ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆԱՆ ՄԻ ՆՈՐ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՍԿԻԶԲ»

«ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆԱՆ ՄԻ ՆՈՐ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՍԿԻԶԲ»
08.12.2009 | 00:00

Տարածաշրջանային զարգացումների շուրջ իր դիտարկումներն է ներկայացնում քաղաքական և միջազգային հետազոտական հայկական կենտրոնի տնօրեն ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԸ:
-Պարոն Ենոքյան, տարածաշրջանում իրավիճակը ոչ թե ժամերի, այլ վայրկյանների ընթացքում է փոխվում։ Ի՞նչ է կատարվում ի վերջո:
-Եթե կարճ ձևակերպենք` տարածաշրջանում խիստ դինամիկ գործընթացների շղթան արձանագրում է եղած արգելքների քանդում, նորերի «կառուցում», ինչը, որպես միտում, դեռ երկար կշարունակվի` մինչ գործընթացների ավարտ:
-Ի՞նչ ասել է` «հնի քանդում, նորի կառուցում»:
-«Նոր» ասելով, առաջին հերթին, նկատի ունեմ Ռուսաստանի և Վրաստանի միջև արդեն իսկ առկա պատնեշի խորացումը: Ռուսաստանը, փաստորեն, շարունակում է տարածաշրջանում գործել նույն սկզբունքով. մեկի հետ` լավ, մյուսի հետ` վատ: Այս իրադրությունում պարզապես փոխվել է տարածաշրջանային գործընկերների և ֆակտորների հանդեպ նրա վերաբերմունքը:
-Մինչ կանցնենք «ֆակտորներին», նախ` որքանո՞վ են, ըստ Ձեզ, տարածաշրջանում պայմանավորված գործում գերտերությունները, և արդյո՞ք Ռուսաստանը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն այս դեպքում հավասարազոր խաղացողներ են:
-Չեմ կարծում, թե ԵՄ-ը տարածաշրջանում ունի հստակ արտահայտված շահեր, ինչպես Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը:
-Այդ դեպքում ԵՄ-ն առավել խաղում է ԱՄՆ-ի՞, թե՞ Ռուսաստանի հետ:
-ԵՄ դիրքորոշումը, այսպես ասած, առավել ընդհանրական է, ինչը կոնկրետ դեպքում նշանակում է` հակամարտությունների լուծում, տարածաշրջանի ժողովրդավարացում, տնտեսական քաղաքականության լիբերալացում։ Այս ընդհանրական խնդիրների լուծման տեսանկյունից ԵՄ-ը կարող է համագործակցել թե՛ մեկ, թե՛ մյուս կողմի հետ` կախված իրավիճակից, շահերի դասավորությունից:
-Կոնկրետ Հայաստանի դեպքում ԵՄ-ի խաղի վեկտորներն ինչպիսի՞ք են:
-Տվյալ պահին այն եզակի իրավիճակներից մեկն է, երբ թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Ռուսաստանի, և թե՛ ԵՄ-ի շահերը որոշակիորեն համընկել են, և դա է պատճառը, որ գործընթացներն այսքան ինտենսիվ բնույթ են ստացել:
-Կոնկրետ ո՞ր հարցերում:
-Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների, սահմանի բացման:
-Որո՞նք են համընկած շահերը:
-Միացյալ Նահանգներն ստանում է տարածաշրջանում ևս մեկ հակամարտություն լուծելու հնարավորություն, տարածաշրջանում կայուն վիճակ, ինչն այս պահին նրան անչափ ձեռնտու է։ Չմոռանանք` ԱՄՆ-ը երկու պատերազմ է վարում այս տարածաշրջանի անմիջական հարևանությամբ` Աֆղանստանում, Իրաքում, և ռեգիոնի կայունությունը նրա համար ամեն ինչ է:
-Այնքան կարևոր է, որ կգնա տարածաշրջանային ինչ-ինչ զիջումների՞` թույլ տալով, որ Ռուսաստանը գերակայի այստեղ:
-Քաղաքականությունը նրանով է քաղաքականություն, որ ենթադրում է նաև փոխզիջումներ: Եվ ամենևին պետք չէ, որ այդ զիջումներն ու փոխզիջումները հենց այս տարածաշրջանում լինեն։ Ռուսաստանի հետ ամերիկյան քննարկումների օրակարգն անչափ ընդարձակ է, ու հնարավոր է, որ այդ զիջումները լինեն եվրոպական, հեռավորարևելյան խնդիրների հետ կապված:
-Փաստորեն, այն կարծիքին եք, որ Ռուսաստանն ուզում է Ղարաբաղի հարցը լուծված տեսնել: Եթե այո` ի՞նչ ֆորմատով:
-Կարծում եմ` Ռուսաստանն ուզում է ղարաբաղյան հարցը լուծված տեսնել, բնականաբար, ռուսական ներկայության տարբերակով:
-Խաղաղապահ առաքելությո՞ւնը նկատի ունեք:
-Այո՛: Եվ չեմ բացառում, որ Ռուսաստանը մինչև վերջ պնդի ռուսական խաղաղապահների ներկայության ամրագրումը ղարաբաղյան հակամարտության գոտում: Մանավանդ որ այդ սցենարը շատ պարզ, այսպես ասած, կացնային կտրվածքով իրեն արդարացրել է Վրաստանի դեպքում, Ռուսաստանին, գոնե, այդպես է թվում:
-Դուք այս պահին այնպես եք խոսում, ասես «շրջանակային համաձայնագիրն» արդեն ստորագրվել է, հայ-թուրքական արձանագրությունները վավերացվել են, և մենք «մնացյալ» զարգացումներն ենք դիտարկում:
-Այդ հարցերն այլևս հետընթաց չունեն:
-Այդ դեպքում կատարեք ժամկետային փոքրիկ ֆիքսում:
-Կդժվարանամ: Համենայն դեպս, կարճաժամկետ լուծումներ չեմ տեսնում:
-Արձանագրությունների պահո՞վ էլ:
-Այո, և չեմ բացառում, որ արձանագրությունները դառնան մի նոր բանակցային գործընթացի սկիզբ։ Ինչպիսին ղարաբաղյանն է:
-Փաստորեն, այս պահին ընթանում է ինտենսիվ, դինամիկ անարդյունավետ գործընթաց` օր ու մեջ հանդիպում, ժամը մեկ այց... Որ ի՞նչ:
-Նման հարցերը երբեք էլ հեշտ հանգուցալուծում չեն ունենում. դա կոնֆլիկտ է, որն առաջին երեք-չորս տարում խորացել է, հետո տասը տարում սառեցվել, և հնարավոր չէ մեկ օրում կամ կարճ ժամկետում այն լուծել: Եվ եթե յուրաքանչյուր հանդիպումը տա գոնե մեկ հարցի պատասխան, ցույց տա մյուս կողմի իրական և սին դիրքորոշումները, դա արդեն իսկ կարևոր ու բավարար է:
-Իսկ ի՞նչ եք կարծում, Հայաստանը կկարողանա՞ այս խաղից դուրս գալ նվազագույն կորուստներով: Գոնե մինչ այս պահը, կարծես, մեծ կորուստներ դեռ չենք արձանագրել:
-Այս պահին դժվար է բալանսի բերելը, թե ինչ ենք ձեռք բերել և ինչ կորցրել. դա անում են քաղաքական ուժերը, ես կարծում եմ` առավելապես պրոպագանդիստական դիրքերից, և ավելի շատ հնարքներ են օգտագործում, քան իրական հաշվարկ կատարում: Եվ հետո, որքան էլ հայտարարվի, թե քաղաքական այդ պրոցեսներում Հայաստանը նախաձեռնող է, այդպես չէ։ Հայաստանը նախաձեռնողը չէ, Հայաստանը պարզապես հետևում է գործընթացներին, ինչը շատ մեծ վտանգ է պարունակում։ Դա նշանակում է, որ մենք ամբողջ խաղը չենք հասկանում, ողջ խաղը չգիտենք, այդ իսկ պատճառով էլ չի բացառվում, որ խաղի ինչ-որ փուլից սկսած Հայաստանն օգտագործվի մանրադրամի փոխարեն:
-Կարծում եք, որ շատ բան մեզանում կախված կլինի ռուսաստանյա՞ն զարգացումներից:
-Ոչ, չեմ կարծում:
-Մինչ այժմ այդպես է եղել:
-Մինչ այժմ` այո, սակայն այսօր Ռուսաստանը կտրուկ փոխել է իր դիրքորոշումը տարածաշրջանի նկատմամբ:
-Նկատի ունեք ներռուսաստանյան գործընթացնե՞րը:
-Ոչ այնքան: Թերևս կոպիտ հնչի, բայց ասենք, որ ներռուսական քաղաքականությունը, նաև Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն ավելի շատ կախված է ոչ թե ռուսական քաղաքական էլիտայի, նրա առանձին խմբերի շահերից ու դիրքորոշումներից, որքան նավթի գներից: Այնպես որ, ռուսական քաղաքականություն ասելով, այսօր ավելի շատ պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում նավթի համաշխարհային շուկայում և ոչ բուն Ռուսաստանում: Եվ եթե Ռուսաստանը բավականին ռեսուրս ունենա չփոխվելու, և նավթի գներն էլ նպաստեն դրան, ապա Ռուսաստանը երբեք չի փոխվի, որովհետև չի ցանկանում փոխվել:
-Դուք, թերևս, նկատի ունեք պուտինյան Ռուսաստանը, այո՞: Մյուս կողմից էլ, թերևս, նկատում եք այն փրկօղակները, որ անվերջ նետում է Օբամայի վարչակազմը մեդվեդևյան Ռուսաստանին:
-Բոլոր դեպքերում, անկախ դրսից ցույց տրվող փրկության ուղիներից, Ռուսաստանը չի ցանկանում գնալ փոփոխությունների, այդպիսի գործողություններ նա անում է ճարահատ:
-Հիմա այն մասին, որ մենք այդ «ճարահատի»` Ռուսաստանի ֆորպոստն ենք (՞): Սակայն վերջին զարգացումներից հետո Ռուսաստանը ֆորպոստի դերում փորձում է տեսնել Ադրբեջանը: Ի դեպ, վերջին շրջանում ռուսական մամուլը հաճախ է բարձրաձայնում, թե ո՞ւր է փախչելու Հայաստանը. ոչ մի տեղ, որ իրենց համար կարևորն Ադրբեջանն է ղարաբաղյան խաղում:
-Չեմ կարծում, թե Ռուսաստանն Ադրբեջանը կօգտագործի որպես ֆորպոստ, և Ադրբեջանն էլ կհամաձայնի այդ դերին: Բայց, իհարկե, կախված նրանից, թե ղարաբաղյան բուֆերային գոտում կխաղաղապահեն ռուսական զորքերը, թե ոչ, դրանից հետո արդեն տարածաշրջանային «փասիանսն» ամբողջովին կհստակեցվի:
-Ի՞նչ ժամկետներում կհստակեցվի:
-Կարծում եմ` երկու տարվա կտրվածքով հարցն ինչ-որ լուծում կստանա: Ընդ որում, հարցի «ինչպիսի» լուծումն առաջնայնությունը չունի, կարևորն այս կամ այն կերպ լուծման հասնելն է։
-Տարածաշրջանում առկա հարցերին պատասխան կտա նաև «Նաբուկո» ծրագրի մեկնարկը։ Ոմանք պնդում են` այն վիրտուալ պրոյեկտ է, ոմանք էլ համեմատում են Բաքու-Ջեյհանի հետ և ասում` մի քանի տարի հետո գազը կհոսի տարածաշրջանով դեպ Եվրոպա:
-«Նաբուկոն», իհարկե, ռեալ պրոյեկտ է: Հասկանալի է, Եվրոպան խիստ վախեցած է Ռուսաստանից, վերջինիս համարում է անկանխատեսելի գործընկեր (հիշենք` եվրոպական գազի 40 տոկոսը հենց Ռուսաստանն է մատակարարում), այնպես որ «Նաբուկոն» կկառուցվի:
-Եվ կանցնի Հայաստանո՞վ:
-Հայաստանով անցնելու տարբերակը բավականաչափ ռեալ է և նույնքան լուրջ գրավական է տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից:
-Ռուսաստանը թույլ կտա՞ նման բան:
-Իհարկե, շատ բան կախված է նրանից, թե ինչպես իրեն կպահի Ռուսաստանը` Եվրոպայի, Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում և արդյո՞ք կկարողանա իրեն դրսևորել որպես վստահելի գործընկեր` «չմտածելով» ռուսական գազի ալտերնատիվների մասին։
-Անկախ նրանից, թե ինչպես են դասավորվում Իրան-Ամերիկա-ՄԱԳԱՏԷ հարաբերությունները, անկախ նրանից` «վեցյակը» կորոշի Իրանի նկատմամբ սանկցիաներ կիրառել, թե ոչ, ինձ թույլ տամ կարծել, որ, բոլոր դեպքերում, «Նաբուկոյի» մեջ կլցվի հենց իրանական գազը, ինչն էլ ձեռնտու է Հայաստանին:
-Եթե նկատի ունեք` կլցվի ադրբեջանական գազի փոխարեն, ապա ադրբեջանական գազ չի եղել և չկա։ Դա ավելի շատ, այսպես ասած, գազի մասին հավաքական պատկեր է լինելու` ղազախական, թուրքմենական, ինչո՞ւ` ոչ, նաև իրանական:
-Այդ դեպքում ինչո՞ւ էր պարոն Մեդվևդևն անձամբ, անչափ ջերմորեն դիմավորում Ալիևին` ՈՒլյանովսկում:
-Դե, հիմա...
-Պարոն Ենոքյան, իսկ հնարավո՞ր է` խաղարկվում է «Ղարաբաղ` «Նաբուկոյի» դիմաց» պարտիան:
-Այդպես հարցը շատ կպարզունակացվի։ Ըստ ամենայնի` հարցերի շատ ավելի բարդ համախումբ է լինելու, որի մեջ կլինեն թե՛ «Նաբուկոն», թե՛ «Ղարաբաղը», թե՛ սահմանի բացումը, թե Իրանը... Շա՜տ հարցեր:
Զրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1387

Մեկնաբանություններ