ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Գարնանային սրացումներ քաղաքական գործընթացներում

Գարնանային սրացումներ քաղաքական գործընթացներում
14.04.2009 | 00:00

«ԼՐՏԵՍԱԿԱՆ ԿՐՔԵՐԸ» ԿԱՐՈՂ ԵՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԻԹ ԴԱՌՆԱԼ
Հետխորհրդային երկու պետություններում` Մոլդովայում և Վրաստանում, գործնականում զուգահեռ սկսվեց քաղաքական գործընթացների սպասված գարնանային սրացումը։ Եթե Քիշնևում «հեղափոխության» կատալիզատոր դարձան խորհրդարանական ընտրությունները, ապա Թբիլիսիում` Սաակաշվիլու «ավտորիտար կառավարումը» և ընդդիմության հավակնությունները։ Ինչպես մոլդովական, այնպես էլ վրացական ընդդիմության գործողություններին ակնհայտորեն հետևում են Թբիլիսիից և Քիշնևից հազարավոր կիլոմետրեր հեռու և փորձում անցկացնել զուգահեռներ։
Գլխավորը, թերևս, այն է, որ երկու դեպքում էլ բնակչության օբյեկտիվ քաղաքական արմատականացումը փորձ է արվում գունավորել որոշակի դավադրության տարրերով։ Այս ճակատում հատկապես ջանքեր են գործադրում ռուսական փորձագետներն ու ԶԼՄ-ները, առանց հոգնելու կրկնելով վաղուց փորձարկված կարգախոսը` «Արևմուտքը դարձյալ քիթը խոթում է ուրիշի գործերի մեջ»։ Մանավանդ որ Մոլդովայի նախագահը կարողացել է միշտ հավասարակշռություն պահել Ռուսաստանի և Եվրոպայի միջև, ուստի մոլդովական «հեղափոխության» դրսևորումները Ռուսաստանում հերթական «լրտեսամոլության» ալիք են առաջացրել։ Ինչպես հայտնի է, Քիշնևում ապրիլի 7-ի հայտնի իրադարձություններից հետո Մոլդովայի ղեկավարությունը Ռումինիային մեղադրեց «հեղաշրջմանն աջակցելու համար»։ Այս թեզը կարծես մեծ ուրախությամբ են ընդունել ռուսական քաղաքական գործիչներն ու փորձագետները, ովքեր ևս բուռն պաթոսով սկսեցին խոսել «ռումինական հետքի» և Արևմուտքից գունավոր հեղափոխության հերթական «արտահանման» փորձի մասին` ընդդեմ Ռուսաստանի շահերի։ «Մեզ հայտնի են այդ իրադարձությունների հեղինակները, զգացվում է, որ իրականացվել է լուրջ գործակալական աշխատանք»,- հայտարարում էին Մոլդովայի ղեկավարներն ու նրանց ձայնակցող ռուսական «դերժավնիկները», իսկ Մերձդնեստրի Հանրապետությունում սկսել էին ջոկատներ նախապատրաստել Մոլդովայի «օրինական իշխանությանն օգնելու նպատակով»։ Սակայն զարգացումների հետագա ընթացքը «դավադրության թեորիան» կարծես շրջեց հենց ռուսների դեմ, երբ Մոլդովայի նախագահ Վորոնինի մերձավոր համախոհները շատ անակնկալ հայտարարեցին Քիշնևում տեղի ունեցած իրադարձություններում Ռուսաստանի մասնակցության ու կազմակերպչական դերի մասին, ընդհուպ մինչև գործող նախագահի սպանության պլանավորումը։ Քիշնևի քաղաքապետ Կիրտոակեն, օրինակ, հայտարարեց, թե հեղափոխական ջարդարարներն օգտագործում էին խորհրդային ԿԳԲ-ի զինանոցին բնորոշ ոճն ու մեթոդները։
Միևնույն ժամանակ, վրացական ոչ անհայտ վտարանդի քաղաքական գործիչ Իգոր Գեորգաձեն անսպասելի ասպարեզ եկավ և ռուսական մամուլով հայտարարեց, թե Վրաստանում իշխանության հավակնող ընդդիմությունը, ինչպես նաև գործող իշխանությունը կառավարվում են մեկ կենտրոնից` ԱՄՆ-ի դեսպանատնից, լավագույն դեպքում, պետդեպարտամենտից։ Ռուսական մամուլով կրկին սկսեց տիրաժավորվել Վրաստանում քաղաքացիական պատերազմի հեռանկարի գաղափարը` ազգային ծայրամասերի և կենտրոնի միջև հարաբերությունների սրման «կանխատեսումներով»։ Բնութագրական է, որ ռուսական ԶԼՄ-ներում ոչ ոք ուշադրություն չի դարձնում, ասենք, «Դաշինք հանուն Վրաստանի» շարժման առաջնորդներից Իվլիան Խաինդրավայի հայտարարությանը. «Մենք հակված չենք ապրիլի 9-ի կամ հետագա բողոքի գործողությունները վերածելու անվերջանալի զանգվածային փողոցային ակցիաների, որոնք հայտնի չէ, թե ինչի կհանգեցնեն, և եթե հանգեցնեն, ապա ի՞նչ արդյունքներով։ Իրավիճակը Վրաստանում բարդ է, ոչ պակաս բարդ է նաև իրավիճակը Վրաստանի շուրջ, և ոչ ոք չպետք է ռիսկի ենթարկի մեր պետականությունը»։
