ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՔԱՐԵՐԸ ՆԵՏԵԼՈՒ և ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ՀԱՄԱԴՐՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԸ

ՔԱՐԵՐԸ ՆԵՏԵԼՈՒ և ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ՀԱՄԱԴՐՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԸ
04.05.2010 | 00:00

Նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը կիսովին կասեցնելով, գործնականում զրո արդյունքով Հայաստանի քաղաքական դաշտն աստիճանաբար վերադառնում է... Հայաստան: Անվիճելի է, որ ներքին ու արտաքին քաղաքականությունն անհնար է խստորոշ սահմանազատել և՛ նպատակների, և՛ խնդիրների, և՛ միջոցների, և՛ նույնիսկ տարածքի տեսակետից, իսկ իրականացնողները ցավի չափ ծանոթ նույն դեմքերն են, այնպես որ` համարյա ոչ մի տարբերություն:
Բայց «վերադարձը» Հայաստան բոլորովին էլ վարդի ու հասմիկի թերթիկներով պատված ճանապարհ չի ենթադրում, նույնիսկ սպիտակ ձի չկա: Կան չլուծված ու երկու տարի բարեհաջող շրջանցված, ուրեմն և` խորացած խնդիրներ: Բոլոր բնագավառներում: Եվ ինչպես միշտ` Հայաստանում, հենց իշխանության ներսում: Ընդդիմության մասին արդեն նույնիսկ պատշաճ չէ խոսել, որովհետև Հայաստանում իշխանությունն ու ընդդիմությունը համարյա միշտ թշնամական հարաբերությունների մեջ են, իսկ պատերազմում` ոնց պատերազմում...
Եվ, այնուամենայնիվ, հայ-թուրքական հարաբերությունների կայացման այս չկայացած պատմությունը շատ կարևոր էր Հայաստանի քաղաքական դաշտի համար: 2009-ի ապրիլի 23-ին ի հայտ եկած նախաստորագրված, հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված ու 2010-ի ապրիլի 22-ին Երևանում միակողմանի կասեցված արձանագրությունները տևական ժամանակ կախարդական այն հայելին էին, որ արտացոլում էին ուժերի հարաբերակցությունն աշխարհում, գերտերությունների փոխհարաբերությունները, տարածաշրջանի հեռանկարները, և, հարկավ, Հայաստանի երեկը, այսօրն ու հնարավոր վաղը: Պարբերական մամուլի ու հեռուստաեթերի մշտական գործող անձինք էին, համարյա բոլորիս տան անդամները Թուրքիայի նախագահը, վարչապետը, արտգործնախարարը, ազգային հավաքականի ֆուտբոլիստները, ԱՄՆ ու ՌԴ նախագահները, Եվրամիության տարատեսակ պաշտոնյաները և Նիկոլա Սարկոզին, որ ամեն առիթով-չառիթով հարկադրված էր լինում իր խոսքն ասել իրադարձությունների զարգացման մասին:
Այսինքն` Երկիրը, որ պտտվում էր իր առանցքի շուրջը մի քիչ արագ-մի քիչ դանդաղ, հիմնականում համարյա միշտ նույն արագությամբ, շատ հստակ ու շատ բացորոշ ամբողջ մի տարի հիշում էր, որ իր կարևոր կետերից մեկը Հայաստանն է: Եթե ամփոփենք մեր արտաքին քաղաքական ձեռքբերումները, պիտի արձանագրենք, որ անցկացրինք մեկամյա աննախադեպ PR ակցիա, իսկ ցանկացած PR, ինչպես հայտնի է, ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր ու հետևանքներ:
Գուցե և ճիշտ է, որ ճշմարտությունը հարաբերական է կամ ճանաչվում է համեմատության մեջ: Եթե հարաբերական է, ապա նույն ճշմարտությունը հայ-թուրքական սահմանի` չբացված սահմանի, տարբեր կողմերում տարբեր ընթերցումներ ունեցավ: Այն, ինչ մենք անվանեցինք նախապայման, նրանք համարեցին նախադր-յալ, բայց, ի վերջո, պայմանական են բոլոր անվանումները, որովհետև խաչմերուկում հասկացանք, որ խաչմերուկ չկա` յուրաքանչյուրս մեր ուղին ենք նախընտրել: Եթե ճանաչվում է համեմատության մեջ, ապա ժամանակն իր ճշգրիտ հաշվեկշիռը կտա, իսկ հիմա ակնհայտ է, որ յուրաքանչյուրը ստացավ այն, ինչ որոնում էր: Որևէ մեկը հավատո՞ւմ է, որ քաղաքականությունը միշտ է բարձրաձայնում իր բուն նպատակները ու միշտ է արձանագրում իր բուն արդյունքները: Քաղաքականությունը հնարավորի արվեստն է` հավաստում էին մեր նախնիները, իսկ մենք մեր ժամանակի փորձով համոզվում ենք, որ քաղաքականությունն անհնարը հնարավոր դարձնելու մասնագիտական պատվախնդրությունն է:
Այս ամենի և շատ այլ իրողությունների հանրագումարում մենք ունենք անհասկանալի մի դրություն, որ հարթությունների բաժանելիս տալիս է այս պատկերը.
