38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Համացանցի խերը

Համացանցի խերը
17.07.2024 | 07:58

Լսում կամ կարդում եմ որևէ մասնագետի հարցազրույց․ լավ թե վատ, մարդը պատասխանում, մեկնաբանում է երկրի առաջ ծառացած կարևոր հարցերի շուրջ իր տեսակետը, փորձում հիմնավորել, համաշխարհային պատմությունից օրինակներ բերել:

Երբեմն հետաքրքրասեր եմ դառնում, կարդում ընթերցողի կամ ունկնդրի կարծիքը:

Ե՞վ․․․ Կարելի է ասել, համարյա ոչ մի մասնագետի հակադարձ կարծիք չի հանդիպում։ Բանավեճն արդեն ավելորդ շքեղություն է մեզ համար։ Փոխարենը, ինչքան ուզեք․

«Արա, էս ով ա էս»․․․ և վիրավորական բառեր:

«Մեկդ սրան ասեք»․․․ էլի վիրավորական բառեր:

«Արա, ա՛յ ուլ»․․․

Կարծես պիցցայի մոդան անցավ, նրա գերին լինելու կասկածանքով․․․ չէ՛, ի՞նչ եմ ասում, ի՜նչ կասկածանքով՝ հաստատված, յոթ կնիք դրված կարծիքով, էլ մարդկանց չեն պիտակավորում. այդ մեկն արդեն ժամկետանց արտահայտություն է։

Տեղին է հիշել մի պատմություն, որը, պատմողի ասելով, իրական դեպք է։

Հայտնի է, որ ՍՄԿԿ շարքերում պետք է լինեին նաև բանվորներ։ Բայց դե ո՞ր բանվորի դարդն էր կտրվել, որ ավելորդ գումար մուծեր անդամավճարի տեսքով, էլ չասենք կուսակցական ժողովների պարտադիր մասնակցելը։

ՈՒրեմն, մի շատ լավ աշխատող, արագաշարժ, ամենածանր աշխատանքից անգամ չխուսափող, ամենա-ամենա․․․ դե, համարյա ստախանովյան հերոսուհի Հոռոմին համոզում են, որ առանց իր մասնակցության, լայնարձակ մեր երկրին այնքան էլ պայծառ ապագա չի սպասվում։ Օգնում են, և առանց տառասխալների, Հոռոմը դիմումի ձև է լրացնում, հանձնում։ Մնացածն արդեն ինքն իրեն գնում է։

Հոռոմը մի տարի կուսակցության անդամության թեկնածու է լինում, և գալիս է անդամ դառնալու ժամանակը։

Մոռացա ասել, որ այդքան դրականի հետ, Հոռոմն ուներ նաև բացասական գիծ․ հայհոյող էր, մեծաբերան ու կռվարար։

Նիստից առաջ, հակառակի պես, իմանում են, որ կենտկոմից մարդ է եկել նիստին մասնակցելու։

Որոշում են նիստի ժամանակ միայն Հոռոմի մասին կարծիքներ հայտնել, իրեն չխոսեցնել։ Ի՞նչ կարիք կա լուրջ միջոցառումը վերածել ծիծաղի սենյակի այցելության։

Այդպես էլ վարվում են։ Գովասանքի խոսքեր, Հոռոմի՝ եզակի աշխատավոր լինելու մասին անկեղծ հայտարարություններ:

Վերջում, երբ վարողը հարցնում է՝ հարցեր կա՞ն, պարզ է, գործարանի աշխատողներից ոչ մեկը հարց չի ունենում. դե, մեր Հոռոմն է, բոլորս գիտենք, ի՞նչ հարց տանք:

Մեկ էլ, ա՜յ քեզ հաջողություն․․․ Կենտկոմից եկած հյուրը հարց ունի․

- Հոռոմ, ինչու՞ ես որոշել մտնել ՍՄԿԿ շարքերը:

Որոտում է Հոռոմի վճռական պատասխանը․ ձեռքը սեղանին է խփում ու․

- Տո՛, լա՛վ եմ արել, քո հետույքն ինչի՞ է վառվում:

Պարզ է, չէ՞, որ ավելի կոպիտ ձևով:

Հոռոմները հիմա անլիմիտ հնարավորություն ունեն օգտվելու համացանցի ընձեռած հնարավորություններից։

Պետք է՝ կարծիք կհայտնեն նորագույն տեխնոլոգիաների հեռանկարների շուրջ քննարկումների ժամանակ, ինչքան ուզեն, դիմացինին նսեմացնելու փորձեր կանեն, և բոլորովին կապ չունի, թե դիմացինն ով է։ Թեման էլ կապ չունի։

Կապ չունի նաև քննարկման թեմայի շուրջ հնչեցվող փաստերի առկայությունը։ Հոռոմն ամենուր ժողովրդի թշնամի է տեսնում, անխնա պայքար է տանում նրա դեմ, գրավոր կերպով իր անմնացորդ նվիրվածությունն է ցուցադրում իրենց հեղափոխությանը, երբեմն նույնիսկ սպառնում է մուրճով ու մանգաղով իրականացնել ուշացած արդարադատություն:

Մի խոսքով, ով Հոռոմի ճաշակով չէ, լավագույն դեպքում նա char u naxandz է։

Սա էլ, այսպես ասած, մեր կյանքի անբաժանելի ընկեր դարձած համացանցի խերն է:

Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 6332

Մեկնաբանություններ