ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ո՞ՒՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ, և ԳԼԽԱՎՈՐԸ` Ո՞ՒՄ ՀԵՏ

Ո՞ՒՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ, և ԳԼԽԱՎՈՐԸ` Ո՞ՒՄ ՀԵՏ
30.04.2010 | 00:00

Գարունն այս տարի աչքի է ընկնում քաղաքական իրադարձությունների արտասովոր հարստությամբ. դրանք բառացիորեն շանթահարեցին ամբողջ հետխորհրդային տարածքը և նորից հարցեր առաջադրեցին նախկին խորհրդային կայսրության ժողովուրդներին։
Ո՞Ւր ենք մենք գնում, և գլխավորը` ո՞ւմ հետ։ Ղրղզստան, Բելառուս, ՈՒկրաինա, ուր որ է գուցե նաև` Վրաստան, Մոլդովա... «Ձևափոխման համակարգերի» այս բոլոր գործարկումները, այսպես թե այնպես, ուղղակի կամ անուղղակի, կապված են Ռուսաստանի հետ, նախկին արբանյակների նկատմամբ իր ինքնիշխանությունը վերականգնելու և տարածելու` նրա համառ ու ինքնամոռաց ձգտումով։ Բայց ահա տարօրինակ մի բան. այն տեսությունը, թե հուզական կապվածության և «ժողովուրդների բարեկամության» նկատմամբ կարոտախտի շնորհիվ այս բոլոր գործընթացները համեստ կլինեն և, որ շատ ավելի կարևոր է, հաջող, հանդիպում է այնպիսի արգելքների, որոնք հեռու են բազմակողմանի ինտեգրացիոն կառուցվածքներից ու քաղաքական հաշվարկներից։ Մեր իրատեսական աշխարհում արդեն վաղուց ամեն ինչ փոխվել է։ Դրա պատճառով ունենք այն, ինչ ունենք. Ղրղզստանը կանգնած է կամ արյունալի խռովության կրկնության կամ էլ երկրի փլուզման շեմին (բակիևյան հարավն արդեն հայտարարել է ինքնորոշման մասին), Բելառուսը չգիտես ուր է լողում, բայց միայն ոչ Կրեմլի ջրուղիով, իսկ ՈՒկրաինայում, լավագույն դեպքում, նախապատրաստվում են նոր «անկախության մայդաններ»։ Ավելին, այս բոլոր գործընթացները, վաղ թե ուշ, հավանաբար, անկասելիորեն կանդրադառնան ինտեգրացման կառուցվածքների վրա, որոնք դժվարությամբ էին կազմավորվում և, լավ թե վատ, գործում էին։ Այսպես, դատելով ըստ ամենայնի, շուտով կարող են ավարտվել «արարողական շուրջպարերը» «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության շուրջը, մշուշապատ է ԱՊՀ-ի ապագան, որը վաղուց արդեն դարձել է «ըստ հետաքրքրությունների ակումբ»։ Բայց, որն ավելի է մտահոգում, բոլորի համար անսպասելիորեն ճաքեր տվեց, թվում էր, ամենակուռ կառուցվածքը, հետխորհրդային տարածությունում Մոսկվայի ամենասիրելի հոգեզավակը` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ)։ Ավելին, այժմ, ինչպես երբեք, սուր է ծառացել այն հարցը, թե ի՛նչ է դաշինքը, և, առհասարակ, ինչի՞ համար է այն։ Թեև օրերս Տաջիկստանի «Չորուխ-Դայրոն» ուսումնական կենտրոնի վարժահրապարակում հաջողությամբ ավարտվեցին «Ռուբեժ-2010» հակաահաբեկչական համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունները, սակայն, բացի ՀԱՊԿ-ի կենտրոնասիական անդամներից, դրանց մասնակցում էին միայն Ռուսաստանի զինծառայողներ։ Բայց է՛լ ավելի մեծ սկանդալ բարձրացավ այդ կառույցի, հուզական Լուկաշենկոյի և շնորհազրկված Բակիևի շուրջ։