1. Առանցքային նախարարները պնդում են, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը Հայաստանում հաղթահարված է, վիճակագիրները տարեսկզբից տնտեսական աճ են արձանագրում, միջազգային ֆինանսական կառույցները վարկեր են տալիս, որ ԱՊՀ-ում ամենախոր տնտեսական անկում ունեցող երկիրը դեֆոլտի չհասնի: Իշխանությունը, ինչպես վայել է, հանգիստ լավատես է ներկայանում, մինչդեռ ո՛չ կենսաթոշակների խոստացված բարձրացումները, ո՛չ աշխատավարձերը ոչ մի կերպ չեն հասնում գնաճի հետևից: Առաջին, երկրորդ, երրորդ և վերջին անհրաժեշտության իրերն ու ծառայություններն անշեղ աճ են արձանագրում, գուցե դա էլ հին կովկասյան ավանդույթ է Հայաստանում, բայց ոչ մի կերպ չի տեղավորվում պաշտոնական լավատեսության շրջանակներում, որովհետև վիճակագրությունն ու կենսամակարդակը չեն համապատասխանում միմյանց: Գործազրկության ու թաքնված աշխատանքի մասին թերևս չարժե նույնիսկ հիշատակել` իրական պատկեր Հայաստանում երբեք չի եղել:
Արտագաղթը չի դանդաղել նույնիսկ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ, որպես կանոն, այլ երկրներում աշխատանքն առաջին հերթին կորցնում են այլազգիները: Հայաստան ուղարկվող տրանսֆերտները ևս նախկին ծավալներին չեն հասել: Այսինքն` նորից ու նորից մենք թղթի վրա ունենք մի պատկեր, կյանքում` այլ վիճակ, և միայն «Հայլուրից» ենք տեղեկանում մեր հաջողությունների ու երջանիկ կյանքի մասին, «Արմենիան» էլ պարբերաբար հիշեցնում է, որ լրիվ երջանկությանը շատ են խանգարում թափառող շները, ինչին չի համաձայնում ու չի հակառակվում Հ2-ը, որովհետև դեռ չգիտի` որն է իրեն ձեռնտու:
2. Բարոյահոգեբանական մթնոլորտը համարյա անփոփոխ է: Իհարկե, կա քարերը հավաքելու ժամանակ, և կա քարերը նետելու ժամանակ: Սովորաբար Հայաստանում դա նույն ժամանակն է. ոմանք նետում են, ոմանք` հավաքում: Մարտի 1-ից մայիսի 1` իրավիճակն այլևս պայթյունավտանգ չէ, որոշակի լիցքաթափում, բնականաբար, եղել է, և դա ակնհայտ է բոլորին: Սակայն ակնհայտ է նաև, որ լուծված չեն այն խնդիրները, որոնք պատճառ դարձան մարտի 1-ի և առաջացան մարտի 1-ին, իսկ դա, նախ և առաջ նշանակում է, որ տարվա 365 օրերից յուրաքանչյուրը կարող է դառնալ մարտի 1` ցանկացած պահի, երբ ստեղծվեն նախադրյալներ: Իշխանությունն ու իշխանական լրատվամիջոցները հասարակության հետ շփման մեջ շարունակում են իրենց` ընթացքի տեսակետից ընդունելի, արդյունքի տեսակետից անհասկանալի քաղաքականությունը` խոսքով համերաշխության, գործով խարդավանքների: Այդպես էլ օդում կախված են մնացել մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման սպառնալիք-խոստումները, 10 զոհերի մահվան հանգամանքներն այն առեղծվածն են, որ հասու չեն հայոց արդարադատությանը: Ընդդիմությունը հավաստում է, իշխանությունը մերժում է նրանց գոյությունը, իսկ նրանք շարունակում են ազատազրկված մնալ, և ի՞նչ կարևոր