ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՔՈՉԱՐՅԱՆԸ ԵԿԱՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ` ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ԳՆԱՑ ԱՐՅՈՒՆՈՎ»

«ՔՈՉԱՐՅԱՆԸ ԵԿԱՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ` ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ԳՆԱՑ ԱՐՅՈՒՆՈՎ»
16.04.2010 | 00:00

Վերջին օրերին Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ մեկ թեման Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան այցն է։ Արդյունքների մասին գնահատականներն իրարամերժ են ու հակասական։ Թուրքական կողմը, արձանագրությունները թողած, Ղարաբաղի հիմնախնդրի մասին է միայն բարձրաձայնում, իսկ հայկական կողմի տեղեկատվությունը չափազանց զուսպ է։ Վաշինգտոնյան այցի և այլ հարցերի շուրջ «Իրավունքը de facto»-ն զրուցում է ՀՀՇ վարչության անդամ, ՀԱԿ-ի ներկայացուցիչ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻԳԻԹՅԱՆԻ հետ։
-Ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի Վաշինգտոն կատարած այցը, պարոն Իգիթյան։
-Նախ և առաջ պիտի փաստել, որ հայ-թուրքական այս բանակցությունները միտված են սահմանի բացմանը, հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Արդյոք այս հարցում ֆուտբոլային, օդային, հիմա էլ ամերիկյան դիվանագիտությունից հետո ունեցե՞լ ենք առաջընթաց։ Այնպես է ստացվում, որ կողմերը թե՛ բանակցությունների ընթացքում, թե՛ դրան հաջորդած հայտարարություններում խոսում են ամեն ինչի մասին, բացի բուն հարցերից։ Գործընթացի մեկնարկից հետո Թուրքիան գրանցեց առաջընթաց թե՛ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, թե՛ տարածաշրջանում իր դերի բարձրացման առնչությամբ։ Ըստ լրահոսի, Հիլարի Քլինթոն-Դավութօղլու հանդիպման ժամանակ շոշափվել է ղարաբաղյան հիմնախնդիրը հայ-թուրքական «ճանապարհային քարտեզի» մեջ մտցնելու հարցը։ Սա շատ վտանգավոր է, քանի որ Արցախի հիմնախնդիրն ինքնին բարդ հարց է, խառնել այն մեկ այլ ծանր հարցի հետ պարզապես անթույլատրելի է։ Կարծում եմ` Սերժ Սարգսյանը ԼՂՀ-ի հարցում պետք է միայն մեկ նախադասություն արտասանի` հիմնախնդիրը կլուծվի այն ժամանակ ու այն ձևով, ինչ ձևով կորոշի Արցախի ժողովուրդը։ Վե՛րջ։ Համոզված եմ, որ վաշինգտոնյան այցի ժամանակ քննարկումների գերակշիռ հատվածը բաժին է ընկել հենց այս հիմնախնդրին։ Պատահական չէ, որ թեև կողմերը համատեղ պաշտոնական որևէ հայտարարություն չեն արել, բայց ընդամենը ժամեր հետո Սերժ Սարգսյանն ու Էրդողանը տարբեր տեղերում իրենց ելույթները նվիրել են ղարաբաղյան հիմնախնդրին։ Ամեն մեկը փորձ է արել ցույց տալ, թե մրցակցին խեղճացրել է իր փաստերով, ճշմարտությամբ։ Համատեղ պաշտոնական հայտարարություն անել չի ստացվում, ուստի կողմերից յուրաքանչյուրն իր կարծիքն է պնդում` արտաքին աշխարհին ցույց տալով իր համարձակությունը։
-Վուդրո Վիլսոնի գերեզմանին այցելելուց հետո Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Մեր դիրքորոշումը եղել և մնում է շատ հստակ. Թուրքիան չի կարող նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի և հայության հետ։ Մենք դա պարզապես թույլ չենք տա։ Մենք չենք պատրաստվում որևէ ձևաչափում քննության առարկա դարձնել Ցեղասպանության եղելության փաստը կամ ձևացնել, թե հավատում ենք, որ Թուրքիան կարող է որևէ դրական դերակատարություն ունենալ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում»։ Փաստորեն, մեկ անգամ ևս ամրագրում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների հետ ղարաբաղյան գործընթացը կապ չունի՞։