Ինչպես հայտնի է, մայիսի 8-ին Մոսկվայում նախատեսված է անցկացնել ՀԱՊԿ-ի հանդիսավոր, ոչ պաշտոնական գագաթաժողով։ Հասկանալի է, որ այդ միջոցառումը, Հաղթանակի օրվա վեհաշուք հանդիսությունների նախօրեին, միայն մեկ նպատակ է հետապնդում` համերաշխության ցուցադրում։ Կազմակերպության ավելի լուրջ խնդիրները նախատեսված է քննարկել հունիսին կայանալիք լիագումար գագաթաժողովում։ Սակայն Բելառուսի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Մոսկվա միայն որոշակի պայմաններով, որոնցից հիմնականը Ղրղզստանի իրադարձությունների մանրամասն քննարկումն է։ «Ի՞նչ կազմակերպություն է սա, եթե լռում է, երբ մեր երկրներից մեկում արյուն է հեղվում։ Եթե այսուհետ ևս այսպես գնա, ապա այն հեռանկար չունի»,- իրեն հատուկ ոճով նա «քար նետեց» Մոսկվայի բոստանը։ Լուկաշենկոն նկատել է, որ եթե ղրղզականի նման իրադարձություն տեղի ունենար ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության անդամների շրջանում, ապա նրանք անմիջապես կհավաքվեին։ «Իսկ այստեղ պետական հեղաշրջում է, տապալել են օրինականորեն ընտրված նախագահին»։ (Մինչդեռ Բակիևը ՄԱԿ-ի խաղաղարար ուժերին կանչել է Ղրղզստան, քանի որ «իրավապահ մարմինները երկրի ներսում բարոյալքված են»)։ Լուկաշենկոն, սակայն, ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը «շատ պետքական և օգտակար կազմակերպություն կլինի, եթե զարգանա այն ուղղությամբ, ինչպես մենք կանխատեսել ենք»։ Բացի այդ, Բելառուսի ղեկավարը հայտարարել է, որ «մենք շատ քիչ ենք զբաղվում այդ կազմակերպության զարգացմամբ», և հստակորեն նշել, որ ՀԱՊԿ-ի մեջ մտնող պետությունները տարբեր տեսակետ ունեն նրա զարգացման առնչությամբ։
Իրոք, այդ խոսքերում որոշակի ճշմարտություն կա։ ՀԱՊԿ-ի անդամ Ղրղզստանը գտնվում է իշխանության լեգիտիմության բացակայության վիճակում, և ամենևին էլ պարզ չէ, թե նախագահների այդ նույն գագաթաժողովում ով է այդ երկիրը ներկայացնելու։ Հասկանալի է, որ «գործազուրկ», անհասկանալի կարգավիճակ ունեցող Բակիևը չի հրավիրվելու, մինչդեռ Մինսկը` կազմակերպության մյուս անդամը, նրան ճանաչում է որպես գործող նախագահ։ ՀԱՊԿ-ի պետությունների համար երկրորդ օբյեկտիվ մարտահրավերն այն է, որ կազմակերպությունը, փաստորեն, չունի ղրղզականի նման սպառնալիքները կանխելու մեխանիզմներ։ Շատերի կողմից ՆԱՏՕ-ի հակակշիռ համարվող կազմակերպության անդամներին չի թույլատրվում անդամակցել ռազմական այլ դաշինքների, և գոնե թղթի վրա նրանք պարտավոր են համատեղ պաշտպանել պայմանագրի գծով իրենց դաշնակիցներին` արտաքին