Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մոսկվան շրջադարձ է կատարում դեպի Երևան-Թեհրան առանցք

Մոսկվան շրջադարձ է կատարում դեպի Երևան-Թեհրան առանցք
11.11.2008 | 00:00

ԵՎ ԿՐԿԻՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԵՐԿԱԹԳԾԻ ՄԱՍԻՆ
Վերջին շրջանում կրկին ակտիվացել են շահագրգիռ կողմերի հայտարարությունները հայ-իրանական երկաթգծի կառուցման շուրջ։ Հարկ է նշել, որ այս իրողությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման «ռուսական նախագծի» առկայությանը զուգահեռ` շատ բնորոշ է։ Ավելի շուտ այն գալիս է հաստատելու այն ենթադրությունները, որ չնայած մոսկովյան հռչակագրի ստորագրմանը, կարգավորման ռուսական նախաձեռնությունը կա՛մ տապալված է, կա՛մ էլ տապալման եզրին է։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա դաշինքի կայացումը քիչ հավանական է, և Մոսկվայում կարծես հիշել են Ռուսաստան-Հայաստան-Իրան հնարավոր, բայց վերջին շրջանում օրակարգից դուրս եկած դաշինքի մասին։
Նոյեմբերի 7-ին «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության ղեկավար Վլադիմիր Յակունինը «Ռոյթեր» գործակալությանը հայտնել էր, որ հայ-իրանական երկաթուղու կառուցումը կարժենա առնվազն մեկ միլիարդ դոլար։ Միաժամանակ հայկական երկաթգիծը հավատարմագրային կառավարման վերցրած ռուսական ընկերության տնօրենը նշել էր, որ «Ռուսաստանի երկաթուղիները» պատրաստ են հանդես գալու իբրև հիշյալ նախագիծն իրագործող, այսինքն՝ կառուցող ընկերություն, եթե Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերեն նախագծի ֆինանսավորման վերաբերյալ։
Բնութագրական է, որ հաջորդ օրը Իրանի ամենահայտնի թերթերից մեկը՝ «Թեհրան թայմսը», նույնպես տեղադրեց տեղեկություն այն մասին, որ Ռուսաստանը կարող է մասնակցել հայ-իրանական երկաթուղու կառուցմանը, և այդ նախագծի հեռանկարները քննարկվել են հայ-ռուսական համագործակցության համատեքստում դեռևս այս տարվա սեպտեմբերին Սոչիում տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Դմիտրի Մեդվեդև երկկողմ հանդիպման ժամանակ։ Վ. Յակունինի հայտարարությունը և Իրանի հեղինակավոր թերթում համանման տեղեկատվությունը, անշուշտ, պատահական չեն։ Անցած շաբաթ հայ-իրանական երկաթուղու թեման իր լուսաբանումը գտավ նաև «Ռեգնում» գործակալության նյութերում։ Հասկանալի են նաև շարժառիթները, թե ինչու հատկապես հիմա հիշեցին այս նախագծի մասին, որը ռուսական կողմը ծախսատարության պատճառով վերջին շրջանում այնքան էլ իրատեսական չէր համարում։
Մինչդեռ հիմա մամուլում են հայտնվել ապագա երկաթուղու հնարավոր տարբերակները։ Ըստ Հայաստանի տրանսպորտի նախարարի հայտարարության, հայ-իրանական երկաթուղու երեք նախագիծ կա օրակարգում։ Դրանցից առաջինը նախատեսում է այդ երկաթուղու կառուցումը սկսել Երասխ կայարանից և հասցնել մինչև իրանական Մարանդ կայարանը։ Այդ դեպքում երկաթուղու երկարությունը կլինի 443 կմ, որից 80 կմ-ը՝ իրանական տարածքում։ Եթե նախապատվություն տրվի Վարդենիսի նախագծին, ապա երկաթուղու երկարությունը կլինի 449 կմ, 80-ը` դարձյալ իրանական տարածքում։ Եվ, վերջապես, երրորդ տարբերակը Գագարին կայարանից երկաթուղու կառուցումը սկսելն է, և այդ դեպքում երկարությունը կկազմի 397 կմ, 80-ը՝ իրանական տարածքում։ Հայաստանի տրանսպորտի նախարարը, ըստ «Ռեգնումի», նաև նշել է, թե հայկական կողմը նախապատվություն է տալիս երրորդ տարբերակին, որովհետև դա ավելի էժան է նստելու, միաժամանակ երկաթուղային ցանցի մեջ, բացի Կապանից և Մեղրուց, կներառվեն Գավառ, Մարտունի և Ջերմուկ քաղաքները։
Միանգամայն հավանական է, որ նախապատվությունը տրվի հենց երրորդ տարբերակին, սակայն այսօր ավելի կարևոր է պարզաբանել հայ-իրանական երկաթուղու կառուցման շուրջ տեղեկատվական ակտիվության քաղաքական շարժառիթները, քանզի տնտեսությունը միշտ էլ անբաժան է քաղաքականությունից։ Վրաց-ռուսական վերջին հակամարտությունից հետո ակնհայտ է, որ Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում կտրուկ թուլացան։ Այսուհետ կողքին ունենալով թշնամաբար տրամադրված Վրաստան` Մոսկվան այլևս հնարավորություն չունի հարաբերությունները զարգացնելու ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Հայաստանի հետ, նաև մեր երկրի տարածքում տեղակայված իր ռազմակայանը սպասարկելու առումով։ Հայաստան-Ռուսաստան միակ կոմունիկացիոն կապը հայ-ադրբեջանական հակամարտության վերջին քսան տարիներին անցնում էր Վրաստանով, այժմ Թբիլիսին, բնականաբար, ամեն ինչ կանի այդ կապը եթե ոչ հիմնավորապես խզելու, ապա խոչընդոտներ հարուցելու համար։ Առնվազն միանշանակ է, որ Հայաստանում տեղակայված ռուսական բազայի կենսագործունեության ապահովման համար Վրաստանի տարածքով Ռուսաստանը երբեք ռազմական տրանզիտ չի ստանա։