-Նույն ՀՀԿ-ն մեկ տարի առաջ հայտարարել էր, որ ֆուտբոլային դիվանագիտությունը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը պատկանում են հայկական կողմին։ Ասել է` հայկական կողմը դիմում է Թուրքիային` առաջարկելով բարելավել հարաբերությունները, սահմանները բացել և այլն։ Թվում է` սրանում ոչ մի վատ բան չկա։ Այնինչ, Թուրքիան բաց ենթատեքստով իր պայմաններն է առաջ քաշում, չնայած հայկական կողմը, մասնավորապես, իշխանության ներկայացուցիչներից շատերը պնդում են հակառակը։ Թուրքիան առաջին օրվանից առնվազն երեք հստակ նախապայման էր առաջ քաշել` ղարաբաղյան հիմնախնդիր, չխոսել ցեղասպանության մասին, այլ քննարկել պատմական հանձնաժողովում, և երրորդը` հայ-թուրքական ներկա սահմանի հաստատում։ Հայկական կողմը շարունակեց բանակցությունները, որ իբր ոչ մի նախապայման էլ չկա։ Հատկանշական է, որ հիմա հայկական կողմն է նախապայմանների լեզվով խոսում, այսինքն` մի՛ խոսեք ԼՂՀ-ի, պատմաբանների հանձնաժողովի մասին, այլ բացեք սահմանները։ Այս իրավիճակում բանակցություններն ուղղակի ձախողված են։ Եթե այս խնդիրը լուծեին երկու կողմերը` Հայաստանը և Թուրքիան, առանց գերտերությունների միջնորդության, վաղուց երկուսն էլ դուրս եկած կլինեին բանակցություններից։ Այս ամենը շարունակվում է միմիայն ճնշումների շնորհիվ, որ բանակցող կողմերին թույլ չտան հետ կանգնել արձանագրություններից։ Այս պարագայում և՛ Հայաստանը, և՛ Թուրքիան փորձում են շահել առավելագույնը։ Ցավով պիտի նկատել, որ Թուրքիան ավելի շահեկան վիճակում է ու գործընթացից առավել շատ դիվիդենդներ է կորզում։
-Ստեղծված իրավիճակում հայ-թուրքական արձանագրություններին ինչպիսի՞ ապագա է սպասում։ Արդյոք վաշինգտոնյան այցը որոշակի փոփոխություն, թարմություն կհաղորդի՞ գործընթացին։
-Հիմա արձանագրությունների վավերացումն արդեն երկրորդական է։ Եթե կողմերը պատրաստ չեն սահմանները բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, ուրեմն չպիտի բացառել, որ ճնշման տակ նրանք կվավերացնեն այդ փաստաթղթերը։ Դրսի ուժերը ճնշումներով ցանկանում են վավերացման գործընթացը կյանքի կոչել։ Բուն գործընթացը շատ պարզ է. սահմանը բացելու համար անհրաժեշտ է մեկ ամիս, որպեսզի տեխնիկական հարցերը լուծվեն, իսկ դիվանագիտական հարաբերությունները հաստատելու համար` մեկ օր։
-Հաշվի առնելով Սերժ Սարգսյանի վերջին ելույթի նրբերանգները, ինչպես նաև Հայաստանի Ազգային ժողովում «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի փոփոխությունը, Դուք ստորագրությունից հետ կանգնելու միտում տեսնո՞ւմ եք։
-Եթե իշխանություններն իսկապես նպատակ ունեն հետ կանգնելու ստորագրությունից, զարմանում եմ, թե ինչու են գործընթացներն այսքան բարդացնում։ Գործընթացից դուրս գալը նշանակում է կա՛մ չվավերացնել արձանագրությունները, կա՛մ ուղղակի այդ մասին հայտարարություն անել։ Այսինքն` օրենք փոխելը, վերապահումների շուրջ խոսակցությունները և այլն, արդեն անիմաստ են։
-Ապրիլի 24-ին ընդառաջ այս հանդիպմամբ, բնականաբար, ԱՄՆ-ը փորձում էր ինչ-որ հարցեր ճշգրտել։ Ի՞նչ եք կարծում, այս տարի Օբաման իր ելույթի տեքստում կներառի՞ «ցեղասպանություն» բառը։
-Նախ, պետք է նկատել, որ և՛ Հիլարի Քլինթոնը, և՛ ԱՄՆ-ի նախագահն այս առումով դժվար իրավիճակում են հայտնվել։ Քլինթոնը, ժամանակին լինելով Սենատի անդամ, ցեղասպանության առնչությամբ հայտարարություններ է արել, իսկ Օբաման` նախընտրական քարոզչության ժամանակ։ Հասկանալի է, որ մի բան է խոստումը, այլ բան` երկրի ղեկը ստանձնելուց հետո պետական շահը։ Պարզ է, որ այսօր Օբամային ձեռնտու չէ արտասանել «ցեղասպանություն» բառը։ Ավելին, եթե նա նույնիսկ արտասանի այդ բառը, Ցեղասպանության ճանաչման հարցում ոչինչ չի փոխվի։