հարձակումների դեպքում։ Ավելի պակաս հստակություն կար ներքաղաքական հուզումների դեպքում կազմակերպության հնարավոր դերի առնչությամբ. կարո՞ղ է, արդյոք, կազմակերպությունն օգտագործվել (ինչպես դա եղել է Վարշավայի պայմանագրի ժամանակ) երկրի ներսում հեղափոխական փոփոխությունների դեմ, առկա ստատուս քվոն պահպանելու համար։ Ընդ որում, հենց սկզբից պարզ էր, որ ստեղծելով ՀԱՊԿ-ը, իսկ հետո նաև Արագ արձագանքման հավաքական ուժերը (ԱԱՀՈՒ), Ռուսաստանը ձգտում էր միջազգային կարգավիճակ հաղորդել ԱՊՀ տարածքներում իր հնարավոր ռազմաքաղաքական գործողություններին, ինչը նրան նախկինում չէր հաջողվում։ Իսկ հիմա պարզվում է, որ Մոսկվան ՀԱՊԿ-ի համար մասնակից երկրներում «կարգի պահապանի» դեր չի ենթադրում։ Ի դեպ, պատասխանելով Լուկաշենկոյին, կազմակերպության քարտուղարության ղեկավար Նիկոլայ Բորդյուժան ընդգծել է, որ ոչ մի նախադրյալ չի տեսնում ղրղզական պրոբլեմի ուժային լուծման համար։ Եվ առհասարակ, նրա կարծիքով ՀԱՊԿ-ը, իրոք, գործուն կարող է լինել միայն գործառույթների հստակ բաժանման դեպքում. անդամ երկրների արտաքին անվտանգության համար պատասխանատու է կազմակերպությունը, իսկ ներքինի համար` քաղաքական վարչակազմերը։ Միևնույն ժամանակ, մենք բոլորս լավ հիշում ենք ծավալված բանավեճը ՀԱՊԿ-ի մասնակցության առթիվ այն դեպքում, եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական կոնֆլիկտը վերստին բորբոքվի, և կազմակերպության անդամների հայտարարությունները դրան չմիջամտելու մասին։ Այստեղ էլ մեր մեջ, կարծում եմ, պետք է միանգամայն տրամաբանական հարց առաջանա, բացի ներկայացուցչական և քաղաքական շարժառիթներից, է՞լ որն է, այդ դեպքում, Երևանի դերը։ Ինչպես ասում է մոսկվացի հայտնի ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենհաուերը, «Մոսկվայում գրեթե անխուսափելի է թվում այն հնարավորությունը, որ ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ը պարտություն կկրեն Աֆղանստանում, և կհաղթի «Թալիբանը», այդ դեպքում Ռուսաստանը ՀԱՊԿ-ի հիմքի վրա կոալիցիա կձևավորի Կենտրոնական Ասիային և իրեն իսլամական սպառնալիքից պաշտպանելու համար»։ Ի դեպ, այս հարցում լիովին համակարծիք են ռուսաստանցի այլ փորձագետներ։ Եվ այստեղ, ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են։
Սակայն Ղրղզստանի դժբախտությունների պատճառով «օրինավոր ընտանիքում կռիվը» չի ավարտվել։ Կրակին յուղ են ավելացրել Սևծովյան նավատորմի վերաբերյալ «խարկովյան պայմանավորվածությունները», և, Պուտինի խոսքերով ասած, «բազայի դիմաց չափազանց բարձր գինը»։ Ինչպես հաղորդում են արտասահմանյան աղբյուրները, Ռուսաստանն ԱՊՀ-ում վարձակալում է տասնյակ արտասահմանյան օբյեկտներ` ռազմական բազաներ։ Սևաստոպոլի սևծովյան նավատորմի բազայի վարձակալությունն