Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր ձեր մարմինն են վնասում, այլ վախեցեք նրանցից, ովքեր ձեր հոգին են վնասում»

«Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր ձեր մարմինն են վնասում, այլ վախեցեք նրանցից, ովքեր ձեր հոգին են վնասում»
31.07.2009 | 00:00

ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
Այս խորագրի տակ «Իրավունքը de facto»-ն պատրաստ է տպագրելու խորքային խնդիրներ շոշափող հոդվածներ` ընդսմին համամիտ չլինելով կամ ոչ միշտ համամիտ լինելով դրանցում արտահայտված տեսակետներին և առաջնորդվելով ֆրանսիացի դասական Վոլտերի հայտնի իմաստախոսությամբ. «Ես բացարձակապես չեմ կիսում Ձեր տեսակետը, սակայն կյանքս կտամ` այն արտահայտելու Ձեր իրավունքը պաշտպանելու համար»։
«ՀՈԳԵՎՈՐ ՀԱՑ» 70-ԱՄՅԱ ՀՈԳԵՎՈՐ ՍՈՎԻՑ ՀԵՏՈ

Հետխորհրդային շրջանում նախկին ԽՍՀՄ ողջ տարածքում, այդ թվում և` Հայաստանում, բարենպաստ պայմաններ ստեղծվեցին աղանդների աճման և բազմացման համար, քանզի 70 տարվա հոգևոր սովից հետո բազմաթիվ «բարերարներ» սկսեցին հոգևոր «հաց» բաժանել ժողովրդին։ Պարզ է, որ սոված մարդուն ինչ հաց էլ հրամցնես, առանց երկմտելու կվերցնի, միայն թե իր քաղցը հագեցնի։ Այս հանգամանքն օգտագործելով` սկսեցին սնկի պես աճել աղանդները։
Նախ` ի՞նչ ասել է աղանդ։ Մասնավորապես, հայ իրականության դեպքում, ցանկացած շեղում Հայ առաքելական եկեղեցու ճշմարիտ դավանանքից համարվում է աղանդ։ Ակներև է, որ բոլոր աղանդներն էլ վտանգավոր են, սակայն դրանց շարքում կա մեկը, որը ոչ միայն վտանգավոր է, այլև կործանարար։ Խոսքը, այսպես կոչված, «Եհովայի վկաներ» աղանդի մասին է։
Ինչպես մեր Տեր Հիսուսն է ասում.
-Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր ձեր մարմինն են վնասում, այլ վախեցեք նրանցից, ովքեր ձեր հոգին են վնասում։
«Եհովայի վկաների» քարոզիչները, իրենց ուռկանը գցելով միամիտ մարդկանց հոգիները, ուղիղ գծով առաջնորդում են դեպի հավիտենական դժոխք։
Զարմանալի է, բայց փաստ, որ այս աղանդի ներկայացուցիչները, բացարձակապես կապ չունենալով քրիստոնեության հետ, իրենց անվանում են քրիստոնյաներ։ Առավել ևս տարակուսելի է, երբ այդ բանը պնդում են կառավարության անդամները։ Զորօրինակ, երբ 2004, թե 2005-ին «Հ1» հեռուստաալիքով Արթուր Բախտամյանի «Անիվների վրա» հաղորդաշարի շրջանակներում կազմակերպված էր բանավեճ արդարադատության նախարարության կողմից այս աղանդը պետականորեն գրանցելու կապակցությամբ, կառավարության կողմից պատասխանում էր կառավարության աշխատակազմից կրոնի հարցերով գլխավոր պատասխանատու, իմ և շատերի կողմից հարգված, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ Նա համարյա կոկորդը պատռելով բղավում էր. «Եհովայի վկաները» քրիստոնյաներ են»։ Եվ այսպես, արդյոք «Եհովայի վկաները» քրիստոնյա՞ են, թե՞...