-Փաստորեն, ԱՄՆ-ի նախագահից ավելին պահանջելն անիմա՞ստ է։
-Այո։ Բնական է, որ այս ակտիվացմամբ շահագրգռված է ԱՄՆ-ը, որպեսզի այս ապրիլի 24-ին Օբաման անհարմար վիճակի մեջ չհայտնվի։ Համոզված եմ` ԱՄՆ-ի նախագահն այս իրադարձությունը դարձյալ կբնութագրի իբրև ողբերգություն, հայերի էթնիկական ոչնչացում, բայց կմատնանշի նաև այն հանգամանքը, որ Հայաստանը և Թուրքիան իրենց մեջ ուժ են գտել երկկողմ հարաբերություններ հաստատելու համար։ Կարծում եմ` արտաքին աշխարհը խաղում է այն հանգամանքի վրա, որ Սերժ Սարգսյանն ընտրվել է «վիճարկելի» ընտրությունների արդյունքում։
-Օրերս քաղաքական գործիչներից մեկը նկատեց, թե ԱՄՆ-ի նախագահը չի ընդունի այն երկրի ղեկավարին, չի սեղմի այն նախագահի ձեռքը, որը լեգիտիմ չէ։
-Եթե հիշենք, թե ԱՄՆ-ի նախագահներն ինչպիսի ձեռքեր են սեղմել, չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը վերջին տասնյակի կամ հարյուրյակի մեջ է մտնում։
-Ի վերջո, վաշինգտոնյան այցն ի՞նչ տվեց Հայաստանին։
-Հայաստանին` միայն վնասներ, իսկ Թուրքիան ևս մեկ անգամ ամրապնդեց իր դիրքերը, հաստատեց, որ էական դերակատարում ունի Ղարաբաղի հարցում։ Նաև, բացի Հայաստանից, կարողացավ համոզել, որ Ցեղասպանության հարցը պատմաբանների հանձնաժողովը պետք է քննարկի։
-Անդրադառնանք նաև ներքաղաքական մի քանի հարցերի. Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը ոմանք համարեցին քաղաքականությունից դուրս գալու «հայտ»։ Նման նրբերանգներ Դուք նկատե՞լ եք։
-Նախ, այսօրվա ներքաղաքական իրավիճակը չեմ կարող համարել քաղաքականություն, որից Տեր-Պետրոսյանը պետք է դուրս գա։ Այժմ քաղաքական դաշտը լրիվ այլ չափանիշներով է գործում։ Այս դաշտում ընդդիմադիր լինելն արդեն մեծ պայքար է։ Այն մարդկանց, ում երկար ժամանակ պահել են բանտերում, որոնք դուրս գալուց հետո էլ ընդդիմադիր են ու չեն կոտրվել, կարելի է համարել, որ նրանք մշտապես պայքարի, քաղաքականության մեջ են։ Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի ելույթին, նման բան չեմ նկատել։ Հակառակը` խոր մտահոգություն կա արտաքին և ներքին խնդիրների շուրջ։
-Այդ ելույթում առաջին նախագահը խիստ քննադատության ենթարկեց Ռոբերտ Քոչարյանին, որին հաջորդեց վերջինիս, մեղմ ասած, ոչ կոռեկտ հայտարարություն-պատասխանը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այն։
-Չեմ ցանկանում Ռոբերտ Քոչարյանի մասին երկար խոսել։ Առիթ ունեցել եմ նրա տասնամյա գործունեության մասին գնահատականներ տալու։ ՈՒղղակի կնշեմ երեք հանգամանք. Քոչարյանը եկավ իշխանության` օգտագործելով կեղծ փաստաթղթեր, գնաց արյունով։ Այդ սպանդի, արյան պատասխանատուն միանշանակ Քոչարյանն է։ Իր ղեկավարության տարիներին նա ձեռք է բերել հսկայական կարողություն, որն աշխարհի տարբեր անկյուններում է ներդնում։ Ինչպե՞ս կարող է աշխատավարձով ապրող նախագահն աստղաբաշխական գումարներ ունենալ և իրացնել Աֆրիկայից մինչև Ասիա։
-«Աստղաբաշխական գումարներ» ունեցող մարդն ուզո՞ւմ է վերադառնալ մեծ քաղաքականություն, ըստ Ձեզ։
-Պետք չէ Ռոբերտ Քոչարյանի մասին նույնիսկ բացասական խոսել։ Եվրոպայում շատ օրինակներ կան, երբ մարդիկ մամուլ են նետում իրենց սեռական կողմնորոշման մասին տեղեկություն (թեկուզ և կեղծ), միայն իրենց անունը շոշափվի։ Եթե ընդհանրապես չհիշենք ու չխոսենք Քոչարյանի մասին, ժողովուրդը նրան շատ շուտ կմոռանա։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1326

Մեկնաբանություններ