Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Սադրանքի ու շառի մեջտեղում

Սադրանքի ու շառի մեջտեղում
04.07.2008 | 00:00

Հուլիսի 4-ին ընդդիմության նախատեսած հանրահավաքին նախորդած հուլիսի 2-ի երեկոյան Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ փորձեցինք գնահատականներ լսել և՛ իշխանության մաս կազմող կուսակցությունների, և՛ ընդդիմության ներկայացուցիչներից։
ՀՀԿ փոխնախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ նախ նշեց, որ պետք է դեպքի հանգամանքները հստակ պարզաբանել, որից հետո օրենքի շրջանակներում մեղավորներին պատասխանատվության կանչել։ «Սա որոշ մարդկանց ձեռնարկած սադրանքն է։ Իրական հանցագործներին պետք է գտնել և պատժել»,- հավելեց Սահակյանը, որի տեսակետը չէր կիսում ՀԺԿ քարտուղար ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։ «Սա իշխանությունների հերթական սադրանքն է»,- ասաց Հարությունյանը՝ պնդելով, որ վերջիններս փորձում են հիմնավորել հանրահավաքներ թույլ չտալու իրենց արդարացիությունը։ «Այսպիսի գործողությունների նպատակն է ժողովրդին համոզել, որ իշխանությունները ճիշտ են վարվել շուրջ 46 հանրահավաքների հայտեր մերժելով»,- շարունակեց ՀԺԿ քարտուղարը։ Հարությունյանին լիովին համամիտ էր «Ժառանգություն» կուսակցության անդամ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ՝ կրկին վերահաստատելով, որ կատարվածն իշխանությունների ձեռքի գործն է։ «Սա նաև հերթական անգամ մեր իրավապահ մարմինների գործողությունները վարկաբեկելու փորձ էր, իսկ հասարակության համար, որը չի ուզում համակերպվել անարդարություններին, էլեկտրաշոկ էր՝ հետագայում իր իրավունքներն ավելի վճռական պաշտպանելու համար»,- նշեց Բախշյանը՝ ընդգծելով, որ իշխանությունների սխալ քայլերը հաջորդում են միմյանց։ Մեկ այլ ընդդիմադիր ուժի՝ ՀՍԴՀ-ի ատենապետ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ էլ կարծում է, որ այդ գործողությունները նախապես մտածված և կազմակերպված են եղել։ «Չեմ կարող հստակ ասել՝ սա Սերժ Սարգսյանի՞, թե՞ Ռոբերտ Քոչարյանի ձեռքի գործն է։ Սակայն այն ավելի ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին»,- փաստեց Սարգսյանը, շեշտելով, որ երկրորդ անգամ վախի մթնոլորտ էին փորձում ստեղծել, իսկ հանրահավաքի մարդաշատությունը՝ տապալել։ Ժողովուրդն ամուր կանգնած է, վճռական է, ոչ մի վախ չկա»,- համոզված պնդեց ատենապետը։
Համաժողովրդական շարժման անդամ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ էլ երեկ հրավիրած ասուլիսում անդրադառնալով Հյուսիսային պողոտայում կատարվածին, արձանագրեց. «Եթե ոստիկանությունն ունենա անհրաժեշտ կամք, այս գործը շատ հեշտ կբացահայտվի, բոլոր մեղավորները կձերբակալվեն»։ Ավելի քան 300 ականատեսներին վկայակոչելով՝ Զուրաբյանը հավաստիացրեց, որ գործի բացահայտման համար ոչ մի դժվարություն չկա, բայց եթե չբացահայտվի, ուրեմն «ոստիկանությունն ընդունում է, որ այն կազմակերպվել է իշխանությունների հրահանգով, իսկ սադրիչներն անպատիժ են մնալու»։
Քաղաքացիների՝ ոստիկանությանն ուղղված հաղորդագրության մեջ նշված են նաև սադրիչների ինքնությանը վերաբերող տվյալներ։ Ըստ այդմ, նրանց մեջ են եղել բռնցքամարտիկ ԻՍՐԱՅԵԼ ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԻ ղեկավարած բռնցքամարտի դպրոցի մարզիկները (այդ մասին երեկվա օրաթերթերից մեկն էլ էր տպագրել)։ Այս փաստը փորձեցինք ճշտել հենց Հակոբկոխյանից, որը մեզ փոխանցեց բառացիորեն հետևյալը. «Շառ անելուց հեշտ բան չկա։ Չեմ հասկանում՝ սա ո՞ւմ էր պետք։ Իշխանություննե՞րն են ինադու սարքել, թե՞ սուտ ընդդիմություն կոչվածը։ ՈՒզում են ինձ ներքաշել իրենց խաղերի մեջ։ Թե՞ եվրեները զգացին, որ իրենց քայլերը կանխագուշակել եմ ու դրա համար էս բանը կազմակերպեցին։ Բա տղամարդն իրեն թույլ կտա՞ վեճի բռնվել կանանց հետ կամ կանանց ուղարկել կռվելու։ Ես էսքան ժամանակ վեճի բռնվե՞լ եմ կանանց հետ, որ իմ մարզիկները բռնվեն»։ «Ես պատրաստում եմ միայն ազգի նվիրյալ սաներ, հայրենասեր զինվորներ։ Այդ «ախրաննիկ» ասածը չեմ ընդունում և չեմ հասկանում։ Կա՞ մեկը, որ կարող է իմ առջև կանգնեցնել նախկին կամ ներկա սաներիցս մեկին, ով այնտեղ եղել է»,- վստահեցրեց Հակոբկոխյանը։

Հեռախոսազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 7172

Մեկնաբանություններ