է` քաղբանտարկյա՞լ են, թե՞ ոչ, պետությունը պետք է պատվախնդրություն ունենա իր համակարգերի գործունեության համար: Հասկացություն, որի պատկերացումը Հայաստանում չկա ու այս ընթացքով չի լինի գուցե դեռ երկար: Ի՞նչ պատվախնդրության մասին կարող է խոսք լինել, երբ իրավապահների մասնագիտական գործունեությունը հասցնում է անհասկանալի հանգամանքներում մահվան, որն իրավապահները անվանում են ինքնասպանություն, իսկ գլխավոր ոստիկանապետը հերքում է խոշտանգման փաստը, հետո խոստովանում, որ ոստիկաններն իրեն խաբել են, ու ինքն էլ, սուրբ անմեղություն, խաբվել է: Այսինքն` ոստիկանները և՛ սպանում են, և՛ ստում են, ինչու ոչ` նախադեպեր կան, որ նաև անպատիժ են մնում... Եվ ոչ մի պաշտոնյայի հրաժարական չի հետևում ոչ մի իրադարձության:
3. Ներիշխանական հարթության մեջ պատկերն առավել քան պարզորոշ է` քաղաքականությունից երբեք էլ չհեռացած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մի քանի քայլերն ակնհայտ դարձրին քաղաքական ու մերձքաղաքական, միջքաղաքական ու վերքաղաքական ուժերի և անձանց իրական դիրքորոշումն ու կշիռը: Երկրորդ ու երրորդ նախագահները մշտապես հավաստում են իրենց անխախտ մարդկային ու քաղաքական համերաշխությունը, ինչը միանգամայն հասկանալի է ու միանգամայն անհնար, որովհետև շահերը որքան մերձեցնում, նույնքան հեռացնում են: Իսկ շահերի տարաբաժանման նրանց բերում է ոչ սեփական ցանկությունը, այլ իրականությունը, իրենց ընտրած թիմերն ու «հավատարիմների» շքախումբը վերջապես պարզելու օբյեկտիվ անհրաժեշտությունը: Այս համապատկերում պարզորոշ է դառնում, որ Հայաստանի խորհրդարանը գործնականում ավարտել է առաքելությունը, թեպետ դեռ բավական ժամանակ կա մինչև հինգերորդ գումարման ավարտը: Խորհրդարանն «ընտրել է» Ռոբերտ Քոչարյանը, ժառանգել է Սերժ Սարգսյանը, իսկ դա նշանակում է, որ, ի վերջո, յուրաքանչյուր պատգամավորի առաջ ամբողջ հմայքով ծառանում է հարցը` ո՞ւմ հետ ես դու, որ թարգմանվում է` ի՞նչ ապագա ես ընտրում, ո՞ւմ հետ ես կապում հույսերդ: Բայց ավելի շատ` ո՞վ ես դու այսօր: Ավելի պարզ` ո՞ւմ հետ ես, տերդ ո՞վ է: Թերևս այդ է պատճառը, որ այս իրավիճակում պետության ու ժողովրդի կյանքում հայոց ազգընտիրները կարևորում են ստրիպտիզի մասին օրինագիծը: Ավելին նրանց արտոնված չէ, ավելիի հավակնությունները կպատժվեն: Ամենից լավ դա գիտի գործող խորհրդարանի գործող նախագահը, որը գործադիրից օրենսդիր իշխանություն ոչ մի տարբերություն չի ուզում տեսնել: Իսկ եթե ուզում է` միայն համադրված, այսինքն` խորհրդարանի նախագահ լինել, բայց նաև վարչապետական լիազորություններ ունենալ. փոխվարչապետության հիշողությունները հանգիստ չեն տալիս, իսկ հավակնությունները միայն նախագահական են: Ի տարբերություն խորհրդարանի նախորդ գումարումների նախագահների` Հովիկ Աբրահամյանը շատ արագ հանգեց իր կարիերայի ամենասայթաքուն կետին, երբ բոլորի մարդը