Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Էլեկտրաէներգիայի առաջիկա թանկացումը չպետք է կաթվածահար անի անապահով խավին

Էլեկտրաէներգիայի առաջիկա թանկացումը չպետք է կաթվածահար անի անապահով խավին
07.11.2008 | 00:00

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԸՆԹԵՐՑՈՂԸ
Գաղտնիք չէ, թե ինչպիսի մեծ զոհաբերության՝ Սևանա լճի հսկայական ջրային պաշարների անվերադարձ կորստի գնով Հայաստանի Հանրապետությունը 1950-ականներին կարողացավ հասնել մեկ շնչի հաշվով էլեկտրաէներգիայի արտադրման բավականին բարձր մակարդակի, որի արդյունքում հանրապետության տնտեսությունը, արդյունաբերությունը, գիտությունն ու տեխնիկան, ինչո՞ւ չէ, նաև մշակույթը, վերելք ապրեցին։

Էլեկտրաէներգիայի այն ժամանակվա բավականին ցածր սակագնային ռազմավարությունը պայմանավորված էր արագ թափով հզորացող արդյունաբերությամբ, որն իր հերթին նպաստում էր հանրապետության էներգետիկայի հետագա զարգացմանը, ինչը, բնականաբար, հնարավոր չէ այսօր։ Ավելին, էլեկտրաէներգիայի ներկայիս սակագինն առաջիկայում միտում ունի է՛լ ավելի բարձրանալու։
Չնայած երկրում այլևս չի գործում երբեմնի հսկա՝ մեծ էներգատարություն ունեցող արտադրական ձեռնարկությունների հզոր համալիրը, այնուհանդերձ, այսօր ամենևին էլ քիչ չեն էլեկտրաէներգիայի պահանջարկն ու սպառման ծավալները։ Դա, թերևս, արդյունք է նաև էներգիայի անհաշվենկատ, անկանոն և անփույթ օգտագործման, հատկապես բազմաթիվ զվարճատների, ռեստորանային, հյուրանոցային, առևտրի կենտրոնների, սրճարանային համալիրների կողմից, որոնց օր օրի հարստացող սեփականատերերի համար էլեկտրաէներգիայի ներկայիս (սոցիալապես անապահով խավի համար բավականին բարձր) սակագինը մեկ «գրոշ» չարժե։
Երևանում ռեստորանային մեկ համալիրը կամ մեծ առևտրի կենտրոնը նույն ժամանակահատվածում, թերևս, կարող է սպառել մի մեծ գյուղի կամ փոքրիկ գյուղաքաղաքի կողմից ծախսվող համարժեք քանակի էլեկտրաէներգիա։
Էներգիայի նման շռայլ, անհոգ օգտագործումն ազգաբնակչության, հատկապես նրա ունևոր խավի կողմից խիստ անհանգստացնող և տագնապալի է, մանավանդ, երբ արդեն խոսվում է դրա մոտալուտ թանկացման մասին, ինչի հետևանքով սոցիալապես առավել անապահով խավը կհայտնվի է՛լ ավելի անմխիթար վիճակում։
Իրադարձությունների նման զարգացման դեպքում կառավարությունը կարող է և պարտավոր է այդ հույժ կարևոր խնդիրը կարգավորել հնարավորինս ճիշտ և արդարացի՝ իրագործելով էլեկտրաէներգիայի մատակարարման դիֆերենցված սակագնային սկզբունքը, ինչպես դա արվեց 1996-97 թվականներին։ Նման դիֆերենցումը հնարավորություն կընձեռի կառավարությանը՝ սոցիալապես առավել անապահով խավին մինչև 200 կՎտ (ամսական) սպառելու դեպքում արտոնել (սակագնի բարձրացման պարագայում) օգտվելու ներկայիս սակագնից, ինչը հանրությունը կընկալի որպես հոգատարության և արդարության դրսևորում անապահով խավի նկատմամբ։ Վիճակագրական մոտավոր տվյալներով՝ հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 50 տոկոսը սպառվում է ամսական մինչև 200 կՎտ օգտագործող քաղաքացիների կողմից, որոնք էլ հիմնականում բնակչության առավել անապահով խավն են ներկայացնում։ Աղյուսակում բերված է օգտագործած էլէներգիայի քանակից կախված՝ սպառողների թվի մոտավոր տոկոսային դասակարգումը (էլեկտրաէներգիայի բաշխման ծառայություններին մոտ կանգնած մասնագետների մոտավոր տվյալներով)։
Ըստ առաջարկվող դիֆերենցված սակագների՝ հաշվարկված է էլեկտրաէներգիայի 1 կՎտ.ժամ-ի միջինացված սակագինը՝ կախված նրա սպառման քանակից, ինչպես նաև հանրապետությունում սպառված ամբողջ էլեկտրաէներգիայի քանակին (պայմանական) համարժեք գումարը ըստ ներկայիս գործող և առաջարկվող դիֆերենցված սակագների։
Հաշվարկը պարզեցնելու, այն ավելի դյուրին ըմբռնելու նպատակով վերը նշված էլեկտրաէներգիայի կամ նրա սպառողների թվի տոկոսային դասակարգումը փոխարինված է ուղղակի սպառողների ցանկացած (պայմանական) թվով (հարյուր, հազար կամ միլիոն), որից հաշվարկի էությունն ու իմաստը չի փոխվի (հաշվարկում ընդունված է 100-ը)։
Սակագնի առաջարկված հարաբերակցությամբ դիֆերենցված թանկացման դեպքում, ըստ հաշվարկի, 1 կՎտ.ժամ էլեկտրաէներգիայի միջին սակագինը հանրապետությունում կկազմի մոտ 31 դրամ։
Նման սկզբունքով էլեկտրաէներգիայի բաշխումը, անշուշտ, կբերի նրա անհարկի, շռայլ, որոշ դեպքերում՝ անխնա և անիմաստ սպառման նվազմանը, որն իր հերթին կնպաստի Սևանա լճից էներգետիկ նպատակներով հարկադրված ջրառի կրճատմանը։
Ի դեպ, նույն՝ դիֆերենցված սակագնային սկզբունքը կարելի է անհամեմատ ավելի արդյունավետ կիրառել նաև խմելու ջրի մատակարարման գործընթացում։
Սերգեյ ՀԱՋԻՆՅԱՆ
Մեխանիկ-ինժեներ

Դիտվել է՝ 6203

Մեկնաբանություններ