առաջ Ռուսաստանի վրա նստում էր տարեկան 89 մլն դոլար, հիմա` մոտ 3-4 մլրդ։ Մինչև հիմա ռազմական օբյեկտի համար ամենամեծ միանվագ վճարումը Ռուսաստանը կատարել է 2006-ին` գնելով Տաջիկստանի «Նուրեկի» օպտիկաէլեկտրոնային հանգույցը։ Այն փոխանցվել էր հանրապետության պարտքի դիմաց, որը 242,4 մլն դոլար էր, ավելացրած տարեկան վարձակալության արժեքը` 8,5 մլրդ ռուբլի։ Ղազախստանում Ռուսաստանը վարձակալում է յոթ խոշոր ռազմական օբյեկտ։ Ամենամեծը Բայկոնուրի տիեզերադաշտն է։ Ապրիլի սկզբին Ղազախստանի խորհրդարանը Ռուսաստանի ճնշմամբ վավերացրեց մի միջպետական պայմանագիր, որով Ղազախստանը Բայկոնուրի վարձակալության համար տարեկան 115-ական միլիոն դոլար է ստանալու մինչև 2050 թվականը։ Ղազախստանում Ռուսաստանի վարձակալած երկրորդ մեծ օբյեկտը Սառի-Շաղանի վարժակայանն է, որտեղ փորձարկվում են հակահրթիռային և հակաօդային պաշտպանության համալիրներ ու բալիստիկ հրթիռներ։ Որպես ռազմական օբյեկտների օգտագործման վարձավճար, Ղազախստանը Ռուսաստանից ստանում է զենք, ռազմական ենթակառուցվածքների արդիականացում և զինվորական մասնագետների ուսուցում։ Մոտավորապես նույն սխեման է օգտագործվում Ղրղզստանի հետ հարաբերություններում, որտեղ Ռուսաստանը վարձակալում է չորս ռազմական օբյեկտ, այդ թվում` Քանտի ավիաբազան, որի վարձակալության ժամկետը 2009-ին երկարացվեց 49 տարով։ ԱՊՀ հակաօդային պաշտպանության միացյալ համակարգ ստեղծելու վերաբերյալ 1995-ին կնքված պայմանագրով Ռուսաստանը ոչինչ չի վճարում Հայաստանի ու Բելառուսի տարածքներում տեղակայված ՀՕՊ օբյեկտների դիմաց։ Այսպես, Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազան` անձնակազմի 5 հազար անդամներով, վարձավճարի փոխարեն պաշտպանում է Հայաստանի օդային տարածքը։ Իսկ Հայաստանը, իր հերթին, ստանձնել է զորամասի բոլոր կոմունալ ծախսերը։ Նույն սկզբունքներով բելառուսական Գանցևիչում տեղակայված է ռուսական մի զորամաս, որը սպասարկում է «Վոլգա» ռադիոլոկացիոն կայանը։ Լատվիայում Ռուսաստանի երկու ՌԼԿ-ների կորստից հետո Բելառուսն իր վրա է վերցրել հրթիռային հարձակման մասին վաղ իրազեկման գործառույթը։
Այդուամենայնիվ, Մեդվեդևը Խարկովում, հավանաբար ձեռք բերած հաջողությունից գլուխը կորցրած, Մինսկի հասցեին շատ վիրավորական տոնով նկատել է. «Ահա թե ինչպես պետք է համագործակցել, և ոչ թե մշտական բնակության ընդունել աշխատանքը կորցրած մարդկանց»։ Բոլորին հասկանալի է տապալված Բակիևին հասցեագրված այդ ակնարկը, որին Լուկաշենկոն ապաստան է տվել ցուցադրաբար և գրգռիչ տոնով։ Իր հերթին Լուկաշենկոն, առանց դույզն-ինչ քաշվելու, Մոսկվային հիշեցրել է իր երկրի տարածքում ռուսական ռազմաբազաների առկայության մասին, որոնց համար նույնպես պետք է վճարել։ «Եթե Ռուսաստանի նախագահը