Որպեսզի հասկանանք այդ իրողությունը, նախ, պետք է պարզենք, թե որն է ճշմարիտ քրիստոնեական դավանանքը, այնուհետև այն բաղդատենք «Եհովայի վկաների» գաղափարախոսության հետ և պարզենք` ինչ նմանություն կամ հակասություն կա դրանց միջև։
Որո՞նք են քրիստոնեական դավանանքի հիմնասյուները, որոնց վրա հենվում է ճշմարիտ քրիստոնեական դավանանքը։
ա) Ամենասուրբ Երրորդությունը, որպես միասնական մեկ Աստված։
բ) Հիսուս Քրիստոսի աստվածությունը։
գ) Տիրոջ Սուրբ նշանը` խաչը։
Ով չի ընդունում այս երեք ատրիբուտներից որևիցե մեկը, չի կարող քրիստոնյա համարվել։ Սակայն այս անաստվածները ոչ թե սրանցից որևիցե մեկը չեն ընդունում, այլ բոլոր երեքը։ Ստացվում է պարադոքս։ Հիմնովին մերժելով քրիստոնեությունը` իրենց հռչակում են քրիստոնյա։
Ամենասուրբ Երրորդությունից ընդունում են միայն Հայր էությունը` որպես Աստված և նրան էլ կոչում են «Եհովա»։ Որ «Եհովա» անունով Աստված գոյություն չունի, ես ավելի ուշ կբացատրեմ։ Չեն ընդունում Հիսուսի աստվածությունը, ասելով, թե նա սոսկ Աստծո Որդին է։ Չեն ընդունում խաչը, ասելով` Հիսուսին ոչ թե խաչել են, այլ ցցին են գամել և որ «խաչ» բառը սխալ թարգմանության արդյունք է, որ հունարեն ձեռագրում գրված է «ցից», այլ ոչ թե «խաչ»։ Այս վերջին հարցին նույնպես կանդրադառնամ։
Որպեսզի հասկանանք քրիստոնեական դավանանքը, առաջին հերթին պիտի հասկանանք և ըմբռնենք Ամենասուրբ Երրորդությունը, որն այս դավանանքի հիմքերի հիմքն է։
Դիմենք Բագրատունյաց Գագիկ 2-րդ թագավորի ժամանակակից պատմիչ Մատթեոս ՈՒռհայեցու «Հայոց պատմություն» գրքին։
Գագիկ 2-րդը թագավորել է 11-րդ դարի սկզբում, ավելի քան 30 տարի։ Նա եղել է ճշմարիտ հավատացյալ և կատարելապես տիրապետել է Աստծո Հին և Նոր կտակարաններին։ Նրա թագավորության տարիներին դեռ պահպանվում էին որոշ տարաձայնություններ հայ և հույն քույր եկեղեցիների միջև, որոնք ծագել էին դեռևս Քաղկեդոնի և Նիկեի եկեղեցական տիեզերաժողովներից հետո։ Հույների Վասիլ թագավորը թղթով դիմում է հայոց Գագիկ 2-րդին (քաջատեղյակ լինելով Գագիկ 2-րդի հոգևոր գիտելիքների մասին), որպեսզի վերջինս բացատրի նրան ճշմարիտ քրիստոնեական դավանանքը, մասնավորապես այդ տարաձայնությունների շուրջ։
Գագիկ 2-րդը սիրահոժար համաձայնում է և իր պատասխան թղթով համոզիչ կերպով բացատրում է։ Վասիլ թագավորը, ծանոթանալով Գագիկ 2-րդի թղթին, իր մոտ է հրավիրում հույն եկեղեցու առաջնորդներին և հարցնում.
-Կարո՞ղ եք հերքել Գագիկ թագավորի ասածները։
Նրանք պատասխանում են, թե ոչ ոք չի կարող հակադարձել Գագիկ 2-րդին, քանզի նա կատարելապես տիրապետում է Աստվածաշնչին։ Այդ թղթից բերեմ մեկ հատված, որը վերաբերում է Ամենասուրբ Երրորդությանը։
«Հայ Առաքելական Եկեղեցին Սուրբ Երրորդությունն ընդունում է որպես միասնական մեկ Աստված։ Սուրբ Երրորդությունը երեք հավասարազոր էություններ են` միավորված մեկ բնությամբ։ Այս երեք էությունների մեջ (Հայր, Որդի, Սուրբ Հոգի) չկա կրտսերություն և ավագություն։ «Հայրն» առավել չէ, քան «Որդին», Որդին առավել չէ, քան «Սուրբ Հոգին»։ Նրանք երեքն էլ հավասարազոր են»։
Հիմա դիտարկենք խաչը։
Խաչի 3 թևերը խորհրդանշում են Սուրբ Երրորդության երեք էությունները։ Ճշմարիտ, առարկայական խաչի այս երեք կողմերը պետք է անպայմանորեն իրար հավասար լինեն։ Ցավոք, 2001-ին Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարության կապակցությամբ, Հանրապետության հրապարակում կանգնեցվել էր ոչ ճշմարիտ խաչ։ (Հայր էությունը երկու անգամ ավելի մեծ էր, քան Որդի և Սուրբ Հոգի էությունները)։
