ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Այսօր նրա ծննդյան օրն է՝ 150-ամյակը, և ես կատարեցի ուխտս (2019 թ. սեպտեմբերի 26-ին գրած հուշերից)

Այսօր նրա ծննդյան օրն է՝ 150-ամյակը, և ես կատարեցի ուխտս  (2019 թ. սեպտեմբերի 26-ին գրած հուշերից)
26.09.2023 | 21:01

Այս պատմությունը ածանց ունի՝ նախա-:

2018-ի վերջը և 2019-ի սկիզբը ծայրաստիճան անհաջող էր: Փետրվարի վերջին անսպասելի հայտնվեցի հիվանդանոցում ու ենթարկվեցի տհաճ վիրահատության:

(Թե ասա՝ վիրահատության տհաճ-հաճելին ո՞րն է):

Բախտս բերեց՝ հայտնվեցի բարձրակարգ վիրաբույժներ, հայր ու որդի Սպարտակ և Սերգեյ Միրզոյանների, հոգատար բժիշկ Միքայել Խաչատրյանի ձեռքում. շնորհակալ եմ նրանց:

Դարձա տուն: Է՛լ ավելի տհաճ էր բժիշկների պահանջը կատարելը՝ կես տարի ծանր սննդակարգ պահելը:

(Ծխելն այդպես էլ չկարողացա թողնել, բայց կիսով չափ պակասեցրի: Սուրճի համար ուշքս գնում էր, բայց հիմա գրեթե չեմ խմում, դուրըս չի գալիս: Նախկինում էլ ոգելից խմիչքների հանդեպ առանձնակի սեր չեմ ունեցել, բայց 6 ամսվա ընթացքում անգամ մի կաթիլ ալկոհոլ չեմ օգտագործել: Ինչևէ):

Մեկ ամիս էլ հիվանդանոց գնացի-եկա՝ վիրակապերս փոխելու:

Մայիսին որոշեցի Կոմիտասի մասին գրել: Թե այդ միտքն ինչպես ծագեց՝ երդվում եմ, չգիտեմ: Միգուցե իմ հոգեբանական անդուր վիճակն էր պատճառը:

ՈՒխտեցի, որ մինչև Նրա ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ը, պիտի ավարտեմ:

Նրա մասին ծով-գրականություն կա: Բայց ինձ հետաքրքրում էր Կոմիտաս-մարդը, ոչ՝ պաշտելի հուշարձանը: Մի կողմ դրեցի Նրա մասին բոլոր գրական ստեղծագործությունները, որոնց թվում կան ձեզ հայտնի տաղանդավոր գործեր, ինչպես նաև մեղեսիկ նեյնիմներ:

Ցանկն էականորեն պակասեց, բայց ինձ հարկ էր կտրվել արտաքին աշխարհից, ներփակվել: Ինձ պետք էին պատմական, փաստական տվյալներ, որովհետև մտադիր էի գրել ոչ թե երաժշտագիտական ուսումնասիրություն (դա արել են ուրիշ երախտավորներ), այլ՝ հրապարակախոսություն:

ՈՒզում էի պարզել, թե մահկանացուն ինչպես արժանացավ անմահության:

Մինչ դուք, հարգելի բարեկամներ, մայիսին մասնակցում էիք տոնախմբությունների, կռիվ տալիս «սևի» ու «սպիտակի» հետ, ես աշխատում էի՝ ժ. 5-ին արթնանում էի ու սկզբնաղբյուրներ որոնում:

Այդպիսի շուրջ 80 աղբյուր հայտնաբերեցի. ասում եմ՝ շուրջ, որովհետև ժողովածուներ կային, ուր տպագրված էին Նրա տասնյակ ժամանակակիցների հուշագրությունները:

Երբ հունիսին շոգերը վրա տվեցին, ու դուք սկսեցիք քաղաքից դուրս գալ, խորովածներ սարքել ու շարունակել «սևի» ու «սպիտակի» հետ կռիվը, ես աշխատում էի՝ սկսեցի գրել: Օրական գրում էի 1 էջ: Օր է եղել՝ գրել եմ 10 տող: Օրեր են եղել, որ նյութի բարդությունից հուսալքվել ու ոչինչ չեմ գրել: Այդժամ լսում էի Նրա, Նրա նվագակցությամբ Ա. Շահմուրադյանի և Հայր Աղան Երնջակյանի կատարումները ու կրկին անցնում գործի:

Մի քանի տարօրինակությունների հանդիպեցի, զորօրինակ՝ 4, 6 և 7 թվերի մոգական զուգակցմանը:

Լա՛վ, չերկարացնեմ:

Երեկ ավարտեցի:

Վերնագիրն է «Անմա՞հ է այն գործը, որի համար ես մեռա». սրանք իմ բառերը չեն, Նրա խոսքն է:

Ծավալն է 66 էջ, Նրա ֆիզիկական գոյության յուրաքանչյուր տարվա դիմաց՝ 1 էջ, և երդվում եմ՝ դա դիտավորյալ չեմ արել, պարզապես նյութս այդքանով սպառվեց:

ՈՒրախ եմ մի քանի բանի համար, որ հաջողեցի անել:

Նախ, ինձ համար կասկածից վեր է, որ Նա ցեղասպանության զոհ է, և Նրա կյանքի վերջին 20 տարվա դժոխային գոյության մեղավորը ցեղասպան թուրքն է:

Երկրորդ, ոչ ոք չի գրել Նրա հողարկեքի մասին. մե՜ծ դժվարությամբ կարողացա պարզել ու մանրամասն շարադրեցի:

Ի՞նչ եմ անելու իմ գրվածքը: Ոչի՛նչ, բացարձակապես մատս մատի չեմ խփի: Չեմ դիմելու որևէ դրամատերի կամ պետական կառույցի, թե՝ փող տվեք Նրա մասին գործս տպագրեմ (պետական մարմինը գիտե ում և ինչի համար է ֆինանսավորում): Դա անբարո կլիներ Նրա հիշատակի հանդեպ և անհարիր է իմ արժանապատվությանն ու սկզբունքներին: Թո՛ղ մնա անտիպներիս պահոցում:

Ես եմ և իմ ուխտը, որ կատարել եմ:

Ես համարում եմ, որ յուրաքանչյուր ոք, ամեն հայ մարդ իր հոգում, սրտում ու մտքում պիտի ունենա ի՛ր Կոմիտասին: Ես պարտքս հատուցեցի ու ձեռք բերեցի ի՛մ Կոմիտասին:

(Այսօր էլ 5-ին արթնացա, փորձեցի նորից քնել՝ չհաջողվեց:

Պատրաստվեմ, գնամ Նրա շիրմին ծաղիկ դնելու):

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 20162

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