ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՊԱՏՃԱՌՆԵՐ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ

ՊԱՏՃԱՌՆԵՐ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ
13.11.2009 | 00:00

Ներքաղաքական վերջին զարգացումների առանցքում, բնականաբար, 2010-ի բյուջեն է։ Փաստ է, որ 2009-ի 3 մլրդ-ի դիմաց, 2010-ի պետական բյուջեն կազմելու է միայն 2 մլրդ 600 մլն դոլար։ Կարելի է, անշուշտ, այս կապակցությամբ քննադատության սլաքներն ուղղել բացառապես գործող կառավարության ուղղությամբ, սակայն օբյեկտիվ լինելու դեպքում, պետք է ընդունել, որ այսպիսի սահմանափակ հնարավորությունների առկայությունը հետևանք չէ Տիգրան Սարգսյանի գլխավորած կաբինետի գործունեության։
Նախորդ տարիներին տարփողվող տնտեսական աճն իրականում փուչիկ դուրս եկավ։ Ակնհայտ է, որ անցած տարիների ընթացքում այդքան գովերգված տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները շինարարությունն ու լեռնային մետալուրգիան են։ Այսինքն` սա չի եղել կայուն զարգացող տնտեսական ռեսուրս։ Այդ «ապրանքի» պահանջարկն անմիջականորեն պայմանավորված էր հանքահումքային ռեսուրսների միջազգային շուկայում եղած արժեքով և Հայաստանում բնակարանների պահանջարկով։ 2008-ից սկսած պղնձի ու մոլիբդենի պահանջարկը համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով սկսեց նվազել, ինչն իր հերթին հանգեցրեց համաշխարհային շուկայում հումքի պահանջարկի նվազման։ Ինչ վերաբերում է «տնտեսական աճի» մյուս բաղադրիչին` կապիտալ շինարարությանը, ապա, բացառությամբ աղետի գոտու, ուր քսան տարի շարունակ անտուն մարդկանց գոնե մի մասը բնակարաններ է ստացել, մնացած առումներով այդ ոլորտում ներդրումները սկզբունքորեն արդարացված չեն եղել։ Լավագույն ապացույցը Հյուսիսային պողոտայի շենքերի դատարկությունն է։ Ցանկացած երևանյան երեկո կարելի է հետևել, թե քանի լույս է վառվում շքեղաշուք պողոտայի շենքերի պատուհաններում և, ըստ այդմ էլ որոշել այդտեղ բնակվող բնակիչների քանակը։ Անշուշտ, նույն պողոտայում կան նաև բնակարաններ, որոնք ձեռք են բերել արտերկրում բնակվող մեր հայրենակիցները որպես «սև օրվա զապաս»։ Բայց դա սկզբունքորեն եղանակ չի ստեղծում, որովհետև փաստ է` նախորդ վարչակազմի (այսինքն` Ռոբերտ Քոչարյանի թիմի) գործունեության տասը տարվա ընթացքում Հայաստանում չի ձևավորվել կայուն զարգացող որևէ արդյունաբերական ոլորտ և, ըստ այդմ, չեն ստեղծվել այն հիմքերը, որոնք կարող էին եկամուտներ ապահովել այսօրվա տնտեսական ճգնաժամի պայմաններում։
