քննությունները։ Այժմ գնահատման և թեստավորման կենտրոնում ընթանում է դիմորդներին վկայականներ տրամադրելու գործընթացը։ Վկայականներն ուժի մեջ կլինեն մինչև 2013 թ. դեկտեմբերի 31-ը։ Այսինքն, եթե այս տարվա դիմորդները ցանկություն ունենան մասնակցելու բուհական ընդունելության մյուս տարվա մրցույթին, կարող են օգտագործել իրենց այս տարվա քննությունների արդյունքները՝ ներկայացնելով ԳԹԿ-ի տրամադրած վկայականները։
Անդրադառնալով միասնական քննությունների երկրորդ փուլի արդյունքներին՝ մեզ հետ զրույցում ԳԹԿ-ի լրատվության պատասխանատու ԳԱՅԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ նշեց, որ ամեն տարի լեգենդներ են շրջանառվում՝ իբր երկրորդ փուլին մասնակցում են այն դիմորդները, ովքեր գտել են խնամի-ծանոթ-բարեկամներ։ Սակայն թվերն այլ բան են հուշում։ Մասնավորապես, «Հայոց լեզու, հայ գրականություն» առարկայի միասնական քննությունների առաջին փուլից բացակայածների քանակը չի համապատասխանում երկրորդ փուլի դիմում-հայտ ներկայացրածների թվին։ Այսինքն, ավելի շատ երեխա է բացակայել առաջին փուլում, քան երկրորդ փուլում դիմել են քննության մասնակցելու համար։ Իսկ երկրորդ փուլում հայտ ներկայացրածները հիմնականում բանակից զորացրված երիտասարդներն են, սփյուռքի մեր հայրենակիցները, ՀՀ քաղաքացիները, որոնք ավարտում են ուսումն օտարերկրյա պետությունների կրթական հաստատություններում, և նոր միայն այն դիմորդները, որոնք հարգելի պատճառով չէին մասնակցել առաջին հիմնական փուլին։
«Թվերի վերլուծությունից հետո երկրորդ փուլի հետ կապված լեգենդները ցրվում են։ Երկրորդ փուլի արդյունքները հիմնականում ավելի ցածր են, քան առաջինում։ Մասնավորապես, եթե կենսաբանությունից առաջին փուլում միջին միավորը 11,4 էր, ապա երկրորդ փուլում՝ 10,3։ Մաթեմատիկայից առաջին փուլում միջին միավոր էր 11,6-ը, իսկ երկրորդում՝ 8,4-ը։ Հայոց լեզու, հայ գրականությունից միջին միավորները համապատասխանաբար եղել են 13,9 և 10,4»,- նշում է Գայանե Մանուկյանը։
Այս տարի միասնական քննություններն անցան բավականին հանգիստ, ինչը շեշտեց նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ ԳԹԿ-ի լրատվության պատասխանատուն կարծում է, որ դրան նպաստել են մի շարք գործոններ։ Առաջին հերթին կատարելագործվում է քննական կարգը, հաշվի են առնվում նաև դիմորդների խնդրանքները։ Գայանե Մանուկյանն առանձնացնում է նաև շտեմարանների դերը, որոնք ավելի կանխատեսելի են դարձնում քննությունները։ Նա նկատեց, որ շտեմարաններում ընդգրկված 5000 առաջադրանքներով չեն սահմանափակվելու, առաջադրանքների բազան տարեցտարի հարստացվելու է։ Մյուս հանգամանքը, որ նպաստել է քննությունների անցկացմանը, դիմորդների իրազեկվածությունն է։ Նախքան քննասենյակ մտնելը դիմորդը մանրամասն ծանոթացել է ամբողջ քննական գործընթացին, իր իրավունքներին, և, ամենակարևորը, դպրոցի այս տարվա շրջանավարտները շատ լավ գիտեին թեստային առաջադրանքներ լուծել և ձևաթուղթ լրացնել։
Նշենք, որ անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքները կամփոփվեն մինչև հուլիսի 15-ը: Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից ընդունելության քննությունների մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 15-20-ն ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին՝ թափուր տեղեր ունեցող բուհում լրացնելով նոր դիմում-հայտ: Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում թափուր տեղերի մրցույթի արդյունքները կհաստատի հուլիսի 25-ին։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 7130

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