Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Քաղկալանավորների խնդիրը «արևմտյան ժողովրդավարների» ձեռքին կարող է վերածվել լուրջ ճնշման գործիքի

Քաղկալանավորների խնդիրը «արևմտյան ժողովրդավարների» ձեռքին կարող է վերածվել լուրջ ճնշման գործիքի
11.11.2008 | 00:00

ՀԻՄՆԱԽՆԴԻՐ
«Քաղաքականությունը բազմաթիվ փոքր ստերն ինչ-որ մեծ ճշմարտության նմանեցնելու արվեստն է»։
Վիլհելմ Շվեբել
Գերմանացի գիտնական և հրապարակախոս
Հայաստանի ներքաղաքական զարգացումներում այսօր ակտուալ է մեկ իրողություն. ինչ էլ որ պնդելու լինեն իշխանության ներկայացուցիչներն ու պաշտոնական պատմագրությունը, անկախության կայացման ամբողջ շրջանում Հայաստանում կանոնավորապես հայտնվել են քաղկալանավորներ։ Այդ կարգավիճակով նրանց աշխատել են չնկատելու տալ ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Բայց փաստ է, որ այդ հանգամանքը բացասական երանգավորում է տվել վերաստեղծվող հայկական պետականությանը։ 1990-ից հետո Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրությունները, ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական, ուղեկցվել են ժողովրդական դժգոհության բռնկումներով։ Համապատասխանաբար կալանքի տակ են հայտնվել առավել ակտիվ և իշխանության համար վտանգ ներկայացնող բողոքական քաղաքական դաշտի ներկայացուցիչները։ (Բացառություն էին միայն 1998-ի ընտրությունները Կարեն Դեմիրճյանի մասնակցությամբ և այդ իմաստուն քաղաքական գործչի կեցվածքի շնորհիվ)։
Եթե հիշելու լինենք «քաղկալանավորներ» էպոպեայի առավել բնութագրական փուլերը, ապա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջինն այդ դերին կարող է հավակնել երկրի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աշոտ Մանուչարյանի տեղակալ Վահան Ավագյանը։ Հետագայում, արդեն 1995-ին, ասպարեզ եկան «Գնդապետների գործը», դաշնակցականների դատավարությունները, Վազգեն Մանուկյանի կողմնակիցների ձերբակալություններն ու դատապարտումները 1996-ին։ Ընդ որում, եթե այս գործերից մի քանիսն իրենց մեջ պարունակում էին հանցագործության լուրջ բաղադրիչներ (դաշնակցականների նկատմամբ հարուցված գործում դիակներ կային), ապա մի շարք այլ գործերում քրեական բաղադրիչն ակնհայտորեն հիպոթետիկ բնույթ ուներ։ Այդ գործերը լրջորեն կարող էին դասվել, միջազգային իրավունքի բնորոշմամբ, դասական քաղաքական գործերի շարքում։ Թեկուզև հարկ է նշել, որ նախորդ իշխանությունները նման գործեր հարուցելիս, որպես կանոն, դրանք չէին հասցնում տրամաբանական ավարտի, և ներքին լարվածության թուլացումից հետո քաղաքական շարժառիթներով ձերբակալված անձինք ուղղակի ազատ էին արձակվում։ Կարելի է հանգել այն հետևության, որ այդ կարգի ռեպրեսիաները նախորդ իշխանության զինանոցում ունեին «կանխարգելիչ» կամ «դաստիարակչական» բնույթ, դրանց շնորհիվ կոնկրետ ժամկետի մեջ լուծվում էր միայն կայունության վերականգնման խնդիրը, ոչ ավելին։