Եթե անդրադառնալու լինենք 2010-ի բյուջեին, ապա, իհարկե, մխիթարիչ քիչ բան կա։ Գալիք տարվա բյուջեն 2009-ից պակաս է 400 մլն դոլարով, և այն կազմելիս կառավարությունն ակնհայտորեն առաջնորդվել է յուրաքանչյուր ոլորտից հնարավորինս խնայողություն անելու սկզբունքով։ Անգամ նվազեցվելու են կամ առհասարակ չեն վճարվելու Հայրենական մեծ պատերազմի վետերանների համար նախատեսված լրավճարները, ինչպես նաև ԽՍՀՄ խնայբանկի ավանդատուների ավանդների փոխհատուցման գումարները։ Նախատեսվում է կրճատել նպաստների տրամադրումը և, ինչպես հայտարարեց աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարը, «մենք աշխատելու ենք նպաստների տրամադրումն ավելի հասցեավորված դարձնելու ուղղությամբ»։ Հայաստանում նպաստային համակարգի ներդրումից 15 տարի անց պարզվում է, որ դեռ չի հաջողվել լուծել «հասցեավորվածության» խնդիրը։ Այսինքն, նպաստները տրամադրել իսկապես այն ընտանիքներին կամ միայնակ անձանց, ովքեր ունեն դրա կարիքը։ Այն, որ այստեղ կոռուպցիայի զգալի շոշափուկներ կան, ու հարցի լուծումը հազիվ թե հաջողվի նաև ԲՀԿ-ն ներկայացնող գործող նախարարի օրոք, ակնհայտ է։ Բայց դա չի վերացնում պետության ունեցած առանց այդ էլ սահմանափակ ռեսուրսները նպատակային տնօրինելու պրոբլեմը, և այդ իմաստով հարցը մնում է բաց։
Բարվոք չէ վիճակը նաև գյուղատնտեսության ոլորտում։ Ցավոք, իշխանությունները չկարողացան այս տարվա ընթացքում ապահովել հատկապես խաղողի նորմալ մթերումը։ Չնայած ամենաբարձր (հանրապետության նախագահի) մակարդակով տրված խոստումներին, խաղողի մթերումը բոլորովին էլ չընթացավ այն սցենարով, ինչ նախատեսել էր իշխանությունը։
Բազմաթիվ վերամշակող ձեռնարկությունների սեփականատերեր խաղողի բերքի ընդունման «պրոցեսում» իջեցրին գները, անտեսեցին կամ նույնիսկ ակնհայտորեն ոտնահարեցին գյուղացու շահերը։ Արդյունքում խաղողագործությամբ զբաղված տնտեսությունների զգալի մասը հայտնվել է անմխիթար վիճակում, երբ ստացված եկամուտները նույնիսկ չեն բավարարելու տարվա ընթացքում բավականին բարձր տոկոսներով վերցրած վարկերի մարմանը։ Իսկ մարդիկ, դրանից բացի, ինչ-որ բանով պետք է ապրեն։ Իշխանական դաշտում գործող տնտեսագետների կանխատեսումները, թե 2009-ի 4-րդ եռամսյակում տնտեսական լճացումը կանգ կառնի և միգուցե կարձանագրվի որոշակի աճ, կարծես, չեն արդարանում։ Համենայն դեպս, 15 տոկոս տնտեսական անկմանը որևէ նկատելի աճ չի հաջորդել։ Այլ կերպ ասած, 2010-ի բյուջեն կառուցված է ամենաանհրաժեշտ ծախսերի հաշվառումով, բայց դրան զուգահեռ դեռ հարց է, թե արդյոք կառավարությունը կկարողանա՞ ապահովել գոնե այդ սուղ բյուջեի կատարումը։
Այս ամենը, անշուշտ, նոր հնարավորություններ է ստեղծում քաղաքական ընդդիմության ակտիվացման համար։ Սակայն Հայաստանը, ինչպես միշտ, իր ժամանակի քաղաքակրթական չափորոշիչներին ամբողջությամբ համապատասխանող երկիր չէ, և այս երկրում չեն աշխատում այն տրամաբանական ու բնութագրական գործընթացները, որ տնտեսական ճգնաժամի արդյունքում բնորոշ են եվրոպական և նույնիսկ ԱՊՀ որոշ պետությունների։ Առաջին հայացքից տնտեսական ճգնաժամի է՛լ առավել խորացումը նպաստավոր պայմաններ է ստեղծում ընդդիմադիր ուժերի ակտիվ գործողությունների համար, մանավանդ որ ընդդիմության դեֆիցիտ էլ չկա։ Բայց հայկական իրականությանը, ինչպես միշտ, բնութագրական են որոշիչ նշանակություն ունեցող սուբյեկտիվ հանգամանքները և, ըստ այդմ, ի սկզբանե կարելի է կանխատեսել, որ սոցիալական նոր լարվածության պայմաններում էլ ընդդիմության միավորում տեղի չի ունենա։
