Հոկտեմբերի 10-ին Արևմուտքում լիքը «արևելք» խաղարկվեց: Մի պահ թվաց` բոլոր հաշվարկները խառնվելու են, և Ցյուրիխն աշխարհին սենսացիա է պարգևելու:
Սենսացիայի սպասողներն այն չստացան: (Քոչարյանին նկատի չունենք):
Ցյուրիխյան ստորագրումն այն եզակի դեպքերից էր, երբ գրեթե չաշխատեցին ժամանակակից քաղտեխնոլոգիաները. աշխարհը վաղուց անչափ նրբացել, քաղտեխնոլոգիաները դարձրել է մի քանի շերտանի, ու դարի համաձայնագրի ստորագրումը (որակումն աշխարհի առաջադեմ ԶԼՄ-ներինն է) պետք է արտիստիզմի, հաղթանակի, դեմարշի ռեֆրենի (կրկներգի) վերածվեր, որպեսզի աշխարհն իմանար` «who is who»:
Չէ, կովկասյան բոլոր միջոցառումների նման, այս մեկը ևս ուշանում և ուշանում էր: Իսկ երբ հասավ բուն պահը, տեսանք, որ մթնոլորտն ահագին տերյանական է («Ծեր քահանան ոչ մի աղոթք չէր հիշում, սիրտը նրա...» տարբերակով). Հիլարին կապույտ զգեստի մեջ լարվածության արձանի էր վերածվել, դիմագծերը բացարձակ չէին շարժվում, որևէ ձևով ժպիտ չէին դառնում. ահա՜, վերջապես իրենից մի կերպ ժպիտանման ինչ-որ բան կորզեց Հիլը, իսկ Լավրովը, երկար վիզը «ընձուղտային բարությամբ» աջ ու ձախ էր անում` «բեխաբարի» կեցվածքով, փորձում էր «հասկանալ»` ինչ է կատարվում իր շուրջը, Դավուդօղլուն մերթ ընդ մերթ հիշում էր, որ դարի կարևոր գործն է անում, արագ-արագ «փիսոյաժպիտով» նայում էր տեսախցիկներին, Նալբանդյանի ջղայնությունը դեռ չէր անցել, անթափանց, ողջ ջղայնությունը գրչից հանելով` տալիս էր թղթին: Դարիս քաղտեխնոլոգիան պահեց միայն Սոլանան, նա մի լավ ժպտաց ու «ջիգյարով» ողջագուրվեց Նալբանդյանի հետ, թփթփացրեց նրա ուսերը` «կեցցե՛ս». արեցիր գործը, «սիրելի Էդվարդ»:
Վիզուալն այս էր: Բովանդակայինի մասին` ներքևում, այժմ ինտրիգայինի մասին:
Ցյուրիխյան երեք ժամերը «ոսկե հնարավորություն» էին` մեկ անգամ ևս հասկանալու, թե ինչ լուռ «բազար» է ընթանում կուլիսներում:
Արձանագրենք մեկընդմիշտ. արձանագրությունների բուն ստորագրման հետ կապված` հայկական կողմը պահեց իր «մունդիրի» պատիվը, կարողացավ տեր կանգնել այն ամենին, ինչի մասին ժամեր առաջ խոսել էր նախագահ Սերժ Սարգսյանն իր ուղերձում:
Բայց դեռ ինտրիգի մասին: Ստորագրումից ժամեր անց «Ռոսիյսկայա գազետան» արեց այն, ինչի մասին երեք ժամ շարունակ մտածում էինք ցյուրիխյան «հետաձգումների» առիթով. Ռուսաստանը հենց այնպես թույլ չէր տալու արձանագրությունները ստորագրվեն, ու հայ-թուրքական սահմանը բացվի, իր զինվորներն էլ այլևս Կովկասում անելիք չունենան: Սա` առաջին: Երկրորդ` մայր-Ռուսաստանը չէր կարող թույլ տալ, որ իր «ֆորպոստն» ինքնուրույն քաղաքականություն իրականացնի տարածաշրջանում, և այն էլ` Նահանգների ձեռը բռնած: Եվ երրորդ. պետք էր անհապաղ հարամել ստորագրման արարողությունը, բայց այնքան, որ «գայլերը կուշտ լինեն, գառները` ողջ»... մի կերպ թուղթը ստորագրվի` Ռուսիո «շնորհիվ»:
Իսկ կստորագրվի, որովհետև Ռուսիան երկաթյա պայմանավորվածություն ունի Միացյալ Նահանգների հետ` Աֆղանստանի հարցում, պղնձյա պայմանավորվածություն` հակահրթիռների տեղակայման, «նավթուլային» պայմանավորվածություն` Իրանի և, բնականաբար, ողջ ռեգիոնի հարցում:
ՈՒստի «վիզ» պետք էր Ցյուրիխին ուղիղ կապով միացած ալամ աշխարհի բաց աչքի առաջ մի քիչ «ԿաԳեԲե»-շնիկություն անել, խաղեր տալ` ոչ նուրբ ու «չիստո» ռուսական (նրանցը «տապոռն» ու հրացանն են. օրինակներ չբերենք` ողջ գիտակցական կյանքներս անցան այդ օրինակների վրա), մի խոսքով` հարամել ամեն բան Ցյուրիխում, ապա «հասնել» նրան, որ արձանագրություններն առանց տոնական «ֆանֆարների» (դասական երաժշտությունն էլ կարծես չհնչեց) մի կերպ հորով-մորով արվի:
Ռուսաստանը շատ լավ էր հասկանում, որ թուրքական կողմը ստորագրումից հետո իր հայտարարության մեջ անպայմանորեն անդրադառնալու էր ղարաբաղյան խնդրին, և ադրբեջանցի իր «մանթո յոլդաշներին» ասի` «նաղդ օլսուն, սողան օլսուն». իմա` մինչև Ղարաբաղի, «օկուպացված» տարածքների հարցը չլուծվի, սահմանը չի բացվելու, ինչը հերթական անգամ բարձրաձայնեց Էրդողանը հետին թվով, ոչ Ցյուրիխում, այլ սեփական «հայրենիքում»:
Իսկ նման հայտարարությունը Ցյուրիխում ուղղակի հարված կլիներ Ամերիկայի սրտին` Նոբելյան մրցանակակիր Օբամայի, այդ օրը մուգ կապույտով զգեստավորված, Սերժ Ազատիչի հետ օր ու գիշեր հեռախոսվող Հիլըրիի սրտին, որովհետև նրանք «նոն ստոպ» տարբերակով վերջին շրջանում ասում ու ասում էին` չկա նման հարց` Ղարաբաղն ու հայ-թուրքականը միմյանցից անջատ գործընթացներ են: Փաստորեն, դուրս էր գալու, որ նրանց ասածները (թեկուզ կոնյունկտուրայի ծնունդ) առ ոչինչ են:
Եթե «օղլի» Դավիթը (երևի թե նրա ծնողներն էլ Գյուլի ծնողների նման «հայ» են), և ուրեմն` Դավթի որդի Դավութօղլին չասեր այդ ամենը, Ադրբեջանն ուժեղ կնեղանար իր «ախպերոջից», որ է` Թուրքիան, և իհարկե, ադրբեջանական գազը ամերիկյան (՞) Նաբուկոյի մեջ լցնելու պատրաստակամ (հեչ էլ ադրբեջանական գազը պետք չէ Նահանգներին ու Նաբուկոյին. Իրանի նկատմամբ լուրջ սանկցիաներից հետո Իրանը կխելոքանա և բավականին հարմար գներով իր գազը կլցնի Նաբուկոյի մեջ), և ուրեմն` նեղացած Ադրբեջանն էլի մի քիչ կթեքվի դեպ Ռուսաստան, և Նահանգներն էլի տևական ժամանակ չեն կարողանա հաստատվել տարածաշրջանում :
Ռուսիո «սարտիրային» (արժե՞ր ուղիղ Եվրոպայի սրտում այդքան էժան «մոչիտ» անել) դիվանագիտությունը, ինչպես տեղեկացնում է կրեմլյան «Ռոսիյսկայա գազետան», Ռուսաստան-Գերմանիա ֆուտբոլային խաղը նայող (Կոելյոյի նշանների լեզուն ինչպե՜ս է եռաշար աշխատում այս դեպքում) պարոն Լավրովին «ստիպել» է բավականին էժանագին տրյուկ գործածել (եթե, իհարկե, «ՌԳ» լրատվական հոսքը «համապատասխանում» է իրականությանը) և ուրեմն` մեր հայ Լավրովը (հիշենք, որ նա վրացահայ է` մոր կողմից) նամակ է գրել` չգիտես ինչու անգլերեն հետևյալ «կոնծեքստով». «Էդվարդ, համաձայնիր ստորագրել` առանց հայտարարությունների»:
Ի դեպ, եթե ամեն բան «այդպես» է, ապա սա այն դեպքն է, երբ Ռուսաստանն ամենաքիչն էր շահում հարցի այդպիսի լուծումից, որքան էլ «պնդվի», թե «ռեգիոնում» նա կարողանում է հարցեր լուծել: Այն պարզ պատճառով, որ «ռեգիոնում» նրա գնացքը դանդաղ, բայց հաստատակամ հեռանում է (այս մասին` մեկ այլ անգամ):
Հայաստանը, այո՛, ստորագրման «խաղում» շահեց բավականին:
Բայց քանի որ մեծ կռիվն առջևում է, և չի բացառվում, որ արձանագրությունների ստորագրման ժամանակ էլ ավելի «հետաքրքիր» (ականջդ կանչի, Ազգային ճակատ ստեղծած Քոչարյան) տեսարանների ականատեսը լինենք, քան էր արձանագրությունների ստորագրումը, թողնենք գերտերությունները վիճարկեն իրենց առաջնայնությունը գեոպոլիտիկ խաղերում, մենք դառնանք նրան, թե ինչ շահեց Հայաստանը բուն ստորագրության գործընթացից և շահե՞ց արդյոք:
Եվս մեկ անգամ հիշելով, որ աշխարհում քաղտեխնոլոգիաներն իսկապես նրբացել են այնքան, որ օգտագործվող եզրույթներն անգամ ճակատագիր են որոշում (իսկ եթե կուզեք, դա հենց այդպես էլ պետք է լիներ, որովհետև «ի սկզբանե էր բանը, և բանն Աստծո մոտ էր»), այս չափաբանությունից ելնելով էլ պետք է արձանագրել, որ Հայաստանն այս խաղում և այս պահին կարողացավ հասնել նրան, որ չհնչեն ո՛չ անհրաժեշտ եզրույթները:
Հասկանալի է` թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Ռուսաստանին շատ «կդզեր» այդ կարգի եզրույթների արտաբերումը Թուրքիայի շուրթերից, որովհետև նրանք Ադրբեջանին «չոլից չեն գտել (չնայած նավթը հենց նրանց չոլերում է, որ կա) և դրանով ազդակ հղեցին Ադրբեջանին, թե` մի քիչ համբերի, քաղտեխնոլոգիան աշխարհում թելադրում է այս պահին Հայաստանին սիրաշահել;
Եվ, այնուհանդերձ, մեկ անգամ ևս արձանագրենք. այս մեծ ու դաժան խաղում այս պահին Հայաստանը կարողացել է իրեն ճիշտ պահել: Կարողացել է ապացուցել, որ ունի պրոգրեսի ընկալում. Հայաստանը փորձում է զոհի բարդույթից անցում կատարել խաղացող երկրի իմիջի, և պասիվ հայեցողի` «յիս էդ պարը չիմ պարում» քոչարյանական «անտագոնիզմից» անցում կատարել մանևրների, հնարավոր պարտնյորական դաշտ և կենդանության որոշակի նշաններ ցույց տալ:
Եվ եթե անգամ ստորագրման այս վերջին քայլը ձեռնտու է նաև Ռուսաստանին, միևնույնն է` մեր գործն է առաջ գնում, և մենք կարողանում ենք աշխարհի բաց աչքի առաջ ասել, որ կարող ենք նաև «գին» վճարել, «կապրիզ» անել ու չստորագրել և կամ ստանալ այն, ինչ պետք է:
Ի դեպ, մանևրի նման մի քայլ էլ արեցինք ապրիլի 22-ին. այո, այն ժամանակ էլ փրկօղակ ձգեցինք Օբամային: Ճիշտ է, Սերժ Սարգսյանի քաղաքականության մեջ այնպես է ստացվել, որ ամեն բան արվում է գիշերով (ականջդ կանչի, Կոելյո և այս փաստի վրա սևեռված Գեղամ Բաղդասարյան), այնուհանդերձ, «и ежу понятно», որ Օբաման ապրիլի 24-ին չէր արտասանելու «ցեղասպանությունը»` անգլերեն եզրույթով. իսկ ինչո՞ւ «փայ» չմտնել այդ խաղում, ինչո՞ւ դիմացինին ցույց չտալ` որսում ես պահը, և ապացուցել` ընդունակ ես մանևրների, ճկունության` հաջորդ պահին քեզ թույլ տալով անչափ կոշտ ուղերձ` ցյուրիխյան ստորագրությունից ժամեր առաջ (տեսակետ կա, որ Ռուսաստանին ու թուրք-ադրբեջանական տանդեմին հատկապես այդ ուղերձն ու ինքնավստահությունն էին նաև հունից հանել):
Ստորագրությունների բերած այս պահի հայկական հաջորդ «գիշերային» հմայքն այն է, որ Ադրբեջանը մնաց «ни с чем»: Ի դեպ, մենք չէ, նույն ռուս քաղտեխնոլոգներն են պնդում, որ արձանագրությունների ստորագրումից, սահմանի բացումից հետո ղարաբաղյան հարցը կսառեցվի: Մենք էլ ասենք` անգամ հարցի ուշացվելու դեպքում էլի մի քիչ կխորանա առանց այն էլ բարերար ծիլեր տվող անվստահությունը մեծ և փոքր թուրք եղբայրների միջև: Չէ, մենք չենք ուրախանում եղբայրների կռվից, բայց քանի որ իմաստությունն ասում է` երբ երկուսը կռվում են, երրորդը շահեկան վիճակում է հայտնվում, ընդամենը դա ենք նկատառում:
Եվ եթե սրան էլ հավելենք, որ նրբացող քաղտեխնոլոգիաների ձեռը կրակն ընկած աշխարհն ամենևին էլ «տաք» աչքով չի նայում պանթուրքիստական վերջին նկրտումներին, ապա լիովին հասկանալի են դառնում մեր այսօրվա և այս պահի դրական «հմայքները»:
Բաց է մնում գլխավոր հարցը` արձանագրությունների վավերացո՞ւմն ինչպես կընթանա: Զուգահեռաբար` ի՞նչ կլինի ռուսական ռազմաբազաների ճակատագիրը, որոնք Ռուսաստանը մինչև 2049 թ. ուզում է պահել Հայաստանում, որպեսզի մենք ևս մեկ դար օրհնենք նրա այդքան լուսավոր, այդքան փառաբանված «սարտիրնի» ոտքը...
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