լինելու ճիգը հանգեցնում է ոչ մեկի մարդը չմնալու իրողության: Պաշտոնի արտաքին շուքն ու հմայքը նա դեռ կարող է պահպանել, բայց օրեցօր նեղացող մի միջավայրում, որ անձուկ է ոչ միայն նրա նման համատիեզերական մասշտաբներով գործառնողի համար, այլև շարքային օլիգարխի, որի տիրույթներում, ինչ հանդգնություն, հայտնվում է հարկայինը: Ոմանք էլ գուժում են, որ խորհրդարանի նախագահի թեկնածություններ են քննարկվում տարբեր մակարդակներում, նաև ամենավերին: Նա, իհարկե, գերադասում է չհավատալ, և իզուր: Քաղաքական պասիանսը կարող է դասավորվել այնպես, որ եթե չլուծարվի խորհրդարանը, իշխանափոխությունը խորհրդարանում անխուսափելի կդառնա: Օբյեկտիվորեն: Քավության նոխազները քաղաքականության մեջ անհրաժեշտություն են` միշտ էլ գալիս է հատուցման պահը սեփական կամ ուրիշների սխալների դիմաց, եթե նրանք ուժեղ են քեզնից:
Ընդամենը երեք հարթություններով պատկերը չի ամբողջանում, բայց հազիվ թե հարկ կա հայտնիացնել հայտնին, անվանել անվանվածը:
Իշխանության տարբեր խմբավորումներ միմյանց հետ հարցեր են պարզում` ազդեցության ոլորտների մշտական վերաբաժանման գործընթացում, նրանց շահերը սպասարկելով ընդդիմադիր է դառնում իր գոյության ֆինանսական հարցերը հոգալու անհրաժեշտություն ունեցող մամուլը: Ապրուստի խնդիր ունեցող մտավորականները կուսակցականներ են դառնում, կուսակցություններն իշխանական են դառնում կամ, լավագույն դեպքում, կառավարելի ընդդիմադիր, բուն ընդդիմությունն էլ, ինչպես արդեն հայտնի է, եղել ու մնում է ոխերիմ թշնամի իշխանությանը` չլինելով այդպիսին իր գոյության ու առաքելության տրամաբանությամբ:
Այս ընթացքով Հայաստանի շարքային քաղաքացին կորցնում է հույսն ու համբերությունը, որ մի օր ամեն ինչ գլխից կդրվի ոտքերի վրա ու նորմալ ընթացք կստանա` կանխատեսելի ու օրինաչափ, որովհետև ընտրությունները չեն դառնում այդ ընթացքին հասնելու մեխանիզմ, իսկ ընտրությունից ընտրություն ընկած ժամանակամիջոցում իշխանություններն իսպառ մոռանում են Հայաստանի շարքային քաղաքացուն ու բոլոր քաղաքացիներին միասին վերցրած, որովհետև նրանց գոյությունը խանգարում է իրենց ծրագրերի ու նպատակների իրականացմանը ծնվելու-մեռնելու-ուտելու-խմելու-աշխատելու-սովորելու-հանգստանալու-ապրելու-ամուսնանալու-զավակներ ունենալու և այդ ամենի համար միջոցներ հայթայթելու հիմար սովորության պատճառով: Բայց այս պարագայում Հայաստանը մենակ չէ` չկայացած պետականության պայմաններում իշխանությունն ու ժողովուրդը, որպես կանոն, չեն հասկանում ու խանգարում են միմյանց: Եվ ստացվում է, որ հակառակ աստվածաշնչյան վկայության, թե կա քարերը հավաքելու ու քարերը նետելու ժամանակ, մենք ապրում ենք հավաքված ու նետված քարերի համադրյալ ժամանակում, երբ գործում են ու չեն գործում Աստծո 10 պատվիրանները:
Հայկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1636

Մեկնաբանություններ