Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Վերաբաշխումների շեմին

Վերաբաշխումների շեմին
08.07.2008 | 00:00

Հայաստանի ներքաղաքական իրադրության այս փուլի բնութագրականը մինչ այժմ համարվում էր իշխանություն-արմատական ընդդիմություն խորքային և առայժմ չհանգուցալուծված հակադրությունը՝ հասարակական երկփեղկվածության բավական հստակ ջրբաժանով։
Սակայն որոշ զարգացումներ արդեն իսկ ցույց են տալիս, որ առկա են ուժերի վերադասավորման նոր միտումներ։ Մասնավորապես այդ համատեքստում բնավ բացառված չէ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ասպարեզ վերադարձի կամ քաղաքական զարգացումների վրա իր ներգործությունն ակտիվացնելու հեռանկարը։
Սակայն մինչ այդ արժե անդրադառնալ արմատական ընդդիմությանը։ Չնայած քաղաքապետարանի կողմից հանրահավաք անցկացնելու թույլտվության բացակայությանը, հուլիսի 4-ին Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա շուրջ համախմբված քաղաքական ուժերին, այնուհանդերձ, հաջողվեց անցկացնել հանրահավաք Մատենադարանի հրապարակում։ Ըստ որում, դարձյալ ոստիկանության հետ կայացած բանակցություններից հետո։ ՈՒշագրավ է այն հանգամանքը, որ հանրահավաք անցկացնելու փաստացի թույլտվություն արդեն որերորդ անգամ տալիս է փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանը, ինչը ոչ անհիմն ենթադրություններ է ծնում, թե վերջինս իշխանությունների և ընդդիմության միջև գործողությունների համակարգման առումով որոշակի միջնորդի դերակատարություն է ստանձնել, բնականաբար ոչ առանց հանրապետության նախագահի գիտության։
Ինչևէ, հանրահավաքը կայացավ, սակայն Տեր-Պետրոսյանի կողմից այս անգամ չհնչեցվեց ինչ-որ նոր, առանձնահատուկ առաջարկ կամ քաղաքական դիրքորոշում։ Առաջին նախագահը կրկնեց այն, ինչ հայտարարել էր մինչ այդ տեղի ունեցած ասուլիսում։ Որպես նոր նրբերանգ կարելի է դիտարկել թերևս միայն այն, որ Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի համար հնարավոր գործողությունների երկու ուղի կանխատեսեց. կա՛մ կազմաքանդել կլանային համակարգը, կա՛մ դառնալ այդ համակարգի պատանդը։ Սկզբունքորեն այդ երկընտրանքի առկայությունը նորություն չէ, պարզ է ողջ հանրության համար, բայց այն, որ դա հնչեցվում է Սերժ Սարգսյանի հիմնական ընդդիմախոսի կողմից, արդեն իսկ կարելի է դիտարկել իբրև հնարավոր երկխոսության եթե ոչ հստակ քայլ, ապա, համենայն դեպս, որոշակի ակնարկ։
Նախագահական ընտրություններում առաջին երկու տեղերը գրաված թեկնածուների միջև խորքային հակադրությունից դեպի երկխոսություն անցումը, սակայն, բավականին մտահոգում է այդ երկխոսության արդյունքում ընդհանրապես խաղից դուրս հայտնվելու վտանգի առջև կանգնած Ռ. Քոչարյանին։ Վերջինիս պաշտոնավարման ավարտից հետո անցած ամիսները, խոր հասարակական ճգնաժամը և այդ ճգնաժամի հանգուցալուծման ժամանակատարությունն ու բարդությունը ցույց են տալիս, որ երկրորդ նախագահի քաղաքական ռեանիմացիայի համար բավարար նախապայմաններ չկան։
Ամենաերիտասարդ թոշակառուի կարգավիճակին ոչ մի կերպ չհարմարվող Քոչարյանին այլ բան չի մնում, քան ակտիվացնել իր ազդեցության ներքո գտնվող ռեսուրսները երկու հիմնական նպատակով։ Առաջին հերթին՝ այն նկատառումով, որպեսզի այդ ներգործության արդյունքում մարտի 1-ի իրադարձությունների հետաքննություն իրականացնող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը չհանգեցնի ինչ-որ անցանկալի բացահայտումների։ Մասնավորապես այն համատեքստում, որ իշխանության գործողությունները ուժի կիրառման առումով համարժեք չեն եղել ստեղծված իրավիճակին, իսկ որ շատ ավելի վատ է՝ այդ իրավիճակն արդյունք է եղել իշխանության կողմից վերահսկվող քրեածին տարրերի գործունեության, ինչպես շարունակում է պնդել արմատական ընդդիմությունը։ Հանձնաժողովի աշխատանքների այսպիսի ուղղվածությունը խիստ անցանկալի հեռանկար է նախկին նախագահի համար։