մոռացել է Բարանովիչի և Վիլեյկուի մասին, ուրեմն պետք է հիշել։ Եթե նա ուզում է իմանալ, թե ինչքան են իրենք վճարում դրանց դիմաց, ի տարբերություն Սևաստոպոլի, զրո։ Զրո ռուբլի, զրո կոպեկ, զրո դոլար»,- հայտարարել է Լուկաշենկոն։ Հասկանալի է, որ, վիրավորվածությունից բացի, նա առաջնորդվել է նաև իրատեսությամբ։ Երկար ժամանակ Կրեմլն իր գործընկերներին կոչ է արել «աշխարհաքաղաքական ընտրությունն առուծախի առարկա չդարձնել»։ Սակայն ՈՒկրաինայի դեպքում Ռուսաստանն արմատապես փոխեց իր դիրքորոշումը։ Այս փոփոխությունը, բնականաբար, որպես երկակի ստանդարտների օրինակ, վրդովմունք է պատճառել Լուկաշենկոյին, առավել ևս, որ ռուսական էներգակիրների հարցը Մինսկի համար նույնքան ցավագին է, որքան Կիևի։ Ընդ որում, նկատենք, որ ռուս գեներալների` «ՆԱՏՕ-ն Սմոլենսկի մոտակայքում է» ձևակերպումը թեև երևակայական, բայց խիստ ցավագին ահաբեկում է։ Փորձագետները Մինսկում ընդգծում են, որ ռազմական համագործակցությունը Ռուսաստանի վրա Բելառուսի ազդեցության շատ թե քիչ իրական լծակներից է, և Լուկաշենկոն, բնականաբար, չի կարող չօգտագործել դա։ Նկատենք, որ առաջին անգամ նրա նույնպիսի «ռազմական հարձակումները» եղել են անցյալ տարվա «կաթի պատերազմի» ժամանակ։ Այն ժամանակ Լուկաշենկոն բոյկոտեց ՀԱՊԿ-ի գագաթաժողովը և կանխակայեց ԱԱՀՈՒ-ին Բելառուսի մասնակցության հարցը։ Հիմա այդ թեման նորից է հնչել։ Ի միջի այլոց, և՛ բազաները, և՛ ՀԱՊԿ-ը կարևոր և անփոխարինելի «ազդեցության մեկնահրապարակ» են, իսկ դրանց նպատակահարմարության հարցերը շատ զգայուն են ռուսական կառավարող վերնախավի համար։ Ավելին, Բելառուսի առաջնորդի անհաշտությունն արդեն Մոսկվային շատ է զայրացնում։ Ի՞նչ է հետևելու սրան։
Այս ամենը, սակայն, ավելի շուտ Մինսկի «մարտական խայթոցներն են», ավելի շուտ առևտուրը շարունակելու փորձեր։ Պատահական չէ, որ «զանգվածային գրոհներից» հետո Բելառուսի ղեկավարը «գթաց»` «ամսի ութը կարող եմ զոհաբերել հանուն ՀԱՊԿ-ի»։ Թեև բացառված չէ, որ Լուկաշենկոն իր ներկա հայտարարություններով փորձում է ամուր հիմք դնել Կրեմլից հետագա սահմանազատման քայլերի համար։ Հնարավոր է, որ «մեծ ընդհարման» և «Բելառուսի դժգոհության» առթիվ (հատկապես Ղրղզստանում և ՈՒկրաինայում դեռևս չավարտված գործընթացների ֆոնին) ռուսների, այսօրվա դրությամբ, անպատրաստության կանխազգացումով է հենց պայմանավորված, որ Բելառուսի իշխանությունները նախատեսում են նախագահական ընտրություններն անցկացնել ավելի շուտ։ Այս ամենն իր տրամաբանությունն ունի, իսկ Լուկաշենկոյի հուզական ելույթների հետևում (մենք սովոր ենք) թաքնված է, առաջին հերթին, բավականին սթափ և անկախ քաղաքական գործչի սառը հաշվարկը։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1313

Մեկնաբանություններ