ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ՀԵՏ»

«ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ՀԵՏ»
16.04.2010 | 00:00

ԳԱԳԻԿ ՏԵՐ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ («Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն)
«ԵՐԵՎԱՆ-ԱՆԿԱՐԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ-ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ ԵՆ»
-Պարոն Տեր-Հարությունյան, ըստ Ձեզ, ի՞նչ տեղի ունեցավ Վաշինգտոնում:
-Բոլոր դեպքերում, Վուդրո Վիլսոնի գերեզմանին այցելած ՀՀ նախագահի ելույթն արձանագրում էր, որ ՀՀ նախագահը խիստ վճռական տրամադրությամբ էր ժամանել Միացյալ Նահանգներ, և միակողմանի զիջումների մասին խոսք լինել չի կարող: Սա` որպես առաջին հետևություն:
Երկրորդ հետևությունն այն էր, որ այցն ընթանում էր այնպիսի մթնոլորտում, որի դիվանագիտական նախաձեռությունն առավել ամբողջական պատկանում էր հայկական կողմին: Եվ մեր որոշ վերլուծաբանների կարծիքները, թե թուրքական կայսերական դիվանագիտական փորձը հերթական անգամ կդիմի երկդիմի խորամանկության և կհաղթի հայկական դիվանագիտությանը, ի դերև ելան: Հայկական կողմը, ի դեմս երկրի նախագահի, արտգործնախարարի, իրականացրեց բավականին հետաքրքիր դիվանագիտական գործընթաց: Բանն այն է, որ Թուրքիան վերջին շրջանում ոչ ադեկվատ քայլեր էր կատարում. իր դեսպաններին ԱՄՆ-ից և Շվեդիայից հետ կանչելով, անլուրջ տպավորություն էր թողնում ողջ միջազգային հանրության վրա, էլ չենք խոսում Էրդողանի այն հայտարարության մասին, որով վերջինս «ցանկանում» էր հարյուր հազար հայերի արտաքսել Թուրքիայից (թուրքական ցայտնոտային այդ դիվանագիտությունը հնաոճ ու անցած էտապ է):
Հայկական կողմի զուսպ հայտարարությունները ցույց տվեցին մեր քաղաքական մտքի առավելությունը: Այո, մենք երբեք ծայրահեղ դրսևորումներ չունեցանք:
Եվ վերջապես, հայ-թուրքական արձանագրություններն առիթ դարձան, որ «հայկական հարցը» ևս մեկ անգամ բարձրացվի տարբեր պառլամենտներում, իսկ մի շարք դեպքերում այդ քննարկումները վերածվեցին ցեղասպանության ճանաչման բանաձևերի:
-Եվ այնուհանդերձ, պարոն Տեր-Հարությունյան, այցից և հանդիպումներից առաջ խոսք կար նաև «ճանապարհային քարտեզի», սահմանի մասնակի բացման ապագա ժամանակացույցի մասին: Ո՞ր կետերում կանգ առան «բանագնացները»:
-Շատ անշնորհակալ գործ է այս պահին որևէ կանխատեսում անելը: Մեկ բան, այնուհանդերձ, ակնհայտ է` Երևան-Անկարա հարաբերությունները շարունակվելու են:
-Կարող է և չշարունակվեի՞ն. կա՞ր նման մտավախություն, այդ ասելով Դուք նկատի ունեք արձանագրություններից մեր ստորագրության հետկանչո՞ւմը:
-Գիտե՞ք, եթե անգամ գործեր (կամ գործի) ծայրահեղ սցենարը, և արձանագրություններն ի դերև լինեն այս էտապում, ապա ես կարծում եմ, որ Երևան-Անկարա քաղաքական-դիվանագիտական գործընթացները, միևնույն է, շարունակվելու են` այս կամ այն խմբագրմամբ: Դժվար է ասել` ինչ խմբագրմամբ, սակայն մեկ բան ևս ակնհայտ է` որոշակի քաղաքական կամք գոյություն ունի միջազգային հանրության շրջանում, և ամեն ինչ խոսում է այն բանի օգտին, որ գործընթացն այս կամ այն կերպ շարունակվելու է:
-Ի դեպ, պարոն Տեր-Հարությունյան, ներքին պայմանավորվածություն, կարծես, կար, որ «ողջամիտ» ժամկետը վեց ամիս պետք է լիներ, ինչը, կարծես, լրացավ։ Ի՞նչ է լինելու սրանից հետո:
-Երկխոսությունը շարունակվելու է, իսկ թե առաջիկայում այն ինչ ձև կընդունի, կերևա մոտ օրերս:
-Ալիևը հրավիրվեց Վաշինգտոն։ Ըստ Ձեզ` ինչո՞ւ, թե՞ դա նույնպես հերթական ներքին օգտագործման «բլեֆ» էր, ինչպիսին էր Դավութօղլուի հարցազրույցը:
-Ծանոթ չեմ նման հրավերի, չգիտեմ:
-Այսպիսով և այս ամենից հետո` ի՞նչ կարտաբերի Օբաման հերթական անգամ ապրիլի 24-ին:
-Կարծում եմ` նվազագույնը «ցեղասպանություն» բառը:
-Հայերե՞ն:
-Այո՛:
-Եվ դա կլինի այն բառը, որին սպասում են աշխա՞րհը, միջազգային առաջադեմ հանրությո՞ւնը, հայ սփյո՞ւռքը և Հայաստա՞նը` ճանաչման համար, թե՞ դա կլինի ընդամենը բառ, ինչպիսին էր «Մեծ եղեռնը»:
-Հարցադրմանը մասամբ համաձայն չեմ, որովհետև միջազգային ճանաչում Ցեղասպանությունն արդեն ստացել է: Միացյալ Նահանգները նույնպես բազմիցս այդ մասին հայտարարել է: ԱՄՆ-ում, ճիշտ է, Ֆրանսիայի նման չկա օրենք, որով դրան կհետևեին սանկցիաները, և այդ առումով բառի արտաբերումը կկրի դեկլարատիվ բնույթ:
-Բայց վերջին տարիներին ԱՄՆ-ում նույնիսկ դա չեն անում:
-Գիտե՞ք, եթե անգամ արտասանվի «գենոցիդ» բառը, իրավական դաշտում շատ քիչ բան կփոխվի: Հարցը բարոյական հարթությունում է:
-Ինչն ամենևին էլ քիչ չէ, եթե չասենք` ամեն ինչ է: Եվ այնուհանդերձ, ի՞նչ տեղաշարժեր կլինեն հայ-թուրքական հարցում, ղարաբաղյան խնդրում. կլինե՞ն, թե՞ ոչ:
-Ասացի` հայ-թուրքականը որոշակի խմբագրումներով կշարունակվի, ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա ստատուս-քվոն կպահպանվի:
-Դեռ որքա՞ն:
-Ոչ ոք չի կարող ասել:
-Այս ամենում ե՞րբ որոշակիություն կլինի:
-Կարծում եմ` շատ ուշ: Հիմա անորոշությունների ժամանակն է, այսպես միշտ է լինելու, և մենք պետք է սովորենք անորոշ վիճակներում գործել ու ապրել խիստ որոշակի:

«ԱԼԻԵՎԸ «ՎԱԶԵԼՈՎ» ԿԱՄ, ԱՅՍՊԵՍ ԱՍԱԾ, «ԳԱՍՊԱՐԱԼՈՂ ՏԱԼՈՎ» ԿԳՆԱ ՎԱՇԻՆԳՏՈՆ»
ԱՐՏԱԿ ՇԱՔԱՐՅԱՆ (թուրքագետ)

-Պարոն Շաքարյան, ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքականի շուրջ տեղի ունեցած ամերիկյան վերջին շրջափուլը:
-Էրդողան-Սարգսյան, Էրդողան-Օբամա, Օբամա-Սարգսյան հանդիպումներն ամերիկյան վարչախմբի ցանկությունն էին, որ Օբաման ապրիլի 24-ին «ցեղասպանություն» բառը չարտասանելու պատրվակ ունենա, որովհետև հոկտեմբերի 13-ից` Բուրսայի ֆուտբոլային հանդիպումից հետո մոտ կես տարի հայ-թուրքական որևէ հանդիպում, բանակցություն տեղի չէր ունեցել` Թուրքիայի դժկամության պատճառով:
-Հիմա` կարտասանի՞ Օբաման այդ բառը, թե՞ ոչ:
-Չի արտասանի, հերթական անգամ կբավարարվի «Մեծ եղեռն» տերմինով:
-Ինչո՞ւ եք այդպես կարծում:
-Պետդեպի ներկայացուցիչ Քրոուլին այդ հանդիպումներից հետո հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունները ճգնաժամային փուլում են, իսկ այդ փուլում չի կարելի կտրուկ քայլեր ձեռնարկել: Ենթադրվում է, որ նա ապրիլի 24-ին «ցեղասպանություն» արտաբերելու քայլը նկատի ուներ:
-Եվ ոչ Կոնգրեսի լիագումար նի՞ստը:
-Նաև լիագումար նիստը:
-Վերջին հաշվով` ի՞նչ արդյունքներ գրանցեցին այդ հանդիպումները:
-Արդյունքներ չգրանցվեցին, որովհետև հանդիպումների նպատակը որևէ արդյունքի հասնելը չէր, այլ ինքնին բուն հանդիպումն էր: Սերժ Սարգսյանի և Էրդողանի հետ հանդիպումից հետո հնարած ելույթները չնայած պաշտոնական չէին, սակայն թույլ էին տալիս եզրակացնելու, որ կողմերն ավելի են ներփակվել իրենց դիրքորոշումների մեջ և որևէ ընդհանուր հայտարարի չեն եկել:
-Կգնա՞ Ալիևը Վաշինգտոն, և ինչո՞ւ:
-Ալիևը «վազելով» կամ, այսպես ասած, «գասպարալող տալով» կգնա Վաշինգտոն: Իսկ եթե ավելի լուրջ, ապա, այո՛, Իլհամ Ալիևը շատ էր նեղվել, որ իրեն չեն հրավիրել Վաշինգտոն: Թերևս տեղյակ եք` Ալիևը զանգել էր Օմանում գտնվող Գյուլին և բողոքել այդ առիթով: Իսկ Դավութօղլուն հատուկ լոբբինգ էր արել Վաշինգտոնում Ալիևի օգտին, որ վերջինիս Վաշինգտոն հրավիրեն մինչև ապրիլի 24-ը:
-Հասկացանք: Հասկացանք նաև, թե Օբաման ինչ շահեց այս ամենից, Թուրքիան` ինչ, իսկ Հայաստա՞նը:
-Հայաստանն այնքան էլ շատ բան չշահեց: Պարզապես, Էրդողանը միջազգային հանրությանն ասաց, որ գործընթացը ձգձգվում է Թուրքիայի մեղքով, քանի որ քաղաքական մթնոլորտը Թուրքիայի Մեջլիսում դեռ հասունացած չէ, և Էրդողանի խնդրանքով, կարծես, արձանագրությունների վավերացումը հետաձգվել է մի քանի ամսով:
-Նոր «ողջամիտ» ժամկե՞տ «նշանակվեց»:
-Ոչ, հին ողջամիտ ժամկետը հետաձգվեց: Այն է` մինչև թուրքական քաղաքական մթնոլորտի հասունացում: ՈՒ սա երևի պաշտոնական Երևանի միակ կարևոր ձեռքբերումն է. Երևանը կարող է ասել, որ գործընթացը Թուրքիայի մեղքով է ձգձգվում: Սակայն, ինչպես 2009-ի ժամանակագրությունն է ցույց տալիս, ապրիլի 23-ի «ճանապարհային քարտեզի» մեկշաբաթյա ոգևորությունից հետո 4 ամիս չկար որևէ գործընթաց: Երբ պետք է Սերժ Սարգսյանը գնար Բուրսա, կրկին թուրքերը ակտիվացան, սկսվեցին քննարկումներ, բանակցություններ, երբ Սերժ Սարգսյանը մեկնեց և վերադարձավ Բուրսայից, կրկին գործընթացը սառեց: Հիմա` մինչև ապրիլի 24-ը, բուռն հարաբերություններ, զարգացումներ կլինեն, հետո դրանց այժմեականությունն էլի կմոռացվի: ՈՒստի, թույլ տալ ապրիլի 24-ի հոգեբանական անջրպետը հաղթահարել նշանակում է անժամկետ հետաձգել արձանագրությունների վավերացումը:
-Հետ չենք կանչի մեր ստորագրությունը, փաստորեն:
-Եթե այս հանդիպումը չլիներ, կկարողանայինք շատ հեշտությամբ հետ կանչել, հանդիպումից հետո հետկանչը քաղաքական կապիտալի լուրջ վատնում կլինի:
-Իսկ ղարաբաղյան հա՞րցը, ի՞նչ վիճակում է այն հանդիպումից հետո:
-Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում հայտարարեց` «ոչ մի քայլ հետ», Էրդողանն էլ իր հերթին հայտարարեց` «առանց Ադրբեջանի` ոչ մի քայլ առաջ»: Հայ-թուրքական գործընթացի ձգձգումն իրականում կապված է ոչ թե Թուրքիայի ներքին պրոբլեմների, այլ արցախյան խնդրի առաջընթացի հետ: Այս դեպքում արդեն` 2008-2009 թթ. հայ թուրքական զարգացում-արձանագրությունները նախապատրաստական գործողություններ են` 2014-2015 թթ. ավելի ծավալուն, ավելի հիմնավոր հայ-թուրքական հարաբերությունների համար: Նույնը վերաբերում է նաև ղարաբաղյան խնդրին։
-Այսինքն` Սերժ Սարգսյանը հանգիստ գնում է երկրորդ «սրո՞կ»:
-Թերևս:
Զրույցները` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1541

Մեկնաբանություններ