ՈՒշագրավ է, որ Արևմուտքում խիստ բացասական են գնահատում ինչպես Քիշնևում տեղի ունեցած իրադարձությունները, այնպես էլ Վրաստանում գործողությունների ծավալումը սահմանադրական շրջանակներից դուրս։ Մասնավորապես, ԱՄՆ-ում Կովկասի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի ղեկավար Կորնել Սվանտեն կարծում է. «Գուցեև Արևմուտքում էլ գոյություն ունեն Սաակաշվիլու հրաժարականի կողմնակիցներ։ Սակայն, մյուս կողմից էլ, Վրաստանի նախագահին ընտրել է ժողովուրդը` ժողովրդավարական քվեարկության միջոցով, և ուղղակի, հենց այնպես պահանջել նրա հրաժարականը` տրամաբանական չէ»։ Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան իր հերթին համարում է, որ բռնությունների գործադրումը կառավարական հաստատությունների գրավման ճանապարհով անթույլատրելի է, սակայն, միաժամանակ, իշխանությունները պարտավոր են հարգել հավաքներ և խաղաղ ցույցեր անցկացնելու քաղաքացիների իրավունքը։
Սա, անկասկած, կարելի է համարել որպես Արևմուտքի միասնական դիրքորոշման դրսևորում ինչպես Մոլդովայում, այնպես էլ Վրաստանում կատարվող իրադարձությունների շուրջ։ Ըստ այդմ, ստացվում է, որ արևմտյան «դավադրության» թեորիան, որն այնքան սիրով տիրաժավորում են կոնսպիրոլոգիայի ռուսաստանյան «մասնագետները», այնքան կապ չունի իրականության հետ, որքան պայմանավորված է անցյալից մնացած մոտեցումներով։ Կամ էլ` Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում բողոքի զանգվածային ակցիաների համար «բացատրությունների» որոնումով։ Այսինքն, ռուսական իշխանությունը սրանով փորձում է արդարացնել «կառավարելի ժողովրդավարության» իր քաղաքականությունը, կամ հեռուն գնացող աշխարհաքաղաքական ծրագրեր ու համապատասխան գործողություններ է նախատեսել վերոնշյալ զարգացումների հետ կապված։
Այս խորապատկերի վրա բավականին հետաքրքիր են «Russia Today» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պիտեր Լավելլի բնորոշումները, թե «Մոլդովայում ստեղծված իրավիճակի պատճառները պետք է որոնել սառը պատերազմի ժամանակ սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ պայմանավորվածությունների վերանայման մեջ։ Մենք ականատես ենք կոսովյան նախադեպի հետևանքներին։ Մերձդնեստրի անջատված տարածաշրջանը հետևում է Քիշնևի վերջին իրադարձություններին ակնհայտ բավականությամբ, քանի որ անկարգություններն ու բռնությունը կոսովյան նախադեպի լույսի ներքո նրանց հիմք են տալիս ևս մեկ պատճառ ունենալ Մոլդովայի կազմ չվերադառնալու համար»։ Այս հայտարարությանը միանգամայն զուգահեռվում է Իգոր Գեորգաձեի համարժեք բնորոշումը. «Աջարիայից բացի, մենք ունենք ադրբեջանական և հայկական անկլավներ, որոնք այսօր արդեն մշակութային ինքնավարություն են պահանջում։ Որովհետև Վրաստանի ղեկավարության իրականացրած քաղաքականությունը ստիպում է ազգային փոքրամասնություններին մտածել իրենց վաղվա օրվա մասին, իրենց լեզվական և մշակութային առանձնահատկությունների պահպանման մասին։ Վերջապես Աբխազիայի կողքին կա դեպի ծով ելք ունեցող Մեգրելիա, ուր հաշվվում է մինչև մեկ միլիոն բնակչություն։ ՈՒ այնտեղ էլ խոսում են այն մասին, որ անհրաժեշտ է հետևել Աբխազիայի օրինակին։ Եթե ոչ այսօր, ապա վաղը այդ ռումբը կարող է աշխատել»։
Եվս մի փաստ, շատ հետաքրքիր, որը միաժամանակ ներդաշնակորեն տեղավորվում է ռուսական կողմից տիրաժարվող «դավադրության» թեորիայի շրջանակներում։ Ինչպես հայտնի է, Ղրղզստանում ընդդիմությունը նույնպես հայտարարել է զանգվածային բողոքի ակցիաները ապրիլին վերսկսելու իր մտադրության մասին։ Եվ այդ լույսի ներքո ուշագրավ է, որ ռուսական հեռուստատեսությունը հեղինակային վավերագրական ֆիլմ ցուցադրեց այն մասին, թե ինչ «նպատակով» են մինչ այժմ օգտագործել ամերիկացիները «Մանաս» օդանավակայանում գտնվող ռազմաբազան։ Բանից պարզվում է, որ հենց լրտեսական գործունեության ու Աֆղանստանից թմրանյութեր տեղափոխելու համար։ Դետեկտիվ սերիալների լավագույն ավանդույթներով նկարահանված այդ ֆիլմում մեկ անգամ ևս վերակենդանացել էր սովետական լեյտմոտիվը, որ բոլոր արտասահմանցիները, մասնավորապես դիվանագետները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու քաղաքագետներն առանց բացառության լրտեսներ են։
Անշուշտ, չի կարելի բացառել համաշխարհային աշխարհաքաղաքական կենտրոնների օբյեկտիվ հետաքրքրությունը հետխորհրդային պետություններում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Սակայն ուշագրավ է, որ ներկայիս «լրտեսական կրքերը» կարող են նաև ազդակ հանդիսանալ տարաբնույթ սադրանքներ նախաձեռնելու համար։ Համենայն դեպս, կա տպավորություն, որ նման զարգացումների համար պարարտ հող է նախապատրաստվում, և ոչ միայն վերոնշյալ երկու հետխորհրդային պետություններում։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2740

Մեկնաբանություններ