Իշխանափոխությունից հետո այս գործելակերպը կատարելագործվեց։ Հատկապես հոկտեմբերի 27-ից հետո, երբ ավարտվեց Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի հեղինակության շնորհիվ քաղաքական դաշտի կայունացման կարճ շրջանը։ Կլանային և անձնական շահերն իբրև ժողովրդի ձգտումների արտահայտություն ներկայացնելու հետ մեկտեղ քաղաքական դաշտում վերականգնվեց նաև քաղաքական հակառակորդների հետ պետական ռեպրեսիվ մեքենայի միջոցով հարաբերություններ պարզելու գործելաոճը։ 2004-ի ապրիլի հայտնի իրադարձություններից հետո ծիծաղելի և մտացածին մեղադրանքներով դատապարտյալի նստարանին հայտնվեցին ընդդիմության մի շարք ակտիվիստներ, իսկ 2007-ի ամռանը քաղբանտարկության տարեգրության մեջ հայտնվեցին նոր անուններ՝ Ժիրայր Սէֆիլյան, Վարդան Մալխասյան, Ալեքսանդր Արզումանյան։ Այս դեպքում ուշադրության է արժանի հետևյալ հետաքրքիր նորարարությունը. հիշյալ անձինք ճաղերի հետևում հայտնվեցին այն ժամանակ, երբ իշխանությունը լիովին վերահսկում էր իրավիճակը, քաղաքական դաշտը հանգիստ էր, և գործնականում չկային իշխանությանը սպառնացող վտանգներ։ Հետևապես այդ ռեպրեսիաները նպատակ էին հետապնդում ոչ թե նվազեցնելու կայունությանը սպառնացող հավանական վտանգը, այլ բնի մեջ խեղդելու ցանկացած հնարավոր այլակարծություն, ինչը բնորոշ է ավտորիտար ռեժիմներին։
Այն ժամանակվա իշխանության կարծիքով՝ միայն դա կարող էր ապահովել կրիմինալ համակարգի գոյատևումը և կառավարողների անձնական անվտանգությունը։ Թեպետ կարևոր չէր ցույց տալ, թե իրավիճակը բացարձակապես վերահսկելի է, և իշխանությունը պատրաստ է հասարակական կարծիքի բացարձակ անտեսման։ Արզումանյանի գործն իր հերթին կոչված էր կանխելու ընդդիմությանը ֆինանսավորելու ցանկացած փորձ ինչպես դրսից, այնպես էլ ներսից, ինչը շատ կարևոր էր նախագահական ընտրությունների նախաշեմին ընդդիմադիր թեկնածուների միջոցները վերահսկողության տակ պահելու տեսանկյունից։ Անշուշտ, անհրաժեշտ է ընդգծել, որ հիշյալ գործելակերպը շատ տրամաբանական և բնական էր Ռոբերտ Քոչարյանի համար, որի անցած քաղաքական ճանապարհն ու իշխանական համակարգում ձեռք բերած փորձն այլ բան հուշել չէին կարող։ Նա միշտ էլ առաջնորդվել է պարտիզանական պատերազմի սկզբունքով, երբ «վիրավորներին լիկվիդացնում են և գերիներ չեն վերցնում»։
Սակայն 2008-ի հետընտրական փուլի իրադարձությունները, անկախ իշխանության ջանքերից և հասարակության մեջ սարսափ ներարկելու փորձերից, չկարողացան կանխել ժողովրդական բողոքի ալիքը։ Արդյունքում՝ մարտի ցավալի իրադարձություններից հետո կրկին ի հայտ եկան մի քանի տասնյակ նոր քաղբանտարկյալներ, ձևավորվեց նրանց պաշտպանության կոմիտե։ Առկա է ԵԽԽՎ-ի և նրա ղեկավար դե Պուչի կոշտ արձագանքը, քաղկալանավորների հետ կապված տարբեր կառույցներ զբաղված են Հայաստանում տեղի ունեցած դեպքերի ուսումնասիրությամբ։ Սակայն գործնականում գրեթե չկան համապատասխան արձագանք իշխանությունից և իրավիճակի շտկմանն ուղղված գործողություններ։