Ընդունենք, որ Խոսրով Հարությունյանը, ով պետական հանձնաժողովի նախագահն էր, այս մասին կարող էր չիմանալ, քանի որ իր ողջ գիտակցական կյանքում եղել է համայնավար, սակայն ո՞ւր էր նայում այն ժամանակվա Մայր Աթոռի քարոզչության կենտրոնի տնօրեն Հայր Մակարը, կամ մի՞թե դա չի նկատել Ամենայն հայոց կաթողիկոսը։ Ինչպե՞ս կարելի է մայրաքաղաքի գլխավոր հրապարակում կանգնեցնել ոչ ճշմարիտ խաչ, այն էլ քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առիթով։ (Տեղին է հավելել, որ «Եհովայի վկաներ» աղանդի պետականորեն գրանցումն էլ տեղի ունեցավ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասի լռելյայն համաձայնությամբ։ Ինչպե՞ս կարելի է, որ աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկրում պետականորեն թույլ տան անարգել կրոնը կամ Սատանա քարոզել։ Ինչևէ, փաստը մնում է փաստ)։
Վերադառնանք Խաչին։
Խաչի 3 թևերը, որոնք խորհրդանշում են Սուրբ Երրորդությունը, պատկանում են միևնույն մարմնին։ Այստեղ չունենք 2 կամ 3 խաչ, այլ դրանք միևնույն խաչի երեք անբաժանելի մասերն են։ Որպեսզի նրանց անջատենք իրարից, պիտի խեղենք, կոտրենք խաչը։
Խաչն Աստծո պատկերի խորհրդանիշներից մեկն է, և քանի որ Մարդը ստեղծված է Աստծո պատկերով ու նմանությամբ, ուստի նաև մարդու պատկերի խորհրդանիշն է։
Խաչի 3 կողմերը խորհրդանշում են մարդու հոգևոր մարմինը, իսկ 4-րդ կողմը` ֆիզիկականը։ Մարդու մահվան պարագայում տեղի է ունենում հոգևոր և ֆիզիկական մարմինների անջատում։ Հոգևոր մասը բարձրանում է վերև, որտեղից որ եկել է, իսկ ֆիզիկականը, մնում է հողի մեջ, ինչպես որ ասված է` հող էր, հող դարձավ։ Սատանայի թիվը 666 է, սա պարզորոշ հայտնի է։ Աստծո թիվն այս թվի հայելային հակառակ պատկերն է, այսինքն` 999։
9-ը` Աստծո թիվը, միակն է բնական թվերից, որի քանի պատիկն էլ վերցնես, ինչ թիվ էլ ստանաս, եթե այն վերածես միավոր թվի, կստանաս նույն 9 թիվը։
Օրինակ` Սուրբ Երրորդությունը` 999։ Սա վերածենք միավոր թվի. 9+9+9=27, 2+7=9։
Այսինքն, Սուրբ Երրորդության ամեն մի էություն, առանձին վերցրած, թե բոլորը միասին, հավասար են միևնույն թվին` 9։
Նույն ձևով 7 Սուրբ Հոգիները 9+9+9+9+9+9+9=63 6+3=9
Որպեսզի ավելի լավ պատկերացում կազմենք Սուրբ Երրորդության մասին, բերեմ մեկ այլ առարկայական օրինակ։
Աստծո, այսինքն` Սուրբ Երրորդության, ամենաճշգրիտ խորհրդանիշը արևն է։
Արևը, ինչպես և Սուրբ Երրորդությունը, ունի երեք էություն.
1. Արևը տալիս է «կյանք»։
2. Արևը տալիս է «լույս»։
3. Արևը տալիս է «ջերմություն»։
«Կյանք» էությունը համապատասխանում է «Հայր» էությանը, «Լույս» էությունը` «Որդի» էությանը, «Ջերմություն» էությունը` «Սուրբ Հոգի» էությանը։
Նայելով արևին, մենք գիտակցում ենք, որ արևը տալիս է կյանք, ինչպես որ կյանքը երկրի վրա ստեղծվել է «Հայր» էության կողմից։ Կյանքը երկրի վրա պայմանավորված է արևի գոյությամբ։ Մի պահ պատկերացնենք` արևը չկա, և կյանքը մի ակնթարթում երկրի վրա կվերանա։ Տեսողական զգայարանով ընկալում ենք արևի լույսը։
Լույսի էությունը համապատասխանում է «Որդի» էությանը։
Հիսուսն ինքն է սա փաստում` ասելով.
-Ես եմ ճշմարիտ լույսը, ովքեր դեպի ինձ գան, նրանք խավարում չեն լինի, այլ կկոչվեն լույսի զավակներ։
Ճշմարիտ լույս-ճշմարիտ Աստված-Հիսուս Քրիստոս։
Մաշկի զգայարանով ընկալում ենք արևի ջերմությունը։ Այս էությունը համապատասխանում է Աստծո «Սուրբ Հոգի» էությանը։ Սուրբ Հոգին է, որ ջերմացնում է մեր հոգիները` բերելով հավիտենական կյանքի հույսը։ Այս 3 էությունները բոլորն էլ պատկանում են միևնույն ֆիզիկական մարմնին` արևին։ Ինչ ձևով և ինչ հերթականությամբ Աստված իր էություններով ներկայացել է աշխարհին, նույն ձևով և հերթականությամբ էլ Արևն է ներկայանում։
Աստծո առաջին և երրորդ էությունները տեսանելի չեն, նրանք զգացական են։
(շարունակելի)
Դերենիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2261

Մեկնաբանություններ