Երկրորդ կարևոր խնդիրը, որ իր համար ձգտելու է լուծել Քոչարյանը, իրեն հավատարիմ կադրերի միջոցով կառավարման համակարգում ազդեցության պահպանումն է և այդ նույն կադրերի ջանքերով Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի կողմից հռչակված «բարեշրջումների» տորպեդահարումն ու տապալումը, եթե դրանք ուղղված լինեն իր կլանի տնտեսական շահերի դեմ։ Այս երկու կենսական խնդիրների ապահովման համատեքստում թերևս բնավ պատահական չէ որոշ ուժերի ակտիվացումը, որոնք սկսել են հայտարարել, այսպես կոչված, ազգային ընդդիմության ձևավորման անհրաժեշտության մասին։ Շրջանառվող լուրերի համաձայն, ազգային կոչվող հիշյալ ընդդիմության առանցքը կազմելու են ՀՌԱԿ և նրա բաղկացուցիչ մասը կազմող նախկին «Դաշինք» կուսակցությունները՝ գումարած քաղաքական ցուցանակը պահպանած, բայց իրականում փաստացի գոյություն չունեցող մի քանի այլ ուժեր։ Ըստ որում, նոր «ազգային» ընդդիմության քննադատության թիրախն են դառնալու ոչ միայն Տեր-Պետրոսյանն ու իր համախոհ կուսակցությունները, ինչը սկզբունքորեն անիմաստ է, որովհետև դա միայն նպաստելու է Տեր-Պետրոսյանի վարկանիշի աճին, այլև գործող նախագահն ու կառավարությունը։ Առաջին արձագանքներն այս կապակցությամբ արդեն առկա են՝ Թուրքիայի հետ փոխհարաբերությունները կարգավորելու Սերժ Սարգսյանի հայտարարության հետ կապված։ Այսպիսով, միանգամայն հավանական է, որ մինչև աշնան ակտիվ քաղաքական սեզոնի բացումը փորձ կարվի ձևավորել այսպես կոչվող «երրորդ ուժ», որն իշխանությանն ու արմատական ընդդիմությանը միաժամանակ հարվածելով, պիտի փորձի դառնալ հասարակական այլընտրանք։
Սակայն այդ նախաձեռնության հաջողությունը սկզբունքորեն կասկածելի է։ Երրորդ բևեռի ձևավորումը տրամաբանական կլիներ, եթե այդ բևեռում ընդգրկվելու ցանկություն հայտնեին վերջին խորհրդարանական ընտրություններում գոնե 3%-ը հաղթահարած կուսակցությունները (ՄԱԿ, «Ազգային միաբանություն», ՆԺԿ) կամ այն քաղաքական ուժերը, որոնք նախագահական ընտրություններում հանդես են եկել սեփական թեկնածուով և ընտրությունների ավարտից հետո կառավարող կոալիցիային մաս չեն կազմել և չեն միացել Տեր-Պետրոսյանի թևին (ԱԺՄ, ԺԿ, «Ազգային միաբանություն», «Ազգային համաձայնություն»)։ Այդ ուժերի համախմբման միջոցով երրորդ բևեռի ձևավորումը տրամաբանական կլիներ, որովհետև նրանց թիկունքում առկա էր բնակչության բավական որոշակի զանգվածի քվեն։ Այս կուսակցությունները կամ նրանց առաջնորդները վերջին խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքում թեկուզ համեստ, բայց հստակ ընտրազանգված են նվաճել, ինչը բացակայում է «ազգային» ընդդիմություն ձևավորելու ցանկություն ունեցող ուժերի պարագայում։ Այսինքն, բացակայում է այն հասարակական խումբը կամ շերտը, որի վրա հենվելով «ազգային» ընդդիմադիրները պիտի կարողանան երրորդ բևեռի գործառույթներ ստանձնել։
Միաժամանակ առկա է մի հանգամանք ևս. այսպես կոչված «ազգային» ընդդիմության ձևավորումը՝ Քոչարյանի քողարկված հովանու ներքո, ներքին զարգացումների վրա առարկայական ազդեցություն կունենար, եթե ոչ ֆորմալ, ապա գոնե փաստացի այդ ընդդիմության դաշտում գործեր նաև «Բարգավաճ Հայաստանը»։ Կուսակցություն, որը 2007-ի խորհրդարանական ընտրություններում Քոչարյանի ոչ ֆորմալ հենարանն էր և այսօր թվակազմով երկրորդ խմբակցությունն է Ազգային ժողովում։ Սակայն, ըստ շրջանառվող բավական հիմնավոր լուրերի, ԲՀԿ-ի պատգամավորական կազմը և, մասնավորապես, նրանց առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, համենայն դեպս, հատուկ ոգևորություն չեն ապրում «ազգային» ընդդիմության շարքերում հայտնվելու հեռանկարից, իսկ շատերը բացահայտորեն չեն թաքցնում, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիոն դաշինքի պահպանումը իրենց համար ավելի նախընտրելի է, քան Քոչարյան-Ծառուկյան անցյալ-կատարյալ հարաբերությունների պատանդ դառնալը։ Քաղաքականության մեջ մշտական բարեկամներ և հավերժական թշնամիներ չկան, կան միայն մշտական շահեր։

Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 7170

Մեկնաբանություններ