Ոչ միայն այն պատճառով, որ ընդդիմադիր դաշտում առկա երկու բևեռները` Հայ ազգային կոնգրեսը և 12-ի ձևաչափը, չունեն գործող կառավարության առաջարկած ծրագրին հակընդդեմ, այդ ծրագիրը հիմնավորապես մերժող ու ջախջախող սեփական ծրագիր։ Խնդիրն ընդդիմության երկու բևեռների և իշխանության նկատմամբ նրանց տրամադրվածության կամ ընդդիմադիր լինելու շարժառիթների մեջ է։ Ակնհայտ է, որ 12-ի ձևաչափը, որ ձևավորվեց հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման և այնուհետև ստորագրման գործընթացին զուգահեռ, իշխանությանը հակադրվում է հենց այդ արձանագրությունների բովանդակության հետ կապված և ոչ ավելին։ Այսինքն, համատեղ հայտարարություն ստորագրած 12 կուսակցությունները դժգոհ են կոնկրետ հայ-թուրքական հարաբերությունների հարթության մեջ իշխանության վարած քաղաքականությունից։ Ոչ մի այլ սկզբունքային հարցադրում այս ձևաչափի մասնակից կուսակցությունների կողմից (բացառությամբ ՆԺԿ-ի ու «Ժառանգության») մինչև այսօր չի հնչել։ Այսպիսով, կարելի է արձանագրել, որ 12-ի ձևաչափը և հատկապես նրա առանցքը կազմող դաշնակցությունն ավելի լայն պահանջներ չունի իշխանությունից, քան հայ-թուրքական «հաշտեցման» գործընթացի վերանայումը։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Թուրքիան, տարբեր շարժառիթներից ելնելով, ձգձգում է արձանագրությունների վավերացման գործընթացը, տեղյակ փորձագետների գնահատմամբ, չի բացառվում, որ դրանք Անկարան, առհասարակ, չվավերացնի, կարելի է կանխատեսել, որ ընդդիմադիր մեկ բևեռի ակտիվությունն առաջիկա քաղաքական գործընթացներում կլինի նվազագույն։ ՀՅԴ-ն առանց այդ էլ առանձնակի ցանկություն չուներ գործող նախագահի հրաժարականի պահանջներ հնչեցնելու և, ըստ այդմ, հայտնվելու Հայ ազգային կոնգրեսի հետ գործնականում նույն դաշտում։ Այժմ Թուրքիայի պահվածքի պատճառով դրա անհրաժեշտությունը, առհասարակ, վերանում է, և կարելի է կանխատեսել, որ 12-ի ձևաչափում ընդգրկված կուսակցությունները (բացառությամբ ՆԺԿ-ի ու «Ժառանգության», որոնց առաջնորդները նախագահ դառնալու հավակնություններ ունեն) գործող իշխանության նկատմամբ իրենց հետագա գործողություններում կբավարարվեն հիմնականում տեսական բնույթի քննադատությամբ և ակտիվ գործողությունների չեն դիմի։
Բոլորովին այլ է ՀԱԿ-ի պարագան։ Եթե իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել է վերջնականապես հեռանալ քաղաքականությունից, ապա 2010-ի բյուջեի հետ կապված զարգացումներում սպասելի է ՀԱԿ-ի ակտիվացում։ Սոցիալական լարվածության մեծացումը նպաստավոր է ցանկացած արմատական ընդդիմության համար, որն իր առջև դրել է իշխանափոխության խնդիր։ Ըստ այդմ, ՀԱԿ-ի կողմից ակտիվ գործողությունների ձեռնարկումը