Մոսկվայում այս իրողությունը քաջ գիտակցել են։ Միաժամանակ նաև` հասկացել, որը Հարավային Կովկասում իրենց ազդեցությունը գոնե եղած մակարդակով պահպանելու համար մնացել է երկու ճանապարհ։ Դրանցից առաջինը Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումն է, որ հնարավորություն կտա Մոսկվային Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի տարածքով անխափան երկաթուղային կապ ունենալ Հայաստանի հետ։ Սակայն, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանում հաշվել էին, որ այս ծրագիրը շատ ծախսատար է, ավելի լավ է բացել հայ-թուրքական, իսկ հետո նաև հայ-ադրբեջանական երկաթգիծը։ Մանավանդ որ Կրեմլն ավելի կարևոր է համարում Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների սերտացումն այն հաշվարկով, որ դա հնարավորություն կտա արդյունավետ պայքարելու ԱՄՆ-ի դեմ Հարավային Կովկասում։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման «ռուսական նախագիծն» ի հայտ է եկել հենց այս տրամաբանության համատեքստում, թեպետ, անշուշտ, ոչ առանց Ռուսաստանում ադրբեջանական լոբբիի ակտիվ ներգործության։ Այլ կերպ ասած, Մոսկվան, հանուն ռուս-թուրքական նոր դաշինքի, պատրաստ է զոհաբերելու դաշնակից հայերի շահերը՝ Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու խոստում տալով։
Բայց խոստումը մի բան է, այն իրագործելը՝ մեկ այլ բան։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին այցը Մոսկվա ցույց տվեց, որ չնայած Կրեմլի պատրաստակամությանը, Բաքուն ամենևին էլ ոգևորված չէ այդ նախագծով, քանզի այն ենթադրում է ռուսական բազմահազար խաղաղապահների մուտքն Ադրբեջանի տարածք և Կրեմլի փաստացի վերահսկողության հաստատումը Բաքու-Ջեյհան, Բաքու-Սուփսա, Բաքու-Էրզրում էներգետիկ հոսքերի, նավթամուղների և գազամուղի վրա։ Մի բան, որ Ադրբեջանն իրեն թույլ տալ չի կարող։ Եվ, առհասարակ, Անկարան ու Բաքուն Մոսկվայի հետ մերձեցման այս խաղը նախաձեռնել են բացառապես Արևմուտքի աչքում իրենց կշիռը բարձրացնելու և հատկապես թուրք-ամերիկյան նախկին դաշնակցային հարաբերությունները վերականգնելու համար։ Ամենայն հավանականությամբ, այս իրողությունն աստիճանաբար, բայց ուշացումով ակնհայտ է դառնում նաև Կրեմլին։ Այդ իսկ պատճառով հանկարծ հիշեցին հայ-իրանական ուղղության մասին։
Անշուշտ, Հայաստանը չէր կարող ոգևորված լինել հայկական շահերի հաշվին իրենց հարաբերությունները բարելավելու ռուս-թուրքական սիրախաղով, և ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռուս-թուրքական նախագծի վերաբերյալ պաշտոնական Երևանն առնվազն դիվանագիտական խողովակներով հայտնել է իր բացասական դիրքորոշումը։ Եվ հիմա Մոսկվան կրկին փորձում է սիրաշահել «ռազմավարական դաշնակից» Հայաստանին, թե իբր մենք պատրաստ ենք աջակցելու զարգացման ծրագրերին և ամենակարևորը՝ անխափան կապ ապահովելու Հայաստանի հետ, անշուշտ, Թեհրանի գիտությամբ և աջակցությամբ։ Այլ կերպ ասած՝ քանի որ ռուս-թուրքական ալյանսից կարծես թե բան չի ստացվում, Մոսկվան աստիճանաբար, քայլ առ քայլ շրջադարձ է կատարում դեպի Երևան-Թեհրան առանցք, որն էլ սկզբունքորեն Հայաստանում իր ազդեցությունը պահպանելու միակ իրատեսական հնարավորությունն է։ Միայն թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման «ռուսական նախագծի» ի հայտ գալուց և դրա՝ հայ հանրության սեփականությունը դառնալուց հետո, Ռուսաստանի նախաձեռնություններն ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի կողմից հազիվ թե արժանանան անվերապահ աջակցության, որքան էլ դրանք գայթակղիչ են տնտեսական տեսանկյունից։ Թեհրանն ու Երևանն այլևս ուշի ուշով են հետևելու Ռուսաստանի գործողություններին, քանի որ Մոսկվան վերջին մի քանի ամսում ապացուցեց, որ իր մտադրությունների փոփոխությունը տրամագծորեն բոլորովին հակառակ ուղղությամբ շատ արագ է տեղի ունենում։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 4274

Մեկնաբանություններ