ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Երբ Երևանում կբացվի Թուրքիայի դեսպանատուն

Երբ Երևանում կբացվի Թուրքիայի դեսպանատուն
13.02.2021 | 10:47

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը, ԱԺ-ում պատասխանելով պատգամավորի հարցին, հայտարարեց, որ Երևանը «սպասում է Թուրքիայի հետ սահմանի բացմանը»: Նրա խոսքով՝ «Թուրքիայի հետ սահմանի փակումը պայմանավորված էր Ղարաբաղի ստատուս-քվոյով, որ հիմա փոխվել է, և Թուրքիան այլևս պատճառ չունի փակ պահել Հայաստանի հետ սահմանը»: Պաշտոնական տեսակետով Այվազյանը ճիշտ է: Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև հրադադարի եռակողմ խաղաղ համաձայնագրի ստորագրումից հետո ստատուս քվոն իրոք կտրուկ փոխվել է, իսկ հաղորդակցության բոլոր միջոանցքների բացումը նախատեսող կետերը, այդ թվում արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով, պայմանավորում է Թուրքիայի հետ Հայստանի հարաբերությունների նորմալացումը:

Բայց կան կարևոր նյուանսներ: Անկարայի ու Երևանի հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին, ղարաբաղյան պատերազմից հետո, Բաքվում խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Հետո Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ԵԱՀԿ ԱԳ նախարարների տեսակոնֆերանսում հայտարարել է, որ «Ղարաբաղի հարցում եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Թուրքիայում հույս ունեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման»:

Նրա խոսքով՝ «Մենք երբեք չենք նայել Հայաստանի կողմը և երբեք չենք հավակնել նրա տարածքներին, ու այսօր ռեալ շանս է հայտնվել, որ մեր երկրների միջև հաստատվեն նորմալ բարիդրացիական հարաբերություններ»: Այնուհանդերձ՝ եթե նախկինում Փաշինյանը հայտարարում էր Թուրքիայի հետ հարաբերությունների վերկականգնման հնարավորությունների մասին «առանց որևէ նախապայմանի», Այվազյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում 2020-ի դեկտեմբերի 7-ին Թուրքիային պատմական պարտամուրհակ ներկայացրեց համարյա թե Հայաստանի անկախացման պահից, հիշեցրեց, որ սփյուռքահայերի մեծ մասը «21-րդ դարիր առաջին ցեղասպանության» վերապրածների ժառանգներն են, հիշեցրեց Թուրքիայի շրջափակումը, որ սկսվել է 1993-ից, հիշեցրեց 2009-ի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները, որ Անկարան հրաժարվեց կատարել: Ելնելով այդ ամենից՝ Այվազյանը եզրակացրեց. «Անկարան պետք է Հայաստանի վստահությունը վերականգնի»:


Պաշտոնական մակարդակով Հայաստանը երբեք տարածքային պահանջներ չի ներկայացրել Թուրքիային: Բայց ոչ պաշտոնական մակարդակով շրջանառվում են տարատեսակ աշխարհաքաղաքական բանաձևեր, որ կառուցում են հայ փորձագետները: Խոսքը Հայատանի վերաբերմունքի մասին է 1921-ի Կարսի պայմանագրի մասին, որ նրանք համարում են ոչ լեգիտիմ, որովհետև «հիմնվում է Մոսկվայի պայմանագրի վրա, որը ստորագրվել է առանց բանակցութուններին հայկական կողմի մասնակցության»: Անկարան հայտարարել է, որ «Երևանին ուղղված որոշակի հարցեր կան, որ պետք է պարզաբանել»՝ ակնարկելով, որ Հայաստանը պաշտոնական մակարդակով պատասխան տա: Բայց գնացքը արդեն գնացել է, ղարաբաղյան պատերազմից հետո անհետացել է նախկին «աշխարհաքաղաքական իրավիճակը»: Բայց Թուրքիան չի շտապում առաջին քայլն անել դեպի Հայաստան: Hürriyet-ի կարծիքով՝ Անկարայի համար «հայկական հարցը» չի սահմանափակվում Լեռնային Ղարաբաղի խնդրով, ավելի լայն աշխարհաքաղաքական չափում ունի, քանի որ Հայաստանը չի բացառում որոշակի պայմաններում վերակենդանցնել 1920-ի օգոստոսի Սևրի պայմանագրի գաղափարները՝ հայկական արևմտյան սփյուռքի հետ հարաբերությունների կառուցումով: Դա առաջին: Երկրորդ՝ Hürriyet-ը ենթադրում է, որ Անկարան Երևանի հետ հարաբերությունների նորմալացումը փորձելու է խցկել քրդերի հետ իր հարաբերությունների ենթատեքստ՝ Էրդողանի հռչակած Թուրքիայի հասարակական ժողովրդավարացման նոր գալարի գործընթացներում «իբրև Թուրքիայի պատմական համաձայնություն Հայաստանի հայերի հետ և նրա տարածքում ապրող ծագումով քուրդ քաղաքացիների հետ»: Եթե այդ դիրքորոշումը պահպանվում է, Ղարաբաղի գործոնն Անկարայի համար կարող է դառնալ հայկական սփյուռքի հետ նրա երկխոսության պատճառներից մեկը՝ ավելի լայն աշխարհաքաղաքական հաշվարկներով: Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը թույլ է տալիս էականորեն մոտենալ երկու ռազմավարական արտաքին քաղաքական նպատակների՝ մերձեցում ԵՄ-ին և ԵՄ-ի հետ ինտեգրման նոր մակարդակի: Հենց այդ պատճառով Էրդողանը, ի տարբերություն Իլհամ Ալիևի, ղարաբաղյան կոնֆլիկտն ավարտված չի համարում: Նա իրավացիորեն գտնում է, որ «պայքարը քաղաքական ու ռազմական չափումներով շարունակվում է նաև շատ այլ ճակատներով»: Մենք ուղղակի արձանագրում ենք փաստը, որ Երևանը Անկարայի նկատմամբ փոխում է խոսակցության լեզուն, կոչ է անում խոսքից անցնել գործի, թեպետ ստեղծված պայմաններում Երևանում Թուրքիայի դեսպանատան հայտնվելը գուցե կուղեկցվի կոշտ վեճերով և հրապարակային դժգոհության զանգվածային դրսևորումներով: Բայց հայ-թուրքական հաշտեցումը երկու հարևան երկրների ներքաղաքական գործը չէ, այլ մասն է նոր մեծ կովկասյան խաղի, որ նոր միայն սկսվում է:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Փետրվարի 10-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը ԱԺ-ում ասել է.
«Թուրքիայից եկող տարբեր մեսիջներ ենք տեսնում։ Դիվանագիտության մեջ ընդունված է մեսիջներով ինչ-որ ուղերձներ հասցնել, բայց հաշվի առնելով հենց Թուրքիայի հանգամանքը, կարծում եմ՝ ժամանակն է եկել, որ մենք ուղղորդվենք ոչ թե մեսիջներով, այլ նախևառաջ՝ գործողություններով»: Նա նշեց նաև՝ այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ շրջափակում կիրառել։ «Ինչպես գիտեք դա կապված էր Արցախի ստատուս քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով։ Թուրքիան այլևս որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի ուղղությամբ։ Այս պահի դրությամբ որևէ գործընթաց տեղի չի ունենում»: Ի՞նչ իմաստ ունի աղավաղել Արա Այվազյանի խոսքը՝ հանելով ստատուս քվոյի փոփոխումը ուժի կիրառման միջոցով: Սա՝ մեկ: Երկրորդ՝ Թուրքիան սահմանը փակել է ոչ միայն Արցախի պատճառով: Դե ֆակտո՝ Թուրքիան Հայաստանի նկատմամբ ունի 3 նախապայման. Արցախի կարգավիճակ ու սահմաններ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիր և Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից հրաժարում կամ՝ Կարսի պայմանագրի վերաճանաչում: Հայաստանի որևէ կառավարություն չի ճանաչել Թուրքիայի Հանրապետության սահմանները: Հազիվ թե Հայաստանի որևէ իշխանություն հրաժարվի ցեղասպանության ճանաչումից, նույնիսկ եթե ճանաչի Կարսի պայմանագիը, որի 100 տարին լրանում է այս տարի և պայմանագիրը պետք է կամ երկարացվի, կամ չեղյալ համարվի: Արցախի դեմ հարձակումը հրահրելու Անկարայի դրդապատճառներից մեկն էլ Կարսի պայմանագիրն էր: Ակնհայտ է, որ հիմա Էրդողանը չի բավարարվելու միայն Արցախում ստստուս քվոյի փոփոխությամբ և հարաբերությունների հաստատման պայման է դնելու հրաժարումը 1915-ի ցեղասպանության միջազգային ճանաչումից ու Կարսի պայմանագրի ընդունումը:


Մեկնաբանելով ԱԳ նախարարի ԱԺ-ում արած հայտարարությունը՝ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը նշել է. «Հայաստանը որևէ կերպ չի վերանայել տարածաշրջանում Թուրքիայի ապակառուցողական ներգրավման գնահատականը, և այդ իսկ հարցուպատասխանի մեջ հստակորեն նշված էին այդ մտահոգությունները, մասնավորապես` Հայաստանի սահմանին մոտ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ իրականացնելու մասով։ Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է Թուրքիայի կողմից ՀՀ-ն ապօրինի շրջափակելու քաղաքականությանը՝ պնդելով, որ ներկայումս գոյություն չունի անգամ այն պատրվակը, որի վրա հղում կատարելով՝ Թուրքիան տասնամյակներ շարունակ փակել է իր սահմանը Հայաստանի հետ:

ՀՀ բոլոր կառավարությունները, ինչպես նաև սփյուռքահայ առաջատար կազմակերպությունները, մշտապես համարել են շրջափակումն ապօրինի և հանդես են եկել դադարեցման դիրքերից։ ՀՀ դիրքորոշումն այս հարցում որևէ փոփոխություն չի կրել, ինչպես չի կրել ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները հետապնդելու հաստատակամությունը։ Վստահ ենք, որ Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունը Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմում, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված պատերազմական հանցագործությունները և այլ զանգվածային ոճրագործություններն առավել այժմեական են դարձնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը՝ նմանօրինակ միջազգային ոճիրների կանխարգելման և չկրկնման նպատակով։ Այս հարցում ՀՀ-ն շարունակելու է իր սերտ համագործակցությունը սփյուռքահայ հեղինակավոր կազմակերպությունների հետ։
Միևնույն ժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ տարբեր առիթներով ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ դիտարկելու ենք ոչ թե Թուրքիայից հնչող հայտարարությունները, այլ գործողությունները: Այդ գործողությունները մինչ օրս չեն եղել կառուցողական: Այս առումով կցանկանայինք նաև մեջբերել ՀՀ ԱԳ նախարարի՝ նույն հարցուպատասխանի ժամանակ արտահայտած դիրքորոշումը, որ «Հայաստանի, մեր դիվանագիտության, մեր ժողովրդի համար պետք է մեր շուրջ ձևավորել բարենպաստ մթնոլորտ, բնականաբար, չխախտելով կարմիր գծերը և պաշտպանելով մեր պետական և ազգային շահերը»:
Ուստի՝ Երևանում Թուրքիայի դեսպանատան հիմքերը փորելը դեռ շատ վաղ է, նույնիսկ եթե դա արվում է ռուսական արտադրության տրակտորով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 370056

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