բացառված չէ։ Կա այլ խնդիր. հանրությանը ներկայացնել իշխանությունների, տվյալ դեպքում` գործող կառավարության, տնտեսական ծրագրին ու հայեցակարգին իսկապես այլընտրանք հանդիսացող ծրագիր ու հայեցակարգ։ Անցած ժամանակահատվածը, համենայն դեպս, ցույց տվեց, որ ՀԱԿ-ն այդպիսի ծրագիր չունի։ Կոնգրեսի հիմնական տնտեսական գաղափարախոսի դերում շարունակում է հանդես գալ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որի վարչապետության արդյունքներն ու հետևանքները ոչնչով ավելի լավը չեն այսօր գործող կառավարության աշխատանքի արդյունքներից ու հետևանքներից։ Հետևաբար, եթե ՀԱԿ-ը մտադիր է ակտիվ ընդդիմադիր գործունեությունը վերսկսել սոցիալ-տնտեսական կարգախոսների առաջնահերթությամբ, հարկադրված է լինելու ասպարեզ բերել նոր մարդկանց, նոր դեմքերի, ովքեր կառաջարկեն ինչ-որ բան, որը մինչև այսօր չի առաջարկվել։ Հակառակ դեպքում ակտիվացումը հազիվ թե հանգեցնի որևէ դրական արդյունքի։
Բայց դա բոլորովին չի նշանակում, թե 2010-ի ավելի քան համեստ բյուջեն իշխանության համար նոր պրոբլեմներ չի բերելու։ Ակնհայտ է, որ, մի կողմից, համաշխարհային տնտեսական ճգնաժամի օբյեկտիվ ազդեցության ներքո, մյուս կողմից` Հայաստանի տնտեսական դաշտի սուբյեկտիվ հանգամանքների ներգործության ճիրաններում հայտնված կառավարությունը հարկադրված է լինելու, այսպես թե այնպես, ապահովել այդ 2,6 միլիարդը։ Կան հույսեր, որ կհաջողվի դրսից վարկային միջոցներ ներգրավել։ Բայց այդ պայմանավորվածությունները, կարծես, վերջնական ձևակերպում չեն ստացել, այսինքն` այնուհանդերձ, կասկածելի են։ Համընդհանուր տնտեսական լճացման կամ անկման պայմաններում, երբ միջին ու մանր բիզնեսը մի կերպ ծայրը ծայրին են հասցնում, կառավարությանը չի մնալու այլ բան, քան հարկային դաշտ բերել օլիգարխիային։ Բոլոր նրանց, ովքեր անցած տարիներին ունեցել են օրենքից դուրս հարկային «արտոնություններ»։ Այսինքն, ինչ-որ բան մուծել են, ինչ-որ բան չեն մուծել, կամ չեն մուծել առհասարակ, բայց ծավալել են ակտիվ տնտեսական գործունեություն։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ բոլոր այդ մարդիկ` մենաշնորհների ու տարբեր տնտեսական արտոնությունների տերերը նախորդ 15 և ավելի տարիների ընթացքում միշտ էլ ինտեգրված են եղել իշխանության համակարգում և հենց այնպես չէ, որ վայելել են արտոնյալ դիրքեր։ Այսինքն, այդ մարդկանց ձեռք տալը նշանակում է իշխանության ներսում հակադրությունների սրում` համապատասխան դրսևորումներով ու հետևանքներով։ Բայց այլ ճանապարհ գործնականում չկա, բյուջեն այնքան սուղ է, որ պետությունը հարկադրված է լինելու գոնե նվազագույն ծախսերի ապահովման համար որոշ մարդկանց նկատմամբ «ձգել պնդօղակները»։ Հնարավո՞ր է, որ դա ունենա որոշակի հետևանքներ։ Իհարկե, հնարավոր է, բայց դա արդեն այլ, առանձին խոսակցության նյութ է։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 1498

Մեկնաբանություններ