Այդ իսկ պատճառով արժե, թերևս, փորձել հասկանալ, թե ինչո՞ւ է անտեսվում հասարակական կարծիքը, ձգձգվում սպասված համաներումը, կոնյունկտուրային նկատառումներով հաշվի չեն առնվում եվրոպական կառույցների պահանջները։ Հենց այդ քաղաքականության արդյունքում է, որ քաղկալանավորների խնդիրը վերածվում է դանդաղ գործողության ռումբի։ ՈՒ դժվար է ասել, թե որքանով իշխանությունն ունի ներքին ամրության պաշար և համապատասխան արտաքին երաշխիքներ, որպեսզի նվազագույնի հասցնի այս հարցի հետ կապված հնարավոր բացասական զարգացումների ազդեցությունը։ Հնչեցված հարցերը համապատասխան արձագանք են պահանջում նաև երկրի հասարակական և քաղաքական ուժերից, որովհետև վարչակազմի գործողությունները քաղկալանավորների հարցի հետ կապված՝ բոլորովին համարժեք չեն նաև ստեղծված արտաքին քաղաքական իրադրությանը։
Նկատի ունենանք, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի այս փուլում, երբ առկա է արտաքին քաղաքական լուրջ ճնշում, քաղկալանավորների խնդիրը «արևմտյան ժողովրդավարների» ձեռքին կարող է վերածվել լուրջ ճնշման գործիքի իշխանությունների նկատմամբ։ Ավելին, ձերբակալվածների թվում քիչ չեն ղարաբաղյան պատերազմի մասնակիցները, որոնց համար «կարգավորման» ներկայիս տարբերակները ոչ միայն ընդունելի չեն, այլև կարող են դառնալ նոր հակադրության առաջացման առիթ։ Այս իրողությունը թույլ է տալիս որոշ ընդդիմադիր կուսակցությունների պնդելու, թե համաներման կիրառումը ձգձգվում է, որովհետև կարող է հակադրության նոր ալիք առաջացնել, քանզի իշխանությունը հակված է համաձայնություն տալու կարգավորման պարտվողական նախագծին։
Պակաս հավանական չէ նաև այն վարկածը, որ իշխանության դաշտում դեռ չի ձևավորված միասնական կարծիք այս խնդրի շուրջ։ Այսինքն, բուն իշխանության ներսում շարունակվում է կարծր դիրքորոշում ունեցող և ընդդիմությանը զիջումների հակված գործիչների միջև կարծիքների բախումը։ Ընդ որում, կարծր դիրքորոշում ունեցողները, ամենայն հավանականությամբ, որոշակի կարոտախտ ունեն՝ Քոչարյանի կառավարման «կայուն» ժամանակների հետ կապված։ Այս թևի ներկայացուցիչները, որոնք փոքր թիվ չեն կազմում, իրավիճակը մեղմելու իշխանության ցանկացած նոր քայլ հակված են գնահատելու իբրև նախագահի «թուլություն» և միաժամանակ վտանգ իրենց սեփական կարգավիճակին։ Այդ դեպքում հասկանալի է, որ քաղաքական հակառակորդների նկատմամբ հնարավոր համաներումը կարող է ավելի խթանել իշխանական բուրգի ներսում հակասությունները։ Եվ այդ իրադրության մեջ կգտնվեն ոչ քիչ ֆունկցիոներներ, որ կփորձեն իրավիճակը շուռ տալ իրենց օգտին։ Մանավանդ որ նոր իշխանությունը կարծես որդեգրել է լենինյան մարտավարական սկզբունքը՝ «մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ» և այդպես է փորձում իրականացնել քոչարյանական համակարգի աստիճանական ապամոնտաժումը։ Մինչդեռ այդ գործում նույն իշխանությանը էական վստահություն կհաղորդեր բնակչության աջակցությունը, սակայն քաղկալանավորների առկայության պայմաններում իշխանությունն էլ այդպիսի աջակցության արժանանալու մեծ հույսեր չի կարող ունենալ։ Կարծես հասունանում է ընտրություն կատարելու ժամանակը։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 4283

Մեկնաբանություններ